Հա

Ազգային

22/11/2020 - 10:20

«Դրօշակ»-ի առաջնորդող. Պայքար, որի վախճանն է փրկութիւն

Հայ ժողովուրդը արիւնով ու արցունքով գրում է իր պատմութեան սեւ էջերից մէկը: Պարտադրւած պարտութիւնը ոչ միայն կորուստ է հայրենի հողի, տան, ինչքի, հարազատի գերեզմանի, խաչքարի ու եկեղեցու, նորահաս սերնդի, նւաճւած ազատութեան, ապրած տարիների, ապագայի երազանքի, այլեւ բզկտւած հայրենիքի վաղւայ օրւայ ապահովութեան:

Հայ ժողովուրդը արիւնով ու արցունքով գրում է իր պատմութեան սեւ էջերից մէկը: Պարտադրւած պարտութիւնը ոչ միայն կորուստ է հայրենի հողի, տան, ինչքի, հարազատի գերեզմանի, խաչքարի ու եկեղեցու, նորահաս սերնդի, նւաճւած ազատութեան, ապրած տարիների, ապագայի երազանքի, այլեւ բզկտւած հայրենիքի վաղւայ օրւայ ապահովութեան: Պարտւե՞ց հայ ժողովուրդը, որտե՞ղ եւ ինչպէ՞ս պարտւեց, պարտւեց հայրենիքի փրկութեան կրակների մէջ նետւելու իր պատրաստակամութեա՞մբ, պարտւեց անհաւասար կռւի մէ՞ջ, անօրինակ սխրանքների ու ինքնազոհաբերման բովո՞ւմ, յանուն մէկ թիզ հողի զաւակին մատաղելու հայ մօր աստւածային զոհաբերութեա՞մբ, թէ՞ հայրենիքի փրկութեան համար մէկ բռունցք դառնալու իր համազգային գիտակցութեամբ: Հայ ժողովուրդը չպարտւեց, բայց նրան յաղթեցին:

Հայ ժողովրդի դէմ դուրս եկան 90 միլիոնը գերազանցող բնակչութեամբ երկու պետութիւն, համաշխարհային ահաբեկչական շարժումը՝ միջազգային մարդասիրական օրէնք չճանաչող իրենց վայրենի էութեամբ ու ձեռագրով, արդարի հանդէպ ողջ աշխարհի կամազուրկ կարեկցանքի եւ զաւթիչի նկատմամբ քաջալերող լռութեան պայմաններում:

Հայ ժողովրդին հայրենական պատերազմ պարտադրւեց այն պահին, երբ իր վայ-առաջնորդները պառակտել էին ազգը, կոտրել էին նրա ոգին, աղաւաղել էին ազգային գիտակցութիւնը, հալածել ու մեկուսացրել էին նրանց, ովքեր կառավարելու եւ պատերազմելու փորձառութիւն ունէին, երբ ամբարտաւան խոստումների ներքոյ խաթարւած էր երկրի զարգացման ընթացքը, պետութիւնը կորցրել էր իր վարկը, բարեկամին ու դաշնակցին, եւ ապազգային օտարասուն տարրը զբաղւած էր սեփական բարեկեցութեան ապահովման եւ երկրի սեփականութեան վերաբաշխման ընչաքաղց մրցավազքով:

Այս լինել-չլինելու հերոսամարտում հայ ժողովրդին առաջնորդեց ինքնագոհ, տգէտ, ազգային իդեալներից եւ պատկերացումներից զուրկ, կառավարելու ու պատերազմելու փորձառութիւն չունեցող բախտախնդիր մէկը, որի համար հողի, հայրենակցի ճակատագիրը ստորադաս էր սեփական իշխանութեան անսասանութիւնը ամէն գնով պահպանելու գերնպատակին: Ոճրագործութեան հասնող անպատասխանատւութեամբ նա ամէն ինչ ենթարկեց իր բացարձակ կամքին եւ այս մոլախաղի մէջ խայտառակ կերպով ձախողեց ազգի լինելիութեան գոյամարտը: Յետոյ սեփական իշխանութիւնը պահպանելու գերխնդիրը օտարների կողմից երաշխաւորւած տեսնելու համար նա գաղտնաբար, իւրացնելով իրեն չպատկանող սահմանադրական իրաւասութիւնները, պարտւողագիր ստորագրեց` ընդունելով պարտադրւած բոլոր պայմանները, չառաջադրելով եւ փոխարէնը չստանալով ոչինչ:

Բայց նոյնիսկ այսքանով հայ ժողովրդի ողբերգութիւնը չի աւարտւում: Վայ-առաջնորդի առաջ հեռանալու պայման է դրւում` նոր մարդկանցով, այս անգամ քաղաքական-դիւանագիտական նոր պայքար սկսելու համար՝ հնարաւորը փրկելու փափագով: Ապազգային բախտախնդիրը, սակայն, ոչ մի դաս չի քաղել, նրան չի յուզում ո՛չ հայրենի հողի, ո՛չ նրա ապագայի սերնդի կորուստը, նա ամէն գնով կառչած է աթոռից եւ յանուն դրա պահպանութեան որոճում է նոր դաւեր ու բռնութիւններ ազգային փրկութեան երազանքը փայփայողների նկատմամբ:

Նա ցանկանում է ապահովել պայմաններ, երբ կը կարողանայ հայրենիքի մէկ հատւածը ծախելու, իսկ միւսի ապագան թուրքական ուժից կախման մէջ դնելու դաւադրութիւնը հասցնել իր աւարտին:

Ի՞նչ ապագայ է ունենալու հայկական շունչը պահպանած արցախեան վերջին հողակտորը` առանց կարգավիճակի, որ նշանակում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Ի՞նչ կը լինի հողից կառչած արցախահայութեան հետ հինգ տարի անց, երբ Ադրբեջանի պահանջով ռուսական զօրքը լքի տարածքը: Ի՞նչը կը ստիպի Ադրբեջանին չփակել Բերձորի միջանցքը, ինչպէս կապում են պարկի բերանը:

Վարդենիսից մինչեւ Մեղրի Հայաստանի սահմանին նստած թուրք-ադրբեջանական հորդային ի՞նչը կը ստիպի պղտոր հեղեղի պէս չհորդալ ու ծածկել Հայաստանը, երբ Ռուսաստանը սուզւի հերթական յեղափոխական ալեկոծութեան մէջ, կամ իշխանութեան գայ թուրքասէր բոլշեւիկակերպ հերթական իշխանութիւնը: Դաւադիր գործարքի հետեւանքով արցախեան հակամարտութեան հետ առնչութիւն չունեցող Մեղրիով թշնամուն յանձնւելիք ճանապարհի համար ի՞նչ երաշխիք կայ, որ ամբողջութեամբ չի տնօրինւելու վերջինիս կողմից կամ ուղղակիօրէն չի գրաււելու: Ունի՞ այս հարցերի պատասխանը Հայաստանի մեծամիտ ու աթոռապաշտ միապետիկը: Իր իսկ խոստովանութեամբ` այդ ամենը անորոշ է: Եթէ դեռ թուրքական ոտնձգութեան չենթարկւածի ապագան անորոշ է, ապա որոշակի է այն, ինչ թշնամուն յանձնել է երկրի ամբողջականութեան ապահովման թիւ մէկ պատասխանատուն:

Պարտութեան այս խայտառակ գործարքից յետոյ կամաւոր չհեռանալն ու ազգային համախումբ ուժերին փրկութեան ուղիներ որոնելու հնարաւորութիւն չընձեռելը այլ անուն չի կարող ունենալ, բացի դաւաճանութիւնից: Կայ այն, ինչ կայ: Մի իրողութիւն, որի հետ երբեք չի կարելի հաշտւել, իսկ անօրինական գործարքի վկայագիրը մի օր պատռւելու ու դեն է նետւելու: Կանգնած ենք ճակատագրական ընտրութեան առաջ, իսկ հայրենիքը հայրենասէրի համար սակարկութեան առարկայ չի կարող լինել: Այս պայքարը մէկ վախճան միայն կարող է ունենալ, որի անունն է յաղթանակ:

 

«Դրօշակ», թիւ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։