Հա

Ազգային

05/07/2020 - 13:00

ՍԴ վերաբերեալ օրէնքի՝ 30.06.2020 թ. փոփոխութիւնը խաթարում է իրաւական պետութեան բնութագիրը

Ինչպէս խոստացել էի, այս հրապարակմամբ կանդրադառնամ 2020 թ. յունիսի 30-ին մի քանի ժամւայ ընթացքում քննարկւած եւ ամբողջութեամբ ընդունւած «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի փոփոխութեան բովանդակութեանը։ Արդէն սովորական դարձած արատաւոր պրակտիկային համապատասխան` այս փոփոխութիւններն ընդունւեցին «Իմ քայլը» խմբակցութեան կողմից՝ 80 կողմ ձայնով։ Առանց հանրային քննարկումների, ընդդիմութեան, ինչպէս նաեւ իրաւասու մարմինների կարծիքների, հապճեպ ընդունւած այս փաթեթի միակ շարժառիթը ընդամենը 8 օր առաջ ապօրինութեամբ ընդունւած եւ հրապարակւած` Սահմանադրութեան 213 յօդւածի փոփոխութիւնը գործադրելն էր։

ԱՐԾՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ

Տնտեսագիտութեան թեկնածու, իրաւաբան

 

Ինչպէս խոստացել էի, այս հրապարակմամբ կանդրադառնամ 2020 թ. յունիսի 30-ին մի քանի ժամւայ ընթացքում քննարկւած եւ ամբողջութեամբ ընդունւած «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի փոփոխութեան բովանդակութեանը։ Արդէն սովորական դարձած արատաւոր պրակտիկային համապատասխան` այս փոփոխութիւններն ընդունւեցին «Իմ քայլը» խմբակցութեան կողմից՝ 80 կողմ ձայնով։ Առանց հանրային քննարկումների, ընդդիմութեան, ինչպէս նաեւ իրաւասու մարմինների կարծիքների, հապճեպ ընդունւած այս փաթեթի միակ շարժառիթը ընդամենը 8 օր առաջ ապօրինութեամբ ընդունւած եւ հրապարակւած` Սահմանադրութեան 213 յօդւածի փոփոխութիւնը գործադրելն էր։

Հարցն այն է, որ Սահմանադրութեան` 2020 թ. յունիսի 22-ին հակասահմանադրական կարգով ընդունւած փոփոխութեամբ ձեւակերպւեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի եւ դատարանի` տասներկու տարի պաշտօնավարած երեք դատաւորների լիազօրութիւնները համարւում են աւարտւած, եւ նրանց պաշտօնավարումը դադարում է, իսկ նրանց փոխարէն պէտք է կատարւեն նոր նշանակումներ։ Յատկանշական է, որ երեք դատաւորներն էլ նշանակւած են եղել Հանրապետութեան նախագահի կողմից տարբեր ժամանակահատւածներում (Ալւինա Գիւլումեանը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ Սերժ Սարգսեանի, Հրանտ Նազարեանը եւ Ֆելիքս Թոխեանը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից)։ Ըստ էութեան, այս փոփոխութեան գործադրման դէպքում Սահմանադրական դատարանում դատաւորի կարգավիճակում մնում են միայն Ազգային ժողովի կողմից նշանակւած 6 դատաւորները։

Ոգեւորւած 2020 թ. յունիսի 22-ի հակասահմանադրական փոփոխութեամբ` երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը եւ բազմաթիւ պաշտօնատար անձինք յայտարարեցին, որ Սահմանադրական դատարանի նշւած պաշտօնեաների լիազօրութիւնները դադարել են յունիսի 26-ից, եւ նրանց փոխարէն պէտք է առաջադրւեն նոր անձինք։ Սակայն ակնյայտ շտապողականութեան պայմաններում սահմանադրական փոփոխութեան հեղինակները «մոռացել էին», որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքով երաշխաւորւած է «լիազօրութիւնները աւարտւած համարւող» դատաւորների պաշտօնավարումը՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի համար մինչեւ 65 տարին, իսկ դատաւորների համար՝ մինչեւ 70 տարին լրանալը։ Մասնագիտական հանրութեան եւ քաղաքական ուժերի հրապարակային քննադատութիւններից յետոյ իշխանութիւնը հասկացաւ, որ կոպտագոյն սխալ է թոյլ տւել, եւ արդէն յունիսի 30-ին ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի փոփոխութիւնը, որն, ինչպէս հէնց ընդունման օրը պարզւեց, Հանրապետութեան նախագահը չի պատրաստւում ստորագրել։

Իսկ ի՞նչ հիմնական փոփոխութիւններ են արւում «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում, եւ արդեօ՞ք դրանք համապատասխանում են Սահմանադրութեանը։

Սակայն մինչեւ անդրադառնալը Սահմանադրութեան հետ առերեւոյթ խնդիրներ ունեցող դրոյթներին, կատարենք երկու արձանագրում.

ա) փոփոխութիւններից մէկով ուժը կորցրած են ճանաչւում ընդամենը 6 ամիս առաջ ընդունւած, Վենետիկի յանձնաժողովի մասնագիտական եզրակացութիւններին չհամապատասխանող եւ իրաւական խայտառակութիւն որակւած` Սահմանադրական դատարանի դատաւորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերեալ օրէնքի դրոյթները, որոնք հանրութեան մէջ ստացել էին «օրինական կաշառք» անւանումը։ Փաստօրէն, դատաւորներին վաղաժամ թոշակաւորելու մասին օրէնքի դրոյթները ուժը կորցրած ճանաչելով` իշխանութիւնն, ըստ էութեան, ընդունում է, որ նախկինում այս նորմերի ներմուծումը ոչ միայն անիմաստ է եղել, այլ նաեւ դրանցով խախտւել են դատաւորի սոցիալական հենքով պայմանաւորւած անկախութեան երաշխիքները։

բ) «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի 17-րդ յօդւածի 2-րդ մասից նախ հանւում է մի բացառութիւն, եւ ուժը կորցրած է ճանաչւում նոյն յօդւածի 5-րդ մասը, որոնք ընդամենը 6 օր առաջ էին ներմուծւել։ Սա վկայում է այն մասին, թէ որքան անփոյթ եւ չմշակւած են ներկայացւում օրէնքների նախագծերը։

Այժմ անդրադառնանք հիմնական փոփոխութիւններին։ Այսպէս` ուժը կորցրած են ճանաչւում Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատաւորների պաշտօնավարման ժամկէտները սահմանող դրոյթները, ներմուծւում են մինչեւ 12 տարի պաշտօնավարելու, պաշտօնավարման դադարեցման, ինչպէս նաեւ թափուր պաշտօններում դատաւորների թեկնածուների առաջադրման հիմքերի, ժամկէտների եւ ընթացակարգերի նոր կարգաւորումներ։ Փոփոխւում է նոր դատաւորների ընտրութեան համար առաջադրման հերթականութիւնը, դատարանի նախագահի ընտրութեան ժամկէտ է սահմանւում այն պահը, երբ ինը դատաւորները նշանակւած կը լինեն։ Բացի այդ` մինչեւ դատարանի նախագահի ընտրութիւնը լիազօրութիւններ են նախատեսւում դատարանի նախագահի լիազօրութիւնները ժամանակաւորապէս կատարողին։ Այսպիսով՝

  1. 1. «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում որպէս Սահմանադրական դատարանի դատաւորների լիազօրութիւնների դադարման հիմք է սահմանւում Սահմանադրութեան 213-րդ յօդւածում կատարւած փոփոխութիւնը։ Այս կարգաւորումը ուղղակի հակասութեան մէջ է մտնում Սահմանադրութեան 164-րդ յօդւածի 8-րդ մասում սպառիչ կերպով սահմանւած` Սահմանադրական դատարանի դատաւորի լիազօրութիւնների դադարեցման հիմքերի հետ: Այլ կերպ ասած` օրէնքը սահմանում է Սահմանադրական դատարանի դատաւորի լիազօրութիւնների դադարեցման մի հիմք, որը Սահմանադրութեան 164-րդ յօդւածի 8-րդ մասում սահմանւած չէ: Բացի այդ` «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում ներմուծւող այս կարգաւորումը ներքին հակասութեան մէջ է մտնում նոյն օրէնքի 8-րդ յօդւածի հետ, որով ամրագրւած է, որ Սահմանադրական դատարանի դատաւորն անփոփոխելի է։ Վերջին դէպքում հակասութիւն չունենալու համար կա՛մ պէտք է միաժամանակ ուժը կորցրած ճանաչւի 8-րդ յօդւածը, կա՛մ նոյն յօդւածում բացառութիւն սահմանւի, ինչն արւած չէ եւ, փաստօրէն, առկայ է անհամապատասխանութիւն։
  2. 2. Փոփոխութիւնների մէկ այլ դրոյթով` Սահմանադրական դատարանի երեք դատաւորների լիազօրութիւնները համարւում են դադարած «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի 12-րդ յօդւածի 1-ին մասի 1-ին կէտի հիմքով, իսկ նրանց փոխարէն նոր դատաւորների առաջադրումների համար սահմանւում է լիազօրութիւնների դադարեցումից յետոյ երկամսեայ ժամկէտը (ընդ որում, Սահմանադրութեան 213 յօդւածի փոփոխութեան 3-րդ կէտով էլ այս ժամկէտը սահմանւում է մէկ ամիս)։ Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի համաձայն, այս հիմքով լիազօրութիւնները դադարեցւած դատաւորի թափուր տեղի ընտրութիւնը պէտք է կատարւի մինչեւ լիազօրութիւնների դադարեցումը (օրէնքի 12-րդ յօդւածի 5-րդ մաս, 17-րդ յօդւածի 1-ին մասի 1-ին կէտ)։ Այսինքն` սահմանադրական օրէնքում նոյն հիմքով լիազօրութեան դադարեցման եւ նոր ընտրութեան համար տարբեր իրաւակարգաւորումներ են նախատեսւում, որը հակասում է ինչպէս Սահմանադրութեան 28-րդ յօդւածով սահմանւած օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան սկզբունքին եւ 73-րդ յօդւածով նախատեսւած օրէնքի յետադարձ ուժի կանոնին, այլեւ խաթարում է իրաւական պետութեան սահմանադրական նորմ-սկզբունքը։
  3. 3. Փոփոխութիւններով առաջարկւող մի շարք նոր կարգաւորումներ որոշ հակասութեան մէջ են մտնում Սահմանադրութեամբ ամրագրւած դատական իշխանութեան ապաքաղաքական լինելու սկզբունքների հետ, որն առաւել ակնառու է լինելու անցման փուլից դուրս գալու ընթացքում, երբ Սահմանադրական դատարանի կազմը, ըստ փոփոխութեան հեղինակների, ամբողջութեամբ կը ձեւաւորւի Սահմանադրութեան 7-րդ գլխին համապատասխան։ Այսպէս` մինչեւ փոփոխութիւնները, անցման փուլի համար սահմանւած էր Սահմանադրական դատարանի դատաւորների առաջադրման հետեւեալ յաջորդականութիւնը՝ Հանրապետութեան նախագահ, դատաւորների ընդհանուր ժողով եւ կառավարութիւն։ Փոփոխութեամբ` կառավարութիւնը ստացել է դատաւորի թեկնածու առաջադրելու առաջնահերթութեան իրաւունք, բացի այդ` այս հերթականութիւնը գործելու է մշտապէս՝ անկախ անցման փուլից։ Ընդ որում, յաւելեալ նոր կարգաւորման համաձայն, ներմուծւել է թեկնածուների առաջադրման մի ընթացակարգ, որն ունի ներքին տրամաբանական հակասութիւն։ Մասնաւորապէս` «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի 17-րդ յօդւածի 2-րդ մասում փոփոխութեամբ աւելացւում է նոր նախադասութիւն, որի համաձայն՝ «…սահմանւած յաջորդականութեամբ հերթական առաջադրումն իրականացնելու իրաւունք ունեցող մարմինը Սահմանադրական դատարանի դատաւորի թափուր տեղի համար թեկնածու չի առաջադրում, եթէ նրա կողմից առաջադրւած եւ սոյն օրէնքի 12-րդ յօդւածի 5-րդ մասով սահմանւած տեղեկացումը համապատասխան մարմնին տրամադրելու պահին պաշտօնավարող Սահմանադրական դատարանի դատաւորների թիւը, Սահմանադրութեան 166-րդ յօդւածի 1-ին մասին համապատասխան, հաւասար է երեքի:

Տւեալ դէպքում Սահմանադրական դատարանի դատաւորի թափուր տեղի համար թեկնածու առաջադրում է սույն մասով սահմանւած յաջորդականութեամբ թեկնածու առաջադրելու իրաւունք ունեցող այն մարմինը, որի մօտ առկայ չեն սոյն մասի երկրորդ նախադասութեամբ սահմանւած սահմանափակումները»: Ո՞րն է խնդիրը։ Այսպէս, փորձելով պահպանել Սահմանադրութեան 166-րդ յօդւածի 1-ին մասով սահմանւած սահմանադրական երեք մարմինների համար երեքական դատաւոր առաջադրելու հաւասար իրաւունքը, օրինագծի հեղինակները ձեւակերպել են թեկնածուների առաջադրման սահմանափակումներ, որոնք նախ` ժամանակի առումով անտրամաբանական կապի մէջ են դրւած։ Չէ՞ որ թեկնածու առաջադրելու իրաւունք ունեցող մարմինն այդ մասին ի սկզբանէ պէտք է տեղեկանայ եւ կատարի առաջադրում, այլ ոչ թէ, ինչպէս օրինագծի հեղինակներն են ձեւակերպել, կատարի առաջադրումը, նոր որոշւի` իրաւունք ունէ՞ր, թէ՞ ոչ։ Սա ոչ միայն անլրջացնում է Սահմանադրական դատարանի դատաւորի թեկնածու առաջադրելու սահմանադրական ինստիտուտը, այլ նաեւ տեղ է բացում յաւելեալ մանիպուլեացիաների համար։ Օրինակ` պատկերացնենք, թէ առաջացել է դատաւորի թափուր տեղ, որի համար թեկնածու առաջադրելու իրաւունքը Հանրապետութեան նախագահինն է, որը ցանկանում է առաջադրել մի անձի, որին չի ցանկանում կառավարութիւնը (վարչապետը), որն Ազգային ժողովում ունի քաղաքական մեծամասնութիւն։ Հետեւաբար, անընդհատ մերժելով Հանրապետութեան նախագահի թեկնածուին, կը գայ մի ժամանակահատւած, երբ նոր դատաւորի նոր տեղ առաջանալու դէպքում թեկնածու առաջադրելու առաջնահերթութեան իրաւունքը կը վերապահւի կառավարութեանը, այսինքն` կընտրւի տւեալ պահին կառավարութեան կամ, որ նոյնն է, քաղաքական մեծամասնութեան համար ընդունելի թեկնածուն։ Կամ էլ Հանրապետութեան նախագահը ստիպւած կը լինի առաջադրել այնպիսի թեկնածուի, որը կառավարութեան համար նախընտրելի է։ Սա լոկ տեսական օրինակ չէ, այն արդէն իսկ մէկ անգամ կիրառւել է՝ ի դէմս Սահմանադրական դատարանի դատաւոր Վահէ Գրիգորեանի։ Սակայն ցաւալի է, որ այս նախադէպը, օրինագծում ներկայացւած ձեւակերպումների համաձայն, կարող է կրել մշտական բնոյթ։ Այսինքն` իրաւակիրառ պրակտիկայում գործադրւած այս արատովոր մօտեցումը փոփոխութեամբ ստանում է օրէնսդրական ապահովում։ Մինչդեռ հակառակը պէտք է լինէր։ Անհրաժեշտ էր, օրինակ, թեկնածուների առաջադրման հերթականութիւնը պահպանել միայն անցումային ժամանակաշրջանի համար, այսինքն` երբ բոլոր իրաւասու մարմինները՝ Հանրապետութեան նախագահը, դատաւորների ընդհանուր ժողովը եւ կառավարութիւնը, կը համալրէին իրենց վերապահւած` դատաւորների թեկնածուների առաջադրման եւ ընտրութեան չափաքանակները՝ երեքական դատաւոր, այնուհետեւ առաջացող իւրաքանչիւր թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու իրաւունքն անվերապահօրէն կը մնար այն մարմնին, որի առաջադրած եւ ընտրւած դատաւորի տեղը կազատւէր։ Բացի այդ` նոր կարգաւորումների լոյսի ներքոյ չափազանց կարեւոր էր ամրագրել այնպիսի դրոյթներ, որոնք կը բացառէին, քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով, այս կամ այն մարմնի ներկայացրած թեկնածուին մերժելը։ Չէ՞ որ հէնց քաղաքական մտադրութեամբ է ներկայիս քաղաքական իշխանութիւնը փորձում Սահմանադրական դատարանում նախընտրելի մեծամասնութիւն ձեւաւորել։ Ուստի, ի տարբերութիւն մինչեւ փոփոխութիւնները տրւած լուծման, առաջարկւող փոփոխութիւնները մշտական են դարձնում քաղաքական շարժառիթներով Սահմանադրական դատարանում դատաւորների նշանակումը՝ ձեւաւորելով փաստացի քաղաքական գործունէութեան նկատմամբ հակումներ ցուցաբերող դատաւորների թեկնածուներ, ինչն էլ իր հերթին հակասում է թէ՛ դատաւորների ու դատարանների արտաքին անկախութեան եւ թէ՛ դատաւորների` քաղաքական գործունէութեամբ զբաղւելու արգելքի` Հայաստանի Սահմանադրութեամբ, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքով ամրագրւած սկզբունքին։

Վերը բերւած` դատաւորի ընտրութեան քաղաքականացման օրինակը կիրառելի է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի դէպքում, յատկապէս` այս անցումային փուլում։ Ինչպէս նշեցինք, «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում փոփոխութիւնների համաձայն, դատարանի նախագահը կընտրւի այն ժամանակ, երբ բոլոր դատաւորները նշանակւած կը լինեն։ Ապաքաղաքական սկզբունքի խախտումից զատ, նման իրաւակարգաւորումը հակասում է նաեւ Սահմանադրութեան 166-րդ, 167-րդ, ինչպէս նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքի 19-րդ յօդւածներին, որոնց համաձայն` Սահմանադրական դատարանի նախագահն ընտրւում է ընդհանուր թւի ձայների 2/3-ով, իսկ մէկ թեկնածուի դէպքում՝ պարզ մեծամասնութեամբ։

Բացի այդ` «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում կատարւած փոփոխութեամբ մինչեւ դատարանի նախագահի ընտրութիւնը լիազօրութիւններ են նախատեսւել դատարանի նախագահի լիազօրութիւնները ժամանակաւորապէս կատարողին։ Սակայն պէտք է արձանագրել, որ այսպիսի կարգավիճակը նոյն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքի 18-րդ յօդւածը պայմանաւորում է դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայութեան հետ։ Այսինքն` Սահմանադրական դատարանի նախագահի լիազօրութիւնները ժամանակաւորապէս կատարողի ինստիտուտը ի յայտ է գալիս այն դէպքում, երբ կան Սահմանադրական դատարանի ընտրւած նախագահ կամ փոխնախագահ, եւ նրանք տարբեր պատճառներով բացակայում են։ Մինչդեռ օրէնսդրական նախագծի հեղինակները, անտեսելով այս իրաւանորմը, մի կողմից դադարեցնում են Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի լիազօրութիւնները, միւս կողմից նշում են նախագահի լիազօրութիւնները ժամանակաւորապէս կատարողի մասին, ինչը չի համապատասխանում լիազօրող նորմերի իրաւական որոշակիութեան սահմանադրական նորմ-սկզբունքին։

Առ այդ, ամբողջացնելով վերը նշւած վերլուծութիւներն ու փաստարկումները, յանգում ենք հետեւեալին` «Սահմանադրական դատարանի մասին» օրէնքում 30.06.2020 թ. կատարւած փոփոխութիւնները առերեւոյթ պարունակում են բազմաթիւ հակասահմանադրական դրոյթներ, որոնց օրէնքի տեսք հաղորդելը խաթարում է Սահմանադրութեամբ ամրագրւած իրաւական պետութեան բնութագիրը։ Ուստի չափազանց կարեւոր է դրանց քննարկումն ու գնահատումը Սահմանադրական դատարանի կողմից` որպէս Սահմանադրութեան գերակայութիւնը ապահովող հիմնական ինստիտուտի (Սահմանադրութեան 167-րդ յօդւածի 1-ին մաս)։ Հետեւաբար, Սահմանադրական արդարադատութիւն իրականացնելու համար այս փուլում միակ օրինական դիմումատուն Հանրապետութեան նախագահն է, որը պէտք է իրականացնի իր լիազօրութիւնը եւ Ազգային ժողովի կողմից 2020 թ. յունիսի 30-ին ընդունւած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքի փոփոխութիւնը՝ կից օրինագծով, ներկայացնի Սահմանադրական դատարանի քննութեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։