Հա

Ազգային

02/08/2020 - 12:20

«Ժողովրդազրկւող իշխանութեան հոգեվարքը». Արտակ Սարգսեան

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը գրում է.

«Ժողովրդի յուզական քւէով իշխանութեան եկած ուժը շուտ հասկացաւ՝ տրւած խոստումների նոյնքան յուզականութեան ու այն իրագործելու իր անկարողութեան փաստը եւ սկսեց խօսել 30 տարւայ կտրւածքով՝ Մեծ ներգաղթից ու աշխարհի «ամենաներից» դառնալու երազանքներից եւ անմիջապէս լծւեց... սեփական «հողամասի» վար ու ցանքսին։

Իշխանութիւնը շուտ հասկացաւ իր ձախողման անխուսափելիութիւնը, հպարտ քաղաքցու՝ իրենցից պահանջող քաղաքացու փոխակերպումը, քանզի անկեղծ մղումներով փողոց դուրս եկած քաղաքացիների զգալի մասնն ունեն առնւազն այն սպասելիքները, որոնց լուծման խոստումները 4 ամիս, ճղճղան ձայնով իրենց ականջներում էր. վերջապէս նրանք փողոց էին փակել ոչ թէ քայլածների բարեկեցութեան, այլ պետութեան զարգացման եւ իրենց կեանքի որակի բարելաւման համար։ Եւ համատարած ձախողումների պայմաններում, հասկանալիօրէն, իշխանութեան յենարան հանդիսացող ժողովրդի զգալի մասը շատ արագ վերածւեց իշխանութիւնից դժգոհ, յուսախաբ հանրութեան, որն իրեն զգում է խաբւած, անտեսւած, հիմա նաեւ՝ հարստահարւած, աւելի աղքատացած, առհամարւած, մահացու հիւանդանալու ռիսկի առջեւ։

Հողը, ակնյայտ, հոսում է իշխանութեան ոտքերի տակից. համավարակը կրկնաատկեց ու եռապատկեց այդ գործըթացը՝ ցոյց տալով իշխանութեան ապաշնորհութիւնն ու հասարակութեան իրական կարիքներին անհաղորդ լինելը։ Հպարտ քաղաքացիների «անյոյս» բանակը աստիճանաբար շրջւում է իշխանութեան դէմ եւ վերջինիս մնում է արագացնել իր վստահելի յենարանի ամրացման, շարքերի խտացման աշխատանքները, ինչի ականատեսն ենք օրւայ գործընթացներում։ Ի դէպ այդ գործընթացները սկսւել են աւելի վաղ՝ իշխանափոխութեան պլանաւորման, իրագործման եւ իրացման սկզբնափուլերում, բայց հիմա այն ստացել է աւելի գործուն, կատաղի, արագ, համակարգային ու համատարած բնոյթ. խնդիրն այն է, որ «վայր չընկնելու» համար, յանկարծ գահին յայտնւած իշխանութեանը պէտք են՝ հանրային տարբեր շերտերից կազմւած յենարաններ, որոնք նրա հետ շղթայւած են ոչ թէ պայծառ ապագայի անհուն խոստումներով, այլ յստակ ու շօշափելի շահերով՝ ֆինասական, իշխանական, կարիերայի, բիզնեսի, հովանաւորչութեան, կրօնական, արտաքին քաղաքական...

