Հա

Ազգային

17/09/2020 - 08:40

ՀՅԴ ՀԵՄ-ի երթը՝ «Յանուն ազգային եւ առաջադէմ կրթութեան» կարգախօսով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը երէկ` սեպտեմբերի 16-ին, «Յանուն ազգային եւ առաջադէմ կրթութեան» խորագիրը կրող երթ է անցկացնում։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը երէկ` սեպտեմբերի 16-ին, «Յանուն ազգային եւ առաջադէմ կրթութեան» խորագիրը կրող երթ է անցկացնում։

Երթը մեկնարկել էր Մատենադարանի յարակից տարածքից եւ անցնել է Մաշտոցի պողոտայով, Ամիրեան փողոցով ու աւարտւել է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան շէնքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անւան տակ վարւող ապազգային քաղաքականութեան համար պահանջել են Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը։

«Սա սկզբունքների պայքար է, սա ապագայի եւ անցեալի պայքար է եւ մենք բնականաբար պէտք է հասցնենք տրամաբանական աւարտին»,- յայտարարել է ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը երթի մեկնարկից առաջ։

Նա նշել է, որ այստեղ շատ կարեւոր է պարզապէս, որ հանրութիւնը բարձրացնի իր ձայնը։

Լրագրողներին հետաքրքրեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան անդամի կարծիքը ՀՀ ԿԳՄՍ նախարարի յայտարարութեան մասին, թէ՝ ՀՅԴ-ի արկղերը քրէական գործերով լցնելը ընդամենը ժամերի հարց է եւ դա կանի, եթէ չլռեն։

«Արայիկ Յարութիւնեանի հերթական յայտարարութեան սնանկութեան մասին վկայում է այն, որ նա չարաշահումների մասին նախկինում չաւարտւած քրէական գործերը վերագրում է ընդամենը մէկ պաշտօնեայի։ Մենք էլ հիմա նրան կարող ենք մեղադրել կոռուպցիայի մէջ, քանի որ ինքը նոյնանման գործով անցնում է։ Բայց մէկ այլ ասպեկտ կայ շատ աւելի կարեւոր, որ նախարարը քրէական գործերի մասին խօսում է այն ժամանակ, երբ բողոքի ալիք է բարձրանում։ Սա օրէնքի խախտում է»,- ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Նա նշեց, որ իրենք բազմիցս յայտարարել են՝ որեւէ ձեւով կաշկանդւած չեն, ՀՀ-ում օրէնք խախտած բոլոր անձինք պէտք է պատասխան տան, բայց չեն կարողանում հասկանալ դա ինչ կապ ունի իրենց շարժման հետ։

«Եթէ նախարարի հաշւարկն այն է, որ այդպիսի անբովանդակ, ծիծաղ առաջացնող յայտարարութիւններով մեզ կարող է կաշկանդել, չգիտեմ ինչպէս մինչեւ հիմա չի հասկացել, որ չի ստացւի»,- ասաց Քրիստինէ Վարդանեանը։

Ցանկացած հանրային կամ հասարակական հնչեղութիւն ունեցող հարցի վերաբերեալ, ցանկացած ուղղութեամբ վարւող պետական քաղաքականութեան վերաբերեալ կարծիք ձեւաւորելուց եւ այն բարձրաձայնելուց առաջ նախ պէտք է հասկանալ ովքե՞ր ենք մենք՝ յայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչութեան նախագահ Արգիշտի Գէորգեանը Մատենադարանի հարթակում։

Նա նշեց, որ մենք հայեր ենք, Հայաստանի բնակիչներ ենք, մարդիկ, ովքեր Հայաստանն են ընտրել որպէս գործունէութեան եւ կեանքի միջավայր եւ Հայաստանով են պայմանաւորում ներկան, ապագան։

Արգիշտի Գէորգեանի համոզմամբ՝ բոլոր հիմնական եւ կարեւորագոյն փոփոխութիւնները պէտք է սկիզբ առնէին մեր կրթական համակարգից, քանի որ կրթութեան, գիտութեան, մշակոյթի բնագաւառում մենք, արդէն այսօր, պէտք է նշմարէինք մեր լուսաւոր ապագայի յստակ պատկերը։

