Հա

Ազգային

02/07/2020 - 08:20

Ո՞ր իրաւունքով է նախագահը հրաժարւում ստորագրել

2020 թ. յունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ յետոյ նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքում եւ մի շարք այլ օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքների նախագծերը:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

2020 թ. յունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում առաջին եւ մի քանի ժամ յետոյ նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքում եւ մի շարք այլ օրէնքներում փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքների նախագծերը:

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն էլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանին տեղեկացրեց, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքը յարակից օրէնքով իր կողմից չեն ստորագրւելու:

ՀՀ Սահմանադրութեան 129-րդ յօդւածը նախատեսում է. «1. Ազգային ժողովի ընդունած օրէնքը Հանրապետութեան նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմէկօրեայ ժամկէտում կամ նոյն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրութեանն օրէնքի համապատասխանութիւնը որոշելու հարցով: 2. Եթէ Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրէնքը համապատասխանում է Սահմանադրութեանը, ապա Հանրապետութեան նախագահը հնգօրեայ ժամկէտում ստորագրում եւ հրապարակում է օրէնքը»:

Նախ եւ առաջ՝ զարմանալի էր, որ նախագահն օրէնքների ընդունումից անմիջաէս յետոյ յայտնեց այն չստորագրելու իր մտադրութեան մասին։ Նախագահի աշխատակազմն այդ ե՞րբ հասցրեց ուսումնասիրել օրէնքները, ե՞րբ տւեց կարծիք՝ հրապարակման ենթակայ չլինելու մասին։ Ակնյայտ է, որ նախագահն իր մտադրութեան մասին յայտարարելով՝ խախտել է ընթացակարգը։

Աւելին, ելնելով Սահմանադրութեան պահանջից՝ նախագահը կա՛մ ստորագրում է օրէնքները, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։ Այնինչ՝ նախագահը, չստորագրելով օրէնքները, միաժամանակ՝ չի յայտարարել ՍԴ դիմելու մասին եւ ուղղակի ասել է, որ հէնց այնպէս չի ստորագրելու կամ, ժողովրդական լեզւով ասած, հաւես չունի ստորագրելու։

Փաստենք, որ Սահմանադրութեան նոյն յօդւածի 3-րդ մասով նախատեսւած դրոյթը, այն է՝ «Եթէ Հանրապետութեան նախագահը չի կատարում սոյն յօդւածով սահմանւած պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրեայ ժամկէտում ստորագրում եւ հրապարակում է օրէնքը», գործում է այն դէպքում, երբ նախագահը 21-օրեայ ժամկէտում չի ստորագրում օրէնքը, եւ դրա համար կան յստակ պատճառներ, անյաղթահարելի իրողութիւններ կամ այլ դէպքեր։ Օրինակ, եթէ ԱԺ-ն ընդունել է շատ կարեւոր մի օրէնք, եւ նախագահը օտարերկրեայ այցելութեան ժամանակ գերեւարւել է ահաբեկչական ուժերի կողմից, կամ, նախագահի մօտ այդ օրերին ախտորոշւում է այնպիսի հիւանդութիւն, որի դէպքում անհնար է դառնում նրա կողմից որեւէ գործողութիւն կատարելը, ապա նման դէպքերում գործի է դրւում ԱԺ նախագահի կողմից ստորագրելու իրաւունքը։ Նման դէպքերի համար կարելի է ցիտել Սահմանադրութեան 143-րդ յօդւածը Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների կատարման անհնարինութիւնը»), որտեղ ասւում է. «Հանրապետութեան նախագահի ծանր հիւանդութեան կամ նրա լիազօրութիւնների կատարման համար այլ անյաղթահարելի խոչընդոտների առկայութեան դէպքերում, որոնք տեւականօրէն անհնարին են դարձնում նրա լիազօրութիւնների կատարումը, Սահմանադրական դատարանը Կառավարութեան դիմումի հիման վրայ որոշում է կայացնում Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների կատարման անհնարինութեան մասին», ինչպէս նաեւ 144-րդ յօդւածը. «Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների ժամանակաւոր կատարումը. Հանրապետութեան նախագահի պաշտօնանկութեան, լիազօրությունների կատարման անհնարինութեան, հրաժարականի կամ մահւան դէպքերում մինչեւ նորընտիր Հանրապետութեան նախագահի կողմից պաշտօնի ստանձնումը Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները կատարում է Ազգային ժողովի նախագահը»:

Եթէ ՀՀ նախագահը ողջ եւ առողջ է, գտնւում է երկրում, գնում է աշխատանքի եւ յայտարարում է, որ պարզապէս մտադրութիւն չունի ստորագրելու, եւ այդ չստորագրելու հիմքում բացակայում են ՍԴ դիմելու պատճառաբանութիւնը կամ վերոյիշեալ անյաղթահարելի խոչընդոտները, ապա դա խօսում է այն մասին, որ նախագահն ուղղակի չի կատարում Սահմանադրութեամբ իրեն վերապահւած լիազօրութիւնները կամ ոտնահարում է Մայր օրէնքը՝ կամայականօրէն չկատարելով Մայր օրէնքի նշւած յօդւածով սահմանւած պահանջները:  

Նախագահը պարտաւոր է ենթարկւել Սահմանադրութեան պահանջներին, հետեւաբար՝ կա՛մ պարտաւոր է ստորագրել օրէնքները, կա՛մ պարտաւոր է դիմել ՍԴ, որից յետոյ յայտարարել ՍԴ-ի բացասական եզրակացութեամբ պայմանաւորւած իր չստորագրելու մասին, կա՛մ պէտք է նախագահի աշխատակազմը ներկայացնի Սահմանադրութեամբ ամրագրւած այն անյաղթահարելի խոչընդոտները, որոնցից ելնելով՝ նախագահն ի վիճակի չէ ստորագրելու օրէնքները։ Աւելին, ՍԴ-ի դրական եզրակացութեան դէպքում եւս գործելու է նոյն սկզբունքը. նախագահը Սահմանադրութեան պահանջին համապատասխան կա՛մ պարտաւոր է ստորագրել օրէնքները, կա՛մ աշխատակազմը ներկայացնում է այն նոյն անյաղթահարելի խոչընդոտների մասին, ինչի մասին խօսեցինք վերեւում:

Եթէ բացակայում են վերոյիշեալ իրաւական ընթացակարգերը, ապա գործ ունենք նախադէպը չունեցող իրողութեան հետ, երբ բարձրաստիճան պաշտօնեան, տւեալ պարագայում՝ ՀՀ նախագահը, առաջնորդւում է ոչ թէ Սահմանադրութեան պահանջներով, այլ՝ քմահաճոյքով կամ «հաւեսի բերումով»։

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։