«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:
«alikonline.ir» - «Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:
- Այսօրւանից պաշտօնապէս կարգելւի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունէութիւնը Ֆրանսիայում։ Ինչպէ՞ս էք գնահատում այս քայլը, արդեօք սա ինչ-որ նոր իրավիճակ կարո՞ղ է ստեղծել, թէ՞ ոչ:
- Մենք մի քանի շաբաթ առաջ պահանջել էինք, որ Ֆրանսիան արգելի «Գորշ գայլեր»-ին՝ որպէս ծայրայեղական ու վտանգաւոր կազմակերպութիւն: Մենք այս պահանջը ներկայացրել էինք թէ՛ երկրի նախագահ Մակրոնին, թէ՛ ՆԳ նախարարութեանը, թէ՛ մեր կազմակերպած ցոյցերի, թէ՛ բարեկամ պատգամաւորների, թէ՛ ուղղակի անմիջական հանդիպումների միջոցով: Սա քաղաքական պահանջ է՝ հիմնւած իրականութեան վրայ: Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն անձնապէս կազմակերպում է քաղաքական խմբակներ, իսկ «Գորշ գայլերը» այդ խմբակներից ընդամենը մէկն է, թէեւ ամենավտանգաւորն է: Փաստօրէն մեզ լսեց նախագահը, մեզ լսեց կառավարութիւնը, եւ պէտք է շնորհաւորենք, որ շատ արագ որոշում կայացրին, որը մեզ համար շատ գնահատելի որոշում է:
- Ի՞նչ զարգացումներ կան Ֆրանսիայի խորհրդարանում՝ կապւած Արցախի անկախութեան ճանաչման գործընթացի հետ:
- Արցախի հետ կապւած մենք շարունակում ենք մեր աշխատանքները թէ՛ քաղաքական, թէ՛ դիւանագիտական ուղղութիւններով: Թէ՛ Ֆրանսիայի նախագահի, թէ՛ բարձրաստիճան պաշտօնեաների, պատգամաւորների, քաղաքապետների հետ շարունակում ենք մեր աշխատանքը, քաղաքապետների հետ հանդիպումներ ենք ունենում, որպէսզի ճանաչեն Արցախի անկախութիւնը: Դժբախտաբար, այս պահին Ֆրանսիայում չենք կարող ցոյց կազմակերպել՝ կապւած համաճարակի հետ, հետեւաբար՝ այլ տարբեր ձեւերով ենք շարունակում մեր աշխատանքը:
- Ինչպէ՞ս էք գնահատում վերջին զարգացումները՝ յատկապէս Պուտինին ուղղւած Նիկոլ Փաշինեանի նամակն ու դրա արձագանքը: Պատերազմն արդէն մէկ ամսից աւելի ընթանում է, բայց Էրդողանի ու Ալիեւի նկատմամբ միջազգային ճնշումներ այդպէս էլ չկան:
- Թուրքիայի ներդրումը, Էրդողանի ներդրումը Արցախի պատերազմում լրացուցիչ փաստերի կարիք չունի, փաստւած է, որ Թուրքիան ուղղակիօրէն զօրավիգ է կանգնում Ադրբեջանին: Փաստւած է, որ Թուրքիան հաւաքել է մօտ 2 հազար ջիհադիստներ, որոնց ուղարկել է Ադրբեջան, որպէսզի այդ երկրի բանակի հետ պատերազմի հայերի դէմ: Երէկ էլ փաստւեց, որ Էրդողանն ինքն է կազմում Ադրբեջանի նոր կառավարութիւնը: Էրդողանը խաղից դուրս է հանել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարին, որն, ըստ Էրդողանի, շատ ռուսամէտ էր: Էրդողանը Ալիեւին հրաման է տւել, որ բոլոր ռուսամէտ նախարարները հեռացւեն, եւ Էրդողանն ինքը պէտք է առաջարկի՝ թուրքամէտ նախարարներ նշանակւեն: Սա նշանակում է, որ Էրդողանը Պուտինին մարտահրաւէր է նետում: Մեսիջը յստակ այն է, որ Ադրբեջանը թուրքական հող է, եւ Թուրքիան հաստատւում է այնտեղ: Երկրորդ մեսիջն այն է, որ եթէ Ադրբեջանը շահի պատերազմը, Արցախը կը դառնայ թուրքական հող եւ դա եւս մարտահրաւէր է Ռուսաստանին: Արդեօ՞ք Պուտինը կընդունի, որ Էրդողանը ինքը որոշումներ կայացնի այս տարածաշրջանում: Ես այդպէս չեմ կարծում: Պուտինը չի կարող ընդունել, որ Էրդողանն իր առջեւ նման մարտահրաւէրներ դնի: Կարծում եմ՝ ժամանակը հասունացել է, որ Թուրքիայի այս վերջին քայլերից յետոյ Ռուսաստանը մի լաւ դաս տայ Թուրքիային:
- Ըստ էութեան, Էրդողանի վրայ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են ազդե՞լ:
- Ես կարծում եմ, որ միայն Ռուսաստանը կարող է, որովհետեւ Ամերիկան հիմա ուրիշ հարցերի մէջ է, ուրիշ խնդիրների մէջ է: Միայն Ռուսաստանը կարող է ազդել Թուրքիայի վրայ, որովհետեւ դրանք միայն ռազմական ուժն են ճանաչում: Միայն ռազմական ուժով կարելի է տպաւորել Էրդողանին: Եթէ այսօր Ռուսաստանը չկանգնեցնի Թուրքիային, այդ երկիրը կարող է աւելի հեռուն գնալ, խորհրդային նախկին հանրապետութիւնների ուղղութեամբ: Այսինքն՝ մարտահրաւէրն այն է, որ այսօր Թուրքիան ուզում է գրաւել Ռուսաստանի ազդեցութեան գօտիները: Սա պէտք է անընդունելի լինի Պուտինի համար: Այսօր ժամանակն է, որ Ռուսաստանը կանգնեցնի Էրդողանին: