Հա

Ազգային

21/09/2020 - 11:36

Անկախութիւնն անսակարկելի արժէք է. ՀՅԴ ՀԳՄ ուղերձը Անկախութեան տօնի առթիւ

Անկախությունն անսակարկելի արժէք է. ՀՅԴ ՀԳՄ ուղերձը Անկախութեան տօնի առթիւ

Սիրելի՛ հայրենակիցներ, 

1990 թ. օգոստոսի 23-ին ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան հռչակագիրը: Իսկ 1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն հանրաքւէով վերահաստատեց  անկախ պետականութիւն կառուցելու հաւաքական կամքը՝ յայտարարելով ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետութեան նոր երթի սկիզբը:

Մեր անկախութեան քսանիններորդ տարեդարձն ենք նշում, սակայն անկախութեան երազանքով ապրել և անկախ պետականութեան գաղափարն ու տեսլականը կոփել են տասնեակ սերունդներ: Անցեալ դարասկզբին կարճատեւ, բայց մեզ յաջողւել է անկախ պետականութիւն հիմնել: Անկախութեան երազանքն, այնուամենայնիւ, չի ընդհատւել անգամ Խորհրդային Հայաստանում:  Իբրեւ ազգ եւ իբրեւ պետութիւն` մենք  այդ երազանքի, մեր պատմական երթի ժառանգորդն ենք՝  այդպիսով հաշւետու լինելով  ու դասեր քաղելով անցեալից, նաև պատասխանատու լինելով ապագայի համար:

Անկախութիւնը հէնց ինքն ամենամեծ, անսակարկելի արժէք է: Մեր անկախութիւնը պսակւել է ամենամեծ ձեռքբերումով՝ Արցախեան ազատամարտում մեր յաղթանակով, հակառակորդին պարտադրած խաղաղութեամբ:

Անկախութեան ճանապարհը հեշտ չենք անցել, ձեռքբերումների կողքին արձանագրել ենք նաև թերացումներ, որոնց մի մասը առարկայական պատճառներ են ունեցել: Սակայն զարգանալու և չզիջելու, բարեկեցիկ, արժանապատիվ ու մրցունակ երկիր կառուցելու մեր հաւաքական երազանքից չենք հրաժարւել:

Այսօր էլ Հայաստանի Հանրապետութիւնը, տարածաշրջանային ահագնացող անվտանգային սպառնալիքներին զուգահեռ, բազմաթիւ ներքին մարտահրաւէրներ է դիմագրաւում: Հասարակական յարաբերութիւններում խորանում է անհանդուրժողականութեան ու թշնամանքի մթնոլորտը, մտահոգիչ է երկրի զարգացման ընթացքը:

Մենք գիտակցում ենք, որ մեր անկախ, ազգային պետականութեան առջեւ կանգնած բազմաթիւ մարտահրաւէրները հնարաւոր է յաղթահարել միայն համազգային միասնականութեամբ, անկախութեան արժէքներին ու նպատակների հաւատարմութեամբ և բարձր նշաձող ունեցող քաղաքական կամքով:

Սիրելի' հայրենակիցներ, շնորհաւորում ենք  Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տարեդարձի առթիւ եւ համոզում յայտնում, որ միասին մեզ կը յաջողւի մեր անկախութեան երթը նշանաւորել անկասելի ձեռքբերումներով:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

21 սեպտեմբերի 2020  թ.

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։