Հա

Ազգային

16/08/2020 - 10:35

Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Յովհաննիսեանը կը դառնար 64 տարեկան

Վահան Յովհաննիսեանը մեր երկրի վերջին 30 տարւայ պատմութեան լաւագոյն եւ ամենավառ ու պայծառ գործիչներից էր, որն իր բացառիկ եւ իւրայատուկ տեղն ունէր ոչ միայն կեանքի օրօք: Նոյնիսկ հիմա` նրա մահից գրեթէ վեց տարի անց, կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան` իսկական քաղաքական գործչի տեղը այդպէս էլ մնաց թափուր:

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

 

Կեանքի ամենամեծ ու իսկական հարստութիւնը մարդիկ են, որոնց հանդիպել ես, մարդկային շփումները, յոյզերը, զգացմունքները, այն ամէնն ինչ ապրել ես քո կեանքում տարբեր մարդկանց հետ: Նա հարստացրեց եւ թողեց իր ուրոյն ու անգնահատելի հետքն առանց բացառութեան բոլոր մարդկանց կեանքում, ով պատիւ է ունեցել հանդիպել ու շփւել նրա հետ:

Անկախ Հայաստանի քաղաքական դաշտը խայտաբղէտ է: Տարբեր տարիներին այդտեղ մտել եւ դուրս են եկել հարիւրաւոր մարդիկ: Սակայն մատների վրայ կարելի է հաշւել այն անձանց, ում իսկապէս կարելի է անւանել «քաղաքական գործիչ»:

Վահան Յովհաննիսեանը մեր երկրի վերջին 30 տարւայ պատմութեան լաւագոյն եւ ամենավառ ու պայծառ գործիչներից էր, որն իր բացառիկ եւ իւրայատուկ տեղն ունէր ոչ միայն կեանքի օրօք: Նոյնիսկ հիմա` նրա մահից գրեթէ վեց տարի անց, կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան` իսկական քաղաքական գործչի տեղը այդպէս էլ մնաց թափուր:

Շատ է խօսւել խորութեամբ եւ լայնախոհութեամբ ապշեցնող նրա բարձր ինտելեկտի, առանձնայատուկ հումորի, վառ անհատականութեան եւ խարիզմայի մասին: Բոլորին միշտ հիացրել է այն ակնածանքը, որով վերաբերում էին նրան ոչ միայն ընկերներն ու համակիրները, այլ նաեւ ընդդիմախօսներն ու հակառակորդները:

Այո, նա վայելում էր ինտելեկտուալ, գրագէտ եւ փայլուն քաղաքական գործչի այն դիրքը, որն արժանիօրէն զբաղեցնում էր մեր հասարակութիւնում: Սակայն քչերն են պատկերացնում, որ այդ ժպիտի, պետական, քաղաքական եւ կուսակցական պաշտօնների հետեւում կանգնած էր ոչ միայն բնատուր տաղանդը, այլ նաեւ աշխատասիրութիւնն ու ամենօրեայ նւիրւածութիւնը երկրին եւ գաղափարին:

Պետական եւ քաղաքական գործչի աշխատանքը բազմակողմանի է: Իրաւական ակտեր, ելոյթներ, յայտարարութիւններ, հանդիպումներ լրատւամիջոցների, այլ գործիչների, քաղաքացիների եւ հանրային հատւածի ներկայացուցիչների հետ, կուսակցական աշխատանք, անվերջ քարոզարշաւներ, այցելութիւններ մարզեր եւ այլն: Այդ ամենին նաեւ գումարւում են խորհրդարանական դիւանագիտութիւնը, արտաքին յարաբերութիւնները, Հայաստանի Հանրապետութեան շահերի պաշտպանութիւնը միջազգային կազմակերպութիւններում եւ այլ երկրներում: Ցանկացած հանդիպում, գործուղում, այցելութիւն եւ այլն նրա կողմից մանրամասն նախապատրաստւում էր, ներառելով շփումներ համապատասխան դիւանագիտական ներկայացուցչի հետ Հայաստանում, հարցումներ Հայաստանի դեսպանատներին եւ Հայ Դատի գրասենեակներին, տեղեկատւութեան կուտակում, օտարերկրեայ պաշտօնեաների կենսագրութեան, հետաքրքրութիւնների, ուժեղ եւ թոյլ կողմերի մանրամասն ուսումնասիրում եւ բացայայտում, նախնական լոբբինգ, որից յետոյ միայն` ամբողջական փաթեթով զինւած, կազմակերպւած մասնակցութիւն միջոցառմանը կամ հանդիպմանը: Պատահական չէ, որ իր կարիքը մշտապէս զգացւել է, երբ անհրաժեշտ էր լաւագոյնս պաշտպանել Հայաստանի շահերը արտերկրում:

Շատերին այդ կեանքը թւում էր հեշտ եւ թեթեւ: Մարդիկ յաճախ չգիտեն ինչ քրտնաջան ամենօրեայ աշխատանք, էմոցիանալ լարւածութիւն, ներւեր ու տասնեակ էջեր փաստաթղթեր եւ գրականութիուն էր կանգնած այդ ամէնի հետեւում, որին գումարւում էր տարիների փորձը եւ կուտակւած գիտելիքը: Հերթական մի լարւած շրջանում, երբ ֆիզիկապէս եւ հոգեպէս յոգնած վիճակում օրւայ վերջում նստած ամփոփում էինք օրը եւ խօսում առաջիկայ անելիքների մասին, պարզապէս բարձրաձայն հռետորական հարց տւեցի` առանց կոնկրետ դիմելով ու պատասխան ակնկալելով. «Տեսնես այսքան լարւած որքա՞ն է հնարաւոր...»: Մէկ էլ ընկեր Վահանը գլուխը բարձրացրեց եւ ասաց. «Դա մարդու տեսակից է, մեր տեսակը այդպէս է: Մենք չենք կարող մի գործ անել, աւարտել ու ասել վերջ` կարող ենք հանգիստ նստել: Մենք սա ենք անելու, յետոյ յաջորդը, այնուհետեւ` միւսը, եւ այդպէս շարունակ: Մեզ ոչ ոք չի ասելու արէք կամ ոչ: Մենք անընդհատ անելու ենք, քանի դեռ կարող ենք»: Ասացի. «Բայց մաշւելով թէ հոգեպէս, թէ ֆիզիկապէս»: Պատասխանեց. «Այո, դա էլ մեր ճակատագիրն է»:

Եւ ինքն իրեն անմնացորդ տւեց Հայաստանին, հայ ազգին եւ կուսակցութեանը` Արցախեան զինեալ պայքարից մինչեւ քաղաքական եւ դիւանագաիտական աշխատանք: Մինչեւ կեանքի վերջ...

Յաճախ մէկ կամ մի քանի հոգու աշխատանքն ու նւիրւածութիւնը կարող են բաւարար չլինել ցանկալի արդիւնքին հասնելու համար: Ասում էր առաջնորդւենք միջնադարեան ասպետների կարգախօսով Fais ce que dois, advienne, que pourra` անել ինչ պէտք է, եւ թող լինի ինչ լինելու է... Մենք պէտք է մեր անելիքը անենք անկախ ամէն ինչից:

Վահան Յովհաննիսեանի ամենամեծ թերութիւնն այն էր, որ նա գերազանցել էր իր ժամանակը: Եւ երեւի դա էր պատճառը, որ ապագայ սերունդներին հզօրագոյն ուղերձ պարունակող «Մանդիլիոն» վէպի հրատարակումից յետոյ Աստւած մեզ շատ համարեց ունենալ Վահան Յովհաննիսեան, ում կարիքը բոլորս դեռ շատ ենք զգալու:

Յարակից լուրեր

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: 2014 թւականի այս օրը կեանքից հեռացաւ հայ ժամանակակից քաղաքական մտքի գագաթներից մէկը:

  • Կարգաւորման նոր փաթեթի հրամայականը. Ադրբեջանը պէտք է վճարի ամէն ինչի համար
    Կարգաւորման նոր փաթեթի հրամայականը. Ադրբեջանը պէտք է վճարի ամէն ինչի համար

    Դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան կարագացնի գործընթացները տարածաշրջանում, իսկ պատերազմի հէնց սկզբից պարզ դարձաւ, որ նոյնիսկ պատրաստ է զոհաբերել փոքր եղբօրը` հանուն սեփական մեծ գաղափարների։ Այո, ինչպէս նշել էինք, Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն կարողացել եւ չեն կարողանայ մարտի դաշտում հասնել առաւելութեան Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ։

  • «Ճշմարտութեան պահ Ռուսաստանի համար». Արա Նռանեան
    «Ճշմարտութեան պահ Ռուսաստանի համար». Արա Նռանեան

    Ռուսաստանն իր արտաքին քաղաքականութեան մէջ միւս պետութիւններից աւելի յաճախ միանգամայն հիմնաւոր պահանջում է աւելի յստակ արտաքին քաղաքականութիւն եւ աւելի հասկանալի կողմնորոշում առաջնահերթութիւնների ընտրութեան հարցում։ Եւ սա ճիշտ է։ Միւս պետութիւնների, յատկապէս ռազմավարական դաշնակիցների հետ յարաբերութիւնները պէտք է լինեն յստակ, հասկանալի եւ անկեղծ։ 

  • «Թուրքիան զզւեցրել է բոլորին. հերթական անգամ ջրից չոր դուրս կը գա՞յ». Արա Նռանեան
    «Թուրքիան զզւեցրել է բոլորին. հերթական անգամ ջրից չոր դուրս կը գա՞յ». Արա Նռանեան

    Իր պատմութեան ամբողջ ընթացքում Թուրքիային մշտապէս յաջողւել է ջրից չոր դուրս գալ նոյնիսկ անելանելի թւացող իրավիճակներից: Նոյնիսկ պարտւելով` Թուրքիան յաջողեցրել է ոչ միայն առաւելագոյն հնարաւորը «քամել» ստեղծւած իրադրութիւնից, այլեւ գործնական օգուտ ստանալ: Հիմնական սկզբունքը, որով առաջնորդւում է դարերի պատմութիւն ունեցող թուրքական դիւանագիտութիւնը (անկախ իշխանութիւնից ու երկրի կառավարման համակարգից), որեւէ սկզբունքի ու բարդոյթի բացակայութիւնն է:

  • Խորքային պետութի՞ւն, թէ՞ մակերեսային աւտորիտարիզմ. գունաւոր թաւիշի իշխանական դասերը
    Խորքային պետութի՞ւն, թէ՞ մակերեսային աւտորիտարիզմ. գունաւոր թաւիշի իշխանական դասերը

    Բելառուսի իրադարձութիւնները լաւ առիթ են հերթական անգամ մտորելու յետխորհրդային տարածքի գործընթացների մասին («գունաւոր» յեղափոխութիւններից մինչեւ Հայաստանի «թաւիշը» երկու տարի առաջ): Ո՞րն է նորանկախ պետութիւնների քաղաքական կառուցւածքի եւ պետական կառավարման փխրունութեան պատճառը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։