Հա

Ազգային

05/09/2020 - 10:50

«Գաղափարական ջեբկիրների» խմբակների մասին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանը գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանը գրում է.

«Աչքովս ընկաւ մի նախկին դաշնակցականի գրառումը՝ Դաշնակցութեան 130-ամեակի առիթով ՀՅԴ Բիւրոյի յայտարարած համաներումի մասին։ Չէի ուզում անդրադառնալ տարիներ ու տասնամեակներ ՀՅԴ կողմից սնւած սոյն անձի ու իր նմանների թունախառն զեղումներին, սակայն մեծատառերով գրւած խորագիրը ստիպում է մի քանի բառ գրել հարցի մասին։

Եւ այս պէս, ի՞նչ են ուզում «Մեր ուղին» կոչւող նախկինների միաւորումը եւ արդեօ՞ք նորութիւն է նման համախմբումը ՀՅ Դաշնակցութեան համար։ Իր գոյութեան 130 տարիների ընթացքում մեր կուսակցութեան մէջ բազմաթիւ գաղափարական շեղումներ ունեցող շերտեր են սկիզբ առել եւ որոշ ժամանակ յետոյ դադարել գոյութիւն ունենալ։ Բայց եթէ նախկինում Դաշնակցութիւնից հեռացւածներն ու արտաքսւածներն ունէին գաղափարական տարաձայնութիւններ ՀՅԴ կողմից ճշտւած գաղափարական ու քաղաքական ուղեգծի հետ («միհրանական շարժում», «մարտկոցականներ», «տարոնականներ»), ապա վերջին 30 տարում՝ Հայաստանի անկախացումից յետոյ, նրանք ինտենսիւօրէն «օգտագործւում են» Դաշնակցութեան գաղափարական հակառակորդների կողմից։ Սա յատկապէս ակնյայտ է դառնում, երբ այդ գաղափարական հակառակորդը Հայաստանում իշխանութիւնն է։ «Օգտագործւողի» այս բարդոյթը յաղթահարելու համար Դաշնակցութիւնից տարբեր ժամանակներում ու տարբեր պատճառներով հեռացւածները փորձում են հանդէս գալ որպէս «գաղափարական Դաշնակցականներ, մտաւորական շերտ, որը հալածւում է ՀՅԴ ղեկավարութեան կողմից»։

Այս խմբակները «գաղափարական ջեբկիրութիւնը» դարձրել են իրենց հաւատամքն ու շարունակաբար, արդէն 30 տարի փորձում են փոխել Դաշնակցութիւնը, այն հարմարացնելով սկզբում Լեւոն Տէր-Պետրոսեանի, հիմա էլ Նիկոլ Փաշինեանի «ճաշակին» ու քաղաքական համոզմունքներին։ 1980-90-ականներին Սփիւռքի մի շարք համայնքներում փորձ արւեց սկսել «ՀՅԴ Վերականգնումի շարժում»։ Դաշնակցութիւնից տարբեր կանոնագրային խախտումների համար հեռացւած Հրաչ Թուրիկեանը, իր հետ գործակցող Բիւրոյի նախկին անդամ Պերճ Մսրլեանը, Նիկոլ Շահգելդեանը մի քանի այլ արտաքսւածների ու հեռացւածների հետ միասին յաւակնում են հանդէս գալ որպէս «գաղափարական դաշնակցականներ» եւ փորձում էր իր դրօշի տակ հաւաքել Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովների ճշտած ռազմավարութիւնից եւ օրւայ Բիւրոյի վարած քաղաքականութիւնից բոլոր դժգոհ, կուսակցութիւնից հեռացւած ու արտաքսւած բոլոր անձանց, ինչպէս նաեւ իր ազդեցութեան տակ գցել կուսակցութեան անփորձ ու անկայուն անդամներին։ Այն անմիջապէս իր հովանաւորութեան տակ վերցրեց առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, նրանց հիմնական ուղղորդողն էլ դարձաւ ՀՅԴ-ից հեռացւած նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը: Սրանք բոլորն էլ փորձում են մարդկանց համոզել, որ իրենք «ազնիւ ու պարկեշտ իսկական դաշնակցականներն են», իսկ իրենց կուսակցութիւնից հեռացնողները հետապնդել են «անազնիւ նպատակներ»։ Այս խմբակը նոյնիսկ ՀՅԴ օրինակով հրաւիրեց իր «Ընդհանուր ժողովները» եւ հրապարակեց «Եռագոյն Դրօշակ» պաշտօնաթերթը։ Շարժումը կարծես մարեց Տէր-Պետրոսեանին իշխանութիւնից հեռացնելուց յետոյ։

