Հա

Ազգային

17/07/2020 - 08:30

«Մենք մեր զոյգ պետութիւնների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կը լինենք մշտապէս». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

«alikonline.ir» - Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

 

- Հերթական անգամ Ադրբեջանը ռազմական բախում սադրեց, այս դէպքում ուղղակիօրէն Հայաստանի հետ: ՀՅԴ Բիւրոն յուլիսի 14-ին հանդէս եկաւ յայտարարութեամբ, որն ուղղւած էր ողջ հայութեանը եւ հաւաստում էր Դաշնակցութեան պատրաստակամութեան մասին բոլոր հնարաւորութիւններով ծառայելու Հայրենիքի ու հայութեան անվտանգութեան եւ զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:

- Նախ  ՀՅԴ մեծ ընտանիքի անունից ես կրկին խոր ցաւակցութիւն եմ յայտնում նահատակւած հայորդիների հարազատներին, ինչպէս եւ ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպէս որ բոլորինս է զոհւածների եւ առհասարակ բոլոր մեր քաջարի զինւորների ու սպաների անձնազոհ խիզախումը՝ յանուն հայրենիքի իւրաքանչիւր թիզ հողի պաշտպանութեան եւ հայ ժողովրդի խաղաղ գոյակցութեան: Մենք մէկ անգամ եւս հպարտացանք, որ մեր թշնամու հերթական արկածախնդրական փորձը բախւեց հայ մարտիկի ամուր եւ անսասան դիմակայութեանը: Ու թշնամին էլ եւս մէկ անգամ ականատես եղաւ ընդհանուր վտանգի շուրջ կրկին բռունցքւելու հայութեան հաւաքական կամքին:

Գալով ձեր հաստատումին պէտք է շեշտեմ, որ Դաշնակցութիւնն այն համահակական կազմակերպութիւնն է, որը նման պատասխանատու պահերին միշտ արձագանքում է հայրենի կարիքների կանչին, մասնաւորապէս հաւաստելով, որ պատրաստ է իր բոլոր հնարաւորութիւններն ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանութեան եւ համակողմանի աջակցութեան գործին:

Մենք կապի մէջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագոյն ղեկավարութեան հետ՝ հունաւորելու համար համահայկական նեցուկի դրսեւորումները եւ համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին օժանդակութեան ծրագրերը:

Յայտնի է, որ երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարութիւնը վերադարձել էր իր հին հռետորաբանութեանը, թէժացնում էր մթնոլորտը եւ հաւանական էր թւում, որ նման զարգացումները կարող են յանգեցնել նոր, վտանգաւոր հետեւանքների: Պատահական չպէտք է համարել քաղաքական ու քարոզչական այն ակտիւ քայլերը, որոնք աւագ եղբօր՝ Թուրքիայի հետ, ռազմական գործողութիւններին զուգահեռ, փորձեց նախաձեռնել հակառակորդ կողմը: Գոհունակութեամբ անդրադառնում ենք նաեւ, որ թշնամու քարոզչական արշաւը ծանր պարտութիւն կրեց, Հայաստանի ու հայութեան հակահարւածը եղաւ ազդու: Ադրբեջանում պաշտօնանկ եղաւ արտգործնախարարը եւ այս հարցով թէ՛ Ադրբեջանում եւ թէ՛ Թուրքիայում այժմ տիրում է խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսեւորումներից է Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապէս, միջազգային հանրութիւնը մարդկութեան դէմ իրականացւող մեծագոյն ոճիր է համարում:

 

- Այսինքն, ըստ ձեզ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին լուրջ ծրագրե՞ր էր հետապնդում հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական եւ ընդհանրապէս ի՞նչ անելիք  ունի հայկական կողմը:

- Ես չեմ կարող յստակօրէն ասել թէ ինչ մտադրութիւն ունէր Ադրբեջանը սանձազերծելով եւ ընդլայնելով այս սահմանային միջադէպը, սակայն որոշ ենթադրութիւններ կարելի է անել մեկնելով ակնյայտ փաստերից: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պաշտօնական քարոզչամեքենան հետեւողականօրէն փորձում էր արտաքին լսարանի համար զարգացնել այն թեզը, թէ իրականում չկայ արցախահայութեան եւ նրա մարդկային ու ազգային իրաւունքների հարց, այլ հակամարտութեան առարկան Հայաստանի յարձակողապաշտ մօտեցումն է Ադրբեջանի նկատմամբ եւ նրանից տարածքի, այսպէս ասած, բռնազաւթումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկւեց ոչ թէ Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եւ սրան նախորդող ժամանակահատւածում էլ, նոյն սահմանագծում, ժամանակ առ ժամանակ կրկնւեցին նման սադրիչ ձեռնարկումները:

