Հա

Ազգային

02/07/2020 - 23:26

Որակական փոփոխութիւնն անխուսափելի է

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ:

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ:

 

- Յարգելի՛ ընկեր Վիգէն, նախահամաճարակային ամիսներին բաւականին բուռն իրադարձութիւններ տեղի ունեցան Իրանի շուրջ: Նկատի ունեմ տարածաշրջանային հարցերը, ամերիկեան պատժամիջոցները, որոնք չընդհատւեցին անգամ, երբ համաճարակի պատճառով որոշակի զինադադար հաստատւեց ամենուր: Այդ քաղաքականութիւնը բացասական ազդեցութիւն էր թողնում Իրանի տնտեսութեան, ինչպէս եւ հանրային տրամադրութիւնների վրայ: Ներկայումս ինչպիսի՞ մթնոլորտ է Իրանում ներքին ու արտաքին խնդիրների առնչութեամբ, եւ կարելի՞ է ասել, թէ համաշխարհային իրավիճակների բերումով, այսպէս ասած, ժամանակաւոր զինադադար է հաստատւած արտաքին ճակատում:

- ԱՄՆ-ի ներկայ վարչախումբը նոյնիսկ համաճարակից յետոյ պատժամիջոցները չդադարեցրեց։ Ընդհակառակը՝ դրանք աւելի շեշտակի բնոյթ ստացան։

Այն, որ այս բազմամեայ ու բազմապիսի պատժամիջոցները անչափելի վնաս են հասցրել Իրանի տնտեսութեանը, եւ ոչ միայն, կասկածից վեր է։

Այն, որ կենսամակարդակը մի քանի անգամ անկում է արձանագրել, անհերքելի փաստ է։

Միայն մի օրինակ բերեմ: Անցնող 2-3 տարիների հետ համեմատած` նաւթի վաճառքի գները (զուտ արտադրական ծախսերը հանած) կիսւել են, իսկ արտահանման ծաւալները` 4-5 անգամ նւազել։ Հետեւաբար նաւթի վաճառքից ստացուած եկամուտը 8-10 անգամ անկում է արձանագրել։ Սակայն, միւս կողմից, որոշակի բնագաւառներում Իրանին յաջողւեց ճարտարուեստական զարգացում ապահովել։

Լինելով մեծ ու հարուստ երկիր` այդ անկումը չի յանգեցրել սոցիալական սուր տագնապի, եւ կարելի է ասել` կեանքը քիչ թէ շատ բնականոն հունի մէջ է։

Արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան առումով Իրանի կարեւորագոյն դաշնակիցները ՌԴն եւ Չինաստանն են։ Այդ առումով, եթէ անակնկալներ չլինեն, ապա դժւար թէ ռազմական ծանր գործողութիւնների դուռ բացւի, յատկապէս նկատի առնելով նաեւ Իրանի հզօր ռազմական ենթակառոյցները, Արեւմուտքի դաշնակից եւ Իրանի հարեւանութեամբ գտնւող երկրների խոցելիութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանում բազմաթիւ դաշնակից խմբաւորումների անվերապահ հաւատարմութիւնը Իրանին։

 

- Չինաստանից յետոյ համաշխարհային համավարակը կարծես թէ ամէնից ուժեղ հարւածեց Իրանին: Նախնական տպաւորութիւն էր, թէ այս երկիրը կունենայ մեծագոյն կորուստներ, եւ մեծ հարց էր թւում, թէ իշխանութիւնները որքանով ունակ կը լինեն վերահսկելիութեան շրջանակում պահելու իրավիճակը: Իսլամական այս երկիրն աղէտի դէմ պայքարում համեմատաբար լաւ արդիւնք եւ նւազ կորուստներ գրանցեց, քան աշխարհի ամենազարգացածը համարւող շատ երկրներ: Ի՞նչ գործօններով կը բացատէք այս երեւոյթը:

- Դուք գիտէք, որ ամբողջ աշխարհում յայտարարւած թւային տւեալները կորուստների եւ յատկապէս վարակւածների մասին 100 տոկոսով ճշգրիտ չեն։

Յաճախ խնդիրը ոչ թէ թաքցնելը կամ կեղծելն է, ինչը Արեւմտեան որոշ շրջանակներ խարդախօրէն փորձում են վերագրել իրենց մրցակից պետութիւններին, այդ թւում` նաեւ Իրանին, այլ տւեալների ճշգրիտ գնահատման, զեկուցման, կենտրոնացման ու համակարգման շղթայում թոյլ տրւած վրիպակներն են, նաեւ առողջապահական ու բժշկական արդիական միջոցների անբաւարար քանակն ու որակը։ Հետեւաբար կարծում եմ` դեռեւս հնարաւոր չէ կանխատեսել վերջնական պատկերը։

Այն, որ Իրանում այս կամ այն չափով կարելին արւել է, համաձայն եմ, բայց բաւարար հետեւողականութեամբ սահմանափակումները չեն պարտադրւել ու մարդկանց կողմից չեն յարգւել, յատկապէս ճամփորդութիւնների, մեծ ու բազմապիսի ոչ անհրաժեշտ հաւաքների եւ հանրային փոխադրամիջոցների ապահով օգտագործման հետ կապւած։ Ժամանակից շուտ արգելքներն ու սահմանափակումները զանց առնելը սխալ պատգամ է փոխանցում հանրութեանը եւ կարող է կացութիւնը անվերահսկելի դարձնել՝ հասկանալով հանդերձ տնտեսութեան վերաշխուժացման հետ կապւած անհերքելի մտահոգութիւնները։

 

- Ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացւել եւ իրականացւում Իրանի հայկական կազմակերպութիւնների եւ մասնաւորապէս ՀՅԴ-ի ու վերջինիս ուղեկից կառոյցների կողմից այս դժւարին օրերին հայկական համայնքներին աջակցելու գործում:

- Իրանահայ համայնքը ղեկավարւում է աշխարհագրական բաժանման հիմունքով պատմութեան ընթացքում ձեւաւորւած երեք նմանատիպ կառոյցների միջոցով` Թեհրանի, Իսֆահանի (Նոր Ջուղա) եւ Թաւրիզի թեմական կառոյցներով։ Սրանցից իւրաքանչիւրը ունի իր իշխանութիւնը՝ Պատգամաւորական ժողովը, եւ դրանից բխած գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը։ Ամբողջապէս համայնքի անդամների քւէներով ընտրւած այս երեք կառոյցները, գործելով միմեանցից անկախ, մտնում են Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանու ներքոյ։

ՀՅԴ տեղական մարմինները կարեւոր դերակատարութիւն ունեն սոյն կառոյցների գործունէութեան մէջ ընդհանրապէս, ինչպէս նաեւ համաճարակի պայմաններում կարիքաւոր զանգւածին աջակցութիւն հասցնելու գործում։ Կարելի է ասել՝ համայնքի կարիքաւոր հատւածին ուղղւած օժանդակութիւնների աշխատանքը մեծ չափով կենտրոնացած է Թեմական խորհուրդներում։ Գոյութիւն ունեն նաեւ բարեսիրական, եկեղեցական, կանանց եւ այլ միաւորներ, որոնց մի մասը նորից կապւած է եւ զեկուցում է ազգային երեք առաջնորդարաններին։

Հասցէագրւած օժանդակութիւնները գոյանում են համայնքում հանգանակութիւններ կազմակերպելով, ինչպէս սփիւռքեան միւս համայնքներում, հաշւի առնելով այն իրողութիւնը, որ մեր կառոյցները առանձնաբար եկամուտի այլ աղբիւրներ չունեն։ Միեւնոյն ժամանակ առայժմ համայնքում դադարեցւել են մարզական, մշակութային եւ հասարակական միջոցառումները, եկեղեցական արարողութիւնները։

 

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում, ի դէպ նաեւ Իրանում, հայութիւնը շատ զգայուն է հայ-իրանական յարաբերութիւնների հարցում: Սա բնական է, եթէ նկատի ունենանք Իրանի` որպէս հարեւան ու բարեկամ երկրի կարեւորութիւնը մեզ համար: Ի՞նչ վիճակում են ներկայումս այդ յարաբերութիւնները, որքանո՞վ է շարունակւում փոխադարձ վստահութեան վրայ հիմնւած գործակցութիւնը: Իսրայէլի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման գործընթացի առիթով վերջերս ցոյց տեղի ունեցաւ Իրանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Այս երեւոյթը քննարկւեց հայաստանեան տարբեր շրջանակների կողմից: Շատերը սրա մէջ Հայաստանին ուղղւած նախազգուշական ուղերձներ տեսան: Նաեւ այս միջադէպին անդրադարձէք խնդրեմ ձեր պատասխանի մէջ:

- Ոչ միայն որպէս հարեւան ու բարեկամ երկիր, այլեւ որպէս ելք դէպի արտաքին աշխարհ։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Հաշւի առնելով մեր հարեւաններից երկուսի խիստ թշնամական դիրքը ՀՀ նկատմամբ` Իրանը եւ Վրաստանը հանդիսանում են մեր 2 բնական ելքերը՝ բոլոր առումներով, այն տարբերութեամբ, որ Իրանը, լինելով շատ աւելի հզօր, ունի առաւել անկախ քաղաքականութիւն եւ ենթակայ չէ սրա-նրա, այդ թւում` Թուրքիայի ճնշումներին։ Նաեւ Իրանը Հայաստանի հետ ունի (քիչ արտայայտւած, բայց իրական) հասարակաց աշխարհաքաղաքական շահ, այն է՝ արգելակել պանթուրքիզմի ագրեսիան, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին։

Այս բոլորը մեզ յուշում են Իրանի հետ յարաբերութիւնների խիստ զգայուն լինելու մասին։

Իմ գնահատմամբ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնները բարեկամական են եւ փոխվստահութեան հիմքի վրայ կառուցւած։ Գոյութիւն ունի երկու կարեւոր հանգամանք, որոնք կարող են խաթարել տարիների ընթացքում ձեւաւորւած լաւ յարաբերութիւնները։ Առաջինը Հայաստանի Հանրապետութեան չափից աւելի թեքումն է դէպի Արեւմուտք, եւ երկրորդը Իսրայէլի հետ կապերը հզօրացնելու որոշումն է։

Հետաքրքիր է` Իսրայէլի հետ դիւանագիտական կապերը հաստատւել են 1992 թ.՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի օրօք, իսկ հիմա յարաբերութիւնների մակարդակի բարձրացման խնդիրը մէջտեղ է նետւում Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան ժամանակներում։ Արդեօք սա պէ՞տք է վերագրել ՀՀՇ-իմքայլական միասնութեան մէջ Իսրայէլի համախոհների ակտիւ ներկայութեան։ Հարցն այն է, որ ո՛չ անցեալում եւ ո՛չ էլ այսօր սոյն յարաբերութիւններից մեզ շահ չկայ։ Ընդհակառակը` այն կը վշտացնի Իրանին եւ արաբ-իսլամական որոշ շրջանակներին։

Բայց լիայոյս եմ, որ գոնէ այս հարցով ողջախոհութիւնը կը յաղթի, եւ Իրան-Հայաստան կապերը կը մնան անխախտ, ու երկկողմ շահերն ապահովող բարեկամական մթնոլորտը չի վտանգւի։

 

- Ոչ պակաս կարեւորութիւն են ներկայացնում Հայաստանի յարաբերութիւնների բնոյթն ու որակը Սփիւռքի հետ: Հայաստանի ներկայ իշխանութիւններն այդ յարաբերութիւնների եւ գործակցութեան աստիճանը նախարարութեան մակարդակից իջեցրին յանձնակատարի մակարդակի: Խնդրում եմ` գնահատէք Հայաստան Սփիւռք յարաբերութիւնների ներկայ վիճակը, Հայաստանի վերաբերմունքը եւ իրականացւող քաղաքականութիւնը Սփիւռքի նկատմամբ:

- Ճիշտ էք, նախարարութիւնը յանձնակատարի գրասենեակով փոխարինելը ոչ մի դրական բան չի ենթադրում, ընդհակառակը` փաստում է այս իշխանութիւնների սխալ պատկերացումներն ու թերագնահատումը։ Անկախ այս քայլից` իշխանութիւնների կիրառած քայլերում նկատելի է մի անընդունելի միտում։

Նրանք Սփիւռքը պատկերացնում են կամ ցանկանում են տեսնել գոյութիւն ունեցող կայացած կառոյցներից դուրս՝ հնարաւորինս շրջանցելով դրանք։ Կառոյցներ, որոնք մի քանի տասնեակ տարիների կենսագրութիւն ունեն եւ գրեթէ միակ դերակատարն են եղել համայնքների՝ Սփիւռքի կազմաւորման գործում։ Ազգային առաջնորդարաններ, կուսակցութիւններ, Հայ Դատի կառոյցներ, մշակութային, բարեսիրական, կրթական, մարզական եւ այլ հիմնարկներ, որոնք այսօր կազմում են մի ամբողջական կուռ համակարգ։

Այդ շրջանցման քայլերին զուգահեռ` իշխանութիւնները փորձում են աճեցնել իրենց դրածոներին։ Սա եւս պառակտման տանող գործելաոճ է։ Ապարդիւն։ 30 տարւայ մէջ փորձւած, բայց արագ յետ քաշւած քայլեր։ Պէտք է ասել՝ մի՛ քանդէք եղածը, նորը չէք կարող սարքել։ Այս ոճով Սփիւռքը եւս նոյն ճակատագրին կարժանացնէք, ինչ Հայաստանը։ Բոլորս կը տուժենք, բայց դուք հաստատ չէք շահի։

 

- Համաժողովրդական խանդավառութեան ալիքի վրայ Հայաստանում իշխանութեան եկած կառավարող ուժը օրէցօր կորցնում է իր հեղինակութիւնը: Սրան զուգահեռ սրւում է ներքաղաքական մթնոլորտը, աւելի ու աւելի շատ ձայներ են լսւում այն մասին, որ ներկայ իշխանութիւնը ոչ միայն ունակ չէ իր խոստացած բարեփոխումներն իրականացնելու, այլեւ նորանոր վտանգներ է ստեղծում կայացման ընթացքի մէջ գտնւող հայոց պետականութեան համար: Այս մտահոգութիւնների շուրջ իր գնահատականներն է հնչեցնում նաեւ Դաշնակցութեան ղեկավարութիւնը: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք ստեղծւած իրավիճակը:

- Այո՛, դժբախտաբար, բոլոր որոշումներն ու ջղաձգումների պայմաններում արձակւած հրահանգները, չհամապատասխանելով խոստացւած բարեփոխումների ոգուն, յանգեցրին լիակատար ձախողման։

Հէնց սկզբից մի կողմ դրւեց շարժման «թաւշեայ» բնոյթը։ Սկսւեցին կրքոտ հետապնդումներ՝ ոչ թէ հիմնւած օրէնքի եւ անկողմնակալութեան վրայ, այլ թիրախաւորւած։ Քինախնդրութիւնը փոխարինեց լայնախոհ արդարամտութեանը։ Յետոյ սկսւեց պառակտման գործընթացը, ապա` ազգայինին հարւածելու քաղաքական գիծը։ Ամբողջ երկու տարի անձնակենտրոն գործելաոճը երկիրը հասցրեց միապետութեան սեմին։ Սա ոչ ոքի համար ցանկալի վերջաբան չէ, բայց հասել է մի տեղ, երբ որակական փոփոխութիւնն անխուսափելի է։

 

«Դրօշակ», թիւ 7 (1641), յուլիս, 2020 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։