Հայեր, իր վերջին ժամերը հաշւող ապիկար կառավարութիւնն ու նրա ղեկավարը անհիմն թեզեր են դրել շրջանառութեան մէջ, թէ իշխանափոխութիւնից յետոյ կը վերսկսւի պատերազմը, նոր զոհեր ու աւերածութիւններ կունենանք: Այս ստոր սուտը յօրինել են վարչապետ կոչւածն ու նրա մարդիկ, որոնք իրենց վարած քաղաքականութեամբ պատճառ դարձան այս սոսկալի պատերազմի, հազարաւոր զոհերի ու հայրենի հարիւրաւոր բնակավայրերի աւերմանը:
ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
Հայեր, իր վերջին ժամերը հաշւող ապիկար կառավարութիւնն ու նրա ղեկավարը անհիմն թեզեր են դրել շրջանառութեան մէջ, թէ իշխանափոխութիւնից յետոյ կը վերսկսւի պատերազմը, նոր զոհեր ու աւերածութիւններ կունենանք: Այս ստոր սուտը յօրինել են վարչապետ կոչւածն ու նրա մարդիկ, որոնք իրենց վարած քաղաքականութեամբ պատճառ դարձան այս սոսկալի պատերազմի, հազարաւոր զոհերի ու հայրենի հարիւրաւոր բնակավայրերի աւերմանը: Այդ խայտառակ հերիւրանքի նպատակը մէկն է՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին հեռու պահել հայրենիքի փրկութեան հանրահաւաքներից ու հնարաւորինս երկարաձգել թաւշեայ փափկամորթների խղճուկ իշխանութիւնը:
Արդ՝ իւրաքանչիւր հայ մարդ պէտք է իմանայ, որ 45 օր տեւած պատերազմը դադարել է ոչ թէ ՀՀ այս անմեղսունակ կառավարութեան ջանքերով, այլ այդ կառավարութեան եւ նրա ղեկավարի անվերապահ կապիտուլեացիայի արդիւնքում: Իւրաքանչիւր հայ պէտք է իմանայ, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հորդաները կանգ են առել ոչ թէ թաւշեայ առաջնորդի հանճարի, այլ այն ուժերի ու անհատների շնորհիւ, որոնց աներեւակայելի ջանքերով Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդը միայնակ չմնացին մեր հայրենիքն ու մեր պետականութիւնը հիմնայատակ քանդելու ելած համաշխարհային ուժային կենտրոնների ու թուրքական բանակների դէմ:
Իւրաքանչիւր հայ մարդ պէտք է հասկանայ, որ Ադրբեջանը չէր համարձակւի ներխուժել արցախցու տուն, եթէ վստահ չլինէր, որ Հայաստանի թաւշեայ իշխանութիւնն ամէն ինչ արել է, որպէսզի Հայաստանը դուրս դնի վերպետական պաշտպանական կառոյցներից եւ բնական դաշնակիցների շրջանակից:
Ադրբեջանն անցած 30 տարիների ընթացքում արդէն համակերպւել էր հայերի բնօրրանը՝ Արցախը, անդառնալիօրէն կորցնելու մտքի հետ: Արցախը վերադարձնելու յոյսեր Բաքւում եւ Անկարայում արթնացրել է մէկ մարդ, եւ այդ մարդը թաւշեայ խեղկատակութեան առաջնորդն է՝ արտաքին քաղաքականութիւնից ու ռազմագիտութիւնից անտեղեակ մի մարդ՝ էութեամբ հովիւ, ներքին խառնւածքով՝ չտես, առողջապահական թերթիկով՝ անմեղսունակ: Յանկարծահաս փառքից շլացած այդ մարդուն թւաց, թէ իր արտասահմանեան տէրերի աջակցութեամբ կարողանալու է Ռուսաստանի Դաշնութեանը վռնդել Հարաւային Կովկասից եւ նրա ոխերիմ հակառակորդ Թուրքիայի համար ճանապարհ հարթել դէպի արեւելք, դէպի Միջին Ասիա, իսկ այնուհետեւ դէպի Ռուսաստանի խորքերը: Ի՞նչ իմանար էութեամբ հովիւը, որ իր հայրենակործան քայլերն աւարտւելու են հայկական երկու պետականութիւն կորստեան դուռը հասցնելով:
Հայաստանի իշխանութեան ղեկին այդ հովւի գոյութեան իւրաքանչիւր օր ու ժամ այլեւս յղի է Հայաստանի եւ Արցախի վերջնական կործանման վտանգով: Ոչ ոք չի կարող ասել, թէ այս ամենը հայ ժողովրդի գլխին բերելուց յետոյ ինչ ուրիշ դաւեր է նիւթում այդ ողորմելի չտեսը՝ իր ու իր ընտանիքի հետագայ բարօրութիւնը ապահովելու եւ բազմապատկելու համար: Նա իր ստոր դաւաճանութիւնը տակաւին չի հասցրել աւարտին: Մենք երկար ենք հանդուրժել կամակոր անմեղսունակին, նոյնիսկ չափից աւելի, բայց թոյլ տալ, որ նա աւարտին հասցնի իր սեւ գործը, կը նշանակի լինել նրանից աւելի անճարակ, նրանից աւելի անտարբեր հայ մարդու ճակատագրի հանդէպ:
Եւ ուրեմն՝ իւրաքանչիւր հայ մարդ պէտք է իմանայ, որ չարիքը կանգնեցնելու, հակահայ երեւոյթը մեր միջից դուրս նետելու, 2,5-ամեայ մղձաւանջը մեր լեռներից վանելու սուրբ գործի թիւ մէկ պատասխանատուն ինքն է ու պէտք է ոտքի կանգնի՝ երկիրը կանգնեցնելու, երկրի մէջքը շտկելու, հայոց պետականութիւնը ժամանակի յարատեւ ընթացքի մէջ պահելու համար:
Մենք շատ ենք եւ մեզ հայ են ասում: Մենք գալիս ենք Երկիր մոլորակի վրայ արեւի ծագման առաջին օրից ու հասնելու ենք մինչեւ վերջին օրերը մարդկութեան, երբ Թուրքիայի ու թուրքի մասին կը խօսեն որպէս մարդկութեանը պատուհասած ու պատմութեան խորքերում անհետացած չար երազի: Հայը չի կարող ընկրկել թուրքի առաջ, ինչ է թէ Հայաստանում մի հրէշ փակել է ապագայի ճանապարհը: Ապագան մերն է, հրէշը, ով էլ լինի, պէտք է հեռանայ: