Հա

Ազգային

17/11/2020 - 09:15

Իշխան Սաղաթելեանը ներկայացրեց «Հայրենիքի փրկութեան շարժման» ճանապարհային քարտէզը․ պէտք է բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հրապարակեց «Հայրենիքի փրկութեան շարժման» ճանապարհային քարտէզը 17 կուսակցութիւնների խորհրդի նախաձեռնած հանրահաւաքի ժամանակ Ազատութեան հրապարակում։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը հրապարակեց «Հայրենիքի փրկութեան շարժման» ճանապարհային քարտէզը 17 կուսակցութիւնների խորհրդի նախաձեռնած հանրահաւաքի ժամանակ Ազատութեան հրապարակում՝ յայտնում է Yerkir.am-ը։

Ճգնաժամային վիճակից երկիրը դուրս բերելու քայլերը հետեւեալն են.

«Զինադադարի հաստատման եռակողմ յայտարարութիւնը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծւած պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտութիւն։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպէս ժողովրդի թիկունքում կնքւած կապիտուլեացիայի ստորացուցիչ պայմանագիր։

Սակայն ամէն ինչ աւարտւած չէ․ անհրաժեշտ է դիւանագիտական ճանապարհով, բանակցութիւների միջոցով՝ ո՛չ թէ պատերազմի, փորձել ստեղծւած իրավիճակում մեր զիջումները հասցնել նւազագոյնի։

Առաջին հերթին պէտք է առաջիկայ բանակցութիւններում բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում եւ հասնել Արցախի անկախութեանը։

Դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող․ այս ձախողած ստախօս անյաջողակ մարդը այլեւս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Այս մարդը չի կարող հայ ժողովրդին ներկայացնել միջազգային բեմերում։ Ինքը այլեւս ի վիճակի չէ բանակցութիւններ վարել, նրան զանգում եւ ասում են՝ ինչ անի։ Ինքը մեզանից խլել է մեր արժանապատւութիւնը, ինքնասիրութիւնը։ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ, նա խոչընդոտ է մեր նպատակների իրականցման ճանապարհին։

Նիկոլ Փաշինեանի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհները երկուսն են․ առաջինը՝ որ Նիկոլ Փաշինեանը հասկանար ու հրաժարական տար, այդ ճանապարհից ինքը հրաժարւել է, երկրորդ՝ անյապաղ ԱԺ-ն պէտք է հրաւիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրութեան վերացում եւ Նիկոլ Փաշինեանի պաշտօնանկութիւն։

Նիկոլ Փաշինեանի հեռացումից յետոյ ԱԺ-ն պէտք է ընտրի վարչապետ՝ ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւաւորի Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութիւն։

Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութիւնը լուծելու է 3 խնդիր․

առաջին՝ հնարաւորինս վերատեսութեան ենթարկել զինադադրի յայտարարութեամբ նախատեսւած համաձայնութիւնները եւ նւազագոյնի հասցնել մեր կորուստները,

երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղութեամբ, այսինքն, հետպատերազմեան այս ծանր հետեւանքներով պէտք է զբաղւի եւ վերացնի, որովհետեւ այսօրւայ կառավարութիւնը՝ այս անմեղսունակների, անգրագէտների կառավարութիւնը սա ի վիճակի չէ անելու,

երրորդ՝ սեղմ ժամկէտներում կազմակերպի ազատ, արդար, հաւասար պայմաններով խորհրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում մեր ժողովուրդը կը ձեւաւորի նոր իշխանութիւն»։

Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ սա է այն իրաւական ճանապարհը, որը մենք բոլորս՝ ուս-ուսի տւած պէտք է կազմակերպենք եւ հասնենք դրան։ 

Նա նշեց, որ Արցախը հայ ժողովրդի նորանկախ պատմութեան ամենամեծ ձեռքբերումներից էր, Արցախը համայն հայ ժողովրդի ամենամեծ հոգածութեան, հպարտութեան, արժանապատւութեան սիմւոլն ու աղբիւրն էր, բայց երկուսուկէս տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահութիւնը, եկաւ իշխանութեան եւ դրանք մարդիկ էին, որոնք իրենց անցեալով, կենսագրութեամբ, գործունէութեամբ որեւէ կապ չունէին Արցախի ազատագրական պայքարի եւ մեր ազգային համակարգի հետ։

«Անցնող երկուսուկէս տարւայ ընթացքում ՀՀ իշխանութիւնը զաւթած խմբակը ամէն ինչ արեց մեր ազգային դիմադրողականութիւնը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, պայքարելով մեր եկեղեցու, մեր պատմութեան, մեր ազգային արժէքների դէմ, դրանով հետեւողականօրէն թուլացնելով մեր ազգային դիմադրողականութիւնը»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ այս իշխանութիւնը նաեւ քայքայիչ գործունէութիւն իրականացրեց բանակում․ ապրիլեան յանձնաժողովը դրա վառ ապացոյցն էր։

«Նա հետեւողականօրէն պառակտեց եւ վարկաբեկեց բանակի գեներալիտետին, զինւորներին։ Այդ գործը վստահւած էր «Անդրանիկ Քոչարեան» անունով ծերունի աւազակին, ով հետեւողականօրէն վարկաբեկեց Հայաստանի բանակը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա ընդգծեց, որ երկրի վարչապետը արցախեան հարցի հետ կապւած չի ունեցել որեւէ հայեցակարգ։ Անցնող երկուսուկէս տարւայ ընթացքում իրար հակասող, անհասկանալի բազմաթիւ յայտարարութիւններ է արել․ նախ՝ ասել է, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների սեղանի շուրջ, այնուհետեւ ասել է՝ ժողովուրդը պէտք է որոշի, դրանից յետոյ ասել է՝ պէտք է մէջտեղ բերենք հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ դրանից յետոյ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

«Այս մարդը անհասկանալի է եղել եւ չի ունեցել հարցի լուծման հայեցակարգ, փչացրել է մեր յարաբերութիւնները մեր ռազմավարական դաշնակից երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Իր գործողութիւնների արդիւնքում  բերեց, հասցրեց պատերազմի։ Իսկ պատերազմի ողջ ժամանակահատւածում իր անգործութեամբ եւ դաւաճանական քայլերով մեզ՝ հայ ժողովրդին, կանգնեցրեց այս դժբախտութեան եւ փաստի առաջ»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինեանը այս օրերին մեղադրում է բոլորին՝ բանակին, ժողովրդին, այնինչ բոլորն իրենց գործն արել են, բացի մէկ մարդուց․ «Այս ամենի մեղաւորը մէկ մարդ է, որի անունն է «Նիկոլ Փաշինեան»»։

Նա որպէս փաստ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինեանը ստացել է 12 հազար քկմ Արցախ եւ այսօր յաջորդ իշխանութիւններին է ժառանգելու 2.5 հազար քկմ։

«Եւ սրա ամբողջ պատասխանատւութիւնը կրում է Նիկոլ Փաշինեանը»,- յայտարարեց նա։

Դժբախտաբար, այս մարդը այսքանից յետոյ նորից խելքի չի եկել։

«Ժողովուրդ, սա անեծք է հայ ժողովրդի գլխին, սա պատիժ է մեր բոլորի գլխին, Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ»,- յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։