Հա

Ազգային

19/10/2020 - 14:00

Վարձկանի ձեր կոդն այլ յանձնառութեան է լծւած. Լիլիթ Գալստեանը՝ 16 կուսակցութիւնների յայտարարութեան քննադատներին

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․

«Դաշնակցական եմ արդէն երեսուն տարի եւ հպարտ եմ: 

Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանութեան բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիւ է մղում Դաշնակցութեան վաշտը, եւ այդ վաշտում նաեւ մեր ղեկավար մարմնի անդամներ կան: 

Հպարտ եմ, բոլորի պէս անասելի դառնացած ու միաժամանակ պարտք հերոսաբար զոհւած իւրաքանչիւր հայ զինւորի առջեւ: 

Հպարտ եմ, բոլորի պէս անասելի դառնացած ու միաժամանակ պարտք մեր գումարտակի կազմում զոհւած իմ ընկերների առջեւ… 

Բայց այդ ցաւը նաեւ ուժեղացնում է, պարտադրում լուծումներ գտնել, մեր թանկ զոհերին արժանի պետականութիւն կառուցել: 

Ու այսօր, երբ բառի բուն իմաստով մեր զինւորի ոտքերի տակ թշնամու արկերից դողում է հողը, երբ մեր հողը մեր նահատակների արեամբ կարմիր է ներկւել, մեր զինւորի միտքն ու սիրտը թիկունքում է: Մեր զինւորը թիկունքում միասնութիւն ու մէկ բռունցք է ուզում տեսնել. սա այնքան պարզ է, անքննելի… 

Պատերազմի երկրորդ օրը, երբ 14 ընդդիմադիր կուսակցութիւններ յայտարարեցին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնութիւններն ու կանգնում են հայ զինւորի ու պետականութեան կողքին, հէնց այս՝ պետական ու ազգային շահով էին առաջնորդւում:

Այո, ստեղծւած կացութիւնը համազգային ներուժի ամբողջական եւ աննախադէպ զօրաշարժ է պահանջում: Այս է պահանջում մեր պետականութեանն ուղղւած սպառնալիքի չէզոքացումը: 

Մի՞թէ պարզից էլ պարզ չէ, որ օրհասական այս պահին ռազմական, քաղաքական եւ դիւանագիտական ճակատներում առկայ խնդիրները օպերատիւ, ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում, համազգային փորձի ու ներուժի մէկտեղում: /Գնահատականները՝ յետոյ…/

Մի՞թէ սա չէ արդարացիօրէն գոյապահպանական ու հայրենական գնահատւած թուրք-ադրբեջանական պատերազմը դիմագրաւելու միակ ճանապարհը: Մի՞թէ սա մեր պետականութեանն ուղղւած սպառնալիքի չէզոքացման ճանապարհը չէ: 

Մի՞թէ չարենցեան «Ով հայ ժողովուրդ քո փրկութիւնը քո միասնութեան մէջ է» յորդորը սոսկ բաժակաճառ է ու տեքստեր զարդարելու յարմար մէջբերում: 

Մի՞թէ դժւար է հասկանալ, թէ մեր միասնականութիւնը, յատկապէս այս պահին, ինչ քաղաքական էներգիա եւ ուղերձ ունի՝ թէ թշնամուն, թէ միջազգային հանրութեանը եւ թէ՝ ներսում, բոլորիս համար, բայց նախեւառաջ առաջնագծում մաքառող հայ զինւորի համար: 

Եւ մի՞թէ կայ այլ ընտրութիւն, երբ վարչապետը Սարդարապատի զանգերն է հնչեցնում եւ յայտարարում, թէ թշնամին մեր ննջարանի շեմին է…Թէ՞ սրանք իրականութիւնից կտրւած գեղարւեստական իլիւստրացիաներ են, սոսկ զգացական զեղումներ… 

Մի՞թէ պարզ չէ, որ մեր հասարակութիւնն այսօր պառակտող կոչերն ակամայից թուրքական քաղաքական նպատակներ են սպասարկում:

Ո՜չ, դուք պարզապէս ոչ թէ ունակ չէք հասկանալու, որ իշխանութիւնից բարձր արժէքներ կան, որ ազգային պետականութիւնն ու ժողովրդի լինելիութիւնը բարձր է քաղաքական ամբիցիաներից, պարզապէս վարձկանի ձեր կոդն այլ յանձնառութեան է լծւած:

Դուք արդէն տեւական ժամանակ քայքայում էք մեր հասարակութեան դիմադրողականութիւնը, ներքին թշնամու որոնման ու հանրային պառակտման ձեր ճիգերն ուղղւած են մեր ազգային պետականութեան ու դիմադրողականութեան թուլացմանը: 

Դուք լծւել էք վատթարագոյնին՝ իռացիոնալի ճիրաններում պատանդառել էք հասարակութիւնը: 

Դժւար չէ հասկանալն ու տեսնելը՝ սա ուղղորդւած քաղաքականութիւն է, ծրագրաւորած եւ երկու տարի ինտենսիւօրէն իրականացւած: 

Այսօր էլ միասնականութեան ու ներուժի համախմբման 14 կուսակցութիւնների կոչը պիտակաւորելու, հասարակութիւնը ջլատելու գործին լծւել են հէնց նոյն շրջանակները: 

Եւ ովքե՞ր են աղմկողները՝ 

Նրանք, ովքեր Հայաստանը ապաոգեղենացնելու, մեր ազգային նկարագիրը խաթարելու ու զգօնութիւնը բթացնելու օրակարգերին էին լծւել: 

Նրանք, ովքեր Հայաստանը վերականգնելու ռազմավարական ծրագիր էին մշակել եւ ըստ էութեան լծւել Հայաստանի կազմաքանդմանը… 

Նրանք, ովքեր թուրքական շրջանակների հետ կրթական չափորոշիչներ էին մշակում ու թուրքից բարեկամի կերպար կերտում… 

Նրանք, ովքեր նսեմացնում էին պատերազմի հերոսներին ու Հայոց Բանակը... 

Նրանք, ովքեր յայտնի ճանապարհներով իրենց զաւակներին փախցրել են բանակից ու այսօր Վաշինգտոնից կամ Պրահայից մեզ խորհուրդներ են տալիս... 

Նրանք, ովքեր բանակից ու հայրենիքից ճողոպրելու համար պատրաստ են ծնող ու ազգութիւն ուրանալ... 

Նրանք, ովքեր իրենց «ապահովութեան համար» գրպանում մէկ այլ երկրի անձնագիր են պահում...

Նրանք, ովքեր քարկոծում էին մեր եկեղեցին ու քայքայում մեր արժեհամակարգը... 

Նրանք, որոնց «ջոկատներն» այդպէս էլ Երեւանի սահմանը չհատեցին, որովհետեւ զէնք տւողները վստահ չէին, որ այդ զէնքը յետոյ ներքին հաշւեյարդարի չի ուղղւի… 

Բնական է, հասկանալի, թէ ինչու են հէնց նոյն շրջանակները թիրախաւորել Դաշնակցութեանը: 

Նրանք եւ նրանց պատւէր իջեցնողները շատ լաւ գիտեն, ազգայինը Դաշնակցութեան էութիւնն է, նրանք լաւ գիտեն, որ Դաշնակցութիւնը ազգային պետականութեան ծառան է ու տէրը, եւ սա մեզ համար սոսկ լոզունգ չէ… 

Նայէք աշխարհի բոլոր ծագերում դիւանագիտական ու օրէնսդրական դարպասները կոտրող Հայ Դատի գրասենեակների աշխատանքներն ու լռէք… 

Նայէք Արցախի շուրջն իր ներուժը մոբիլիզացնող ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցի ճիգերն ու լռէք… 

Նայէք Հայաստան հիմնադրամին միջոցներ ուղղելու ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցի յայտարարութիւններն ու արդիւնքներն ու լռէք… 

Նայէք Արցախում, խաչը ձեռքին՝ հողի վրայ քնած Բագրատ Սրբազանին ու լռէք… 

Լսէք թուրքի թիկունքում Գինի լից երգող հրեշտակի աչքերով զինւորին ու լռէք… 

Յիշէք ճակատում կողք-կողքի զոհւած հայր ու որդուն, զոյգ եղբայրներին, եռագոյնով փաթաթւած՝ թուրքի աչքերին ու գնդակին նայող գերուն ու լռէք… 

Լռէք… 

Մենք յաղթելու ենք, մենք դատապարտւած ենք յաղթելու, ու գալու է կարգին երկիր կառուցելու ժամանակը: 

Շատ բան ենք բաց թողել…Շատ բան կայ անելու… 

Պարտք ենք մեր զոհերին…»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։