Հա

Ազգային

04/07/2020 - 15:40

Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը

Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տւեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նւիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

 

Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տւեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նւիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:

Դաստիարակութիւնը, կրթութիւնը, գիտելիքը, կազմակերպական ունակութիւնները, աշխարհում սեփական տեղը հիմնաւորապէս զբաղեցնելու վճռականութիւնն ու ազգային հոգեկերտւածքն ապահովեցին ոչ միայն Առաջին Հանրապետութեան ծնունդը, այլ նաեւ անկախութեան երկու տարիների աննախադէպ ծրագրերի մեկնարկը:

Այսօրւայ հայեացքով աներեւակայելի է այն ամէնը, ինչ նախաձեռնել էին համաճարակի, հազարաւոր փախստականների, սովի ու պատերազմի պայմաններում անկախ պետականութեան փորձ չունեցող նւիրեալները 1918-1920 թւականներին` կրթութիւնից ու քաղաքաշինութիւնից մինչեւ բանակաշինութիւն եւ արտաքին քաղաքականութիւն: Սա իսկապէս ոգեշնչման եւ հիացմունքի աղբիւր է ժամանակակից սերնդի համար: Չէ՞ որ վերջին 30 տարւայ այս տեղապտոյտը մշտապէս հիմնաւորւում է պատերազմով, դրա հետեւանքներով, ԽՍՀՄ փլուզումով, շրջափակումով, երիտասարդ պետութիւն լինելու հանգամանքով, միջազգային դաւադրութիւններով, ընդդիմութեան խոչընդոտելով, բնական պաշարների սակաւութեամբ, աղքատ պետութիւն լինելով եւ այլն: Մեղաւոր են բոլորն ու ամէն ինչ` բացի իշխանութիւններից եւ իրական պատասխանատուներից:

Անկախութեան կորստով պայմանաւորւած նոր իրականութիւնը փոխեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առջեւ դրւած խնդիրները: Երկիրը Խորհրդային Միութեան մաս էր, սակայն հայ քաղաքական միտքը նոյնիսկ այդ պայմաններում չէր կարող հրաժարւել իր ազգային ծրագրերից եւ ի նպաստ հայութեան գործելու առաքելութիւնից: Կուսակցութիւնը յստակ տարանջատում էր ազգային եւ օրւայ իշխանութիւնների շահերը: Իշխանութիւններն անցողիկ են, իսկ Հայաստանի ու հայ ազգի շահերը` վեր ամէն ինչից: Գտնւելով աշխարհաքաղաքացիական կոմունիստական գաղափարախօսութեանը հակադիր ճամբարում` ազգային եւ ընկերվարական Դաշնակցութիւնը տասնամեակներ շարունակ հսկայական աշխատանք տարաւ հայապահպանութեան, օտար պետութիւններում հայ ժողովրդի եւ եկեղեցու իրաւունքների պաշտպանութեան, Հայ Դատի եւ պահանջատիրութեան հարցերում:

1990 թ. կազմակերպական կառոյցի բացայայտումից եւ Հայաստանում ակտիւ գործունէութիւն ծաւալելուց յետոյ, նոյնիսկ ՀՀՇ-ական իշխանութեան տարիներին ենթարկւելով բազմաթիւ հալածանքների (1992 թ.` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսումը հայրենիքից, Ընդհանուր ժողովի անցկացմանը խոչընդոտելը, 1994-1995 թթ.` կուսակցականների ձերբակալութիւնները, կուսակցութեան գործունէութեան կասեցումը, գրասենեակների ջախջախումը, գույքի բռնագրաւումը, լրատւամիջոցների արգելքը եւ այլն), Դաշնակցութիւնը ակտիւօրէն ու վճռականօրէն մասնակցեց Արցախեան ազատամարտին, տարբեր եղանակներով շարունակեց աջակցութիւնը Հայաստանին` ռազմականից մինչեւ հումանիտար օգնութիւն, ինչպէս նաեւ լոբբիստական աշխատանք արտաքին աշխարհում:

Երկրորդ նախագահի օրօք ՀՅԴ-ն իշխանութեան հետ համագործակցութեան շրջանակում մաս կազմեց կառավարութեանը: Քանի որ արտաքին քաղաքականութիւնն աւելի մօտ էր ազգային ուղեգծի վերաբերեալ Դաշնակցութեան մօտեցումներին, խորացւեցին կապերը Սփիւռքի հետ, բարելաււեց բնակչութեան սոցիալական վիճակը եւ այլն, սակայն մշտապէս առկայ էին տարաձայնութիւններ կադրային քաղաքականութեան, մասնաւորեցումների, հակակոռուպցիոն պայքարի, քաղաքական եւ ընտրական գործընթացների հարցերում եւ այլն: Յստակ գիտակցելով բազմաթիւ ոլորտներում փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը` Դաշնակցութիւնը մասնակցութիւնը իշխանութեանը դիտարկում էր որպէս ճանապարհ, որը թույլ կտար քայլ առ քայլ իշխանութիւններին մղելու սահմանադրական, ընտրական, քաղաքական, սոցիալական, ժողովրդավարական եւ այլ բարեփոխումների:

2008 թ. Դաշնակցութիւնը չաջակցեց ապագայ երրորդ նախագահի թեկնածութեանը եւ ընտրութիւններին առաջադրեց սեփական թեկնածուին, իսկ 2009 թ. «ֆուտբոլային» դիւանագիտութեան պատճառով դարձաւ արմատական ընդդիմութիւն` ակտիւօրէն պայքարելով հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ: Այդ ժամանակաշրջանը լի էր իշխանութեան հետ տարբեր հարցերի շուրջ հակասութիւններով, այդ թւում` սոցիալ-տնտեսական ոլորտում (կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում, հարկաբիւջետային քաղաքականութիւն եւ այլն), սակայն վերջին տարիներին հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկման շուրջ երկխօսութիւնը եւ խորհրդարանական կառավարման անցման սահմանադրական փոփոխութիւնները բարենպաստ միջավայր ստեղծեցին համագործակցութեան համար:

Դաշնակցութիւնը նաեւ աջակցեց 2018 թւականի ժողովրդական շարժմանը, մաս կազմեց անցումային կառավարութեանը եւ պատրաստակամութիւն յայտնեց իր բոլոր կարողութիւններով նպաստելու հին արատների վերացմանն ու նոր` աւելի արդար երկրի կառուցման գործին: Այստեղ նոյնպէս ունենալով լուրջ տարաձայնութիւններ իշխող քաղաքական խմբաւորման առաջնորդի հետ` Դաշնակցութիւնն առաջնային համարեց ժողովրդի եւ պետութեան շահը` տարանջատելով այն իշխանութեան շահից: Պատահական չէ, որ ՀՅԴ ղեկավարները, բազմաթիւ հարցերում ունենալով քննադատական վերաբերմունք գործող իշխանութեան հանդէպ, միաժամանակ մի քանի անգամ նշել են, որ յանուն ազգային խնդիրների լուծման եւ պետութեան շահի պատրաստ են աջակցելու Հայաստանի իշխանութեանը:

Սոյն յօդւածը նպատակ չունի վերլուծելու Դաշնակցութեան համագործակցութիւնը տարբեր տարիների իշխանութիւնների հետ կամ անդրադառնալու նրանց հետ ունեցած այս կամ այն սկզբունքային տարաձայնութեանը: Խնդիրն այլ է: ՀՅԴ-ն, անկախ քաղաքական դաշտում սեփական դիրքաւորումից, մշտապէս յայտարարել է, որ իր համար տարբեր են իշխանութիւնն ու պետութիւնը, եւ պատրաստ է աջակցելու պետութեանը` անկախ օրւայ իշխանութիւններից: Սակայն այս մօտեցումը թելադրում է անդրադառնալ մի շարք խնդիրների:

Ակնյայտ է, որ նման կեցւածքը յանգեցնում է դժւարութիւնների հասարակութեան հետ յարաբերութիւններում: Հայաստանի ընտրողները ցանկանում են տեսնել պարզ ու յստակ քաղաքական դիրքորոշում, եւ յաճախ նրանց հասկանալի չէ, թէ ինչպէս կարող է կուսակցութիւնը լինել իշխանութեան մաս, սակայն ունենալ ընդդիմադիր կեցւածք բազմաթիւ հարցերում կամ լինել ընդդիմադիր, սակայն մի շարք հարցերում աջակցել կառավարութեանը` սկսած արտերկրում զօրավիգ լինելուց մինչեւ հակահամավարակային հակաճգնաժամային ծրագրի ներկայացումը (որն իշխանութիւնն այնուամենայնիւ անտեսեց, իսկ սեփական քաղաքականութիւնը ձախողեց):

Այս ամէնն իսկապէս յանգեցնում է վատ հասկացւածութեան Հայաստանի քաղաքացիների մօտ: Այլ էր վիճակը, երբ Հայաստանն անկախ պետութիւն չէր, եւ բազմաթիւ խնդիրներ Սփիւռքում ընկալւում էին որպէս ազգի առջեւ ծառացած պատմական մարտահրաւէրներ: Բոլորովին այլ է խնդիրն անկախ երկրի քաղաքական համակարգի դէպքում, երբ կուսակցութիւնը քաղաքական կեանքի եւ ընտրական գործընթացների ակտիւ մասնակից է: Վերը նշւած խնդիրը գուցէ այլ կերպ է ընկալւում Սփիւռքի հայրենակիցների կողմից, սակայն Հայաստանում դժւարընկալելի է լինել իշխանութիւններին ընդդիմադիր, սակայն աջակցել նրանց արտերկրում:

Սա յանգեցնում է նաեւ տարբեր կողմերից կուսակցութեան պիտակաւորմանը:

Երբ դա բխում է իրենց շահերից, միւս ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր ՀՅԴ-ին ներկայացնում են որպէս կեղծ ընդդիմութիւն, որը «գործարքի» մէջ է օրւայ իշխանութեան հետ, իսկ իշխանութիւնը թմբկահարում է «երկու դաշնակցութիւնների» թեզը, քանի որ տեսնում է քննադատութիւն ներսում, սակայն ջերմ ընդունելութիւն դրսում:

Նոյն խնդիրն առաջանում է, երբ ՀՅԴ-ն, մաս կազմելով կառավարութեանը, քննադատում է իշխանութեան սխալներն ու արատները: Իշխանական զանգւածի համար կուսակցութիւնը մնում է ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր զանգւածի համար` մեղսակից եւ իշխանական: Որպէս արդիւնք` երկու կողմի համար էլ ոչ ընդունելի:

Եւ որքան էլ ՀՅԴ-ն ներկայացնի սեփական մեկնաբանութիւնը, Հայաստանի հասարակութիւնը եւ հայ ընտրողն այդ «անհասկանալի» դիրքորոշումը երբեք չեն ընդունել, չեն ընդունում եւ չեն ընդունելու:

Այս վիճակն իր հերթին ազդում է երկրում կուսակցութեան վարկանիշի եւ ընտրութեան արդիւնքների վրայ: Սա խնդիր է, որն օր առաջ պահանջում է յստակ լուծում:

Յաջորդ կարեւորագոյն հարցը վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցութեանը կամ կոալիցիաների պայմաններում սեփական ծրագրերն իրագործելու հնարաւորութեանը: Հայաստանում գրեթէ բոլոր կուսակցութիւնները պաշտօնապէս հռչակւած են ազատական: Իրականում նրանք հռչակում են իրենց այդպիսին զուտ յետխորհրդային պետութիւններում ձեւաւորւած աւանդոյթի ուժով: Այն ազատականութիւնը, որ կայ Հայաստանում, որեւէ կապ չունի արեւմտեան աշխարհի ազատականութեան հետ: Այսպիսի երկրներում այն ստանում է կա՛մ նէոլիբերալիզմի, կա՛մ վուլգար ազատականութեան դրսեւորում: Ձախակողմեան քաղաքական ուժեր, որպէս այդպիսին, փաստացի չկան:

Նէոլիբերալ կամ վուլգար ազատական կուսակցութիւնների հետ համագործակցութիւնը խոչընդոտում եւ, ըստ էութեան, անհնարին է դարձնում ՀՅԴ ծրագրի իրականացումը:

Հայաստանում հասարակական, քաղաքական եւ նոյնիսկ զուտ մարդկային յարաբերութիւնները շատ քաղաքականացւած են: Եւ քանի որ շատերի համար քաղաքականութիւնը փոխկապակցւած չէ սկզբունքայնութեան հետ, գործունէութեան շարժառիթը ոչ թէ գաղափարներն ու ծրագրերն են, այլ նեղ խմբային շահերը, որտեղ անկեղծ ու բաց խօսքը կամ արդար գնահատականները տեղ չունեն: Այնինչ յատկապէս հանրային անձանցից մարդիկ կարիք ունեն լսելու յստակ դիրքորոշում լաւի եւ վատի, ճշտի եւ սխալի, սեւի եւ սպիտակի մասին: Պատճառը տասնամեակներ շարունակ լսած կեղծիքը եւ սուտն են, ինչից բոլորը յոգնել են: Մարդիկ ակնկալում էին անկախ Հայաստանում լսել արդարութեան, համերաշխութեան ու ճշմարտութեան մասին:

Սակայն քաղաքական շահը մեր երկրում վեր է դասւել ճշմարտութիւնից, իսկ քաղաքական անձինք յաճախ խաբել են հասարակութեանը: Իւրաքանչիւրը ներկայացրել է գնահատականներ, վերլուծութիւններ կամ դիրքորոշումներ բացառապէս սեփական շահի տեսանկիւնից: Ընդդիմութեան ներկայացուցիչը, որին հասարակութիւնը ճանաչում է որպէս կոռումպացւած անձ, կարող է խօսել արդարութիւնից ու ազնւութիւնից, իսկ երկրին վնաս տւած պետական պաշտօնեան` վիրաւորական գնահատականներ հնչեցնել հասարակութեան մէջ բարի համբաւ ունեցող ազնիւ քննադատի հասցէին: Անկախութիւնից յետոյ ոչ միայն լաւն ու վատը չտարանջատւեցին, այլեւ պետութիւնն ընկղմւեց օրէցօր բազմացող կեղծիքների յորձանուտի մէջ: Այն ընդգրկեց բոլոր ոլորտները` քաղաքականութիւն եւ մշակոյթ, ընտրութիւններ եւ տնտեսութիւն, պարզ մարդկային յարաբերութիւններ կամ բիզնես: Հասարակութիւնը սկսեց ապրել իրականութիւնից կտրւած հարթութիւնում:

2018 թւականին այդ կեղծ իրականութիւնը չփոխւեց: Աւելի խորացաւ տոտալ կեղծիքը` ստանալով նոր դրսեւորումներ եւ մսխելով արմատական ու համակարգային բարեփոխումների իրականացման հնարաւորութիւնը: Անկախութեան տարիների բազմաթիւ քաղաքական իրադարձութիւններ, այդ թւում` ողբերգական կամ շրջադարձային, ներկայացւել են կեղծ լոյսի ներքոյ եւ շարունակում են կեղծւել քաղաքական շահերից ելնելով: Հազարաւոր մարդիկ իրենց երեւակայութեան մէջ ապրում են մի յուզական մթնոլորտում, որը դարձնում է նրանց կառավարելի: Յաճախ քաղաքացիները չեն զգում` ինչպէս են փոխում սեփական տեսակէտները հրամցւած յիմարութիւնների եւ տարիներ շարունակ կրկնւող առասպելների ազդեցութեամբ:

Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2018 թ. իշխանափոխութիւն, տարբեր իրադարձութիւններում օտարերկրեայ պետութիւնների ազդեցութիւն եւ այլն… Այս եւ բազմաթիւ այլ հարցեր դարձել են քաղաքացիների ուղեղների լւացման եւ նոր կաղապարների ձեւաւորման ամուր յենասիւներ:

Հայ հասարակութիւնը (իսկ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ նաեւ Սփիւռքի զգալի մասը), ապրելով կեղծ իրականութեան մէջ, կտրւեց պետութեան իրական խնդիրներից:

Հայաստանը կարիք ունի քաղաքական ուժի, որը, անտեսելով օրւայ քաղաքական շահն ու խնդիրը, կասի ժողովրդին ճշմարտութիւնը: ՀՅԴ-ն պարբերաբար փորձել է դա անել, սակայն, վերը նշւած հարցերի պատճառով չընկալւելով հասարակութեան կողմից ունեցել է դժւարութիւններ` հասարակական կեանքում ստանձնելու վճռական դերակատարութիւն:

Փոխզիջումների ժամանակն անցել է: Այսօր հասարակութեան բոլոր անդամները, անկախ քաղաքական դիրքորոշումից, հոգու խորքում գիտեն, որ նոյնիսկ իրենց ընտրած քաղաքական ուժը` իշխանական թէ ընդդիմադիր, չունի երկրի զարգացման վճռական խօսք ասելու համար բաւարար ներուժ:

Միակ քաղաքական կուսակցութիւնը, որն ունի գաղափարական, քաղաքական, մասնագիտական, կադրային, կազմակերպական եւ ֆինանսական անհրաժեշտ պաշարը` նոր մոդելով պետութեան կառուցումն առաջնորդելու եւ զարգացման արդիական ռազմավարութիւն կենսագործելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է:

Արձանագրենք, որ.

- հայ իրականութեան ոչ մի քաղաքական ուժ խմբւած չէ գաղափարի ու գաղափարախոսութեան շուրջ. բոլորը կա՛մ մէկ անձի շուրջ հաւաքւած, կա՛մ խմբային նեղ շահեր հետապնդող կուսակցութիւններ են,

- «ազատական», սակայն իրականում վուլգար լիբերալիզմի գաղափարակիրները չունեն ժամանակակից պետութիւն կառուցելու շատ թէ քիչ ամբողջական ծրագիր եւ ռազմավարութիւն, իսկ նէոլիբերալները վաղուց ձախողւել են,

- ՀՅԴ քաղաքական եւ մասնագիտական կադրային բազան իր պատրաստւածութեամբ գերազանցում է բոլոր քաղաքական կուսակցութիւնների ներուժը` միասին վերցրած,

- ցանկացած այլ կուսակցութեան իշխանութիւն Հայաստանում յանգեցնելու է քաղաքացիական հակամարտութեան եւ ներքին թշնամանքի: Միայն ՀՅԴ-ն կարող է համախմբել ու հանդարտեցնել հասարակութեան բոլոր շերտերը` առանց բաժանելու ու թշնամացնելու միմեանց:

Ժամանակն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտ ներկայացնի եւ ստանձնի ամբողջական պատասխանատւութիւն երկրի ճակատագրի համար:

Միայն սեփական իշխանութեան օրօք ՀՅԴ-ն կարող է վստահեցնել ժողովրդին, որ.

- վերադարձնելու է պետութեանը կարգաւորիչ գործառոյթները եւ ստեղծելու է առողջ պետական համակարգ` զերծ քաղաքական կոռուպցիայից եւ հովանաւորչութիւնից,

- չի խուսափելու անհրաժեշտութեան դէպքում պետական մասնակցութեամբ ընկերութիւններ ստեղծելուց,

- վերացնելու է կուտակային կենսաթոշակային համակարգը,

- ներդնելու է պրոգրեսիւ հարկային համակարգ,

- նւազեցնելու է էներգետիկ եւ ջրային համակարգերի կորուստները,

- գործադրելու է վարձատրութեան միասնական համակարգ,

- սոցիալական քաղաքականութիւնն իրականացնելու է կենսապահովման նւազագոյն բիւջէի հիման վրայ,

- ոչ թէ պաշտպանելու է օլիգարխիայի, ներկրողների կամ ֆինանսական շուկայի շահերը, այլ առաջնորդւելու է տնտեսութեան բոլոր ճիւղերի, որպէս մէկ ամբողջութեան, շահերով,

- դադարեցնելու է բնապահպանական աղէտը եւ հանքային պաշարների թալանը,

- ձեւաւորելու է գաղափարական բանավէճի եւ կիրթ երկխօսութեան վրայ հիմնւած քաղաքական համակարգ, որտեղ իշխանաւորները չեն վախենայ իշխանութիւնը կորցնելուց՝ առողջ քաղաքական գործընթացների արդիւնքում,

- բանակն ու ուժային կառոյցները ծառայելու են բացառապէս պետութեանն ու պետական շահին, այլ ոչ թէ օրւայ իշխանութեան քմահաճոյքին:

Ժամանակն է` հասարակութիւնը պահանջի Դաշնակցութիւնից ամբողջական պատասխանատւութիւն: Դա կը լինի, երբ ՀՅԴ-ն իշխանութեան անցնելու յստակ յայտ կը ներկայացնի, յստակ կը դիրքորոշւի որպէս ամբողջական ընդդիմութիւն եւ ապագայ իշխանութիւն` ազատ որեւէ կաշկանդումից ու որեւէ պայմանաւորւածութիւնից, եւ կը գնայ դէպի իշխանութեան ստանձնում: ՀՅԴ-ն, ի տարբերութիւն մեր տեսած չորս իշխանութիւնների, մինչեւ պատասխանատւութիւն ստանձնելը յստակ հռչակելու է իր ծրագրերը` բոլոր ուղղութիւններով, եւ իշխանութեան անցնելուց յետոյ առաջնորդւելու է իր նախընտրական ծրագրով: Գոնէ մէկ անգամ երկիրը կարիք ունի տեսնելու սեփական ծրագրերն ու խոստումներն իրագործելու քաղաքական մշակոյթ, որը խթանիչ ազդակ կը լինի ողջ քաղաքական համակարգի առողջացման համար:

Անշուշտ, սոյն գործընթացում կարող են ներգրաււել այլ քաղաքական միաւորներ, որոնք ստիպւած կը լինեն ՀՅԴ-ին օրինակ եւ առանցք ընդունելով եւ իրենց հերթին առաջնորդւելով բարձր նշաձողով գնալ գաղափարականացման եւ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով: Այնուամենայնիւ ապագայ կառավարութեան եւ երկրի զարգացման գաղափարախօսութեան ու ծրագրի հիմքում պէտք է լինեն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ նրա ծրագիրը:

Ի վերջոյ, երեք տասնամեակ անց հայ ժողովուրդն իրաւունք ունի ունենալու ազնիւ, գրագէտ, կազմակերպւած եւ լուրջ իշխանութիւն:

Իսկ եթէ ընդհանուր համերաշխութեան կարգախօսի ներքոյ լինեն փոխզիջումներ, ապա կայ վտանգ, որ հասարակութիւնը հերթական անգամ չի ընդունի կիսատ որոշումները եւ չի հասկանայ շարժառիթները, քանի որ տարիներ շարունակ տեսել է այդ ամէնի ցածր արդիւնաւէտութիւնը: Դա հերթական անգամ կը յանգեցնի խոր հիասթափութեան: Եւ ամէն նման հիասթափութիւնից յետոյ աւելի ու աւելի դժւար է լինելու սեփական հայրենիքի ու պետութեան հանդէպ ժողովրդի հաւատի վերականգնումը:

Հայաստանին անհրաժեշտ է նւիրեալների այնպիսի սերունդ, որպիսին աւելի քան հարիւր տարի առաջ կերտեց Առաջին անկախ հանրապետութիւնը: Դա կը լինի նաեւ մեր ժողովրդի լիակատար բարոյական յաղթանակը, որին կը յաջորդի պետութեան հոգեւոր, մշակութային, կրթական, սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերելքը:

 

«Դրօշակ», թիւ 7 (1641), յուլիս, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։