Հա

Ազգային

28/07/2020 - 08:20

«Բանաձեւում նշւած երկրների խնդիրներն ընդհանուր ոչինչ չունեն Արցախի հարցի հետ». Կիրօ Մանոյեան

ԱՄՆ-ի 2021 թւականի պաշտպանական բիւջէի մասին օրինագիծը մինչ իր վերջնական հաստատումը մի քանի փուլ է անցնում, եւ այսպէս կոչւած՝ բարեփոխումներից մէկը, որը վերաբերում է Ուկրայինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանւած անձանց մասին զեկոյցին, վերջնական արդիւնքում կարող է հանւել նախագծից: Յամենայն դէպս Հայ Դատի ամերիկեան յանձնախումբն աշխատում է այդ ուղղութեամբ: «Գոլոս Արմենի»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի 2021 թւականի պաշտպանական բիւջէի մասին օրինագիծը մինչ իր վերջնական հաստատումը մի քանի փուլ է անցնում, եւ այսպէս կոչւած՝ բարեփոխումներից մէկը, որը վերաբերում է Ուկրայինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանւած անձանց մասին զեկոյցին, վերջնական արդիւնքում կարող է հանւել նախագծից: Յամենայն դէպս Հայ Դատի ամերիկեան յանձնախումբն աշխատում է այդ ուղղութեամբ: «Գոլոս Արմենի»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

Յիշեցնենք, որ ամն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրերս հաւանութիւն է տւել 2021 թւականի ազգային պաշտպանութեան բէւջետային յատկացումների մասին օրինագծին, որում ներառւած է հետեւեալ ձեւակերպումը. «…Պետքարտուղարը, պաշտպանութեան քարտուղարի հետ, Կոնգրեսի համապատասխան յանձնաժողովներին զեկոյց է ներկայացնում Ուկրայինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանւած անձանց վիճակի մասին: Զեկոհցը պէտք է բովանդակի հետեւեալ գնահատականները. Ուկրայինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թիւը, որոնք օտարերկրեայ ուժերի կողմից հարկադրաբար տեղահանւել են 1991 թւականից ի վեր ապօրինաբար բռնազաւթւած երկրների տարածքից, ինչպէս նաեւ քաղաքացիների թիւը, որոնք սպանւել են Ուկրայինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում 1991 թւականից ի վեր օտարերկրեայ զօրքերի կողմից ապօրինաբար բռնազաւթւած տարածքներում»։

Մանոյեանն ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ տւեալ օրինագծում ներառւած է նաեւ մի շտկում, որը խստացնում է Կոնգրեսի վերահսկողութիւնը Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օգնութեան նկատմամբ եւ նախատեսում, որ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը՝ համագործակցելով Պետդեպարտամենտի հետ, Կոնգրեսին զեկոյց կը ներկայացնի Պաշտպանութեան նախարարութեան «Գործընկերների հնարաւորութիւնների ամրապնդման» ծրագրի 333-րդ կէտով ամերիկեան ռազմական օգնութիւն ստացած օտարերկրեայ այն պետութիւնների ռազմական միաւորումների մասին, որոնց վերաբերեալ կասկածներ կան, որ նրանք խախտել են միջազգային իրաւունքը կամ մարդու իրաւունքների դրոյթները մինչ ռազմական օգնութիւն ստանալը կամ այդ ընթացքում։ Մանոյեանի խօսքերով՝ այդ շտկումը թոյլ կը տայ հետագայում քննարկման առարկայ դարձնել Ադրբեջանին յատկացւող ռազմական օգնութեան հարցը։

«Բացի վերոնշեալ հակահայկական լրացումից, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամութեան Կոնգրեսի խմբի ղեկավարներն Արցախին վերաբերող եւս երկու բանաձեւ են առաջարկել։ Մէկը, որը վերաբերում էր Արցախին տրամադրւող օգնութիւնն արգելելուն, չի անցել, երկրորդը հէնց իրենք են յետ կանչել։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանին եւ Արցախին վերաբերող փոփոխութիւնների փաթեթում երկու վտանգաւոր շտկումներն արդէն չէզոքացւած են, մնում է միայն այն, որը վերաբերում է ներքին տեղահանւած անձանց: Այդ ուղղութեամբ աշխատանքը շարունակւում է, եւ նպատակին հասնելու հաւանականութիւնը միանգամայն իրական է»,- նշեց Մանոյեանը:

Թէպետ, բացառւած չէ նաեւ հակառակ իրավիճակը։ Բնականաբար, նման փաստաթղթի ընդունումն անցանկալի է, քանի որ, ըստ դաշնակցականի, «դա կարող է օգտագործւել այլ երկրներում, այլ կառոյցներում, միջազգային հարթակներում՝ բովանդակութեամբ համանման որոշումների, բանաձեւերի տեսքով»։ Նման զարգացման դէպքում առանձնակի հարւածային աշխատանք կը պահանջւի դիւանագիտական մակարդակով. ե՛ւ ՀՀ ԱԳՆ-ի, ե՛ւ առաւել եւս խորհրդարանական դիւանագիտութեան հարթակում։ Մեր պատգամաւորները ստիպւած կը լինեն զօրուգիշեր աշխատել, որպէսզի հասկացնեն իրենց արտասահմանեան գործընկերներին, որ նման բանաձեւը ոչ միայն անարդար է, այլեւ կտրւած իրականութիւնից։ «Հարցը ոչ այնքան ձեւակերպումն է, որքան խնդրի բուն սահմանումը, որով անտեսւում են ներքին տեղահանւած հայերը, հանգամանքները, որոնց պարագայում տեղի է ունեցել այդ ամէնը. պատերազմ, հայկական ջարդեր Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքւում, Արցախում։ Փաստաթուղթը բոլոր այդ հարցերը պարզապէս անտեսում է։ Մի կողմից, դա զգալիօրէն դժւարացնում է դրա կիրառումը, քանի որ անհնար է ներկայացնել ներքին տեղահանւածների հարցը կոնկրետութիւնից անջատ, այսպէս ասած՝ վակուումի մէջ, եւ հարկ կը լինի ներկայացնել տեղի ունեցած ամէնը ամբողջութեամբ։ Միւս կողմից՝ բացասական մթնոլորտ, վերաբերմունք, տեսակէտ է ձեւաւորում տւեալ հարցի նկատմամբ, ինչը մեզ համար, մեղմ ասած, վատ է»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Նրա գնահատմամբ՝ այն, թէ որ երկրներն են ընդգրկւած բանաձեւում, վկայում է, որ դա աւելի շուտ հակառուսական փաստաթուղթ է. «Այդ շարքում ներառելով նաեւ Ադրբեջանը, նրանք այդ կերպ քողարկում են բանաձեւը։ Փոփոխութիւններից մէկը, որը դրա հեղինակները յետ կանչեցին, նոյնպէս հակառուսական համատեքստում էր։ Կարծում եմ, այդպիսին է հեղինակների մարտավարութիւնը. օգտւելով հակառուսական տրամադրութիւններից՝ հարւածել նաեւ հայկական կողմին։ Ինչն ինքնին արդէն անարդար է։ Քանի որ բանաձեւում նշւած երկրների խնդիրներն ընդհանուր ոչինչ չունեն Արցախի հարցի հետ, դա միշտ էլ այդպէս է ընկալւել միջազգային հանրութեան, այդ թւում՝ Միացեալ Նահանգների կողմից, որի ներկայացուցիչները, երկու այլ երկրների հետ համագործակցութեամբ, մշակել են Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակներ։ Այդ տարբերութիւնը միշտ պէտք է ընդգծել, եւ Ադրբեջանը պէտք է բացառւի այդ բանաձեւից»։

Մեր խնդրանքով մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալեանի այն յայտարարութիւնը, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այս պահին չկայ ՌՍՖՍՀ-ի մասնակցութեամբ 1921 թւականին Թուրքիայի հետ կնքւած Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի վերանայման հարցը, Կիրօ Մանոյեանը հաղորդեց, որ ՀՅԴ-ն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք վերաբերում են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին, նախեւառաջ յիշեցնելով, որ այս տարի օգոստոսի 10-ին լրանում է Սեւրի պայմանագրի ստորագրման, իսկ նոյեմբերի 22-ին՝ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի 100 տարին։ Նրա խօսքերով, ՀՅԴ-ն ջանքեր է գործադրում, որպէսզի Հայաստանը դիրքորոշում ներկայացնի երկու փաստաթղթերի վերաբերեալ՝ շեշտելով Սեւրի պայմանագրի եւ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի կարեւորութիւնը։ Յաջորդ տարի Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակի կապակցութեամբ ՀՅԴ-ն արդէն նախանշել է, թէ ձեւի եւ բովանդակութեան առումով ինչպէս Հայաստանը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն Մանոյեանը նախընտրեց առայժմ չբացել փակագծերը. «Բոլոր չորս պայմանագրերի առնչութեամբ մենք միջոցառումներ ենք ծրագրել միջազգային հարթակներում, որոնք թէեւ փոքր-ինչ հետաձգւում են կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն անպայման իրականացւելու են։ Մանրամասներ առայժմ չեմ հաղորդի, բայց այդ հարցը մեր օրակարգում հաստատ կայ»,- ամփոփեց Մանոյեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։