Հա

Ազգային

23/11/2020 - 13:50

Դաշնակցականի ճանապարհը

Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար: Հերոսներն ու նւիրեալները հաւասար են, նրանք բոլորը նոյն ազգի զաւակներն են, եւ մենք պարտաւոր ենք յիշել բոլորին ու իւրաքանչիւրին առանձնաբար, խոնարհւել բոլորի վաստակի առաջ: Միաժամանակ, որպէս մէկ ընտանիքի զաւակների, ցանկանում եմ խօսել Դաշնակցութեան անդամ, հայրենիքի փրկութեան համար կռւած եւ նահատակւած զինւորների մասին: Ովքե՞ր էին նրանք, որ մեր կեանքի մասն էին եւ մի ակնթարթային պահի պոկւեցին իրականութիւնից ու համբարձւեցին երկինք: Նրանք հայրենիքում վերածնւած կուսակցութեան երեսնամեայ երթի մասնակիցն ու դրօշակակիրներն էին: Նրանց կշիռն ու առաքինութիւնը դիրք, պաշտօն, հասարակական ճանաչում ունենալով չէր պայմանաւորւած, եթէ նոյնիսկ իրենց մէջ կային այդպիսիք: Մեզ համար նրանց առաքինութիւնը հայրենիքում վերընձիւղւած Դաշնակցութեան սիւները լինելն էր, եթէ անգամ նրանցից ոմանք աւելի ուշ են միացել ազգային պայքարի այդ երթին կամ միացել են հայրենի կառոյցին այլ վայրերում, բայց նոյն դրօշի ներքոյ որոշակի ճանապարհ անցնելուց յետոյ:

Հայրենիքում Դաշնակցութեան վերածնունդը տեղի ունեցաւ արցախեան ազատագրական պայքարի բովում: Կարելի է ասել, որ Դաշնակցութեան Հայաստանի ներկայ սերունդը արցախեան պայքարի սերունդն է, որպէս կուսակցական շրջան այս հաւաքականութիւնը ձեւաւորւել եւ գործում է ցայսօր այդ հոգեբանութեամբ: 1989 թւականից սկսած` ազգային ինքնագիտակցութեամբ օժտւած մարդիկ` երիտասարդ ու հասակաւոր, կին թէ տղամարդ, գալիս էին Դաշնակցութիւն, որպէսզի նրա ճանապարհով օգտակար լինէին այդ պայքարին, իւրաքանչիւրը` իր կարողութիւնների ու ընդունակութիւնների չափով:

Իհարկէ, Դաշնակցութեան գլխաւոր անելիքը արւեց Արցախում ու Հայաստանի սահմանների վրայ նրանց կողմից, ովքեր կամաւորագրւեցին զինեալ պայքարին: Նւիրեալների այդ բոյլից զգալի թւով ընկերներ նահատակւեցին, միւսները վերադարձան ու ներգրաււեցին երկրի եւ կուսակցութեան խաղաղ աշխատանքներում: Լինելով գաղափարական մարտիկներ` նրանք երբեք չփորձեցին շահարկել իրենց մարտական կենսագրութիւնը, առաւել եւս չփորձեցին միւսներից շատ ուզել սեփական վաստակի դիմաց: Նախապէս այս տղաներին չճանաչած մէկը, նրանց կողքին երկար ժամանակ գտնւելով, այդպէս էլ դժւար թէ իմանար, որ իր ընկերն անցել է մարտական փառաւոր ուղի եւ իրական հերոս է, իսկ գործը հրապարակայնացւած չէ, որովհետեւ այդպիսին է Դաշնակցութիւնը:

Նրանք բոլորը, երէկւայ կամաւորները, պատերազմից վերադառնալով, եղան սովորական կուսակցականներ, ապրեցին այն առօրեայով ու հոգսերով, ինչ բոլորը: Մենք մեր ընկերների իրական սխրանքների մասին պատմութիւններ ենք լսել միայն այն ժամանակ, երբ նրանք այլեւս մեզ հետ չեն եղել: Չեմ կարող յիշել որեւէ դէպք, երբ անցած աւելի քան քսանհինգ տարւայ ընթացքում նրանցից որեւէ մէկը պատմէր, թէ այսինչ ժամանակ այսպիսի կարեւոր բան է արել: Նրանք խուսափել են նաեւ լրագրողներից ու տեսախցիկներից: Հաճելի տրամադրութեան, ուրախ առիթների դէպքում ընկերական միջավայրում եթէ ինչ-որ բան էլ յիշւել է նրանց մարտական կենսագրութիւնից, ապա հիմնականում զւարճալի միջադէպեր: Նրանք զատւեցին միւսներից միայն այն ժամանակ, երբ կրկին զինւորական համազգեստ հագնելու անհրաժեշտութիւն առաջացաւ: Այդպէս մեր վետերանները երիտասարդների հետ զէնք վերցրին 2016 թւականին եւ ապա 2020 թւականին: Վերջին պատերազմը եղաւ առաւել դաժան ու ողբերգական, որովհետեւ այս անգամ աւելի շատ մարտադաշտից դուրս պարտութիւն պարտադրւեց մեզ, ու կրկնակի ողբերգական դարձան մեր կորուստները: Տեղն է, որ անուն առ անուն յիշենք մեր նոր նահատակներին, սակայն այս անգամ ես այդ բանն անել չեմ ցանկանում: Իմ խօսքը բոլորի մասին է` որպէս մէկ հաւաքականութեան՝ գործի, գաղափարի, նպատակի ու նահատակութեան:

Եթէ ցանկանում ենք հասկանալ, թէ ինչ է արել Դաշնակցութիւնը Հայաստանում անցած երեսուն տարւայ ընթացքում, ապա արժէ առաջին հերթին յիշել մեր կամաւորներին եւ նրանց կատարած գործը` առանց նսեմացնելու մնացած բոլորի գործունէութիւնը: Կարելի է ասել, որ Հայաստանում երկրորդ հարիւրամեակի շեմն անցնող Դաշնակցութեան ճանապարհը հէնց դաշնակցականների եւ մասնաւորապէս մարտական ուղի անցած ընկերների անցած ճանապարհը եղաւ:

Համեստ, պարզ, հայրենասէր ու անձնազոհ մարտիկներ, ովքեր Դաշնակցութեան մէջ ճանաչեցին իրենց ժողովրդի հերոսական անցեալն ու չաւարտւած դատը, անմնացորդ ու պատւախնդրօրէն նւիրւեցին հարազատ կուսակցութեանը` սեփական ուսերի վրայ բարձրացնելով նրա հզօր կառոյցը եւ սեփական մէջքին կրելով նրա գործի բեռը: Փառք մեր բոլոր մարտիկներին, յաւերժ յիշատակ անմահացածներին: Անկախ իրադարձութիւնների ընթացքից նրանց կամաւոր ընտրութիւնը եղել է գիտակցւած ու արդարացւած: Նրանց ապրած կեանքն օրինակ է դառնալու վաղւայ պայծառ Հայաստանը կերտողների համար:

 

«Դրօշակ», թիւ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։