Հա

Ազգային

24/11/2020 - 10:15

Երբ պետականութեան անկիւնաքարերն ես տեղաշարժել

Մարդկութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի տապալւած կառավարութիւնների եւ առաջնորդների վաղաժամկէտ, եթէ չասեմ էքստրեմալ հեռացման: Դա նորմալ երեւոյթ է, որովհետեւ ժողովուրդ եւ պետականութիւն հասկացութիւնները անհամեմատելիօրէն վեր են իշխանութիւն եւ առաջնորդ հասկացութիւններից: Աննորմալը հակառակն է՝ երբ տապալւած կառավարութիւններն ու դուսպրծուկ առաջնորդները փորձում են իրենց վեր դասել պետութիւնից ու ժողովրդից եւ նոյնիսկ ամենախայտառակ պարտութիւնից ու կապիտուլեացիայից յետոյ էլ չեն ցանկանում թողնել իշխանական աթոռները:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Մարդկութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի տապալւած կառավարութիւնների եւ առաջնորդների վաղաժամկէտ, եթէ չասեմ էքստրեմալ հեռացման: Դա նորմալ երեւոյթ է, որովհետեւ ժողովուրդ եւ պետականութիւն հասկացութիւնները անհամեմատելիօրէն վեր են իշխանութիւն եւ առաջնորդ հասկացութիւններից: Աննորմալը հակառակն է՝ երբ տապալւած կառավարութիւններն ու դուսպրծուկ առաջնորդները փորձում են իրենց վեր դասել պետութիւնից ու ժողովրդից եւ նոյնիսկ ամենախայտառակ պարտութիւնից ու կապիտուլեացիայից յետոյ էլ չեն ցանկանում թողնել իշխանական աթոռները: Այսօր այդպիսի աննորմալ երեւոյթի հետ գործ ունենք Հայաստանում: Փաշինեանն ու իր կառավարութիւնը կառչել են իրենց աթոռներից եւ ամէն կերպ, այդ թւում նաեւ ուժային կառոյցների գործադրութեամբ, փորձում են մնալ իշխանութեան:

Ոխերիմ թշնամու առաջ կապիտուլացւած Նիկոլ Փաշինեանի տւեալ պահի վարքագիծը որեւէ տրամաբանական բացատրութիւն չունի, իսկ շրջանառւող իրարամերժ բացատրութիւններն էլ, թէ պարտութեան մէջ ուրիշներն են մեղաւոր, թէ դաւաճանութիւն է տեղի ունեցել, թէ Փաշինեանն այլ երկրի գործակալ է, դիւանագիտութիւնից բոբիկ է, ռազմագիտութիւնից հեռու եւ այլն եւ այլն, ոչ թէ փրկում են Փաշինեանին կամ նւազեցնում պարտութեան մէջ նրա մեղքը, այլ աւելի են խտացնում գոյները, իսկ դրա հետ նաեւ պարտութիւնը: Պատերազմում պարտւած երկիրն ու ժողովուրդն իրաւունք չունեն իրենց այդպիսի շռայլութիւն թոյլ տալ եւ ամէն օր արթնանալ այն զգացումով, որ երկրի ղեկավարի աթոռին պարտութեան սիմւոլն է նստած: Եթէ մէկ նախադասութեամբ փորձեմ ասել, թէ այս պահին ինչ պէտք է անի Նիկոլ Փաշինեանը, ապա դա գրական հայերէնով կը հնչի հետեւեալ կերպ՝ Նիկոլը պէտք է հրաժարական տայ եւ իր ողջ թիմով հեռանայ: Սրա այլընտրանքը չկայ պարզապէս, եւ մենք ամէն օր համոզւում ենք դրանում: Հրադադարից մօտ 20 օր է անցել: Փաշինեանը ոչինչ չի արել (իրականում չի կարողանում անել) երկիրն ու ժողովդին ուշքի բերելու ուղղութեամբ: Աւելին ասեմ՝ վերջին 20 օրերին նա երկիրն ու ժողովրդին կանգնեցրել է նոր մարտահրաւէրների առաջ, որոնք կարող են աւելի ողբերգական լինել, քան օրեր առաջ աւարտւած պատերազմը:

Այս ամէնն իրականում սկսւել է սեպտեմբերի 27-ից շատ աւելի վաղ՝ դեռեւս 2018 թւականին, երբ Հայաստանում իրականացւում էր «թաւշեայ» կոչւած գունաւոր յեղափոխութիւնը, որ մեր ժողովրդի կողմից սխալմամբ ընկալւեց որպէս կոռուպցիայի եւ յոռի երեւոյթների դէմ պայքար: Այն օրերին մենք չէինք նկատում, թէ ինչ վտանգ է կախւում հայ ժողովրդի գլխին, ու թէ ուր էին ուղղւած այդ «յեղափոխութեան» բուն սլաքները: Մենք դա հասկացանք ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ միայն, երբ այլեւս «լեգիտիմ» Փաշինեանն անցայ ՀՀ Սահմանադրութիւնը վերախմբագրելու «սուրբ գործին»: Եթէ ժամանակագրական տեսանկիւնից նայենք խնդրին, ապա կը տեսնենք, որ Փաշինեանի ու նրա կառավարութեան անյաջողութիւնները սկսւել են Սահմանադրութեան եւ դատարանների դէմ առաջին իսկ ոտնձգութիւններից յետոյ, երբ արդէն պարզ էր, որ նա փորձում է իւրացնել նաեւ դատական իշխանութիւնը: Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց այդ գործում Փաշինեանին օգնում էին նաեւ ուժային եւ իրաւապահ մարմինները՝ դատախազութիւն, ոստիկանութիւն, Ազգային անվտանգութեան ծառայութիւն, ՅՔԾ… Անգամ դատարանները: Եւ ուրեմն պատահական չէին նաեւ հարիւրաւոր ու հազարաւոր ձերբակալութիւնները, խուզարկութիւնները, քաղաքական ու այլ բնոյթի հետապնդումները, որոնք դարձել էին երկրի օրակարգ եւ ահուսարսափ էին տարածում հանրութեան մէջ: Փաշինեանը հասել էր մեր պետականութեան շէնքի անկիւնաքարերին եւ կը խորտակէր շէնքն ամբողջութեամբ, եթէ նրան յաջողւէր Սահմանադրութիւնը տապալել:

Ծանր բան եմ ասելու, բայց, աւաղ դա է իրականութիւնը: 2020 թւականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դէմ: Այդ օրը կը մնայ պատմութեան մէջ ոչ միայն որպէս Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը, այլեւ Նիկոլ Փաշինեանի ձախաւէր քաղաքականութեան աւարտը խորհրդանշող օր: 45 օր տեւած պատերազմը բացայայտեց տառացիօրէն ամէն ինչ: Հայաստանի Հանրապետութիւնում «Թաւշեայ» յեղափոխութեամբ (խեղափոխութեամբ) իշխանութեան բերւած Փաշինեանն ու նրա ապիկար թիմը հրապարակում մնացին մօրեմերկ՝ այլեւս անկարող իրենց ցնցոտիներով փակել ամօթն ու խայտառակութիւնը: Նրանք 2.5 տարի ստել էին անպատիժ, բռնաբարել առողջ միտքն ու բանականութիւնը, քայքայել հասարակութիւնը, ոչնչացրել երկրի տնտեսութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը դարձրել իզգոյ պետութիւն թէ դաշնակիցների եւ թէ գործընկերի առաջ, խորացրել շրջափակումը, թալանել գանձարանը, քանդել պետական կառավարման համակարգը: Եւ ինչպէ՞ս պէտք է այդ երկիրը դիւանագիտութեան եւ պատերազմի դաշտում դիմակայէր թուրք-ադրբեջանական ագրեսիային:

