Հա

Ազգային

11/11/2020 - 08:10

«Հանրահաւաքն օրինական է, բոլորին յորդորում ենք մասնակցել, ոստիկանութեանը՝ նաեւ աջակցել». Ա. Մինասեան

17 կուսակցութիւնների խորհուրդն 2020 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 13-ին Երեւանի Ազատութեան հրապարակում հրաւիրել է համապետական հանրահաւաք: Վերազանցելով իր լիազօրութիւնները՝ ՀՀ ոստիկանութիւնը յայտարարել է, որ ռազմական դրութեան պայմաններում արգելւում են հաւաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Ըստ այդմ, յորդորել է զերծ մնալ  հաւաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց եւ դրանց մասնակցելուց։

«alikonline.ir» - 17 կուսակցութիւնների խորհուրդն 2020 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 13-ին Երեւանի Ազատութեան հրապարակում հրաւիրել է համապետական հանրահաւաք: Վերազանցելով իր լիազօրութիւնները՝ ՀՀ ոստիկանութիւնը յայտարարել է, որ ռազմական դրութեան պայմաններում արգելւում են հաւաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Ըստ այդմ, յորդորել է զերծ մնալ  հաւաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց եւ դրանց մասնակցելուց։

Օրինակա՞ն է, արդեօք, ՀՀ ոստիկանութեան այս պահանջը. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը խնդրի առնչութեամբ Yerkir.am-ին ներկայացրեց հետեւեալը. «Արձանագրում ենք, որ ոստիկանութիւնն այս յայտարարութեամբ ոչ միայն փորձում է անհամաչափօրէն սահմանափակել քաղաքացիների իրաւունքները, այլ նաեւ խախտում է ՀՀ Սահմանադրութեան եւ «Հաւաքների ազատութեան մասին» ՀՀ օրէնքով երաշխաւորւած հաւաքների ազատութեան քաղաքացիների իրաւունքը: Մասնաւորապէս՝ Սահմանադրութեան 44-րդ յօդւածի համաձայն, իւրաքանչիւր ոք ունի խաղաղ, առանց զէնքի հաւաքներին ազատօրէն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրաւունք: Այս իրաւունքը կարող է սահմանափակւել միայն օրէնքով: «Հաւաքների ազատութեան մասին» ՀՀ օրէնքի որեւէ դրոյթ չի նախատեսում 2020 թ. նոյեմբերի 11-ին հրաւիրւած խաղաղ հանրաւաքին մասնակցելու արգելք»:

Ոստիկանութեան այն հիմնաւորման առիթով, թէ իբր 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարութեան որոշմամբ երկրում յայտարարւել է ռազմական դրութիւն եւ դրանով իսկ արգելւել է հաւաքներ անցկացնելը կամ մասնակցելը, Ա. Մինասեանը նշեց. «Սահմանադրութեան 76-րդ յօդւածը, որը նախատեսում է քաղաքացիների հիմնական իրաւունքների՝ արտակարգ կամ ռազմական դրութեան ժամանակ սահմանափակումներ, յստակ ամրագրել է, որ նոյն յօդւածով նախատեսւած բացառութիւններից զատ միւս իրաւունքները, այդ թւում՝ հաւաքների ազատութիւնը կարող է օրէնքով սահմանւած կարգով ժամանակաւորապէս կասեցւել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկւել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրութեան ժամանակ պարտաւորութիւններից շեղւելու վերաբերեալ ստանձնւած միջազգային պարտաւորութիւնների շրջանակներում: Հաւաքների ազատութեան սահմանափակման, այլ ոչ թէ արգելման համանման նորմ սահմանւած է նաեւ «Ռազմական դրութեան իրաւական ռեժիմի մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդւածով: Այսինքն խօսք չի կարող լինել հաւաք անցկացնելու կամ դրան մասնակցելու արգելքի մասին: Երկրորդ՝ Ոստիկանութեան կողմից վկայակոչւած՝ կառավարութեան որոշմամբ նախատեսւած հաւաքների կազմակերպման, անցկացման եւ դրանց մասնակցութեան արգելքը ոչ միայն չի համապատասխանում վերը նշւած օրէնսդրական պահանջներին, այլ նաեւ, ըստ էութեան չկան այն հիմքերը, որոնց առկայութեամբ երկրում մտցւել էր ռազմական դրութիւն: Այսինքն, ՀՀ կառավարութիւնը կարող էր վերացնել ս.թ. սեպտեմբերի 27-ից երկրում մտցւած ռազմական դրութիւնը: Մինչդեռ կառավարութեան անգործութիւնը վկայակոչելով՝ Ոստիկանութիւնը փորձում է չհիմնաւորւած սահմանափակել քաղաքացիների՝ հաւաքների ազատութեան իրաունքը»:

Ստացւում է, որ որդեգրւած քաղաքականութեամբ՝ ՀՀ կառավարութիւնը եւ վարչապետին ենթական ՀՀ ոստիկանութիւնը փորձում են ոչ իրաւաչափօրէն արգելափակել ՀՀ քաղաքացիների՝ իշխանութիւններին պահանջներ ներկայացնելու համար հրաւիրւած խաղաղ եւ սահմանադրութեամբ երաշխաւորւած՝ հաւաքների ազատութեան իրաւունքը:

Ա. Մինասեանը դատապարտում է այս գործելաոճը՝ ոստիկանութիւնից պահանջելով պահպանել ՀՀ գործող օրէնսդրութիւնը եւ յորդորելով վերջինիս՝ առաջնորդւել Սահմանադրութեամբ եւ «Հաւաքների ազատութեան մասին» ՀՀ օրէնքի 32-րդ յօդւածով նախատեսւած ոստիկանութեան համար սահմանւած պարտականութեամբ, որի համաձայն ոստիկանութիւնն իր իրաւասութիւնների սահմաններում պարտաւոր է աջակցել խաղաղ բնոյթ նախատեսող, շտապ հաւաքին։

«Ըստ այդմ, եւս մէկ անգամ վերահաստատում ենք ս.թ. նոյեմբերի 11-ին, ժամը 13-ին Երեւանի Ազատութեան հրապարակում հանրահաւաք անցկացնելու մեր օրինական որոշման մասին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրաւիրում ենք մասնակցել այդ հաւաքին»,- եզրափակեց ՀՅԴ ՀԳՄ անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։