Հա

Ազգային

10/10/2020 - 17:20

Ֆրանսիան պէտք է դառնայ առաջին պետութիւնը, որը կը ճանաչի Արցախի անկախութիւնը

Արցախի հետ շփման գծում ժամանակաւոր հրադադարի պահպանման դէպքում բանակցութիւնները պէտք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։

«alikonline.ir» - Արցախի հետ շփման գծում ժամանակաւոր հրադադարի պահպանման դէպքում բանակցութիւնները պէտք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։ Նման տեսակէտ News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը։

Աւելին, ըստ նրա՝ ռազմաճակատում հայկական զինւած ուժերի տարած յաղթանակը հիմք է տալիս, որպէսզի հայկական կողմն առաջ քաշի կոնկրետ պայման՝ այն է Արցախի ճանաչումը։

«Ի՞նչ իմաստ կունենայ հրադադարի հաստատումն ու վերադարձը բանակցութիւններին, եթէ մենք չունենանք վերջնական թիրախ»,- նկատեց նա՝ համոզմունք յայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտութիւնն իր հանգուցալուծումը կարող է ստանալ միայն Արցախի միջազգային ճանաչման դէպքում։

Նշենք, որ այս ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղութեամբ լուրջ ազդակ է յղել Ֆրանսիան, որը Արցախում պատերազմական գործողութիւնների վերսկսումից ի վեր պաշտօնական կոշտ դիրքորոշում է յայտնել՝ մեղադրելով Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախի դէմ պատերազմ սանձազերծելու մէջ։ Իսկ օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քւէարկել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման օգտին։

Հրաչ Վարժապետեանի կարծիքով՝ այսօր լուրջ նախադրեալներ են ստեղծւած Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման համար։

«Վերջին վեց ամսում Ֆրանսիա-Թուրքիա յարաբերութիւնները աստիճանաբար էլ աւելի են սրւում՝ կապւած Լիբիայի, Յունաստանի, միջերկրածովեան աւազանի խնդրով եւ դրանով է պայմանաւորւած նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի կոշտ դիրքորոշումը Արցախի հարցով։ Սակայն Ֆրանսիայի հայամէտ կեցւածքը ոչ միայն պէտք է դիտարկել ֆրանս-թուրքական յարաբերութիւնների սրման կոնտեքստում, այլեւ Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կեանքում հայ համայնքի լուրջ դերակատարութեան։ Հայ համայնքն այսօր ամուր դիրքեր ունի Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կեանքում եւ մշտապէս այս երկրում բարձրացրել է համահայկական եւ համազգային խնդիրներ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականութեան եւ Հայաստանի շահերի զուգորդման արդիւնքում հնարաւոր է առաջ քաշել Արցախի ճանաչման հարցը»,- ասաց ԿԿ ներկայացուցիչը։

Վարժապետեանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Ֆրանսիայի հայ համայնքը մեծ հանրահաւաք է նախաձեռնել Ֆրանսիայի խորհրդարանի շէնքի առջեւ՝ Արցախի ճանաչման պահանջով։

«Իբրեւ Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրութեամբ է նաեւ ձեւաւորւել այդ խորհրդարանը, մենք լեգիտիմ իրաւունք ունենք պահանջելու Ֆրանսիայի Ազգային ժողովից՝ ճանաչելու Արցախի անկախութիւնը, որովհետեւ Արցախը գտնւում է իրական վտանգի առջեւ. սա սովորական հարց չէ, սովորական պատերազմ չէ, սա Արցախի ժողովրդի գոյութեան հարցն է եւ այս առումով միակ փրկութիւնը՝ Արցախի միջազգային ճանաչման մէջ է։ Մենք պահանջելու ենք, որ Ֆրանսիան դառնայ առաջին պետութիւնը, որ կը դիմի այդ քայլին»,- յայտարարեց ՀՅԴ-ական գործիչը։

Վարժապետեանը ներկայացրեց նաեւ, թէ այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի Ֆրանսիայի կառոյցը Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման ուղղութեամբ, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիի դէմ, առհասարակ պատերազմի վերսկսումից ի վեր ի՞նչ աջակցութիւն է ստանում ադրբեջանական լոբբին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակներից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։