Հա

Ազգային

02/07/2020 - 10:20

Պէտք է ստեղծել Ցեղասպանութեան Համահայկական Հռչակագրի քայլերը կեանքի կոչող պետական կառոյց․ Սուրէն Մանուկեան

Թուրքիայում ստեղծւած՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտմամբ զբաղւող մարմնի մասին խօսելիս պէտք է հասկանանք, որսա նոր երեւոյթ չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրյցում ասաց ԵՊՀ Ցեղասպանութիւնների եւ այլ զանգւածային ոճրագործութիւնների կանխարգելման եւ կրթութեան ԻՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտութեան բաժնի վարիչ, Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան խորհրդի անդամ Սուրէն Մանուկեանը։

«alikonline.ir» - Թուրքիայում ստեղծւած՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտմամբ զբաղւող մարմնի մասին խօսելիս պէտք է հասկանանք, որսա նոր երեւոյթ չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրյցում ասաց ԵՊՀ Ցեղասպանութիւնների եւ այլ զանգւածային ոճրագործութիւնների կանխարգելման եւ կրթութեան ԻՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտութեան բաժնի վարիչ, Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան խորհրդի անդամ Սուրէն Մանուկեանը։

Թէպէտ նշւում է, որ նոր մարմինը գործելու է Թուրքիայի կառավարութիւնից անկախ, բայց նախագահ Էրդողանը կառոյցին գործի անցնելու ցուցումներ է տւել եւ կոչ արել աշխատանքներն արագացնել ու հասցնել աւարտուն տեսքի։

«Թուրքիան ժամանակին բազմաթիւ նման ինստիտուտներ ունեցել է, օրինակ, 2001 թ.-ին Անկարայում ստեղծւեց Հայկական հետազօոտութիւնների ինստիտուտը, որի հիմնական նպատակը հէնց դա էր՝ ընդհանուր ժխտողականութիւնը։ Թուրքական պետութեան տարբեր մարմիններ հանդէս էին գալիս ժխտողական յայտարարութիւններով, աշխարհում ֆինանսաւորում էին շատ թուրքագիտական ամբիոններ եւ այդ ֆինասաւորման ժամանակ նաեւ պատւիրում էին հետազօտութիւններ Հայոց Ցեղասպանութեան դէմ։ Հայկական հետազօտութիւնների ինստիտուտի հիմնական նպատակը այդ ամբողջ քաղաքականութիւնը համակարգելն էր»,- նշեց Սուրէն Մանուկեանը։

Ինստիտուտը ինչ-որ չափով դա արեց՝ սկսեց հաւաքագրել ոչ թուրք մասնագէտների, ովքեր կը խօսէին Հայոց Ցեղասպանութեան դէմ, ովքեր ժխտողականութեան թեզերը առաջ կը տանէին, ասաց նա, բայց խնդիրն այն  է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու գործը շատ բարդ գործ է։

«Ի սկզբանէ, իրենք շատ մեծ դժւարութիւն ունեցան միջազգայնօրէն ընդունելի գիտական շրջանակներ մտնելու հարցում։ Ակադեմիական շրջանակներ մուտքը նրանց դէմ փակ էր նոյնիսկ եթէ եւրոպացի գիտնականը թուրքական գրանտով ինչ-որ գիրք էր գրել, նա նոյնպէս հնարաւորութիւն չէր ունենում արեւմտեան ակադեմիական շրջանակներ մտնել»,- փաստեց Սուրէն Մանուկեանը։

Որոշ ժամանակ յետոյ պարզ դարձաւ, որ այս ինստիտուտի աշխատանքի արդիւնաւէտութիւնն այնքան էլ բարձր չէ եւ այն գումարը, որը ծախսւում է, իրեն չի արդարացնում՝ ասաց նա․ «Մինչեւ այսօր էլ տպում են անգլալեզու ամսագիր՝ մեծ տպաքանակով, բաւականին լաւ տպւած, բայց էլի՝ համաշխարհային շրջանակներում ընդունւած ոչ մի գիտնական այնտեղ յօդւած չի հեղինակում»։

Թուրքական պետութիւնը հասկացաւ, որ այս կառոցը արդիւնաւէտ չէ այլեւս եւ պէտք է նոյն նպատակով նոր ինստիտուտ հիմնել։

«2015 թ.-ից առաջ էլ նման խօսակցութիւններ կային, բայց դրանք այդպէս էլ մնում էին օդում։ Իսկ 2015 թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներից յետոյ Թուրքիան հասկացաւ, որ հայերը բաւականին մեծ թափ կարող են հաղորդել այս թեմային։ Մինչեւ այդ մտայնութիւն կար, որ թեման արդէն ոչ մէկին հետաքրքիր չէ, արդէն սպառել է իրեն եւ հայերը առանձնապէս նոր ասելիք չունեն այս թեմայով, բայց, արի ու տես, որ 2015 թ.-ի միջոցառումները, համաշխարհային մամուլում այդ թեմայի անդրադարձն իր արդիւնքը բերեց»,- նկատեց Սուրէն Մանուկեանը։

Նա նշեց, որ մենք դա չենք նկատում, դա շատ չերեւացող է, որովհետեւ տարին շատ բուռն էր՝ ամէն երկիր, ամէն քաղաք ինչ-որ միջոցառում էր անում եւ մենք զգում էինք դրա թափը։ 2016 թ.-ից տեմպն սկսեց իջնել, եւ մեզ թւաց որ պարպեցինք այդ հետաքրքրութիւնը եւ արդիւնքներ չենք ունենայ, բայց 2015 թ.-ը բերեց նոր հետաքրքրութիւն։

«Ես հետեւում եմ արեւմտեան համալսարաններում գրւող թեկնածուական ատենախօսութիւնների թեմաներին․ եթէ նախկինում Հայոց Ցեղասպանութեան թեմայով շատ քիչ աշխատանքներ կը գտնէիք, 2015 թ.-ից յետոյ դրա թիւն անհամեմատ աւելացել է։ Շատ մարդիկ մտնում են ոլորտ, շատ մարդկանց դա հետաքրքիր է դառնում եւ դա բերում է ոչ միայն գիտական մտքի զարգացման եւ թեմայի գիտական տարածման, այլ նաեւ քաղաքական տարածման»,- ասաց Սուրէն Մանուկեանը։

Նրա համոզմամբ՝ եթէ չլինէր այդ համընդհանուր հետաքրքրութիւնը եւ չլինէին 2015 թ.-ի միջոցառումները, միջազգային կոնֆերանսները, մենք ո՛չ կունենայինք 2016 թ.-ի Գերմանիայի ճանաչումը, եւ ո՛չ, առաւել եւս, անցեալ տարւայ ԱՄՆ-ի ճանաչումը։

Թուրքիան էլ է դա շատ լաւ հասկանում, իրենք էլ ունեն իրենց վերլուծաբանները, որոնք տեսնում են այդ դինամիկան եւ հասկանում են, որ դրա դէմն առնելու համար պէտք է ինչ-որ քայլեր անել։ Այդ քայլերից մէկը եղաւ Հայոց Ցեղասպանութեան ժխտմամբ զբաղւող նոր կառոյցի ստեղծումը։

«Ես ենթադրում եմ, որ այդ կառոյցը կը գայ փոխարինելու իմ նշած՝ Հայկական հետազօտութիւնների ինստիտուտին եւ կարծում եմ, որ նոյն տրամաբանութիւնն է դրւած դրա մէջ՝ հակազդել հայկական շրջանակներին եւ նաեւ հայամէտ համաշխարհային կարծիքին»,- ասաց Սուրէն Մանուկեանը։

Կառոյցի ստեղծման հրապարակային բնոյթը եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի յայտարարութիւնը Անվտանգութեան խորհրդի նիստում նրան հիմք են տալիս մտածելու, որ այս թեման հիմա փորձում են օգտագործել որպէս քարոզչութիւն։

