Հա

Ազգային

15/07/2020 - 13:20

«ԱՄՆ-ն պէտք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղութեանն ուղղւած այս սպառնալիքի դատապարտման հարցում». ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Հայաստանի դէմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան

2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ այս տարւայ յուլիսի 12-ին Տաւուշի ուղղութեամբ Ադրբեջանի սանձազերծած հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտման ֆոնին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները:

«alikonline.ir» - 2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ այս տարւայ յուլիսի 12-ին Տաւուշի ուղղութեամբ Ադրբեջանի սանձազերծած հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտման ֆոնին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները: Այս մասին տեղեկացնում է Asbarez.com կայքը` յղում տալով ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբին:

«Ադրբեջանը կրկին փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դէմ: Հայաստանի եւ Արցախի դէմ ուղղւած Ադրբեջանի կտրուկ հռետորաբանութիւնը եւս մէկ հակամարտութիւն սանձազերծելու համաձայնեցւած ջանքերի մաս է»,- ասել է Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը:

Սենատոր Էդ Մարքին իր աջակցութիւնն է յայտնել Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին:

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականութիւնը: Ադրբեջանն ու Թուրքիան պէտք է յարգեն հայ-ադրբեջանական սահմանը, յարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները եւ պէտք է անյապաղ դադարեցնեն այս հակամարտութիւնը»,- յայտարարել է սենատոր Մարքին:

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին անդամն էր, որը դատապարտել է Ադրբեջանի յարձակումը:

«Ես շատ անհանգստացած եմ վերջին օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքների եւ ապակայունացնող քայլերի առնչութեամբ` ներառեալ հայ զինւորների ուղղութեամբ կրակելը: Այդ գործողութիւնները սպառնալիքի տակ են դնում զինւորների եւ խաղաղ բնակչութեան կեանքը եւ բարձրացնում են հակամարտութեան սրման վտանգը, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար` մանաւանդ համավարակի պայմաններում: Այս գործողութիւնները պէտք է դիտարկել նաեւ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետեւողական ռազմատենչ հռետորաբանութեան եւ նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թոյլ չտալու համատեքստում: Ես կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին` բոլոր կողմերին բացատրել զսպւածութեան եւ լարւածութիւնը թուլացնելու անհրաժեշտութիւնը»,- յայտարարել է Ադամ Շիֆը:

Կենտրոնական Կալիֆորնիայից կոնգրեսական Թիջէյ Կոքսը յայտարարել է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի Տաւուշի մարզի վրայ յարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջեւ ձեռք բերւած հրադադարի ռեժիմի խախտում եւ Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարւելու արդիւնք: ԱՄՆ-ն պէտք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղութեանն ուղղւած այս սպառնալիքի դատապարտման հարցում»:

Կոքսը նշել է, որ իր աջակցութիւնն է յայտնում մէկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից ղեկավարւող Ազգային պաշտպանութեան թոյլտւութեան մասին օրէնքում (National Defense Authorization Act) փոփոխութիւն կատարելուն, որը կարգելի Ադրբեջանին ռազմական աջակցութիւն ցուցաբերել:

Նոյն Բրեդ Շերմանը, որը հանդիսանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի յանձնաժողովի անդամ, նոյնպէս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան:

«Ես շատ անհանգստացած եմ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կատարած սադրանքների առնչութեամբ: Այդպիսի գործողութիւնները սպառնալիքի տակ են դնում զինւորների ու քաղաքացիական բնակչութեան կեանքը: Ցաւօք, այդ գործողութիւններն անսպասելի չէին՝ հաշւի առնելով Ադրբեջանի աւելի ու աւելի ագրեսիւ հռետորաբանութիւնը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ»,- ասել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը շնորհակալութիւն է յայտնել բոլոր կոնգրեսականներին աջակցութեան եւ Ադրբեջանի գործողութիւնները դատապարտելու համար:

Յիշեցնենք, որ յուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Յուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինւած ուժերի սահմանային դիրքը գրաւելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշւել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով` յետ շպրտւել:

Ադրբեջանական կողմը հրետակոծութիւնը շարունակել է նաեւ յուլիսի 13-ին եւ 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։