Հա

Ազգային

23/07/2020 - 12:30

««Օրինական պահանջի» ապօրինութիւնը». Արծւիկ Մինասեան

Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններն ու աշխարհով մէկ համազգային համախմբման իրական օրինակները լաւ առիթ էին երկրի ներսում համերաշխութիւն եւ օրինականութեան վրայ հիմնւած հանրային ըմբռնում ձեւաւորելու համար: Ցաւալիօրէն, իշխանութիւնը հերթական անգամ բաց է թողնում այս հնարաւորութիւնը: Բաւական էր մի քանի օրւայ յարաբերական անդորրը, երբ դարձեալ գործի դրւեց ներքին լարւածութիւն առաջացնող իշխանական վարքագիծը:

«alikonline.ir» - Վերջին օրերին սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններն ու աշխարհով մէկ համազգային համախմբման իրական օրինակները լաւ առիթ էին երկրի ներսում համերաշխութիւն եւ օրինականութեան վրայ հիմնւած հանրային ըմբռնում ձեւաւորելու համար: Ցաւալիօրէն, իշխանութիւնը հերթական անգամ բաց է թողնում այս հնարաւորութիւնը: Բաւական էր մի քանի օրւայ յարաբերական անդորրը, երբ դարձեալ գործի դրւեց ներքին լարւածութիւն առաջացնող իշխանական վարքագիծը: Տւեալ դէպքում խօսքս ոստիկանութեան ու տարբեր տեսչական մարմինների՝ արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի ապահովման անւան տակ իրականացւող այնպիսի գործողութիւնների մասին է, որոնք ոչ միայն չեն նպաստում համավարակի դէմ արդիւնաւէտ պայքարին, այլ նաեւ ոտնահարում են մարդու արժանապատւութիւնը։ Իշխանութեան այս ներկայացուցիչների օգտագործած բառապաշարը, ֆիզիկական ուժի չհիմնաւորւած գործադրումը (գետնին պառկեցնելը, բերման ենթարկելը, ձեռնաշղթաներ հագցնելը, ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով տնտեսվարող սուբեկտի գործունէութեան` թէկուզ ժամանակաւոր դադարեցումը) եւ վարչական տուգանքների կիրառումը յաճախ կապ չունեն օրինականութեան հետ: Դիտարկենք դիմակ կրելու, այսպէս կոչւած, «օրինական պահանջը»՝ յատկապէս ամառւայ այս շոգ ժամանակաշրջանում: Առաջանում են հարցեր.

  1. այդ ո՞ր օրէնքով է նման պահանջ եւ պարտադրանք սահմանւած: Պարետի որոշումը որպէս օրէնքի պահանջ ներկայացնելը իրաւական առումով անթոյլատրելի է (գրառման ծաւալի պատճառով չեմ ներկայացնում իրաւական մանրամասնութիւնները): Այն լաւագոյն դէպքում կարող է որպէս ուղեցոյց կամ գրաւոր խորհրդատւութիւն համարւել: Ընդ որում, դրանց մի մասն էլ տրամաբանութեան հետ ակնյայտ խնդիրներ ունի: Օրինակ` բաց տարածքում, երբ շրջապատում չկան այլ մարդիկ, բայց պահանջւում է դիմակ կրել, հեռուստատաղաւարում, երբ լրագրողն աշխատում է մենակ, կամ անհրաժեշտ հեռավարութիւնը պահպանելով՝ պահանջւում է դիմակ կրել, պահանջւում է անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը պատշաճօրէն կրում է դիմակը եւ այլն:
  2. ո՞վ եւ ո՞ր մարմինն է իրաւասու մեկնաբանել արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի միջոցառումներն ու պահանջները: Մասնաւորապէս` ոստիկանը ո՞ր դէպքերում եւ ի՞նչ հիմքերով իրաւունք ունի յայտարարելու` «անձը չի ենթարկւել ոստիկանի օրինական պահանջներին»: Դրա հիման վրայ էլ կիրառւում են ֆիզիկական ուժ եւ/կամ յատուկ միջոցներ, որոնք մեծ հաշւով ո՛չ համաչափ են, ո՛չ էլ իրաւաչափ: Բացի այդ` մարդիկ զանգւածաբար տուգանւում են դիմակ չկրելու համար, որը ոչ միայն անօրինական է, այլ նաեւ անտրամաբանական: Մասնաւորապէս` հակահամաճարակային երեք պահանջներից՝ ախտահանիչ նիւթերի օգտագործում, նւազագոյն հեռաւորութիւն եւ դիմակ կրելու պահանջ, տուգանք է կիրառւում միայն դիմակ չկրելու համար: Ինչ է` միւս պահանջները պահպանելը կարեւոր չե՞ն, թէ՞ այլ նպատակներ կան: Իշխանութիւնը ձախողեց համավարակի դէմ համակարգային պայքարը, այդ թւում՝ առաւել յստակ կանխարգելիչ միջոցառումների նախատեսումն ու գործադրումը եւ հիւանդանոցային պայմանների համապատասխանեցումը: Արդիւնքում` արձանագրւում են հարիւրաւոր մահեր: Մինչդեռ իշխանութունը դիմակ կրելու պահանջը դարձրել է հակահամաճարակային հիմնական միջոցառում՝ հարկի-անհարկի մեղաւոր հռչակելով քաղաքացուն:
  3. ո՞վ է պատասխանատւութիւն կրում քաղաքացուն եւ իրաւաբանական անձին հասցւող վնասի (ներառեալ մարդկանց առողջութեանը) համար, երբ պարզւի որ այս կամ այն գործողութիւնն ապօրինի է եղել: Այսինքն` ֆինանսական փոխհատուցումը տրւում է հանրային փողերից՝ պետական կամ համայնքային բիւջէից, իսկ անպատասխանատու անձը շարունակելո՞ւ է իր անպատասխանատու գործունէութիւնը: 
  4. կա՞յ որեւէ հաշւարկ-հիմնաւորում, թէ մարդկանց իրաւունքների զանգւածային եւ անտրամաբանական խախտումների վերացումն ինչ ֆինանսական բեռ է դառնալու պետութեան եւ անձանց համար (ներառեալ բաց թողնւած օգուտները), եւ ի՞նչ ծաւալների են հասնելու երկրի իրաւական անվտանգութեանը հասցւող վնասները:

Թէեւ հարցերը շատ են, բայց, դադարեցնելով դրանց թւարկումը, դիմում եմ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանին՝ վերաբերմունք ցոյց տալ մարդու հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների դէմ ուղղւած` իշխանութիւնների այս անպատասխանատու վարքագծին, այդ թւում՝ վիճարկել դրանց կեղծ իրաւական տեսք հաղորդած «նորմատիւ իրաւական» ակտերը՝ օրէնսդրութեամբ սահմանւած կարգով։ 

Սա բոլորիս խնդիրն է։ Այս տեսակէտը քննադատողները պէտք է իմանան, որ անհանգստութիւնս բացարձակ չի վերաբերում կորոնավիրուսի դէմ իրական պայքարին։ Ընդհակառակը` պատասխանատուները պէտք է, ի վերջոյ, գիտակցեն, որ ոչ թէ ապօրինի գործողութիւններն են կասեցնելու համավարակը, այլ միայն օրինականութեան վրայ հիմնւած եւ քաղաքացիների կողմից ըմբռնումով ու ամբողջութեամբ ընկալւող սահմանափակումների գործադրումն ու պատկան մարմինների պատասխանատու վարքագիծը։ 

Այնպէս որ` օրինապաշտ եւ այս տեսակէտը կիսող քաղաքացիներին ու փաստաբանական համայնքին կոչ եմ անում միանալ այս պահանջին՝ վերադարձնել համավարակի դէմ պայքարը օրինականութեան շրջանակներ։ 

Սա բոլորիս է անհրաժեշտ։

Արծւիկ Մինասեան

Իրաւաբան, տնտեսագիտութեան թեկնածու

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։