Հա

Ազգային

01/07/2020 - 12:00

«Ուզում ենք հաւատալ, որ Հայաստանի Հանրապետութիւնը իրաւական երկիր է». Լ. Գալստեան

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ, պարզելու համար, թէ կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացւել դատախազութիւն, իշխանութիւններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 30-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը յանցագործութեան մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխաւոր դատախազութիւն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակութիւնը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնւած եւ իրականացւած ամբողջ գործընթացին՝ մասնաւորապէս իշխանութեան իւրացման ու Սահմանադրական կարգի տապալման դէպքերին:

 

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ, պարզելու համար, թէ կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացւել դատախազութիւն, իշխանութիւններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

- Այսօր երեք կուսակցութիւններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը, միացեալ հաղորդում են ներկայացրել յանցագործութեան մասին: Բուն առարկան 2020 թւականի յունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան մի խումբ պատգամաւորների սահմանադրական փոփոխութիւնների նախագիծն է, որով նախատեսւում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատաւորների՝ Ալւինա Գիւլումեանի, Հրանտ Նազարեանի եւ Ֆելիքս Թոխյանի, ինչպէս նաեւ Հրայր Թովմասեանի՝ որպէս Սահմանադրական դատարանի նախագահի լիազօրութիւնները։ Սակայն, ըստ էութեան, դատական իշխանութեան դէմ արշաւը շատ աւելի վաղուց է սկսւել, եւ համադրելով փաստերը գալիս ենք հանրագումարի, որ առերեւոյթ գործ ունենք յանցակազմի հետ, որը տեղաւորւում է հետեւեալ սահմանումների մէջ՝ Պաշտօնեական լիազօրութիւնների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանութեան զաւթում: Իսկ, առհասարակ դատական իշխանութեան դէմ ոտնձգութիւններին կամ իշխանութեան այս ճիւղի հնազանդեցման արշաւը աւելի վաղ է սկսւել: Դաշնակցութիւնն իր քաղաքական գնակատականը բարձրաձայնել է այդ առիթով: Նաեւ կարծում ենք՝ իրաւական գնահատականներ տալու ժամանակն է:

 

- Իսկ ի՞նչ փաստական հանգամանքների հիման վրայ էք երեր ուժերով դիմել ՀՀ գլխաւոր դատախազութիւն:

- Առկայ են թէ' փաստական հանգամանքները, թէ' իրաւական հիմքերը: Դեռ 2019 թ. մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով Հայաստանի Հանրապետութեան հարիւրաւոր քաղաքացիներ մի քանի ժամով արգելափակել են ՀՀ դատական իշխանութեան, այդ թւում՝ Սահմանադրական դատարանի վարչական շէնքերը։ Ճնշումներով էր պայմանաւորւած ԲԴԽ ինը անդամներից հինգի հրաժարականը: Վահէ Գրիգորեանը պաշտօնը ստանձնելիս շրջանառութեան մէջ դրեց «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» գնահատականը՝ յայտարարելով ՍԴ 9 դատաւորներից մի մասի անիրաւասութիւնը։ Այս ամէնից յետոյ իշխող քաղաքական ուժը լծւեց ճգնաժամը «լուծելու» գործին՝ կանգ չառնելով ոչնչի առջեւ, խախտելով օրէնք ու Սահմանադրութիւն, այդ թւում՝ արհամարհերով ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգութեան սպառնալիքը:

2020 թ. յունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութեան մի խումբ պատգամաւորներ սահմանադրական փոփոխութիւնների նախագիծն ընդունեցին՝ Սահմանադրութեան, ԱԺ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի, Սահմանադրական դատարանի մասին օրէնքի եւ ընթացակարգերի խախտումով: Ազգային ժողովի պաշտօնական կայքում «Մամուլի հաղորդագրութիւն» տարածւեց Սահմանադրական դատարանի դատաւոր Աշոտ Խաչատրեանի կողմից ՍԴ նախագահի պարտականութիւնների ստանձնման մասին, մինչդեռ Ազգային ժողովն օժտւած չէ նշւած իրաւական փաստերն արձանագրելու լիազօրութեամբ։

Մի խօսքով, գործողութիւնների շարք, որի նպատակը Սահմանադրական դատարանում կառավարելի մեծամասնութեան ձեւաւորումն է: ՀՀ օրէնսդրութիւնն ապահովում է իրաւական հիմքերը. ՀՀ քրէական օրէնսգիրքը թոյլ է տալիս վերը նշւած երեք դրւագներով՝ Պաշտօնեական լիազօրութիւնների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանութեան զաւթում, իրաւական գնահատական տալ եւ պատասխանատւութիւն սահմանել: Մենք կարծում ենք, որ կատարւածն իր ողջ ծաւալով եւ հանրային, պետական կեանքի վրայ ունեցած հետեւանքներով, քազաքականից զատ, պէտք է անպայման արժանանայ իրաւական գնահատականի:

 

- Ի՞նչ ակնկալիք ունէք դատախազութիւնից, քանի որ մշտապէս նշւել է, որ դատախազութիւնը «ենթարկւում» է ներկայիս իշխանութիւններին: Կը լինի՞ անաչառութիւն:

- Մենք հաւատում ենք քաղաքական եւ իրաւական մշակոյթի էւոլուցիոն զարգացմանը, մեր փաստական հիմքերում յանցակազմն անժխտելի է: Տեղին կը լինի յիշել, թէ միջազգային կառոյցներից ինչ գնահատականներ հնչեցին, որոնք վերաբերում էին թէ ժողովրդավարութեան յետընթացին, թէ միջազգային սահմանադրական նորմերի մեղանչումներին: Կարծում ենք, որ դատախազութիւնը կը գտնւի մասնագիտական անաչառութեան եւ օբիեկտիւութեան տիրոյթում, կառաջնորդւի միայն իրաւունքի գերակայութեամբ: Մենք ուզում ենք հաւատալ, որ ՀՀ-ը իրաւական երկիր է, որտեղ կայ ինստիտուցիոնալ գործառոյթներին հաւատարմութիւն:

 

Զրուցեց Սոնա Գրիգորեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։