Հա

Ազգային

26/11/2020 - 12:00

Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

Նիւթի հեղինակը այն մարդկանցից է, ովքեր 2018-ին Նիկոլի յեղափոխութեան փարոսն ուղեցոյց դարձրած «Նոր ուղի» ընտրեցին իրենց համար: Ինչպէս վերնագիրն է յուշում ասելքը հեղինակի ծանր ապրումներն է արտայայտում, որոնք էլ հետեւանք են հայ ժողովրդի ներկայ ողբերգութիւնների: Նա հիմա այլ վերաբերմունք ունի Նիկոլ առաջնորդի նկատմամբ եւ ասածս հաստատելու համար կատարեմ մէջբերում տւեալ հրապարակումից. «Մեր կորուստը ահաւոր է:

Կորսնցուցինք հող, արժանապատուութիւն: Կորուստի ահագնութիւնը պէտք է փողոց հանէր ամբողջ ժողովուրդը, հայաշխարհի բոլոր տարածքներու բնակիչները պէտք է ոտքի կանգնէին, ողողէին հրապարակները, ճանապարհները, արտայայտէին իրենց ընդվզումը, բողոքը, հաշուետուութիւն պահանջէին իշխանաւոր պատասխանատուներէն»: Աւելին հրապարակման հեղինակը խոստովանում է, որ հաւատացել է Նիկոլ Փաշինեանին եւ հիմա էլ գտնում է, թէ Փաշինեանը կարող էր յաջողել եթէ չանէր այս-այս սխալները եւ եթէ անէր այս ու այն բաները. «Ի միջ այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել, եթէ բաւարար ժամանակ ունենայինք, եթէ յեղափոխութեան ղեկավարները, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարենար իր շուրջ հաւաքել որակաւոր մարդիկ, եթէ կարենար իր յախուռնութիւնը զսպել, եթէ կարենար ճիշդ գնահատել տարածաշրջանային զարգացումները»:

Երբեք չեմ հետեւել, թէ ինչ են անում կամ գրում Նիկոլի մէջ փրկիչ յայտնագործողները ուզում եմ, սակայն, այս առիթն օգտագործել ոչ թէ կոնկրետ մարդկանց եւ խմբերի արձագանքելու համար, այլ խօսելու ընդհանրական երեւոյթի մասին:

Վերը բերւած ծանր մտորումներից յետոյ յիշեալ նիւթի հեղինակը մեղադրում է ընդդիմութեանը. «Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղորդել»:

Ես ցանկանում եմ հարցնել՝ իսկ տեղի ունեցածի համար դուք, որպէս Փաշինեանի համախոհների հաւաքականութիւն, ձեզ մեղաւոր չէ՞ք զգում: 2018 թւականին դուք աստւածացրիք Նիկոլ Փաշինեանին եւ նրան ընդդիմախօսներից պաշտպանելու գործին լծւեցիք հրապարակայնօրէն եւ ոչ հրապարակային կերպով, զուգահեռաբար վատաբանելով կոնկրետ ուժերի: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թէ դուք, Նիկոլ Փաշինեանի նման, լինելով այդքան ժողովրդավար, ինչո՞ւ էիք այդպէս սւիններով ընդունում քննադատական խօսքը, որ յաճախ զգուշացման, վտանգից խուսափելու նպատակ էր հետապնդում: Ինչո՞ւ դրանից առաջ եւ դրանից յետոյ բոլորին ու ամենուր կարելի էր եւ կարելի է քննադատել, այնինչ Նիկոլը պէտք է վեր լինէր որեւէ քննադատութիւնից, իսկ քաղաքական դաշտի միւս մասնակիցները, ըստ ձեզ, պարտաւոր էին կցւել Նիկոլի սայլին: Չէ՞ք կարծում, որ ստանձնելով սատանայի փաստաբանի դերը, դուք մեծապէս նպաստել էք, որ ինքնահաւան, ամբարտաւան ու ազգային-պետական պատասխանատւութիւնից զուրկ մէկը պատուհաս դառնայ պետութեան ու ժողովրդի գլխին եւ իրեն իրաւունք վերապահի միանձնեայ տնօրինելու վերջիններիս ճակատագիրը:

Ինչպէս եւ վերը բերւած գրութեան մէջ էք ասում հաւատացել եք Նիկոլին.