Այնպէս չէ, որ 2016 թւականի ապրիլին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր ու մահաբեր օդուժ չունէր, որ մեզ չէր գերազանցում մարդուժով ու միւս սպառազինութիւններով: Բայց 2016 թ. ապրիլին մենք ունեցանք միանգամայն այլ ելք ու հետեւանքներ, քան 2020-ին, երբ թւում էր, թէ մեր բանակը Նիկոլ Փաշինեանի բարեփոխումներից յետոյ աւելի է հզօրացել ու հիմա-հիմա պէտք է Ադրբեջանի բանակի վերջը տանք: Բայց ի՞նչ պարզւեց: Պարզւեց, որ Փաշինեանը ստել է նաեւ բանակի հարցում, որ բանակը հզօրացնելու փոխարէն աւելի է թուլացրել, զրկել իսկական հրամանատարներից, անհրաժեշտ ինֆորմացիայից, հետախուզութիւնից ու հակահետախուզութիւնից: Այսպիսին լինէր եւրոպական որեւէ բանակ՝ ես կը հասկանայի, այսպիսին լինէին որեւէ ցեղախմբի կենսատարածք պահպանող որսորդները, ես կը հասկանայի, բայց երբ այսպիսի դրութեան է մատնւում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւան Հայաստանի բանակը ոչ ոք չի կարող հասկանալ եւ այդ ֆենոմենը բացատրել այլ կերպ, քան ՀՀ իշխանութեան դաւաճանութեամբ ու խափանարարութեամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս բացայայտեց, որ Ռուսաստանը որեւէ կերպ չի ազդել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստեղծման վրայ, այլ հանդէս է եկել բացառապէս որպէս միջնորդ: Նիկոլ Փաշինեանից բացի ՀՀ որեւէ այլ ղեկավարի պարագայում, եթէ նա ստորագրած լինէր այս կապիտուլեացիոն ակտը, Պուտինի այդ խօսքերը կարող էին «ստուգողական կրակոց» դառնալ: Բայց Փաշինեան տեսակի համար դրանք զուտ խօսքեր են, որոնց իմաստն այդ տեսակը պարզապէս չի ընկալում: Փաշինեանը կարող է յայտարարել, որ իր կապիտուլեացիայով 30 հազարանոց զօրքը փրկել է կոտորւելուց: Իսկ Փաշինեանը պատկերացնո՞ւմ է, թէ ինչ ասել է 30 հազարանոց զօրք՝ իր ստորաբաժանումներով ու սպառազինութեամբ, թէ առհասարակ ինչի է ընդունակ 30 հազարանոց զօրքը, որն այդպէս էլ չօգտագործւեց ըստ նշանակութեան՝ Շուշին, Քարվաճառն ու Կովսականը պահելու համար:

Փաշինեանն այլ ելք չունի, քան հեռանալը: Օր առաջ, ժամ առաջ նրա հեռացումը մեզ կը տարանջատի այս մղձաւանջից ու թոյլ կը տայ մեր վրայից թօթափել պատերազմի ծանր փոշին: Հանդուրժել, որ նա իր անմիտ ծրագրերով, ճանապարհային քարտէզներով, կադրային փոփոխութիւններով ու չգիտեմ ինչերով շարունակի իշխանավարել, դա նոյնն է, թէ գլխիկոր համաձայնենք մեր գալիք պարտութիւններին, որոնք անխուսափելի են լինելու երկրի արտաքին եւ ներքին քաղաքականութեան բոլոր ուղղութիւններով:

Փաշինեանը պէտք է հեռանայ: Հայաստանում պէտք է ձեւաւորւի նոր իշխանութիւն, պէտք է գայ նոր ղեկավար, որ Փաշինեանի խայտառակութիւնը տանելուց զատ, կարողանայ նաեւ շահեկան դիրքերում յայտնւած հակառակորդի առաջ ի վերջոյ խօսել մեր շահերի մասին ու առաջ մղել դրանք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։