«Սակայն ի՞նչ ունենք մենք դրա փոխարէն մեր կրթութեան գիտութեան, սպորտի եւ մշակոյթի ոլորտներում։ Մենք չունենք այս ոլորտների պետական ռազմավարութիւն։ Ունենք քաոս եւ կառավարման ճգնաժամ ոլորտներում։ Չունենք որեւէ համակարգային բարեփոխման յոյս անգամ։ Ունենք ոչինչ անել չկարողացող, փոխարէնը՝ անգրագէտ, հակագիտական, անպատասխանատու յայտարարութիւններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Յարութիւնեան»,- նշեց նա։

Նա նշեց, որ երկու տարւայ ընթացքում նոյն կարմիր թելը մենք տեսնում ենք ՀՀ ԿԳՄՍ ոլորտներում վարւող քաղաքականութիւնում՝ որեւէ կերպ հայագիտութեան զարգացմանը չնպաստելը, աւելին՝ ամէն յարմար առիթին այս ոլորտին հարւածելը, հայագիտութիւնը եւ առաջադիմութիւնը կեղծ հակադրութեան մէջ դնելը, հայկական ժառանգութեան պահպանմանը ուղղւած քայլերի բացակայութիւնը, դրա գոհարները աշխարհին եւ նոր սերնդին ներկայացնելու կամքի բացակայութիւնը, Հայ Առաքելական Եկեղեցու դերի նւազեցմանն ուղղւած հետեւողական քաղաքականութիւնը, հայոց պատմութեան վերախմբագրման փորձերը վարւող ապազգային եւ հայկական շահերին սպառնալիք հանդիսացող քաղաքականութեան լաւագոյն վկայութիւնն են։

«Փաստացի այժմ նախարարի պաշտօն է զբաղեցնում մէկը, ով ոչ միայն անկարող է լուծել որեւէ խնդիր, այլեւ անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր, ով չունի տեսլական, ում կողմից իրականացւած քաղաքականութիւնը հակասում են հայկական պետութիւնների շահերին»,- նշեց նա։

Արգիշտի Գէորգեանը նշեց, որ 2 տարւայ արդիւնքում մենք ունենք ապազգային եւ ապաշնորհ, ոչ թափանցիկ գործունէութեամբ զբաղւող պաշտօնեայ, որի կողմից համակարգւած նախարարութիւնը իր ենթակայութեան տակ գտնւող ոլորտներում քաոս ստեղծելու համար Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հարկերից ստացել է 1 մլն դոլարի պարգեւավճար։

«Ընդհանրապէս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ աւելի վտանգաւոր ոտնձգութիւն, քան կրթութեան, գիտութեան, սպորտի եւ մշակոյթի ոլորտներով այսպէս զբաղւելը։ Այս կարեւորագոյն ոլորտների ճգնաժամերն արդէն ակնյայտ են։ Այս մասին խօսում են բոլորը, անգամ իշխող «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորները։ Այս մասին են խօսում ամենատարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւններ, այս մասին են խօսում մշակոյթի եւ սպորտի տարբեր գործիչներ, գիտութեան ոլորտի ականաւոր ներկայացուցիչներ։ Եւ որ ամենակարեւորն է, այս մասին են բարձրաձայնում Հայաստանի Հանրապետութեան տասնեակ հազարաւոր քաղաքացիներ»,- նշեց նա։

Արգիշտի Գէորգեանի խօսքով՝ այսօրւայ երթը եւս մէկ վկայութիւնն է, որ Հայաստանում չի հանդուրժւելու հայ մարդուն անհասկանալի, ոչ թափանցիկ, անընդունելի նպատակներ հետապնդող քաղաքականութիւնը՝ ով էլ այն վարի։

«Մենք մի քանի անգամ արդէն շեշտել ենք, նորից ենք կրկնում՝ մենք գիտենք ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, Հայկ նահապետից մինչ Արամ Մանուկեան մենք համբերատար ենք եղել եւ դիմացել ենք ամէն զրկանքի՝ մինչեւ վտանգ չենք զգացել մեր ինքնութեան համար»,- ասաց նա։

Արգիշտի Գէորգեանն ընդգծեց․ «Եթէ ՀՀ կառավարութիւնը չկարողանայ իր քաղաքացիներին պաշտպանել այդ վտանգներից, ուրեմն դա նրա փոխարէն կանենք մենք, որովհետեւ երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։

Այնուհետեւ ցոյցի մասնակիցները երգեցին Սարդարապատի հերոսամարտին նւիրւած երգը։

Arfd.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։