Հա

Ազգային

26/10/2020 - 08:30

«Կարելի է ենթադրութիւններ անել, բայց այս պահին չպէտք է առաջնորդւենք ենթադրութիւններով». Կիրօ Մանոյեան

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի խօսքով՝ դժւար է ասել, թէ Արցախի նախագահի նամակից՝ ուղղւած ՌԴ նախագահին, ինչ պէտք է սպասել, կամ ինչպէս դրան կարձագանքի ռուսական կողմը։

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի խօսքով՝ դժւար է ասել, թէ Արցախի նախագահի նամակից՝ ուղղւած ՌԴ նախագահին, ինչ պէտք է սպասել, կամ ինչպէս դրան կարձագանքի ռուսական կողմը։

«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթէ Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կը դիմի Հայաստանին՝ Արցախի անկախութիւնը ճանաչելու համար։ Յետոյ եղաւ այս նամակը, որի մէջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպէսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթէ այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից աւելին չենք կարող պատկերացնել ու եզրահանգումներ անել։ Կարելի է ենթադրութիւններ անել, բայց այս պահին չպէտք է առաջնորդւենք ենթադրութիւններով»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ՌԴ նախագահին ուղղւած նամակից յետոյ հայկական կողմն ի՞նչ պէտք է սպասի Ռուսաստանից։

Կիրօ Մանոյեանի բնորոշմամբ՝ այս պահին իրավիճակը ռազմաճակատում արագ փոփոխւող է, եւ քաղաքական ու դիւանագիտական բոլոր քայլերը պէտք է բխեն այդ փոփոխութիւններից։

Անդրադառնալով Թուրքիայի գործողութիւններին եւ Էրդողանի յայտարարութեանը, որ, եթէ Ռուսաստանը մասնակցում է Արցախի հակամարտութեանը, ապա նոյն իրաւունքով կարող է մասնակցել նաեւ Թուրքիան, Կիրօ Մանոյեանն ասաց, որ Ռուսաստանը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նրա ազդեցութիւնը տարածաշրջանում այլ է։

«Թուրքիան սկսել է ամէն տեղ խօսել, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ աշխարհում ինքն է որոշողը, թէ որտեղ զինադադար լինի, որտեղ՝ ոչ։ Օրինակ, Լիբիայի հետ կնքած զինադադարի մասով Թուրքիան կարծես այդքան էլ գոհ չէ, այնտեղ էլ կողմերից մէկին Թուրքիան բացայայտ աջակցութիւն էր ցուցաբերում։ Այսինքն՝ Թուրքիայի դերակատարութեան դրական մասը մինչեւ օրս մենք որեւէ տեղ չենք տեսել, տեսել ենք միայն բացասականը՝ սկսած Սիրիայից՝ մինչեւ Եւրոպայում դաշնակիցների հետ ունեցած խնդիրները։ Թուրքիան ինչ-ինչ նպատակներով ու պատճառներով, առաջին հերթին՝ իր ազդեցութիւնը մեծացնելու նկատառումներից ելնելով, փորձում է Ռուսաստանի հետ հաւասարը հաւասարի հետ խօսել եւ իրականացնել իր համաթուրքական նպատակները։ Հիմա Թուրքիան փորձում է մեր տարածաշրջանում անել այնպիսի բաներ, որոնք որեւէ կերպ չեն կարող օգտակար լինել տարածաշրջանի որեւէ երկրի համար, դրանք կարող են միայն Թուրքիայի համար լծակներ ստեղծել իր ազդեցութիւնն ընդլայնելու համար»,- նշեց Կ. Մանոյեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ամէն ինչ պէտք է անի, որպէսզի Թուրքիան դուրս մղւի ոչ միայն այս պատերազմից, այլեւ տարածաշրջանից։ Ընդ որում, նրա կարծիքով՝ երկրորդը բաւականին բարդ է, այսինքն՝ Թուրքիային տարածաշրջանից դուրս մղելը, իսկ առաջինը բոլորը կը տեսնեն, ընդհուպ՝ միջազգային հանրութիւնը, եւ բոլորն էլ այդ ուղղութեամբ առնւազն հանդէս կը գան յայտարարութիւններով։

«Մենք պէտք է շարունակենք մեր աշխատանքներն այդ ուղղութեամբ, մասնաւորապէս՝ արաբական երկրների հետ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Կրկնում եմ՝ ամէն ինչ պէտք է անենք, որ Թուրքիան այս պատերազմից ու տարածաշրջանից դուրս գայ»,- եզրափակեց Կիրօ Մանոյեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։