Հա

Ազգային

19/07/2020 - 11:50

«Ադրբեջանական իշխանութիւնները փորձում էին շեղել իրենց հասարակութեան ուշադրութիւնը ներքին խնդիրներից, սակայն նրանց բոլոր հաշւարկները սխալ դուրս եկան եւ մեծ կորուստներ կրեցին». Արմենուհի Կիւրեղեան

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի, նրանց կողմից Մեծամօրի ատոմակայանին հարւածելու սպառնալիքի եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի, նրանց կողմից Մեծամօրի ատոմակայանին հարւածելու սպառնալիքի եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ:

 

- Տիկի'ն Կիւրեղեան, ինչպէս յայտի է, յուլիսի 12-ից սկսած` մի քանի օր Ադրբեջանը սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը ու ինչու սադրանքի գնաց սահմանին:

- Հերթական անգամ Ադրբեջանը ոտնձգութիւն իրականացրեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետութեան դէմ: Այդ ամէնն անսպասելի չէր, եթէ յիշենք ադրբեջանական իշխանութիւնների ամենաբարձր մակարդակով արւած տարբեր յայտարարութիւններ, ընդհուպ Երեւանի մասին, տարբեր զօրավարժութիւններ հէնց Հայաստանի սահմանին մօտ: Բացի այդ, իրենց կարճ խելքով նրանք հաշւարկել էին, թէ Հայաստանի սահմանների վրայ յարձակումը յաջողութիւն կը բերի, երեւի ենթադրելով, թէ մենք մեր ամբողջ ուժերը կենտրոնացրած կը լինենք Արցախի պաշտպանութեան շուրջ եւ Հայաստանի սահմաններին լուրջ ուշադրութիւն չէինք դարձնի:
Սրանով, իհարկէ, ադրբեջանական իշխանութիւնները փորձում էին նաեւ շեղել իրենց հասարակութեան ուշադրութիւնը ներքին խնդիրներից: Սակայն, ուրախութեամբ եւ հպարտութեամբ պէտք է նշեմ, որ ադրբեջանական իշխանութիւնների բոլոր հաշւարկները սխալ դուրս եկան եւ մինչեւ օրս եղած փաստերով նրանք կրել են մեծ կորուստներ՝ թէ՛ մարդկային, թէ՛ տեխնիկական եւ թէ՛ դիրքային:

 

- Եթէ ասում ենք ներքին խնդիրների համար է արւել, Դուք էլ նշեցիք, որ փաստացի Ադրբեջանը պարտւում է, գեներալ կորցրեց, այդ կերպ ինչպէ՞ս պէտք է ներքին խնդիրներ կարգաւորի, էլ աւելի չխորացրե՞ց խնդիրները:

- Այդպէս էլ պէտք է լինէր: Այդպիսին է ցանկացած պոպուլիստական իշխանութեան պոպուլիստական քայլերի արդիւնքը: Նրանք այդպէս էլ չեն հասկանում, որ մենք մեր երկիրը, մեր հողն ենք պաշտպանում, լինի դա Արցախում, Տաւուշի կամ մէկ այլ մարզում, եւ մենք ամէն ինչ կանենք մեր տունը պաշտպանելու համար: Նրանք այդպէս էլ չեն կարողանում հասկանալ, որ հայ զինւորը հերոս է եւ նրան յաղթել չի լինի: Նրանք այդպէս էլ չեն կարողանում հասկանալ, որ հայը յանուն հայրենիքի միշտ էլ ամէն ներքին տարաձայնութիւն մի կողմ կը դնի, ազգովի կը համախմբւի եւ ցանկացած թշնամու դուրս կը շպրտի մեր հողերից:

 

- Ադրբեջանն անցաւ կարմիր գծեր եւ կրակ բացեց խաղաղ բնակչութեան վրայ, քաղաքացիական անձ է վիրաւորւել, Ձեր գնահատականները` այս մասով: Միջազգային արձագանքի մասին ի՞նչ կասէք:

- Առայժմ իհարկէ, միջազգային տարբեր կառոյցների եւ երկրների արձագանքները բաւարար չեն: Սակայն ես յոյս ունեմ, որ ի վերջոյ թուրք-ադրբեջանական այս ոտնձգութիւնները կը ստանան իրենց արժանի գնահատականը: Սա գալիս է աւելորդ անգամ ապացուցելու, որ անարդիւնք բանակցութիւնները նման զարգացումները կանխելու լաւագոյն միջոցը չեն: Աստւած մի արասցէ, լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման ռիսկը նւազեցնելու միակ կենսունակ միջոցը վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցառումների վերաբերեալ քննարկումների վերսկսումն է: Յիշենք, որ 2016-ի ապրիլեան քառօրեայ պատերազմից անմիջապէս յետոյ միջազգային միջնորդները համաձայնեցին ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան աշխատակիցների թիւն աւելացնելու եւ հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ գործարկելու հարցի շուրջ: 2016-ի մայիս եւ յունիս ամիսներին ձեռք բերւած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պէտք է կեանքի կոչւեն, թէկուզ եւ որոշ փոփոխութիւններով: Դրանք կարող են էական դեր ունենալ ռազմական գործողութիւնների բռնկումը կանխելու համար, ինչը կարող է վտանգի ենթարկել ամբողջ տարածաշրջանը:

 

- Տիկի'ն Կիւրեղեան, Ադրբեջանը, կարծես, առաջին անգամ պաշտօնապէս խօսեց Մեծամօրի ատոմակայանին հարւածելու մասին, սա ի՞նչ է նշանակում եւ որքանո՞վ է տարածաշրջանին առնչւող հարց:

- Սա ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգութեանն առնչւող հարց է: Դա միջազգային իրաւունքով ամենածանր յանցագործութիւն է՝ թէկուզ յայտարարութեան մակարդակով, եւ միանշանակ է, որ բոլոր երկրները, միջազգային համապատասխան կառոյցները վաղ թէ ուշ պէտք է դատապարտեն:

Վերջում կուզէի աւելացնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի խօսքերը. «Դաշնակցութիւնը գիտակցում է ներկայ հանգրւանում իրեն վերապահւած պատասխանատւութեան չափն ու կարեւորութիւնը եւ կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայութեան շահը` հնարաւոր բոլոր հարթութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։