«Որովհետեւ եթէ իրենք ուզենային ռէալ հողի վրայ աշխատանք տանել, դա կը ստեղծէին շատ աւելի չգովազդւող ձեւով։ Այն, որ դա ոչ միայն դարձաւ Անվտանգութեան խորհրդի նիստի թեմա, այլեւ հրապարակւեց, ինձ թոյլ է տալիս կարծել, որ սա քարոզչական հնարք է՝ աշխարհին ցոյց տալու համար, որ մենք ակտիւ ենք, այդ ուղղութեամբ աշխատում ենք, այս թեման կայ, որ, իբր թէ, սա բանավէճի թեմա է»,- նշեց նա։

Բանն այն է, որ եթէ մինչեւ 1960-ականները Թուրքիան ընդհանրապէս ժխտում էր, որ նման բան տեղի է ունեցել, ապա 1960-ականներից, քանի որ արդէն հնարաւոր չէր հերքել Հայոց Ցեղասպանութեան մասին հսկայածաւալ նիւթը, Թուրքիան փոխեց մարտավարութիւնը եւ այժմ ասում է՝ «եղել է, բայց․․․»։

«Այդ «եղել է, բայց․․․»-ը այն հնարքն է, որով մեզ ներքաշում են բանավէճի մէջ, որպէսզի յետոյ յայտարարեն, որ սա բանավիճային թեմա է։ Այսինքն, այսօրւայ փուլում դրւած է ոչ թէ ժխտել կատարւածը, այլ ներկայացնել որպէս բանավէճի թեմա»,- նկատեց Սուրէն Մանուկեանը։

2015 թ.-ը կարեւոր տարի էր եւս մէկ առումով․ այդ տարի յունւարին շատ կարեւոր մի փաստաթուղթ հրապարակւեց՝ Համահայկական հռչակագիրը։ Սուրէն Մանուկեանը նկատեց, որ, ի վերջոյ, Համահայկական հռչակագիրը վերջին փաստաթուղթն է, որը համահայկական բնոյթ ունի, դրանից յետոյ համահայկական որեւէ փաստաթուղթ չենք ընդունել։

«Այս փաստաթուղթը նաեւ ճանապարհային քարտէզ է, որտեղ յստակ մատնանշւած է, թէ մենք ինչ պէտք է անենք, ինչ շեշտադրումներով եւ ում հետ պէտք է անենք։ Ճիշտն ասած, ես սպասում էի, որ Հռչակագիրը կեանքի կը կոչւի այդ յաջորդական քայլերով։ Բայց, խնդիրն այն է, որ 2015 թ.-ը աւարտւեց եւ ոչ մի ինստիտուցիոնալ կառոյց մենք չունեցանք, որը կը հետապնդէր այդ խնդիրը»,-ասաց Սուրէն Մանուկեանը։

Հռչակագրի համաձայն պէտք է պատրաստւէր Իրաւական թղթածրար, որը պէտք է իրաւական հողի վրայ դնէր հայ ժողովրդի պահանջները։

«Ես նոյնիսկ յիշում եմ, որ ժամանակին որոշակի կառոյցներ փորձեցին ստեղծել, մէկի ղեկավարը Գագիկ Յարութիւնեանը պէտք է լինէր, յետոյ՝ Աղւան Յովսէփեանն էր նաեւ այդ յանձնաժողովում։ Բազմաթիւ նման քայլեր եղել են կառոյցներ ստեղծելու, բայց փաստն այն է, որ 2020 թ.-ում ենք ու այդ «Թղթածրար» կոչւածը չունենք»,- յայտարարեց Սուրէն Մանուկեանը։

