Հա

Ազգային

27/09/2020 - 16:12

Տեսանիւթ. «Այս պահին մենք պէտք է լինենք միասնական, հայրենիքի պաշտպանութեան հարցը մեր գերխնդիրն է». Հրանտ Մարգարեան

Արամ Մանուկեանի արձանի մօտ Դաշնակցութեան «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի հիման վրայ գործող Կամաւորական շարժման համակարգողների կոչով կամաւորական սկզբունքով բազմաթիւ քաղաքացիներ են հաւաքւել:

«alikonline.ir» - Արամ Մանուկեանի արձանի մօտ Դաշնակցութեան «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի հիման վրայ գործող Կամաւորական շարժման համակարգողների կոչով կամաւորական սկզբունքով բազմաթիւ քաղաքացիներ են հաւաքւել:

Ներկաներին կոչով դիմել է «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը:

Հրանտ Մարգարեանն ասաց, որ արդէն պատրաստ են ՊԲ ղեկավարութեամբ՝ բանակի կազմի մէջ, մասնակցելու մարտական գործողութիւններին եւ կոչ են անում բոլորին՝ արագ կազմակերպւելու։

«Սա մեր բոլորի պատերազմն է, հայ ժողովրդի պատերազմն է եւ պէտք է աւարտենք անպայման յաղթանակով։ Մենք պատրաստ ենք, երբ ասեն՝ նոյն վայրկեանին կը մեկնենք։ Մենք պատրաստ ունենք 1-2 վաշտ, 3-4-ն էլ, կարծում ենք, այս մի քանի օրը պատրաստ կը լինեն»,- ասաց Հրանտ Մարգարեանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը տեղեկացրեց, որ կոչ են արել բոլոր ընկերներին, կամաւորներին՝ ներկայանալ կուսակցութեան գրասենեակ, ցուցակագրւել եւ մեկնել սահման։

«Ամբողջ աշխատանքները համակարգւելու են ՊԲ կողմից, որեւէ ինքնագործունէութիւն չի լինելու, բանակը ունի հրամանատարութիւն, մեր բոլոր գործողութիւնները լինելու են նրա ղեկավարութեան ներքոյ։ Այս պահին շտաբը գործում է, կարող են հերթագրւել, հագուստ, իրեր ստանալ, ստուգւել՝ ովքեր են եւ մեկնել»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

ՀՅԴ-ին համախմբողը, միաւորողը հայրենիքի եւ ազգի գաղափարն է, ասաց Հրանտ Մարգարեանը ելոյթում, միաւորւել ենք յանուն մեր ժողովրդի։

«Մենք միշտ խօսել ենք ազգ-բանակի, համաժողովրդական բանակի, պահեստազօրը կազմակերպելու, պատրաստ լինելու մասին։ Ցաւօք, մեր կոչերը շատ ուշ են արձագանք գտել, հազիւ կարողացել ենք մե՛նք պատրաստւել։ Բայց պատրա՛ստ ենք։ Պատրա՛ստ ենք եւ սպասում ենք հրամանի, պատրա՛ստ ենք եւ ասում ենք՝ ոչ մի քաղաքական հարց, ոչ մի քաղաքական տարաձայնութիւն չի կարող այսօր մեր միասնականութեան մէջ որեւէ կեղտ իջեցնել»,- յայտարարեց Հրանտ Մարգարեանը, որի խօսքն ուղեկցւեց ծափահարութիւններով։

Թէկուզ կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ պահպանելով կանոնները, ՀՅԴ կամաւորականները անցկացրել են պարապմունքներ՝ վստահեցրեց «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը։

«Այստեղ կան զինւորական ծառայութիւն անցած, ապրիլեան գործողութիւններին մասնակցած, ինչպէս նաեւ ազատամարտին մասնակցած՝ մինչեւ 45-50 տարեկան եւ աւելի բարձր տարիքի տղերք։ Այս պահին միայն Երեւանից պատրաստ ենք դուրս բերել 100 հոգանոց վաշտ»,- նշեց նա։

Հրանտ Մարգարեանը յայտարարեց, որ ազգովի դէպի ճակատ պէտք է գնալ, դէմ դուրս գալ եւ ուժը դէմ տալ թշնամու հարւածներին։

«Մենք պէտք է յաղթենք այս պատերազմում եւ այս պատերազմի յաղթանակը պէտք է նւիրենք մեր եկող սերունդներին։ Գերխնդիրը թշնամին է, որին պէտք է ծունկի բերել, այս պահին չունենք այլ գերխնդիր, կը գայ օրը, նորեն կը հաւաքւենք, նորեն կը քննարկենք խնդիրները, բայց այսօր ունենք մէկ խնդիր՝ թշնամին ծնկի բերելու»,- յայտարարեց ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի նախագահ Հրանտ Մարգարեանը։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Media

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։