Ոչ, ուշացած քայլ չէ, միշտ էլ կարելի է ասել, որ ամէն պահն աւելի ուշ է, բայց որ սկսել ենք՝ կը հասցնենք աւարտել, վիճակը փրկել։ Այս մասին Կառավարութեան դիմաց՝ հանրահաւաքի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրանտ Մարգարեանը։
«alikonline.ir» - Ոչ, ուշացած քայլ չէ, միշտ էլ կարելի է ասել, որ ամէն պահն աւելի ուշ է, բայց որ սկսել ենք՝ կը հասցնենք աւարտել, վիճակը փրկել։ Այս մասին Կառավարութեան դիմաց՝ հանրահաւաքի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Հրանտ Մարգարեանը։
«Ինքն է (նկատի ունի վարչապետին,- հեղ․) գլխաւոր չարիքը: Վերջապէս ինքը 2.5 տարի այս երկիրը առաջնորդել է դէպի պարտութիւն, եւ այդ պարտութիւնը մենք ստացել ենք իր պատճառով: Բանակը վարկաբեկեց, սպայական կազմը վարկաբեկեց, սպառազինութիւն տեղի չունեցաւ, յարաբերութիւնները փչացրեց, արեց ամէն ինչ, որ մենք դառնանք պարտւող ազգ: Եւ սա է, որ պէտք է կանխել, փոխել եւ պէտք է իրեն փոխելով սկսել»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, թէ վարչապետը մինչ այս պահը շարունակում է մանիպուլիացնել հասարակութեանը, կը յաջողի՞ իրեն, Հրանտ Մարգարեանն ասաց, որ վարչապետը միշտ էլ փորձել է մանիպուլացնել։
«Այս վերջերս ասել է՝ վրէժը պէտք է Երեւանում լուծենք, փոխանակ ասի՝ վրէժը պէտք է թշնամուց լուծենք: Այնքան բան ենք կորցրել թշնամուն, որ նրանից վրէժ լուծելը ամէն հայի առաքելութիւնն է, բայց ինքը դեռ փորձում է շեղել ժողովրդին, թուրքից բերի ներս, ներսում քաղաքացիական պատերազմ սկսի, բախումներ սկսի: Ինքը չարիք է, իսկապէս չարիք է»,- ասաց նա։
ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ, եթէ Նիկոլ Փաշինեանի մտքում չլինէր տարածքներ զիջելը, մենք տարածք չէինք զիջի։
«Հարցը նրանում է, որ իր մտքում արդէն ունէր։ Լեւոնի աշակերտն է եղել ինքը, Լեւոնի մօտ է դաստիարակւել եւ մեծացել, ինքը Լեւոնի պէս մտածում էր, որ այդ տարածքները պէտք է տան, եւ տւեց ամենախայտառակ ձեւով»,- նշեց նա։
Հրանտ Մարգարեան ասաց, որ պատերազմի օրերին Արցախում է եղել, ինքը տեսել է, թէ ինչպէս են տղաները կռւում, մահը դիմագրաւում։
«Ով հողը յանձնում է, իրեն հողին են յանձնում, սա պէտք է գիտակցել»,- յաւելեց Հրանտ Մարգարեանը։