Իշխանութիւնը շուտ հասկացաւ, որ իր շուրջ հաւաքւածները չունեն ընդհանուր գաղափարախօսութիւն, այն էլ՝ ազգային, նրանք տարբեր «տներից» ու դպորցներից են՝ քաղ. հասարակութիւնից, տարբեր կազմակերպութիւններից, տարբեր կողմնորոշումներով՝ սեռական, կրօնական, աշխարհաքաղաքական, անձնական, տարբեր մոտիւացիաներով ու նպատակադրումներով, եւ որեւէ յստակ գաղափարախօսութեան որդեգրումը ո՛չ հնարաւոր է, ո՛չ էլ անհրաժեշտ. այս լեգիոնականների հաւաքածուն իրեն պէտք է պատկերացնի իր փաղանգում, արշաւանքի մէջ, իր խնդիրների իրագործման ճանափարհին՝ ինչպիսին էլ դրանք լինեն, կարեւորը կրծքով պաշտպանեն իշխանութեանն ու նրա քայլերը։ Լեգիոնականնրի այս բանակն այսօր իր բաժինը ստանալու գործընթացներում է. տարբեր դոնորներից դրամաշնարհներ ստացածներն ու ստացողներն ապացուցում են իրենց օգտակարութիւնը՝ առաջ մղելով իրենց ֆինանսաւորողների շահերը, աղանդաւորները գոհանում են՝ Հայոց Եկեղեցու դէմ իշխանութեան արշաւով, գլոբալիստները հագենում են աւանդական արժէքների ու համակարգերի դէմ գրոհով, սեռական փոքրամասնութիւնները՝ գործելու եւ քարոզելու ազատությամբ, որեւէ փորձառութիւն եւ հմտութիւն չունեցողները տեսնում են արագ կարիերայի հնարաւորութիւն, պետական համակարգում ներգրաւածերի մի ստւար մասը հագենում են պարգեւավճարներով, նախկինում ճնշւած բիզնեսներն իրենք են ցանկանում ճնշել մնացեալին, նախկինի նախկին իշխանութիւնները ստացել են ռեւանշի հնարաւորութիւն...

Այս ամբողջ անյագուրդ մասսան շերեփն առած նոր իշխանական կերակատաշտից տանում է իր բաժինը՝ ինչպէս կարող է, որտեղից կարող է, ինչքան կարող է եւ երբ կարող է։ Իշխանութիւնը, այս ամէնի դիմաց, շաղախում է իր հենքն ու պատերը՝ տարբեր ճանապարհներով, ընդհուպ հակասահմանադրական ու անօրինական քայլերի մղելով իր լեգիոնականներին՝ փակելով նրանց փախուստի ճանապարհը։ Ժողովրդազրկւող եւ հեղինակազրկւող իշխանութեան համար գերնպատակ է մնում իշխանութեան պահպանումը՝ ամէն գնով ու ինչքան հնարաւոր է երկար՝ ժողովրդի անունից, ժողովրդի դէմ, քանզի հասկանալի է՝ չներողների բանակը չափազանց մեծ է ու ոչ պակաս վճռական։

Հայութեան ներքին պայքարի տրաբանութիւնն այս քայքայող ուղեծրի մէջ է շուրջ 2 տարի՝ իշխանութեան ձեռամբ, խաղադրոյքները պարզ են, խաղացողներն ու նրանց քայլերի տրամաբանութիւնը յստակ, գործիքակազմը՝ ոստիկանական ճնշումներից մինչեւ փողոցային ծեծկռտուք, խօսքի բռնութիւնից մինչեւ ասֆալտափռութիւն։ Նման պայմաններում հանրային ըմբոստութիւնն օրինաչափ է ու անխուսափելի։ Հասարակութիւնն ու հասարակական-քաղաքական ուժերը դիրքաւորւում են ու պատրաստւում դիմադրութեան։ Իսկ հասարակութիւնը, իրապէս, բաժանւում է 2 մասի՝ մէկ մասում ազգայիններն են, միւսում՝ մնացածը, եւ այս ճամբարներում չկայ հնի ու նորի պայքար, այլ կայ հայկականութեան համար եւ հայկականութեան դէմ պայքար. այն ամենուր է, ամէն կողմից եւ ամէն պահ՝ մաշելով ազգային ներուժը, համախմբման ջիղը, իրական ու գործնական առաջընթացի մղումը։

Իսկ իրական յեղափոխութիւնը ճամփին է՝ առանց գործող իշխանութեան. վերջիններս արդէն մսխում է ապագան՝ վազում անցեալ, այնպէս, ինչպէս ցանկացած իշխանութիւն, որ գործում է յանուն իր նեղմտութեան եւ կլանային շահի՝ պատւած «փրկչի» մարմաջանքով»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։