Print this page
23/11/2020 - 11:30

Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ Վրաստանը

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի լայն աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած արիունալի պատերազմին Վրաստանի «մասնակցութիւնը» (խօսքը, իհարկէ, դիրքորոշման, չէզոքութեան պահպանման կամ կողմերից որեւէ մէկին այս կամ այն կերպ աջակցելու մասին է) տեղիք տւեց հայ եւ օտար շրջանակներում բազմաթիւ քննարկումների, մեկնաբանութիւնների, անգամորոշ մեղադրանքների: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի լայն աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած արիունալի պատերազմին Վրաստանի «մասնակցութիւնը» (խօսքը, իհարկէ, դիրքորոշման, չէզոքութեան պահպանման կամ կողմերից որեւէ մէկին այս կամ այն կերպ աջակցելու մասին է) տեղիք տւեց հայ եւ օտար շրջանակներում բազմաթիւ քննարկումների, մեկնաբանութիւնների, անգամորոշ մեղադրանքների: Զուգահեռաբար կրկին ակտիւացան հակամարտող կողմերի զինամատակարարման եւ զինտեխնիկայի փոխադրման տարանցիկ ուղիների վերաբերեալ պաշտօնական յայտարարութիւնները, որոնք ոչ միշտ էին համահունչ մասնագիտական եւ հանրային շահագրգիռ շրջանակների ձեռքերում յայտնւած փաստերին:

Վրաստանը տնտեսական, էներգետիկ, ռազմական, տարանցիկ եւ այլ ոլորտներում խոր կախւածութիւն ունի իր հարեւաններ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Եթէ այս ամենին գումարենք նաեւ երբեմն ծայրայեղութեան հասնող արեւմտամէտ, դէպի ՆԱՏՕ ձգտող, միեւնոյն ժամանակ հակառուսական քաղաքականութիւնը, ապա «Վրաստանն ինչպէ՞ս կը դրսեւորի իրեն ուժերի «ուղղահայեաց» եւ «հորիզոնական» առանցքների օղակների (ՀՀ-Արցախ, Ադրբեջան) միջեւ ընթացող արիւնալի պատերազմի օրերին, երբ վաղուց ներքաշւած է «հորիզոնական» ուժային վեկտորի մէջ» հարցադրումը միանգամայն հասկանալի է:

 

Պատերազմի նախօրեակին

Նախապատերազմական շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Վրաստանի օդային տարածքով յաճախակի թռիչքներ են կատարել երկու երկրների միջեւ: Հայկական եւ միջազգային փորձագիտական շրջանակները, սակայն, պատերազմի նախօրեակին բարձրաձայնել էին, որ, սկսած սեպտեմբերի 23-ից, այդ թռիչքների թիւը կտրուկ աճել է: Նշւած ժամանակահատւածում Թուրքիայի Կայսերի, Թեքրիդաղ եւ այլ քաղաքների օդակայաններից Վրաստանի օդային տարածքով դէպի Ադրբեջանի Գեանջա (Գանձակ), Եւլախ եւ Բաքու քաղաքների օդակայաններ եւ հակառակ ուղղութիւններով գերակտիւ թռիչքներ են իրականացրել ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները՝ հաւանաբարԱդրբեջան տեղափոխելով մեծաքանակ զինտեխնիկա:

Աւելին՝ ինչպէս Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, այնպէս էլ ադրբեջանական մասնաւոր «Silk Way West» աւիափոխադրողին պատկանող բեռնատար ինքնաթիռները նշւած ժամանակահատւածում կրկին Վրաստանի օդային տարածքով ակտիւ թռիչքներ են իրականացրել նաեւ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայէլ եւ հակառակ երթուղիներով: Եթէ հաշւի առնենք պատերազմի ողջ ընթացքում կիրառւած իսրայէլական արտադրութեան անօդաչու թռչող սարքերի ու այլ տեսակի զինտեխնիկայի ահռելի քանակը, ինչպէս նաեւ այն իրողութիւնը, որ Իսրայէլը Ադրբեջանին զէնք մատակարարող հիմնական երկրներից մէկն է, պարզորոշ է, որ պատերազմի նախօրեակին թռիչքների նման ակտիւացումը խօսում է զինտեխնիկայի փոխադրման քանակական աճի մասին: Ըստ այդմ՝ Իսրայէլը եւս Թուրքիայի հետ մէկտեղ մասնակցել է Արցախի դէմ ակտիէ ռազմական գործողութիւնների նախապատրաստմանը:

 

Պատերազմ, քաղաքական յայտարարութիւններ

Պատերազմի առաջին իսկ օրերին Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշւիլին յայտնեց, որ «….իր դիրքորոշումը լիովին ակնյայտ է, որը հիմնւած է տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք է, եւ որեւէ բան չի փոխի այդ հանգամանքը»: Որեւէ նորութիւն չպարունակող, իրավիճակի վրայ ոչ մի ազդեցութիւն չունեցող, այդուհանդերձ, պատերազմի օրերին աղմուկ հանած այդ յայտարարութեանը Վրաստանի պետական այրերը շտապեցին արձագանքել՝ միաժամանակ ներկայացնելով Վրաստանի պաշտօնական դիրքորոշումը, երկրի տեղն ու դերը արցախա-ադրբեջանական պատերազմի հարցում: Մ. Սահակաշւիլիի յայտարարութեան հրապարակման հէնց յաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, նշւած յայտարարութիւնը Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխօսնակ Գիա Վոլսկին որակեց սադրանք: Յայտարարելով, որ Վրաստանն առաւելագոյնս ձեռնպահ եւ չէզոք պէտք է լինի, Գ. Վոլսկին նշել է հետեւեալը. «Ապակայունացման եւ վնաս պատճառելու դրսեւորում է մի կողմին աջակցութիւն յայտնելն ու դիրքորոշում արտայայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է հարեւանութեամբ միայն խաղաղութիւն ունենալը: Սահակաշւիլիի նպատակը վրացիների հետ հարիւրաւոր տարիներ խաղաղ բնակւող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթէ Սահակաշւիլիի երազանքը կատարւի, այս ամենը կը վերածւի հակամարտութեան: Այդ յայտարարութիւնն այլ բան չի կարող նշանակել»:

Չնայած այս յայտարարութեանը՝ պատերազմի առաջին իսկ օրերին տեղեկութիւններ շրջանառւեցին, որ Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան է տեղափոխւում ոչ միայն թուրքական եւ իսրայէլական զինտեխնիկա, այլեւ ահաբեկչական խմբեր Սիրիայից եւ այլն: Դրութիւնը Վրաստանում լարւեց յատկապէս այն ժամանակ, երբ Վրաստանի սահմանային ծառայութեան աշխատակիցները թոյլ չտւեցին ջաւախահայութեան մարդասիրական օգնութեան բեռները Նինոծմինդա-Բաւրա սահմանային անցակէտով տեղափոխել Երեւան: Ի պատասխան դրան՝ սեպտեմբերի 29-ին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների բնակիչները հաւաքւեցին սահմանային Կարծախ գիւղում եւ փակեցին Թուրքիա-Վրաստան նորակառոյց միջպետական ճանապարհը: Ինչպէս պարզւեց, ջաւախահայութեան նախաձեռնած հանրահաւաքի նպատակներից էր նաեւ Վրաստանի ցամաքային ճանապարհով Թուրքիայից դէպի Ադրբեջան զէնքի ու զինամթերքի տեղափոխութիւնն արգելելը:

Սեպտեմբերի 30-ին այդ ամենը փորձեց հերքել Վրաստանի խորհրդարանի անվտանգութեան եւ պաշտպանութեան յանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշւիլին՝ յայտարարելով, որ Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնայ: «Վրաստանը ղարաբաղեան հակամարտութեան հարցում չէզոք է եւ բարիդրացիական յարաբերութիւններ ունի ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի հետ:

