Հա

Ազգային

09/08/2020 - 08:50

30 տարի Հայաստանում. 1990 թւականի օգոստոսի 8-ին ՀՅԴ-ն Հայաստանում յայտարարեց իր կազմակերպական ներկայութեան մասին

30 տարի առաջ՝ 1990 թւականի օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Խորհրդային Հայաստանում յայտարարեց իր կազմակերպական ներկայութեան մասին։

Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - 30 տարի առաջ՝ 1990 թւականի օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Խորհրդային Հայաստանում յայտարարեց իր կազմակերպական ներկայութեան մասին։

Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«30 տարի առաջ՝ 1990 թւականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Խորհրդային Հայաստանում յայտարարեց իր կազմակերպական ներկայութեան մասին։

Այդ յայտարարութեամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը յաջորդած 30 տարիների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած եւ առաջնորդած, Օսմանեան Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան հրէշաւոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի յետոյ, աշխարհաքաղաքական ծանրագոյն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետութիւնը կերտած քաղաքական ուժը։

Իր կազմակերպական ներկայութիւնն էր բացայայտում 1920-ին յաջորդող 70 տարիների ընթացքում աշխարհի աւելի քան 30 երկրներում հայկական ինքնութեան եւ արժէքների պահպանման, ազգային կեանքի կազմակերպման, օտար երկրներում հիմնադրած հայ մշակութային եւ կրթական հաստատութիւնների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ հայութեան համախմբումը ապահոված ազգային ուժը։ Հայրենիք էր վերադառնում Հայոց պահանջատիրութեան ձայնը բարձրացրած, օտար ափերում, տարաբնոյթ պայմաններում Հայ Դատի դրօշը պարզած ու մեր ազգային տեսլականն իր ամենօրեայ գործունէութեամբ աշխարհին ներկայացնող քաղաքական ուժը։

1988-ին, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի սկզբնաւորումից ընդամենը ամիսներ անց Հ.Յ. Դաշնակցութիւնը որդեգրեց «Դէպի երկիր» կարգախօսը, որի ոգուն համահունչ ձեռնամուխ եղաւ Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում աւելի քան կէս դար առաջ, բոլշեւիկեան ամբողջատիրութեան ճնշումների հետեւանքով լուծարւած իր կազմակերպական կառոյցի վերականգնման աշխատանքներին։

Դաշնակցութիւնը վերադարձաւ Հայաստան՝ ամբողջութեամբ գիտակցելով որպէս քաղաքական կուսակցութիւն Հայաստանի քաղաքական դաշտում գործունէութեան ծաւալելու բոլոր մարտահրաւէրները։ Միաժամանակ ակնյայտ էր նաեւ, որ խաղաղ ցոյցերով եւ հանրահաւաքներով հնարաւոր չէ հասնել Արցախի հայութեան արդարացի պահանջի կատարմանն ու ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգութիւնը։ Եւ չնայած բոլոր արգելքներին, Հ.Յ. Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցի հաւաքական ներդման ու մասնակցութեան շնորհիւ կուսակցութիւնը ոչ միայն հաստատւեց Երկրում, այլեւ պատւով իրականացրեց իր առջեւ դրւած խնդիրները։

Անցած 30 տարիների ընթացքում ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնն անցաւ Արցախեան պատերազմի բովով, մեր փառահեղ ՀՅաղթանակի զոհասեղանին դնելով իր իւրաքանչիւր հինգ անդամներից մէկի կեանքը, իր ազգային ու գաղափարական սկզբունքների պաշտպանութեան համար ենթարկւեց քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների, յանուն պատմական արդարութեան, մեր ժողովրդի իրաւունքների վերականգնումը որպէս պետական ուղեգիծ որդեգրելով՝ համագործակցեց տարբեր քաղաքական ուժերի հետ, երկրի քաղաքական կեանքում արձանագրելով վերելքներ եւ վայրէջքներ։

Մէկ բան, սակայն, անհերքելի է. թէ՛ համախոհների, թէ՛ հակառակորդների կողմից Հ.Յ. Դաշնակցութեան հայաստանեան կազմակերպութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքական դաշտում այսօր էլ ծանրակշիռ ներկայութիւն ու ազդեցութիւն ունեցող ազգային այն ուժն է, որն իր գաղափարական ու ծրագրային սկզբունքներին, արժեհամակարգին համապատասխան քաղաքական օրակարգ է ձեւաւորում: Դաշնակցութիւնն իր արժէքաբանութեամբ ոչ միայն անցեալի եւ ներկայի կուսակցութիւնն է, այլեւ՝ ապագայի:

Հայոց պետականաշինութեան անընդհատ շղթայում, աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական ամենաբարդ հոլովոյթում իսկ, մաս կազմելով Հ.Յ. Դաշնակցութեան համաշխարհային մեծ ընտանիքին, ՀՅԴ Հայաստանի կառոյցն ամէն ինչ անում է եւ անելու է Հայոց պետութեան ու Հայրենիքի շուրջ հայութեան ամբողջական ներուժը համախմբելու, մեր պետականութիւնը ամրապնդելու, մեր անվտանգութեանն ու կայուն զարգացմանն ուղղւած մարտահրաւէրները դիմագրաւելու համար:

ՀՅԴ առաքելութիւնն անժամկէտ է, սկզբունքներն՝ անսակարկելի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։