Հա

Ազգային

17/08/2020 - 13:10

Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը

Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

Տեղի ունեցածի նշանակութիւնը լաւ պատկերացնելու համար երեւոյթը ներկայացնեմ սկսելով նախապատմութիւնից:

Պէտք է խոստովանել, որ 94 թւականի դեկտեմբերի 28-ի գիշերը պետական մեքենայի ողջ հզօրութեամբ Դաշնակցութեանը հասցւած հարւածը իսկապէս ծանր էր, մէկ ուրիշ կուսակցութիւն հաւանաբար կը փլուզւէր: Դաշնակցութիւնն էլ մի պահ շփոթի մատնւեց, եղան փախչողներ, բայց եղան նաեւ հէնց այդ պահին կուսակցութեանը միացողներ: Կատարւածի տրամաբանութիւնը բացատրելու համար նոյնիսկ մեղքը մեր մէջ փնտրելու փորձեր եղան: Դժւարին ու հակասական պահին մէկ ու կէս տարի կուսակցութիւնը Հայաստանում ղեկավարեց 3 հոգուց բաղկացած պատասխանատու մարմինը, իսկ 96 թւականի ամռանը կուսակցական կառոյցի ներքին բողոքն այլեւս հասունացած էր իշխանութիւնների անարդար դատավճռի դէմ ընդվզելու համար: Տեղի ունեցաւ Հայաստանի կազմակերպութեան առաջին Գերագոյն ժողովը, որը թարմացւած կանոնագրով ընտրեց Երկրի առաջին Գերագոյն մարմինը:

Գերագոյն ժողովը նոր ղեկավար կազմի անդամ ընտրեց նաեւ Վահան Յովհաննիսեանին, ով այդ պահին ծանր մեղադրանքներով գտնւում էր ճաղերի այն կողմում: Իր հերթին, բանտային մեկուսացման մէջ գտնւող ընկերոջը, նորընտիր մարմինը ընտրեց իր ներկայացուցիչ: Այսինքն Վահանն էր, որ առաջիկայ շրջանում պէտք է ներկայացնէր կուսակցութեան Հայաստանի կառոյցը եւ նրա ղեկավար մարմինը: Իշխանութիւնը չէր կարող սա որպէս իր դէմ նետւած ձեռնոց չդիտել, իսկ կուսակցութիւնը լրջօրէն էր տրամադրաւած եւ կռիւը շարունակւելու էր: Վահան Յովհաննիսեանը առաջադրւեց նախագահի թեկնածու եւ կուսակցական կառոյցի անդամները Արմաւիրի ընտրատարածքում առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահաւաք ծաւալեցին՝ այն վերածելով ՀՅԴ-ի, Վահան Յովհաննիսեանի, եւ ՀՅԴ-ի դէմ յարուցւած երկու քաղաքական գործերով միւս մեղադրեալների իրաւունքների քարոզչութեան: Քաղաքական բանակցութիւնների արդիւնքում, առաջիկայ նախագահական ընտրութիւնների թեկնածուներ Արամ Սարգսեանի, Պարոյր Հայրիկեանի, Վազգէն Մանուկեանի, Լենսեր Աղալովեանի ցուցաբերած քաղաքական համարձակ կամքի շնորհիւ, նրանց գումարելով Վահան Յովհաննիսեանի անձը, կազմւեց քաղաքական վերոյիշեալ դաշինքը: Նախավերջին այս քայլով թերեւս իշխանութեանը վերադարձւեց շատ աւելի ծանր հակահարւած՝ փաստելով Դաշնակցութեան դէմ ծաւալւած հալածանքի շինծու բնոյթը, ինչպէս եւ դէ ֆակտօ օրինականացնելով օրէնքից դուրս յայտարարւած կուսակցութեան գործունէութիւնը:

