Հա

Ազգային

30/07/2020 - 11:50

«Ֆրանսիական մամուլը բացայայտօրէն սկսել է նոյնացնել Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ՀՀ-ի եւ Արցախի նկատմամբ սահմանային ախորժակների հարցում». Հրաչ Վարժապետեան

Յուլիսի 28-ին մարսէլաբնակ հայերը՝ ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ, բողոքի ակցիա են իրականացրել Մարսէլում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց՝ ընդդէմ հայ-ադրբեջանական սահմանագոտում (Տաւուշի մարզի) իրականացւած ադրբեջանական սադրանքների: 168.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետեանը:

«alikonline.ir» - Յուլիսի 28-ին մարսէլաբնակ հայերը՝ ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ, բողոքի ակցիա են իրականացրել Մարսէլում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց՝ ընդդէմ հայ-ադրբեջանական սահմանագոտում (Տաւուշի մարզի) իրականացւած ադրբեջանական սադրանքների: 168.am-ի հետ զրոյցում ասաց Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետեանը:

- Ինչպէս Եւրոպայում, ԱՄՆ-ում եւ, ընդհանրապէս, այսպէս ասած, Սփիւռքի տարածքում, բողոքի այս ակցիաները տեղի են ունենում Դաշնակցութեան երիտասարդական միաւորների, կամ Հայ Դատի մարմինների նախաձեռնութեամբ: Բայց պէտք է ասել, որ բոլոր հոսանքները միացել են այս հաւաքներին՝ մի կողմ թողնելով ներքին տարակարծութիւնները, որովհետեւ թեման եւ միացնողը Հայաստանն է, ՀՀ սահմաններն են, հայկական բանակին զօրակցութիւնն է, եւ այստեղ գաղափարական կամ ներքին ոչ մի տարակարծութիւն գոյութիւն չունի: Մարսէլը Ֆրանսիայի երկրորդ մեծագոյն քաղաքն է, ամենահայաշատ գաղութը, իսկ հաւաքը տեղի ունեցաւ թուրքական հիւպատոսութեան առջեւ՝ ոչ թէ, որ այստեղ չկայ ադրբեջանական հիւպատոսարան, այլ՝ որովհետեւ այսօր Թուրքիան նախագահի մակարդակով բացայայտօրէն յայտարարում է, որ զօրակից է Ադրբեջանի բանակին՝ խօսքով, գործով, մարդկային ուժով, զինւոր է ուղարկում Ադրբեջանում ՀՀ-ի դէմ կռւելու համար: Հետեւաբար՝ մեզ համար Ադրբեջանը եւ Թուրքիան նոյն հասկացողութիւնն են, մէկ մեդալի երկու երեսը: Եւ մեր ակցիան նախընտրեցինք կազմակերպել թուրքական հիւպատոսութեան դիմաց այդ իմաստով: Թուրքիան այսօր ակտիւ մասնակից է ՀՀ-ի սահմաններին տեղի ունեցող ոտնձգութիւններին: Սա պէտք է նկատի ունենալ: Եւ ես զարմանում եմ, որ ձայներ են բարձրանում, թէ Թուրքիան այսօր նոյնը չէ, ինչ Ադրբեջանն է: Նման բան գոյութիւն չունի, Թուրքիան Ադրբեջանի հոգեւոր հայրն է եւ կը մնայ, մանաւանդ, որ նախագահն Էրդողանն է:

Յուլիսի 28-ի մեր միտինգը թուրքական հիւպատոսութեան առջեւ ունի նաեւ երկրորդ պատճառը, դա այն է, որ շաբաթներ, օրեր ի վեր Էրդողանը յայտարարում էր, որ Սփիւռքի, Հայ Դատի դէմ պայքար է բացել, որ 1915-ի Ցեղասպանութեան հարցն այլ կերպ պիտի աւարտի ինքը, եւ, որ այն տակաւին աւարտւած չէ: Երբ նման արտայայտութիւններ են արւում՝ աշխարհի դիմաց բացայայտօրէն, առանց որեւէ դատապարտման, սա իրապէս անընդունելի է: Ըստ այդմ՝ թուրքական հիւպատոսութեան դիմաց մեր ցոյցի կազմակերպման նպատակն Ադրբեջանի եւ Թուրքիայի նոյնացումն էր:

 

- Եւրոպայի վերաբերմունքը փոխւե՞լ է Թուրքիայի հանդէպ, այդ թւում՝ Ֆրանսիայի՝ հաշւի առնելով Թուրքիայի ագրեսիւ պահւածքը, գուցէ Եւրոպայի վերաբերմունքի, քաղաքականութեան մեղմացո՞ւմ կայ:

- Այսօր թուրք-ֆրանսիական յարաբերութիւնները լաւ մակարդակի վրայ չեն, բայց գիտենք, որ այս ամէնը քաղաքականութիւն է. վաղը դարձեալ կարող է փոխւել ամէն ինչ, յարաբերութիւնները լաւանալ, միւս օրը՝ դարձեալ վատանալ: Մենք պէտք է օգտւենք այս առիթներից, ելեւէջներից: Այսօր լաւ չեն Թուրքիայի եւ Ֆրանսիայի յարաբերութիւնները Լիբիայի հարցով, ընդհանրապէս Միջին Արեւելքի մէջ նոր օսմանական ախորժակից դժգոհ է Ֆրանսիան, մտահոգ Էրդողանի վարած նոր, այսպէս ասած, յարձակողական քաղաքականութիւնից, եւ այդ պատճառով նաեւ թուրք-ֆրանսիական յարաբերութիւններն այսօր բաւական մոխրագոյն են: Եւ այս առիթից պէտք է օգտւել: Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ ոտնձգութիւններին, այստեղ հետաքրքրական է այն, որ ֆրանսիական մամուլը նոյնպէս բացայայտօրէն նոյնացնում է Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ասելով, որ առաջին անգամ է, որ Թուրքիան բացայայտ զօրակցում է Ադրբեջանի ոտնձգութիւններին: Եւ ինչպէս մենք, նաեւ ֆրանսիական մամուլը սկսել է նոյնացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնը՝ ՀՀ-ի եւ Արցախի նկատմամբ սահմանային ախորժակների հարցում: Սա շատ կարեւոր է:

 

- Դուք ասացիք, որ Հայաստանը պէտք է օգտւի թուրք-ֆրանսիական յարաբերութիւնների այսօրւայ ոչ լաւ մակարդակից, հակասութիւններից, ի՞նչ պիտի արւի:

- Արտաքին քաղաքական առումով Թուրքիայի նկատմամբ դժգոհութիւն կայ ոչ միայն՝ Ֆրանսիայի կողմից, այլեւ՝ ԱՄՆ-ի, մասնաւորապէս, Լիբիայի հարցով, առհասարակ տարածաշրջանում Էրդողանի կայսերապաշտ, օսմանեան նոր քաղաքականութիւն վարելու ախորժակի մասով: Սա նշանակում է, որ, երբ Արեւմուտքի կամ որեւէ պետութեան յարաբերութիւնները Թուրքիայի հետ սկսեն վատանալ, հայկական դիւանագիտութիւնը, նաեւ՝ Սփիւռքը, Հայ Դատի մարմինները սա պիտի հաշւի առնեն, թէպէտ Հայ Դատի մարմիններն իրենց գործն անում են: Բայց ՀՀ-ն արտաքին քաղաքականութեան առումով պէտք է եւս դուրս գայ պասիւութիւնից, ակտիւ լինի այս իմաստով, օգտւի առիթից՝ յայտարարութիւններով, միջամտութիւններով, համապատասխան դիւանագիտական աշխատանք պիտի տարւի յատկապէս Եւրոպայի տարածքում: Օրինակ, պատերազմական վերջին շրջանում հայկական բանակը, ՀՀ-ն սահմաններում ռազմական փայլուն յաղթանակ տարաւ եւ արժանի պատասխան հասցրեց թշնամուն, բայց այսպէս պիտի լինի նաեւ դիւանագիտական հարթութիւնում: Պէտք է նաեւ քաղաքական, դիւանագիտական ճակատում հարւածել Ադրբեջանին, Թուրքիային, այսինքն՝ ես ե՛ւ ռազմական, ե՛ւ դիւանագիտական առումով խրամատ եմ տեսնում: Պիտի այս երկուսը համահունչ դառնան, ցաւօք սրտի, դիւանագիտական ճակատում կը տեսնեմ, որ ապագան թոյլ է այդ առումով: Չնայած որ, այսօր բոլոր տւեալները կան, որ մենք կարողանանք նաեւ դիւանագիտական փայլուն յաղթանակ տանել, ինչպէս զինւորական յաղթանակ արձանագրեցինք:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստան-Ֆրանսիա կամ հայ-ֆրանսիական ներկայ յարաբերութիւնները:

- Հայ-ֆրանսիական յարաբերութիւնները միշտ էլ լաւ են եղել, բայց ոչ անպայմանօրէն ՀՀ դիւանագիտական ջանքերի շնորհիւ: Պէտք է ընդունել, որ դա հիմնականում այստեղ գործող կազմակերպութիւնների եւ կազմակերպւած տեղի համայնքի, գաղութի շնորհիւ է: Այստեղ հայ համայնքը կազմակերպւած նշանակալի ուժ է, ունի քաղաքապետներ, Ֆրանսիայի քաղաքական կեանքում ներկայութիւն ունի հայութիւնը, որն իր բոլոր միութիւններով, կրկնում եմ, կազմակերպւած համայնք է, գաղութ: Սա է հիմնական պատճառը հայ-ֆրանսիական յարաբերութիւնների այսօրւայ փայլուն վիճակի: Անշուշտ, սրանից պիտի օգտւի հայկական դիւանագիտութիւնը եւ պետութիւնը: Միւս կողմից՝ պէտք է ասեմ, որ անկախութիւնից յետոյ վերջին երեսուն տարիներին բոլոր իշխանութիւնների ժամանակ էլ ՀՀ-ն Ֆրանսիայի հետ լաւ յարաբերութիւններ է ունեցել, հայ-ֆրանսիական յարաբերութիւնները եղել են փայլուն, քանի որ առկայ է նաեւ դարերի պատմութիւն:

Երկրորդ՝ ֆրանսիական քաղաքականութիւնը միշտ հայամէտ է եղել, յատկապէս վերջին 100-ամեակում: Անշուշտ, Ֆրանսիայի հայամէտ լինելը քաղաքական է, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, բայց, կրկնում եմ, սրանում դերակատարում ունի տեղի հայ համայնքի նշանակալի ուժ լինելու հանգամանքը:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։