Հա

Ազգային

05/09/2020 - 13:15

Սա նախընտրական դաշինք չէ, այլ պայմանաւորւած է ներքաղաքական կեանքով

Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը սկսել է հանդիպումների շարք կուսակցութեան մարզային կառոյցների ներկայացուցիչների հետ։ Կոտայքի մարզի ակտիւի հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկեանը խօսել էր քաղաքական, տնտեսական մի շարք խնդիրների մասին եւ յայտարարել, որ առաջիկայում մեծ հանրահաւաք է տեղի ունենալու։ Դրան զուգահեռ՝ «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար, Ազգային անվտանգութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանն էլ իր տւած հարցազրոյցներից մէկում ասել էր, որ թէժ աշուն է սպասւելու։

«alikonline.ir» - Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը սկսել է հանդիպումների շարք կուսակցութեան մարզային կառոյցների ներկայացուցիչների հետ։ Կոտայքի մարզի ակտիւի հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկեանը խօսել էր քաղաքական, տնտեսական մի շարք խնդիրների մասին եւ յայտարարել, որ առաջիկայում մեծ հանրահաւաք է տեղի ունենալու։ Դրան զուգահեռ՝ «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար, Ազգային անվտանգութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանն էլ իր տւած հարցազրոյցներից մէկում ասել էր, որ թէժ աշուն է սպասւելու։

Մամուլն էլ ժամանակ առ ժամանակ գրում է, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցութիւններն առաջիկայում ակտիւացնելու են ներքաղաքական զարգացումները, ինչը կարող է նախադրեալ հանդիսանալ արտախորհրդարանական ուժերի միաւորման համար։

168.am-ի հետ զրոյցում «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ, քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստեանն ասաց, որ «Հայրենիքի», ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ձեւաւորւած են գործընկերային բարձր մակարդակի յարաբերութիւններ, կայ աշխատանքային խումբ, որն ամենօրեայ ռեժիմով հանդիպումներ է կազմակերպում, քննարկում մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ։

«Մենք ունենք մէկ օրակարգ, եւ այդ օրակարգն այսօրւայ իշխանութիւններին շուտափոյթ իրենց տուն ճանապարհելն է։ Որպէս կանոն՝ փորձը ցոյց է տւել, որ Հայաստանում քաղաքական աշունը միշտ էլ ակտիւ է լինում, այս անգամ կան նախադրեալներ. ժողովրդի մեծամասնութեան համբերութեան բաժակը լցւել է, օր օրի կուտակւում են խնդիրներ, որոնք այսօրւայ իշխանութիւնները ո՛չ ցանկութիւն, ո՛չ էլ ունակութիւն ունեն լուծելու։ Բնականաբար, այս բոլորը գեներացւում են, եւ ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց սահմանադրական իրաւունքներն իրականացնելու, ինչն էլ մենք պատրաստւում ենք անել»,- նշեց Խ. Գալստեանը։

Թէ ի՞նչ ճանապարհով իշխանութիւններին տուն կը ճանապարհեն, արդեօ՞ք 2018 թւականի մեթոդները կօգտագործեն՝ կը փակե՞ն ճանապահները, կամուրջները, շէնք-շինութիւնները, Խաչիկ Գալստեանը պատասխանեց, թէ որեւէ մեթոդ ինքնանպատակ չէ. «Սահմանադրութեամբ թոյլատրւած ու հասանելի բոլոր միջոցնեը պէտք է օգտագործւեն եւ կօգտագործւեն՝ ըստ անհրաժեշտութեան եւ պահի թելադրանքի»։

«Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամը նաեւ ընդգծեց, որ իրենք բազմիցս յայտարարել են, որ բաց են համագործակցութեան համար, երկրի ներսում որեւէ թշնամի չունեն, խորհրդարանական, արտախորհրդարանական եւ այն քաղաքական ուժերը, որոնք կիսում են կուսակցութեան գաղափարախօսութիւնը, մտահոգութիւնները, օրակարգը, կարող են համագործակցել։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցեանի նկատմամբ իրականացւող քրէական հետապնդումներին եւ հարցին, թէ դրանք չե՞ն խանգարելու իրենց նպատակների իրականացմանը, Խաչիկ Գալստեանը պատասխանեց, որ նախ՝ այս ամէնը ցոյց է տալիս ռեժիմի սնանկութիւնը, քանի որ նման հետապնդումներն ուղիղ քաղաքական երանգաւորում ունեն։