Ինչո՞ւ յատկապէս մեկուսացման մէջ գտնւող Վահան Յովհաննիսեանը դարձաւ նկարագրւած գործընթացների մէջ կենտրոնական դերակատար, երբ բանտարկութեան մէջ էին այլ ընկերներ եւս: 89-90 թւականներից սկսած Հայաստանում հաստատւել սկսեցին սփիւռքահայ կայացած ու փորձառու ընկերներ, իսկ Վահան Յավհաննիսեանը ծնունդով Հայաստանցի առաջին սերնդի դաշնակցականների շարքում դարձաւ ամենացայտուն ու կայացած գործիչը: 1991 թւականին ՀՅԴ կողմից առաջադրւելով ՀՀ փոխնախագահի թեկնածու, 1992 թւականից դառնալով ՀՅԴ Բիւրոյի անդամ, մշտապէս գտնւելով քաղաքական փոթորկուն գործընթացների առանցքում եւ, միաժամանակ, անմիջական ղեկավարներից ու մասնակիցներից մէկը լինելով ՀՅԴի ղարաբաղեան պայքարի, Վահան Յովհաննիսեանը հանրութեան շրջանում թերեւս ամենաընդունւածն էր, որպէս քաղաքական հասուն ու վստահութիւն ներշնչող անհատականութիւն:

Որ անցնող տասնամեակներում Արամ Մանուկեանով ներկայանալու դէպքում անգամ ազգային-աւանդական Դաշնակցութեանը հնարաւորութիւն չէին տալու ստանձնելու երկրի ամբողջական ղեկավարումը ինձ համար կասկածից վեր է, սակայն առաւել կարեւորն այն է, որ Դաշնակցութեան գործիչները, ի դէմս մասնաւորապէս Վահան Յովհաննիսեանի, Հայաստանի քաղաքական մշակոյթի եւ մեր ժողովրդի քաղաքացիական գիտակցութեան մէջ փորձեցին արմատաւորել այն գիտակցումը, որ քաղաքական գործիչները պէտք է լինեն ծրագրեր որդեգրած գաղափարական նւիրեալներ, երբեք հակասութեան մէջ չյայտնւեն սեփական սկզբունքների հետ ինչպէս եւ երէկւայ ու այսօրւայ գործերում:

Վահան Յովհաննիսեանը սուր էր, անխնայ ու կոշտ, երբ քննադատողի դերի մէջ էր, իսկ այդպիսին էր գրեթէ բոլոր քաղաքական հարթակներում, բացի օտարների մօտ սեփական երկիրը ներկայացնելուց: Իսկ ինչո՞ւ նրա գնահատականներից ազդւում, սակայն հետը չէին թշնամանում, երբ անգամ մարդկանց երեսին ասում էր թէ. «ձեզ դալաններում կը ծեծեն»:

Այդպէս էր, որովհետեւ բոլորը տեսնում էին՝ Վահանը օրինակ է բերում անձերի վրայ, բայց խօսում է երեւոյթների մասին: Նրա թիրախը երեւոյթներն էին, իսկ նպատակը ազգային շահը: Նա ում ինչ ասում էր ամբիոնից, ասում էր նաեւ կողքին նստած ժամանակ եւ նոյնիսկ քեֆի սեղանի մօտ եւ նրա մտքերից չէին խորշում, որովհետեւ դրանց յետեւում տեսնում էին մեր քաղաքական առաջնորդներից շատերի մօտ պակասող կարեւոր յատկութիւն՝ անկեղծութիւնը: Վահան Յովհաննիսեանը դաշնակցական էր, իսկ դաշնակցականը չի կարող ատել հայ մարդուն, նրան կարող է համարել քաղաքական մրցակից եւ նոյնիսկ հակառակորդ, բայց բաւական է, որ այդ նոյն անհատն ու գործիչը մի ազգաշահ բան անի դաշնակցականը կը կանգնի նրա կողքին: Մի բան, որ Դաշնակցութեանը անհասկանալի է դարձնում նրանց համար ովքեր կարծում են, թէ քաղաքականութիւնը անբարոյականութեան, կեղծիքի ու խաբէութեան, ատելութեան, թշնամանքի ու վրէժխնդրութեան ասպարէզ է:

Վահան Յովհաննիսեանը մեր օրերի ամենակարդացած եւ իտելեկտուալ գործիչներից էր, բայց այդ բանը կարող էին թերեւս զգալ նրանք, ովքեր անձնական մտերմիկ շփումներ ունէին իր հետ: Զարմանալի էր, որ աւելի քան քսան տարի ճանաչածս մարդը յանկարծ գրելու ձիրք ու ցանկութիւն դրսեւորեց: Իր գրած յօդւածների մէջ կարմիր թելի պէս զգալի էր այն միտքը, որը երբեմն մտահոգութեամբ կրկնում էր մտերիմների մօտ. «Գոյութիւն ունի անվերադարձելիութեան կէտ եւ այսպէս նահանջելով երկիրը կարող է հատել այն սահմանագիծը, որտեղից կրկին յետ դառնալը, նորից վերականգնւելը անհնար է»: Ճիշտ այս ահազանգն է փոխանցում նրա. «Մայրամուտ, որը հարկաւոր է կասեցնել» խորագիրը:

Ինչո՞ւ գործերով ու հոգսերով ծանրաբեռնւած, կարծես որպէս վերջին ուղերձ, նա գրեց «Մանդիլիոն» վէպը: Վահան Յովհաննիսեանի խորաթափանց միտքը քաղաքական խմորումների մէջ կռահեց այն ինչ այսօր ակնառու է մեզ համար:

Տարածաշրջանը, որը եղել է քաղաքակրթութիւնների ու կրօնների օրրան մխրճւում է նոր եւ արմատական յեղաբեկումների պատմական շրջափուլ: «Մանդիլիոն»-ի մեկնակէտերը Քրիստոսի ժամանակն է եւ քրիստոնէութեան ամրոց Բիւզանդիայի կործանումը, իսկ թիրախը ներկան, որ կանգնած է պատմական անցեալի հաշւեկշռի յանդիման: Կենտրոնում հայ ժողովուրդն է, որը եղել է քրիստոնէական քաղաքակրթութեան անկեղծ, ինքնազոհաբերւող ջահակիրը, եւ շարունակելով սեփական կռիւը նա շարունակում է կռիւը յանուն այդ արժէքների: Վահան Յովհաննիսեանի վէպը ուղերձ է մեր ներկային, երբ քրիստոնէական երկհազարամեայ արժեհամակարգի ֆորպոստը փորձ է արւում այլասերել, ոչնչացնել ներսից ու դրսից:

Վահան Յովհաննիսեանի վէպը նաեւ ուղերձ է արտաքին աշխարհին՝ արժեւորելու համար մէկ ազգի դերակատարութիւնը, որպէս կարեւորագոյն տարածաշրջանում արժեհամակարգերի պաշտպանութեան, փոխգործակցութեան եւ խաղաղ համակեցութեան փորձառութիւն ունեցող հեռանկարային կղզեակի:

Վահան Յովհաննիսեանի կեանքը նոյնպէս մի վէպ էր՝ որի սկիզբը պեղւած էր պատմական ակունքներից եւ միտւած էր այն ապագային: Այս երկուսի միջեւ ներդաշնակող օղակ էր ներկան, որի խորհրդին անհրաժեշտ էր ծառայել մինչեւ վերջ եւ անդաւաճանօրէն:

Յարակից լուրեր

  • Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է
    Այսօր Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է

    Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: 2014 թւականի այս օրը կեանքից հեռացաւ հայ ժամանակակից քաղաքական մտքի գագաթներից մէկը:

  • Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում
    Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում

    Յայտնի իրադարձութիւնների պատճառով, որպէս երկրի ղեկավար, Փաշինեանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմութիւնը, իսկ իրավական լեգիտիմութեան հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորութեամբ ու ծաւալով կը բացայայտւի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կը կանգնի արդարադատութեան առջեւ:

  • Բախտախնդիրը պէտք է հեռանայ
    Բախտախնդիրը պէտք է հեռանայ

    1920 թւականի ծանր յիշողութիւնները վերակենդանանում են, կարծես պատմութիւնը կրկնւում է: Ճիշտ ինչպէս 100 տարի առաջ, նոյն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդէն դերակատարները երկու թուրքական պետութիւններ են առջեւներից որպէս թնդանոթի մսացու քշելով միջազգային թիւ մէկ ահաբեկչական շարժման զինեալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձութեան ահագնութիւնը տեղի ունեցողը անւանում է հայրենական պատերազմ:

  • Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ
    Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

    Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։