Հա

Ազգային

23/07/2020 - 10:45

««Զրօ ազդեցութիւն ունեցող» քաղաքական ուժից աշխարհով մէկ բողոքում են Ադրբեջանի հիւպատոսարանները»․ Արշակ Մեսրոբեանը՝ ՀՅԴ ակցիաների մասին

Ադրբեջանի հիւպատոսարանները աշխարհի խոշոր քաղաքներում բողոքում են Դաշնակցութիւնից․ նրանք ոստիկաններից խնդրում են իրենց պաշտպանել երիտասարդ դաշնակցականներից։

«alikonline.ir» - Ադրբեջանի հիւպատոսարանները աշխարհի խոշոր քաղաքներում բողոքում են Դաշնակցութիւնից․ նրանք ոստիկաններից խնդրում են իրենց պաշտպանել երիտասարդ դաշնակցականներից։

Մինչդեռ ՀՅԴ երիտասարդականը, համախմբելով տեղի հայ համայնքին, իրազեկման բնոյթի ակցիաներ է իրականացնում՝ տեղի հասարակութեանը, միջազգային հանրութեանը տեղեկացնելու Հայաստանում ստեղծւած իրավիճակի մասին եւ դատապարտելու Ադրբեջանի յարձակումը ՀՀ սահմանների վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի ղեկավար Արշակ Մեսրոբեանը։

«Քիչ առաջ ականատես եղանք Լոս Անջելէսում Ադրբեջանի հիւպատոսարանի գրառմանը սոցցանցերից մէկում․ նախ՝ շնորհակալութիւն էին յայտնում, որ ոստիկանութիւնը ապահովում է իրենց անվտանգութիւնը «հայ դաշնակներից» եւ նման այլ արձագանքներ էլ, վստահ եմ, կը շարունակեն տեղի ունենալ։ Դա լաւ փաստ է այն առումով, որ Դաշնակցութեան երիտասարդութիւնը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի, որպէսզի պաշտպանի ՀՀ սահմանները՝ կապ չունի լինելով Հայաստանում, թէ արտերկրում»,- ասաց նա։ 

Իրականում ադրբեջանցիները սադրում են խաղաղ հայ ցուցարարներին՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը ակցիայի բուն խնդրից շեղելու եւ նրանց իբրեւ ագրեսոր ներկայացնելու համար։

«Բազում երկրներում նմանատիպ միջոցառումներ են կազմակերպւում Դաշնակցութեան երիտասարդական, ուսանողական միութիւնների կողմից՝ լինի Եւրոպա մայրցամաքում, Արեւմտեան մայրցամաքում, Կանադայում, Աւստրալիայում եւ այլուր։ Մենք արձանագրում ենք, որ ադրբեջանցի ցուցարարների կողմից հրահրիչ, սադրիչ դէպքեր են լինում, ինչպէս, օրինակ, վերջերս Լոնդոնում տեղի ունեցած դէպքերը։ Ադրբեջանցի ցուցարարները ամէն գնով փորձում են տւեալ երկրում հայ հանրութեան ներկայացուցիչներին եւ, մասնաւորաբար, դաշնակցական երիտասարդներին որպէս ագրեսիա ցուցաբերող անհատներ ներկայացնել։ Այդպէս են քարոզում իրենց լրատւամիջոցներով, ադրբեջանական պաշտօնական կայքերով եւ այլն։ Հարցը փորձում են շեղել տարբեր ուղղութիւնների վրայ»,- նշեց Արշակ Մեսրոբեանը։

Բողոքի միջոցառումներին զուգահեռ ՀՅԴ կառոյցը հարցը բարձրացնում է քաղաքական մակարդակով՝ նամակներ յղելով երկրների կառավարութիւններին, որպէսզի միջազգայնօրէն ճնշումներ բանեցնեն Ադրբեջանի վրայ, իւրաքանչիւր երկիր իր հերթին դատապարտի եւ այդ կերպ սանձեն, զսպեն Ադրբեջանի սանձարձակութիւնը։

«Մեր ուսանողական եւ երիտասարդական միութիւնները կազմակերպում են նաեւ իրազեկման տարբեր միջոցառումներ իրենց շրջանների օտարերկրեայ երիտասարդական կազմակերպութիւնների հետ միասին։ Նոյն նպատակով․ որ նրանց ներկայացնեն բոլոր մանրամասները, որ ապատեղեկատւութիւնից զերծ մնան։ Ինչպէս գիտենք, մեդիա դաշտը ոչ ճշգրիտ տեղեկատւութիւն է տարածում, այնպէս որ, մեր երիտասարդութիւնը պէտք է նման գործունէութեամբ էլ զբաղւի, որ ճշգրիտ տեղեկատւութիւն հասցնի օտարերկրացիներին»,- նկատեց Արշակ Մեսրոբեանը։

Ադրբեջանի դեսպանատները տարբեր երկրներում մեծ գումարներ են ծախսում ՀՀ սահմանին սրացման մասին տեղեկատւութիւնը խեղաթյուրւած ներկայացնելու եւ մեղքը հայկական կողմի վրայ բարդելու համար։ Նաեւ կազմակերպում են ադրբեջանական համայնքի ակցիաներ ՀՀ դեսպանատների դիմաց։ Սա, իհարկէ, ապօրինի է․ դեսպանատունը իրաւունք չունի դիվանագիտական գործունէութիւնից զատ այլ գործունէութեամբ զբաղւել։

«Պաշտօնական տւեալներով, իւրաքանչիւր դեսպանատան կարգավիճակը տւեալ երկրում իրենց երկրի ներկայացուցչութիւնը ապահովելն է, զուտ դիւանագիտական գործունէութեամբ պէտք է զբաղւի։ Բայց Ադրբեջանի պարագայում այլ արձանագրում կարելի է անել՝ նաեւ հաշւի առնելով Ադրբեջանի ներկայ աւտորիտար ռեժիմը Ալիեւի գլխաւորութեամբ։ Շատ հաւանական է, որ այդպէս էլ կատարւում է, որովհետեւ միակ օղակը տարբեր երկրներում, որ կայ, դա Ադրբեջանի դեսպանատներն են՝ կապւած հէնց Ադրբեջան պետութեան հետ ուղղակիօրէն, այդ միջոցով էլ կարողանում են հրահրել տեղի ադրբեջանական սփիւռքի շերտին, որ ոտքի ելնեն եւ հակադարձեն մեր երիտասարդների բողոքի խաղաղ միջոցառումներին»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի ղեկավարը։

ՀՅԴ երիտասարդները տարբեր ճակատներում զուգահեռ գործողութիւններ են տանում՝ Հայաստանում զօրակցելով սահմանապահ զինւորին, իսկ արտերկրում քաղաքական ու քարոզչական ծրագրեր իրագործելով։

«Միշտ պէտք է լինենք մեր պետութեան կողքին, մանաւանդ նման դժւարինեւ օրհասական իրավիճակներում մենք պէտք է կարողանանք մեր միջազգային կարողականութիւնը ի սպաս դնել Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան պաշտպանութեան սուրբ գործին»,- ասաց Արշակ Մեսրոբեանը։

Դաշնակցութեան երիտասարդական կառոյցը Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան անդամ է։ Այդ հարթակը եւս օգտագործում են, որպէսզի հարցը բարձրացնեն եւ ապահովեն միջազգային հանրութեան ուշադրութիւնը։

«Դեռ մէկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը դեռ յարձակում չէր սկսել, բայց զօրավարժութիւններ էին ընթանում մեր սահմանամերձ շրջանների մօտակայքում, հաշւի առնելով այս համաճարակային պայմանները եւ ՄԱԿ-ի որոշումը, որ նման համաճարակի պայմաններում 90 օրով պէտք է բոլոր միջազգային կոնֆլիկտները զինադադար հռչակեն, Դաշնակցութեան երիտասարդականի շնորհիւ կազմակերպեցինք նաեւ Ընկերվար երիտասարդական միջազգային միութեան կողմից դատապարտում այդ արարքին։ Եւ հիմա էլ հետեւողական ենք, որ վերջին այս դէպքերին եւս արձագանքեն սոցիալիստ երիտասարդները»,- ասաց Արշակ Մեսրոբեանը։

Ադրբեջանի հակահայ գործունէութեանը տարբեր երկրների պետական կառավարման մարմիններում հակազդելու ճակատում ամէնից շատ դիրքերը ամուր է պահում Հայ Դատի համաշխարհային ցանցը՝ յանձնախմբերի եւ գրասենեակի գործունէութեամբ՝ նշեց նա․ հէնց նրանք էլ ապահովում են այդ ճակատում մեր շահերը եւ ձեռքբերումները։

«Հակադարձումները ակնյայտ են․ օրերս ԱՄՆ-ում մեր Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակի շնորհիւ մի բանաձեւ ընդունւեց, որ վերահսկման ենթարկւի Ադրբեջանին տրամադրւող նիւթական օժանդակութիւնը ի՞նչ նպատակների է գնում՝ արդեօ՞ք այդ գումարները, որ ԱՄՆ-ը տրամադրում է, օգտագործւում է խաղաղ բնակչութեանը սպանելու համար՝ ՀՀ սահմաններից այս կողմ կամ Արցախում»,- ասաց Արշակ Մեսրոբեանը։

Նոյնը եւ այլ երկրներում․ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում են, որպէսզի հայկական շահերը ապահովւեն դիւանագիտական եւ արտաքին հարթութեան վրայ։

Երկրի համար ճակատագրական շրջանում աշխարհով մէկ պայքարի ճակատներն ակտիւացրած քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին Հայաստանի վարչապետի վերաբերմունքը արտայայտւեց «զրօ ազդեցութիւն ունեցող» եւ «բացիլ» արտայայտութիւններով։

«Ընդհանուր առմամբ, նման արտայայտութիւններն իսկապէս ցաւալի են, մանաւանդ երբ գալիս են ՀՀ առաջին դէմքից, վարչապետից, ղեկավարից։ Բայց, այսպէս թէ այնպէս, այդ արտայայտութիւնները մեր գործունէութիւնը չեն խաթարում, նման արտայայտութիւններով չի խափանւում մեր ընթացքը, որովհետեւ նման արտայայտութիւններից կախւած չէ, չեն կարող սեպ խրել ամբողջ Դաշնակցութեան կուռ կազմակերպութեան միջեւ նման՝ ոչ մի մակարդակ ունեցող, արտայայտութիւններով»,- ասաց Արշակ Մեսրոբեանը։

Նման կեցւածքը նա ուղղակի «խուճապ» որակեց․ «Ամենաէժանագին բանն է, որ երկրի վարչապետը, ղեկավարը կարող է իրեն թոյլ տալ»։

Դաշնակցութեան համահայկական կառոյցի գործունէութեան վրայ նման մանր հարցերը ազդեցութիւն ունենալ չեն կարող, քանի որ, Արշակ Մեսրոբեանի համոզմամբ, ՀՅԴ-ն ծնւել է հէնց ժողովրդի ծոցից։

«Պատմական փաստ է սա, ժողովրդի ծոցից ծնւած կուսակցութիւնը չի կարող իր ընթացքը շեղել։ Այն ամրապնդւած է նաեւ գաղափարախօսութեամբ, ունի յստակ օրակարգ, ունի յստակ ծրագիր, 130 տարի այդ գաղափարախօսութեամբ ենք առաջնորդւում»,- նշեց նա։

Անշուշտ, իւրաքանչիւր ժամանակաշրջան ունի իր օրակարգային առաջնահերթութիւնները, նկատեց Արշակ Մեսրոբեանը, բայց, ընդհանուր առմամբ, իրենց կուսակցութիւնը գաղափարախօսութեամբ թրծւած, գաղափարախօսութեամբ եւ ծրագրով առաջնորդւող կուսակցութիւն է, եւ ոչ մի կողմնակի ազդեցութիւն կամ սադրանք չի կարող այդ ընթացքը խափանել․ «Մենք միշտ մեր գործունէութիւնը ծաւալելու ենք մեր ուղղութիւններով՝ բոլոր բնագաւառներում, մեր քոյր միութիւնների հետ մէկտեղ։ Նաեւ մենք միշտ լինելու ենք մեր պետութեան կողքին։ Հիմա պէտք է կենտրոնանանք մեր գործունէութեան վրայ, այս կացութիւնից պէտք է վայրկեան առաջ դուրս գանք՝ իրար հետ յաղթահարելով այս մարտահրաւէրը»։

Բայց նա նաեւ համոզւած է՝ ժամանակը կը գայ եւ բոլոր հարցերն, ի վերջոյ, պատասխան կը ստանան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։