Սակայն Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ նորից ի յայտ եկան Դաշնակցութիւնից տարբեր պատճառներով հեռացւած ու արտաքսւած, իրենց «ճիշտ, գաղափարական Դաշնակցական» եւ աւելին, Դաշնակցութեան «մտաւորական սերուցքը» յայտարարած նորօրեայ «գաղափարական ջեբկիրները»։ Սակայն սրանք բոլորը զարմանալիօրէն այն նոյն մարդիկ են, որոնք 90-ականներին հանդէս էին գալիս Լեւոն Տէր-Պետրոսեանի մօտեցումները Դաշնակցութեան քաղաքական ուղեգիծը դարձնելու, 95-ից յետոյ Դաշնակցութիւնը «բազէների ու աղաւնիների» բաժանելու փորձերով։ Այսօրւայ «մերուղիականներից» շատերը եղան ՀՅԴ՝ իշխանութեանը մաս կազմելուց ամենաշատ օգուտ քաղողները, այսօր հէնց նրանք են հանդէս գալիս Դաշնակցութեան նախորդ 20 տարիների ուղեգիծը «դատապարտելու» կոչերով։ Հէնց սրանք են հիմա, Նիկոլ Փաշինեանի եւ իր վարչախմբի հետ անթաքոյց սնւելով նոյն աղբիւրից, պայքար սանձազերծել Դաշնակցութեան նաեւ այսօրւայ Հայաստանի ղեկավարութեան դէմ, լաւ հասկանալով, որ իրենք այրել են վերադարձի բոլոր կամուրջները։ Շատերը սրանց շարքերումն են յայտնւել անձնական չբաւարարւած ամբիցիաների ու ակնկալիքների, մի մասը՝ անկեղծ մոլորութիւնների պատճառով, բայց «մերուղիականութեան» տեսանելի ու անդրկուլիսեան ղեկավարութիւնը անկասկած կապւած է եւ ղեկավարւում է այն նոյն կենտրոնից, ինչ որ Հայաստանի այսօր իշխող փաշինեանական խմբակը։

Եւ վերջում ուզում եմ յիշեցնել ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի 28.12.11 թւի խմբագրականի վերնագիրը՝ «Չկայ Դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան»։ Սա՝ առ ի յիշեցում որոշ նախկին խմբագիրների, այսօր՝ «մերուղիականների»։ Յիշէք, որ ձեզնից շատ աւելի արժանաւորներն են հեռացւել ՀՅ Դաշնակցութիւնից, եւ եթէ յիշւել են սերունդների կողմից, միայն որպէս Դաշնակցութեան անդամ իրենց գործերի ու արժանիքների համար։ Մի թքէք այն ջրհրորի մէջ, որից տասնամեակներ ջուր էք խմել, ու եթէ ձեր նմանների ճակատագիրն էլ ուսումնասիրէք, կը տեսնէք, որ կամ ձեզ այսօր «օգտագործողները» շատ կարճ ժամանակ անց ձեզ դէն են շպրտելու, կամ էլ իրենց հեռանալով դուք էլ անէանալու էք ու յիշւելու էք որպէս Դաշնակցութեանը դաւաճանած հերթական մի փոքր խմբակ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։