«Սրանք ուղիղ համեմատական են կուսակցութեան նախագահի ակտիւ գործունէութեան հետ։ Երբ պարոն Վանեցեանը եւ կուսակցութեան խորհրդի անդամները հանդէս են գալիս սուր քննադատութիւններով, հրապարակային ելոյթներով, դրան հետեւում են շինծու քրէական գործերը կամ շինծու քաղաքական հետապնդումները։ Սա մեզ համար բացայայտ ձեռագիր է, որը մեզ չի կանգնեցնելու, սա մեզ չի կարող կանգնեցնել մեր վերջնական նպատակին հասնելու համար»,- եզրափակեց Խաչիկ Գալստեանը։

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանի խօսքով՝ ամիսներ առաջ, երբ ՀՅԴ-ն, «Հայրենիք»-ը եւ ԲՀԿ-ն յայտարարեցին իրենց համագործակցութեան մասին, շեշտեցին, որ այն մարտավարական գործընկերութիւն է՝ պայմանաւորւած երկրում ընթացող քաղաքական գործընթացներով, եւ քաղաքական օրակարգի այս կամ այն հարցի շուրջ բաց են բանակցելու եւ համագործակցելու նաեւ այլ քաղաքական ուժերի հետ:

«Երկրի քաղաքական օրակարգը կը թելադրի, թէ մեր եռեակի ձեւաչափը որքանով կարող է ընդլայնւել, համախոհների շրջագիծը որքանով կը մեծանայ։ Ըստ էութեան, սա մարտավարական քաղաքական համախմբում է այս կամ այն քաղաքական օրակարգի շուրջ։ Միանշանակ է, որ սա նախընտրական դաշինք չէ, յայտարարել ենք, որ քաղաքական օրակարգերի շուրջ բաց ենք քննարկումների համար, եւ այլ քաղաքական ուժեր տարբեր ձեւաչափերով կարող են իրենց մասնակցութիւնը բերել»,- նշեց Լ. Գալստեանը։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ի եւ միւս երկու կուսակցութիւնների քաղաքական օրակարգը միայն իշխանութեան քաղաքական օրակարգով պայմանաւորւած չէ, եւ իւրաքանչիւրը կաշկանդւած չէ այս կամ այն հարցի շուրջ ունենալու սեփական կարծիքը։

«Մի խօսքով՝ սա նախընտրական դաշինք չէ, այլ պայմանաւորւած է Հայաստանի ներքաղաքական կեանքով, քաղաքական մշակոյթով, նաեւ Հայաստանի մարտահրաւէրները դիմագրաւելու քաղաքական ուժերի պատասխանատւութեամբ»,- յաւելեց քաղաքական գործիչը։

Լ. Գալստեանը նաեւ ընդգծեց, որ ԲՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցութեան հետ իրենց համատեղ երկու ակցիաները բաւականին հրապարակային են եղել։ Խօսքը վերաբերում է յանցագործութեան մասին Դատախազութեանը ներկայացւած հաղորդմանը, որը վերաբերում էր ԱԺ-ի ընդունած Սահմանադրութեան հակասահմանադրական փոփոխութեանը: Դատախազութեան կողմից մերժում ստանալուց յետոյ շարունակել են օրէնքով նախատեսւած կարգով հետագայ բողոքարկումը:

«Նաեւ մեր աշխատանքային խմբի կողմից մշակւել է օրէնքի մի նախագիծ, որն ըստ էութեան համաներումի նախագիծ է. Առաջարկում ենք չեղարկել տասնեակ-հազար քաղաքացիների նկատմամբ յարուցւած վարչական վարոյթը՝ կապւած դիմակների կրման տոյժ ու տուգանքների հետ։ Այս նախագիծն ԱԺ-ում շրջանառութեան մէջ կը դնի ԲՀ խմբակցութիւնը։ ՀՀ-ում արտակարգ դրութեան հաստատումից ի վեր՝ մինչեւ 2020 թ․ օգոստոսի 18-ը ներառեալ, կայացւել է վարչական տոյժ նշանակելու մասին 82.116 որոշում, որոնցից 71.713-ը կազմւել է դիմակ չկրելու համար: Ելնելով ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից՝ առաջարկում ենք հումանիստական վերաբերմունք ցուցաբերել եւ չեղարկել տուգանքները»,- եզրափակեց Լիլիթ Գալստեանը։

«Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներից որեւէ մէկի հետ չյաջողւեց կապ հաստատել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։