Երկու պետութիւններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխմանն է վերաբերում: Մենք կտրականապէս մերժել ենք բոլորին: Դա գիտեն մեր հարեւաններն ու յարգանքով են վերաբերւում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետեւում ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- յայտարարել է Սեսիաշւիլին` ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ կոչ է անում կողմերին դադարեցնելու կրակը: Նոյն օրը յայտարարութեամբ հանդէս եկաւ նաեւ Վրաստանի վարչապետ Գէորգի Գախարիան՝ նշելով, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձեւաչափով օգնելու դուրս գալու ստեղծւած իրավիճակից, այդ թւում՝ հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխօսութեան նպատակով ընդունելու Թբիլիսիում: Հետաքրքրական է, որ Վրաստանի վարչապետն իր յայտարարութեան մէջ Ադրբեջանի սանձազերծած լայնածաւալ պատերազմն Արցախի դէմ անւանել է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հերթական ռազմական առճակատում»՝ հաւանաբար Ադրբեջանին ցոյց տալու համար, որ Վրաստանը չի ճանաչում Արցախի գոյութիւնն ու չի ընդունում վերջինիս ինքնորոշման փաստը: Այսպէս. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հերթական ռազմական առճակատման հետեւանքով ստեղծւել է բարդ իրավիճակ, կան շատ զոհեր, եւ, ցաւօք, մինչ այժմ չի յաջողւել դադարեցնել ռազմական գործողութիւնները եւ վերսկսել երկխօսութիւնը: Բոլորս էլ լաւ հասկանում ենք, որ իրավիճակի հետագայ սրումը խիստ բացասական ազդեցութիւն կունենայ տարածաշրջանի անվտանգութեան վրայ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային դերակատարները պէտք է առաւելագոյնս օգտագործեն իրենց հնարաւորութիւնները՝ էսկալացիայի դադարեցման եւ երկխօսութեան վերսկսման համար: Ինչպէս գիտէք, մեր երկիրը բարիդրացիական յարաբերութիւններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Պատմականօրէն Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի եւ հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման գործում: Միեւնոյն ժամանակ նրանց համակեցութիւնը լաւ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ունեն ներուժ՝ ամբողջ Հարաւային Կովկասը դարձնելու խաղաղութեան եւ զարգացման տարածք»:

Վրաստանի օդային տարածքով թուրքական եւ իսրայէլական զինտեխնիկայի, ինչպէս նաեւ սիրիացի ահաբեկչական խմբերի՝ Ադրբեջան տեղափոխման մասին բաւականին փաստարկւած հրապարակումները հոկտեմբերի 3-ին փորձեց հերքել Վրաստանի պետանվտանգութեան ծառայութեան ղեկավար Գրիգոլ Լիլուաշւիլին՝ յայտարարելով, թէ նման տեղեկատւութեան տարածման նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է: Վրաստանի տարածքով զէնք-զինամթերքի փոխադրման վերաբերեալ Գ. Լիլուաշւիլին նշել է հետեւեալը. «Հակամարտութեան էսկալացիայից յետոյ Վրաստանը չի սահմանափակել քաղաքացիական բեռների փոխադրումն իր տարածքով։ Միեւնոյն ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակւող ռազմական գործողութիւնների պատճառով Վրաստանի կառավարութիւնը լարւածութեան առաջացումից ի վեր ժամանակաւորապէս դադարեցրել է իր տարածքով՝ ինչպէս ցամաքով, այնպէս էլ օդով, դէպի երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման թոյլտւութիւնների տրամադրումը: Այդ մասին կողմերը տեղեկացւել են»։ Այդուհանդերձ, Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան ռազմական նշանակութեան բեռների փոխադրման վերաբերեալ փաստարկւած հրապարակումները շարունակւեցին նաեւ նշւած յայտարարութիւնից յետոյ: Անդրադառնալով դրանց՝ Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան հոկտեմբերի 13-ին յայտարարեց. «Մենք ցանկանում ենք կրկնել, որ Վրաստանի տարածքով ռազմական տրանզիտ չի իրականացւում: Ըստ Վրաստանում առկա փաստաթղթերի՝ Վրաստանի օդային տարածքով իրականացւող թռիչքները միայն մարդասիրական ու քաղաքացիական բնոյթ ունեն եւ լիովին համապատասխանում են ICAO-ի չափանիշներին»:
Փաստենք, որ այս յայտարարութիւնը եւս չի փարատել շահագրգիռ շրջանակների կասկածները, որոնք արդեն փաստական հիմք ստացան հոկտեմբերի 22-ին: Եթէ մինչ այդ տարբեր հարթակներում խօսւում էր ռազմական բեռների տեղափոխման թոյլտւութիւն ունեցող ադրբեջանական «Silk Way West Airlines» ընկերութեան բեռնատար ինքնաթիռներով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման շարունակականութեան մասին (դրանք վրաց պաշտօնեաներն իրենց յայտարարութիւններում անւանել են «մարդասիրական» կամ «քաղաքացիական» թռիչքներ), ապա հոկտեմբերի 22-ին Վրաստանի երկնքում արդէն յստակօրէն երեւաց Ադրբեջանից դէպի Թուրքիա թռչող՝ Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող «TUAF512» (Airbus A400M-180) ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Հայկական մամուլը, փաստական հենք ունենալով, բարձրաձայնեց այդ մասին, այդուհանդերձ, Թբիլիսին որեւէ պաշտօնական յայտարարութիւն չարեց այդ առիթով:

 

Հայ-ադրբեջանական «հակամարտութիւն» Վրաստանում՝ քաղաքական հողի վրայ

Վրաստանի խորհրդարանի երկու գործող պատգամաւորներ՝ «Միացեալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլէյմանովը եւ «Վրացական երազանք»-ից Ռուսլան Գաջիեւը, պատերազմի հէնց յաջորդ օրն իրենց ֆէյսբուքեան էջերում անդրադարձել են արցախա-ադրբեջանական պատերազմին: Ազեր Սուլէյմանովը Հայաստանին մեղադրել է Հարաւային Կովկասում անկայունութիւն մտցնելու եւ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացնելու, ինչպէս նաեւ Վրաստանի դէմ հյանցագործութիւն կատարելու մէջ: Նա նաեւ բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նշել, որ «վերջինիս որոշիչ քայլերով իրենց հողերը վերջնականապէս կազատագրւեն»: Ռուսլան Գաջիեւը նոյնպէս իր աջակցութիւնն է յայտնել Ադրբեջանին եւ նշել, որ «Ադրբեջանի զինւած ուժերի յաջող ռազմական գործողութիւնները՝ իր տարածքային ամբողջականութիւնը հաստատելու համար, հիմք են տալիս ասելու, որ մեր տարածաշրջանում նման հակամարտութիւնները պէտք է շուտափոյթ լուծում ստանան»: Ադրբեջանցի պատգամաւորների յայտարարութիւններին արձագանքեցին ինչպէս Վրաստանի պետական, այնպէս էլ հայկական հասարակական-քաղաքական շրջանակները:

Նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշւիլին Վրաստանի խորհրդարանի անդամների կողմից արւած յայտարարութիւնն ամօթալի է որակել եւ նշել, որ կուսակցութիւնները պարտաւոր են պարզաբանել կատարւածը. «Բացարձակապէս ամօթալի փաստ է: Նրանք Վրաստանի խորհրդարանի անդամներ են եւ չգիտեն, թէ ինչպէս պէտք է վարւել. սա անընդունելի է եւ մտածելու տեղիք պէտք է տայ կուսակցութիւններին: Փաստ է, որ այս մարդիկ չեն զգում, որ Վրաստանի պատգամաւորներ են եւ որպէս այլ երկրի պատգամաւոր, քաղաքացի կամ նրա շահերը պաշտպանող են ներկայանում: Պետութեան խնդիրն է, որ հակամարտութիւնը լուծւի խաղաղ ճանապարհով, եւ տարածաշրջանում պահպանւի կայունութիւն, իսկ ներկայումս այս քաղաքական գործիչների դիրքորոշումը լրիւ հակառակն է: Չի երեւում, թէ նրանք մտածում են տարածաշրջանի կայունութեան մասին. նրանք ակնյայտօրէն մտածում են տարածաշրջանի անկայունութեան մասին: Առանձին պատգամաւորների այս յայտարարութիւնը խօսում է այն մասին, որ ակնյայտօրէն այս մարդիկ չեն գիտակցում՝ որ երկրի քաղաքացիներ են»:

Բնականաբար, Ադրբեջանը քաջ գիտակցում է Վրաստանի տեղն ու դերը ՀՀ-ի համար` ռազմավարական, տարանցիկ եւ այլ առումներով: Որպէս արդիւնք՝ամէն ինչ արւել եւ արւում է ՀՀ-Վրաստան առանց այն էլ փխրուն յարաբերութիւններում առաւել խոր վիհեր ստեղծելու համար, իսկ այդ քաղաքականութեան լաւագոյն գործիքը Վրաստանում ապրող ադրբեջանական զանգւածն է: Բարեբախտաբար, Վրաստանի պետական-հասարակական շրջանակները, քաջ գիտակցելով այդ ամենը, հնարաւորինս արագ չէզոքացրին ադրբեջանական սադրանքները: Այդ խնդրում կարեւոր դերակատարութիւն ունեցան նաեւ Ջաւախքի հասարակական-քաղաքական շրջանակները: Սամցխէ-Ջաւախքի եւ Քւեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, Վրաստանի խորհրդարանի՝ Ջաւախքից ընտրւած երկու պատգամաւորներից մէկը, Ջաւախքի առանձին շրջանների ՏԻՄ ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններին Ջաւախքից իրենց թեկնածութիւնն առաջադրած մի շարք քաղաքական այրեր իրենց յայտարարութիւններով անվերապահօրէն աջակցեցին Արցախեան գոյապայքարին, դատապարտեցին Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած պատերազմը՝ միաժամանակ յայտարարելով, որ ՀՀ-Վրաստան յարաբերութիւնների վատացմամբ շահագրգիռ ադրբեջանական ուժերն ու անձինք որեւէ կերպ յաջողութեան չեն հասնելու:

Հոկտեմբերի 5-ին յատուկ կոչ-ուղերձով հանդէս եկաւ նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ախալքալաքի ու Գումբուրդոյի վարդապետ Նիկոլոզ Պաչուաշւիլին: Յայտարարելով Վրաստանի կողմից չէզոքութիւն պահպանելու անհրաժեշտութեան մասին՝ նա կողմերին կոչ արեց դադարեցնելու զինւած հակամարտութիւնը եւ գտնելու ընդհանուր լեզու. «Ես՝ վարդապետ Նիկոլոզ Պաչուաշւիլիս, ապրում եմ Ախալքալաք, Գումբուրդո, Կարս կոչւող թեմում: Իմ թեմում հայերը ճնշող մեծամասնութիւն են կազմում՝ ավելի քան 97%։ Ես ապրում եմ հայերի մէջ, շփււմ եմ նրանց հետ, հոգ եմ տանում նրանց մասին, սիրում եմ նրանց։ Եւ հետեւաբար այն, ինչ կատարւում է այժմ Ղարաբաղում, ինձ համար շատ ցաւալի է: Սա բաց վէրք է ոչ միայն ադրբեջանցիների եւ հայերի, այլ նաեւ Վրաստանի եւ, յուսով եմ, ամբողջ աշխարհի համար: Ջաւախքում անյիշելի ժամանակներից բոլոր հովիւները ադրբեջանցիներ են (նկատի ունի Ջաւախքի լեռնային արոտավայրերը վարձակալող անասնապահներին, որոնք ամռանն այս վայրեր են գալիս Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններից - Վ.Ս.), եւ երբեւէ հակամարտութիւն չի եղել ադրբեջանցի եւ հայ բնակիչների միջեւ: Հետեւաբար մենք ես անձամբ եւ վրացիները, եւ վրացական պետութիւնը իրաւունք չունենք որեւէ կողմի սատարելու: Մենք պէտք է ամէն ինչ անենք հաշտութեան համար: Որպէս քրիստոնեայ՝ ես ուզում եմ ձեզ յորդորել սիրել մարդուն եւ սիրել սեփական թշնամուն: Իր հայրենիքի պաշտպանը չպէտք է վերածւի մարդասպանի։ Ես բոլորին կոչ եմ անում գտնելու ընդհանուր լեզու եւ դադարեցնելու ռազմական գործողութիւնները»:

 

Վրաստանն Իրանի «կարգավիճակում»

Ինչպէս Իրանի հիւսիսային շրջանների պարագայում, Վրաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջանները եւս «առնչւեցին» պատերազմին. հոկտեմբերի 7-ին՝ գրեթէ նոյն ժամին, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայութիւնը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրութիւն է ստացել: Պարզւել է, որ Ադրբեջանի կողմից արձակւած հրթիռն ընկել է Կախեթի նահանգի Ղվարելիի շրջանի (սահմանակից է ՌԴ-ին) Կուճատան գիւղի խաղողի այգում, իսկ կրկին ադրբեջանական անօդաչու թռչող սարքը՝ նոյն մարզի Սագարեջոյի շրջանի՝ Ադրբեջանին սահմանամերձ Ուդաբնօ գիւղում (գիւղի մօտ է գտնւում նաեւ Դաւիթ Գարեջիի յայտնի վանական համալիրը): Երկրի ներքին գործերի նախարարութիւնն անմիջապէս հետաքննութիւն է սկսել:

 

Եզրակացութիւն

Չնայած Վրաստանի պատկան բարձրաստիճան պաշտօնեաների՝ չէզոքութեան մասին բազմաթիւ յայտարարութիւններին եւ վստահեցումներին, այդուհանդերձ, հաւաստի փաստերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման գործընթացն ինտենսիւօրէն շարունակւել է պատերազմի ողջ ընթացքում: Այդ ընթացքում Ադրբեջան զինտեխնիկա եւ վարձկաններ են փոխադրւել ինչպէս ադրբեջանական ընկերութիւններին պատկանող քաղաքացիական, այնպէս էլ Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող ռազմական բեռնատար ինքնաթիռներով: Զինամատակարարումն իրականացւել է կա՛մ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Վրաստանի հետ ունեցած ներքին պայմանաւորւածութիւնների շրջանակներում, կա՛մ ստիպողաբար, այն է՝ Վրաստանի վրայ ճնշումների գործադրման միջոցով:

Չնայած որոշ քաղաքացիների հրապարակած տեսանիւթերին, այդուհանդերձ, Թուրքիայի կողմից Վրաստանի ցամաքային ճանապարհով Ադրբեջան զինտեխնիկայի փոխադրման փաստերը չհաստատւեցին: Կարծիք կայ, որ Վրաստանը դա թոյլ չի տւել՝ կանխելով ջաւախահայութեան շրջանում հնարաւոր ընդվզումները, որոնց դէպքում փխրուն կայունութիւնը կարող էր վերաճել անգամ քաղաքացիական (հայ-ադրբեջանական) բախումների: Չնայած Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից տարիներով անտեսւած լինելու հանգամանքին, ինչպէս նաեւ սեփական հողի վրայ ազգային-քաղաքական բազում հիմնահարցերի առկայութեանը՝ ջաւախահայութիւնը, փաստօրէն, թուրք-վրաց-ադրբեջանական «հորիզոնական» առանցքի հակահայ գործողութիւնների զսպման հարցում ունեցաւ անառարկելի դեր:

 

«Դրօշակ», թիւ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

Յարակից լուրեր