Հա

Ազգային

08/07/2020 - 12:40

ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենեակի դիրքորոշումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութեան փոփոխութիւնների վերաբերեալ

Յուլիսի 6-ին ՀՀ կառավարութեան կայքում հրապարակւել է  ՀՀ վարչապետի որոշումը, որով էական փոփոխութիւններ են մտցւել վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութեան մէջ։

Յուլիսի 6-ին ՀՀ կառավարութեան կայքում հրապարակւել է  ՀՀ վարչապետի որոշումը, որով էական փոփոխութիւններ են մտցւել վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութեան մէջ։

Փոփոխութիւնները վերաբերում են գրասենեակի նպատակներին, խնդիրներին, գործառոյթներին եւ կառուցւածքին։ Առաջին մասում դրանք խոշոր հաշւով խմբագրական բնոյթ են կրում, իսկ ինչ վերաբերում է կառուցւածքին, ապա այստեղ էական փոփոխութիւններ են կատարւել։

Մասնաւորապէս դադարել է Եւրոպայի հայ համայնքների վարչութեան, Ամերիկայի հայ համայնքների վարչութեան, ԱՊՀ հայ համայնքների վարչութեան, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեան, Մերձաւոր սփիւռքի հետ կապերի վարչութեան, հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան, համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութեան գործունէութիւնը։

Ստեղծւել է օրէնսդրական նախաձեռնութիւնների եւ ռազմավարութիւնների մշակման վարչութիւն, իսկ սփիւռքի ներուժի հաշւառման եւ տեղեկատւական վերլուծութիւնների վարչութիւնը եւ սփիւռքում տեղեկատւական ռազմավարութեան մշակման եւ իրականացման վարչութիւնը միաձուլւել են, արդիւնքում ստեղծւել է սփիւռքի ներուժի քարտէզագրման եւ ներգրաւման վարչութիւն։

Համահայկական ծրագրերի վարչութիւնն անւանափոխւել է ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչութեան:

Արդիւնքում, սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը ներկայումս ունի մասնագիտական-կառուցւածքային հետեւեալ ստորաբաժանումները․

1. սփիւռքի ներուժի քարտէզագրման եւ ներգրաւման վարչութիւն

2. ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչութիւն

3. օրէնսդրական նախաձեռնութիւնների եւ ռազմավարութիւնների մշակման վարչութիւն։

Վերոգրեալի առթիւ, ընդգծում ենք հետեւեալ շեշտադրումները․

1. Վարչապետի կողմից սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի կանոնադրութիւնը հաստատւել է 2019 թւականի յունիսի 1-ի որոշմամբ։ Ստացւում է, որ առաւել քան մէկ տարի յանձնակատարի գրասենեակը գործել է ներկայ իշխանութիւնների կողմից այդքան քննադատւող նախկին սփիւռքի նախարարութեան ճիշտ նոյն կառուցւածքով։ Հարց է առաջանում, սփիւռքի նախարարութեան, իշխանութիւնների տեսակէտով` անարդիւնաւէտ գործունէութեան պայմաններում, ինչո՞ւ է դրա կառուցւածքը պահպանւել առաւել քան մէկ տարի, երբ նման որոշման կայացումը բաւական կարճ ժամանակ ենթադրող վարչական աշխատանք է։ Սա կարող է խօսել ոլորտում առկայ համակարգւածութեան եւ հետեւողական աշխատանքի բացակայութեան մասին։

2. Թէեւ գովելի է այն փաստը, որ ինչպէս նախկին, այնպէս էլ ներկայ կարգաւորումներում կարեւորւել է սփիւռքի համայնքային կեանքի զարգացման, ազգային ինքնութեան պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառոյցների դերակատարութեան բարձրացումը, այնուամենայնիւ խիստ տարակուսելի է այն, որ յանձակատարի գրասենեակի կանոնադրական փոփոխութիւնները պատշաճ ձեւով չեն քննարկւել սփիւռքեան տարաբնոյթ կազմակերպութիւնների հետ։ Իշխանութիւնների այսպիսի գործելաոճը կարող է վտանգել գրասենեակի կանոնադրական նպատակների իրագործումը, քանի որ դրանք նախ եւ առաջ ենթադրում են գործընկերային յարաբերութիւններ ու սահուն փոխգործակցութիւն սփիւռքեան եւ կամ համահայկական կազմակերպութիւնների հետ։

3. Խիստ կասկածելի է նաեւ այն, որ արդեօ՞ք մասնագիտական-կառուցւածքային ընդամենը երեք ստորաբաժանումները կարող են արդիւնաւէտօրէն սպասարկել գրասենեակի առջեւ դրւած նպատակները, գործառոյթներն ու խնդիրները։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ինչպէս ցանկացած սփիւռք, հայկական սփիւռքը եւս միատարր չէ։ Հայկական սփիւռքի համայնքները իրարից տարբեր են, տարբեր են նաեւ հասարակական, սոցիալ-տնտեսական եւ քաղաքակրթական այն տարածքները, որտեղ դրանք ձեւաւորւել եւ գործում են։ Տարբեր են համայնքների քաղաքականացւածութեան մակարդակները, համայնքային կազմակերպութիւնների գործելաոճը, եւ վերջապէս, ընդունող երկրների՝ էթնիկ համայնքներին վերաբերող քաղաքականութիւնները։ Այս առումով, գտնում ենք, որ տարածաշրջանային կտրւածքով կառուցւածքի վերացումը խիստ անարդիւնաւէտ քայլ է։

Միաժամանակ, անկախ հայրենական իշխանութեան բնոյթից եւ սփիւռքին վերաբերող քաղաքական շեշտադրումներից՝ ՀՅ Դաշնակցութիւնը վերահաստատում է իր յանձնառութիւնն առ այն, որ ամբողջ աշխարհում շարունակելու է իր հայապահպան քաղաքականութիւնն ու հայկական իրաւունքների եւ շահերի պաշտպանութիւնը, իսկ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններում՝ շարունակելու է աջակցել հայրենադարձութեանը։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի արտաքին քաղաքականութեան,

սփիւռքի եւ հայրենադարձութեան հարցերի մասնագիտական ոլորտային յանձնախումբ

08․07․2020 թ․

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։