Եւ իհարկէ հայկական կողմն ունի անելիքներ: Անհրաժեշտ է նոյն ակտիւ ու համարձակ հակադարձումը, որ տեղի ունեցաւ ռազմական բեմում, կազմակերպել նաեւ քաղաքական-դիւանագիտական ճակատում: Ադրբեջանի անպատասխանատու ղեկավարութիւնը պատերազմական յանցաւոր գործողութիւն է իրականացրել անկախ գերիշխան երկրի դէմ, ինչն ի դէպ ոչ մի կապ չունի Արցախեան խնդրի եւ նրա հանգուցալուծմանը միտող ուղիների հետ: Միւս կողմից, հերթական անգամ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք է դրսեւորում Արցախեան հակամարտութեան լուծման ուղղութեամբ տարիներ ի վեր գործադրւող ջանքերի եւ այս գործում ներգրաււած միջնորդ կողմերի հանդէպ, երբ բազմիցս բանակցութեան մասնակիցները յայտարարել են հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտութեան մասին:

Ճիշտ պահն է մերկացնելու ադրբեջանական ղեկավարութեան այս անպատասխանատու գործելակերպը եւ պահանջելու միջազգային արձագանք:

Ճիշտ առիթն է բացայայտելու նաեւ Թուրքիայի միանշանակ ադրբեջանամէտ կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը եւ նրա յաւակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանում եւս ծաւալուն հակամարտութիւններ հրահրելու եւ դրանցում, որպէս փայատէր, մասնակից դառնալու փափագով: Պէտք է բոլորի համար պարզ դարձնել, որ նման դերակատարը չի կարող յաւակնել անաչառ միջնորդի դերի: 

Այս բոլոր հարցերում պետական պաշտօնական, կուսակցական ու այլ մակարդակներով հայկական կողմի անելիքները իրապէս շատ են:

Իսկ ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը մեր արդէն իսկ ընթացք առած գործնական քայլերի մասին էր վկայում: Դաշնակցութիւնն իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենեակներով ու յանձնախմբերով, ինչպէս եւ ուղեկից միութիւններով ու համակիրներով ռազմական գործողութիւնների լուրն առնելուն պէս աշխատանքի է անցել տարբեր ասպարէզներում: Այդ աշխատանքն իր որոշակի պտուղները սկսել է, ու պիտի շարունակի տալ՝ տարբեր մակարդակներում:

 

- ՀՅԴ Բիւրոյի յայտարարութեան մէջ խօսւում էր նաեւ հայկական զոյգ պետութիւնների եւ հայկական բանակի կողքին լինելու մասին:

- Այդպէս է. անշուշտ, մեր գործունէութեան ասպարէզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զոյգ պետութիւնների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կը լինենք մշտապէս: Այսօր էլ պատրաստ ենք յանձնառութիւններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ անելու համակիր շրջանակներին ու ողջ հայութեանը համախմբւելու մեր անընկճելի եւ հերոսական բանակին աջակցութիւն ապահովելու գաղափարի շուրջ: Այն ինչի մասին հիմա խօսում եմ, պարզապէս յայտարարութիւն չէ, մենք նման գաղափարի միս ու արիւն ենք հաղորդել եւ 2016-ի ապրիլեան քառօրեայից յետոյ, երբ կարողացանք բաւականին շօշափելի գումար հաւաքել եւ տրամադրել մեր բանակի կարիքներին:

Եւ հիմա էլ տւեալ գաղափարը վերջին իրադարձութիւնների ազդեցութեամբ չէ որ օրակարգ է բերւել. բաւական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մէջ ենք եղել, իսկ այժմ անհրաժեշտ է այն տեղափոխել իրագործման հուն:

Հայոց պետութիւնն ու բանակը մեր բարձրագոյն արժէքներն են, որոնց նկատմամբ սիրոյ ու գուրգուրանքի մենաշնորհ չի կարող լինել, կայ համըմդհանուր պատասխանատւութիւն եւ մենք մեր բաժին պատասխանատւութեան տէրն ենք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։