Բազմաթիւ ոչ կառավարական կազմակերպութիւններ որոշակի աշխատանք կատարեցին՝ կար յանձնախումբ, որը հաշւարկում էր Հայաստանի կորուստները, նոյնիսկ թիւ հրապարակւեց, ԳԱԱ պատմութեան ինստիտուտը մշակեց ու հրապարակեց Հայոց Ցեղասպանութեան պատճառած կորստի գնահատման եւ հետեւանքների վերացման մասին կոլեկտիւ մենագրութիւն, բայց, ամէն դէպքում, պետական ոչ մի կառոյց այդ թեմայով չզբաղւեց։

«Եւ այսօրւայ իշխանութիւնները նոյնպէս որեւէ քաղաքականութիւն չեն իրականացնում այս ուղղութեամբ»,- նկատեց Սուրէն Մանուկեանը։

Նա համոզւած է, որ ժամանակն է նման կառոյց ստեղծելու եւ անհրաժեշտ է, որ նման կառոյց Հայաստանում գործի։

Դա պէտք է աշխատի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետ համագործակցաբար, սակայն թանգարանը միայնակ դա անել չի կարող, նշեց Մանուկեանը, որովհետեւ թանգարանն այդքան ռեսուրս չունի, թանգարանի հիմնական առաքելութիւնը Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնն է եւ դրա ներկայացումը թանգարանային ցուցադրութեան միջոցով։ Մինչդեռ սա ուրիշ աշխատանք է, այստեղ պէտք է ներգրաււած լինեն իրաւաբաններ, այս գործընթացը իրաւական եւ քաղաքական դաշտում է գտնւում։

«Քաղաքական կամք պէտք է դրսեւորւի իշխանութիւնների կողմից եւ իրաւական հիմնաւորում, որով պէտք է զբաղւեն մեր երկրի լաւագոյն իրաւաբանները»,- յայտարարեց Սուրէն Մանուկեանը։

Նա վստահ է, որ այս Թղթածրարը պէտք է լինի մեր ազգային անվտանգութեան ռազմավարութեան նման մի բան՝ բայց Ցեղասպանութեան գծով։ Պէտք է մշակւի ռազմավարութիւնը՝ ոնց ենք շարժւում եւ ուր ենք շարժւում Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման, վնասների վերականգնման ճանապարհով։

«Եթէ նոյնիսկ Թուրքիայի հետ գնանք դէպի հաշտեցում, պահանջատիրութիւնը, իրաւունքների վերականգնումը կամ հետեւանքների վերացումը ոչ մի կապ չունեն հաշտեցման կամ չհաշտեցման հետ։ Կը ներէք, Իսրայէլը եւ Գերմանիան հաշտւած էին, բայց Իսրայէլը ներկայացրեց իր պահանջները եւ Գերմանիան հատուցեց, վճարեց տուգանքները եւ մինչեւ այսօր էլ շարունակում է վճարել։ Իրենց միջեւ շատ լաւ յարաբերութիւններ են, եւ այդ տուգանքը վճարելը կամ պահանջները բոլորովին կապ չունեն երկրների միջեւ բարիդրացիական կամ թշնամական յարաբերութիւնների հետ։ Դու կարող ես երկրի հետ հրաշալի յարաբերութիւնների մէջ լինել, բայց ձեր միջեւ լինի չլուծւած իրաւական վէճ, որը ինչ-որ մի ձեւով պէտք է լուծւի»,- նկատեց Սուրէն Մանուկեանը։

Նա համոզւած է, որ եթէ նոյնիսկ մի աներեւակայելի իրավիճակ ստեղծւի ու մենք Թուրքիայի հետ յարաբերութիւնները բարելաւենք, սահմանները բացենք, դա չի նշանակում, որ պահանջատիրութիւնից պէտք է հրաժարւել՝ մէկը միւսի հետ կապ չունի․ եղել է յանցագործութիւն, յանցագործութիւնը չի ստացել իրաւական գնահատական, տուժողները չեն ստացել հատուցում, ոճրագործները չեն ստացել պատիժ՝ մէկը միւսի հետ խառնել պէտք չէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։