«Ի միջ այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել»: Հիմա ես ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ տւեալների հիման վրայ էք դուք նրա, «առաքելութեանը» հաւատացել եւ տեսել նրա մէջ այն ինչն իրականում չկայ: Եթէ շարքային «Պօղոսներ»-ի դատողութիւնը ունի մակերեսային բնոյթ եւ յուզական արձագանք է կոնկրետ պահի իրադարձութիւններին ու մերկապարանոց ճառերին, ապա դուք, համախոհների թիմի հետ, ձեր փորձառութեամբ ու անցած ճանապարհով հաստատ այդքան պարզունակ ու դիւրահաւատ չէք:

Նիկոլ Փաշինեանի մէջ Հայաստանի բարեփոխիչ տեսնելու համար դուք յետ նայեցի՞ք նրա անցեալին, տեսա՞ք, որ կեանքի իր դասերն առել է առաջին թալանչիների եւ հող զիջողների կողքին: Վերջիններիս հետ, նոյն պարտւողական պլատֆորմով մասնակցել է ընտրութիւնների իր իշխանութեան գալուց ուղիղ տաս տարի առաջ:

Չուզեցի՞ք, թէ գլխի չընկաք յիշելու իր նախկին գրածները, որպէսզի դրանց մէջ գտնէիք այն վտանգաւոր գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինեանը ազգի գլխին փորձանքի վերածեց 2020-ի աշնանը: Գլխի չընկաք, որ պաշտպանում էք կրողին մի գաղափարախօսութեան, որի դէմ պայքարին նւիրել էք ձեր կեանքի գուցէ ամենաիմաստալից տարիները:

Լաւ, անցեալը թողնենք անցեալին, իսկ տւեալ պահին ի՞նչ տրամաբանութեամբ պէտք է պատերազմից դուրս չեկած երկրի ճակատագիրը ամբողջովին յանձնւէր միջակ կարողութեամբ, դասալիք, կառավարման փորձից զուրկ, ապագայի գործնական ծրագրեր չունեցող մէկ անձի: Միայն նրա համար որ վերջինս գալիս էր պատժելու ու խաղից դո՞ւրս յայտարարելու նախկիններին: Թէ գուցէ նրա համար, որ Նիկոլ ազգասէրի սարքովի կերպարը լաւ աջակից էր նաեւ այլ տեղերում մանր ճակատամարտեր վարելու համար: Դուք, որ բոլորովին էլ անփորձ ու դիւրահաւատ չէք, արդեօ՞ք այն կարծիքին էք եղել, թէ վտանգաւոր ճանապարհի վրայ վատ վարորդին, կարելի է փոխարինել մէկով, ով յաջող քննադատում է մեքենայ վարողին, բայց եւ ինքը այդ գործին բացարձակապէս չի տիրապետում: Երկուսուկէս տարի համախոհների հետ պաշտպան կանգնեցիք Նիկոլ վարչապետին ընդդէմ նրան քննադատողների, հիմա կարո՞ղ էք ասել, թէ երկուսուկէս տարում երկրի համար ի՞նչ լաւ բան արեց ձեր յեղափոխութեան առաջնորդը: Մի կողմ թողնենք, որ եկաւ թէ չէ ազգը պառակտեց սեւերի ու սպիտակների, արշաւանք ձեռնարկեց հայոց եկեղեցու ու ազգային մտածողութեան դէմ: Ազգային մշակոյթի ու պատմութեան աւանդական հայեցակարգերը սկսեց դուրս մղել ուսումնական ու գիտական գրականութիւնից ու հաստատութիւններից, իսկ պատերազմի նախօրեակին բացայայտւեց որպէս թուրքերի հետ համագործակցաբար Հայոց պատմութիւնն ու Հայ Դատի հիմնահարցերը վերանայողների հովանաւոր:

Սրա կողքին չունեցաւ արտաքին քաղաքականութեան ուղենիշեր, հակասութեան մէջ մտաւ իրականացւած արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ, մսխեց պետութեան վարկը եւ ձեռք չբերեց ոչ մի իրական բարեկամի: Արցախի հարցի լուծման հարցերում եղաւ հակասական եւ զիջումների պատրաստակամ: Սեփական իշխանութեան կայացման գործընթացը պայմանաւորեց ամբողջ պետական համակարգն ու ինստիտուտները իւրայիններով եւ հնազանդներով փոխարինելու գործելակերպով: Կարճ ժամանակից բացայայտւեց, թէ նրա գլխաւորած նորաթուխ իշխանութիւնն ինչպէս է յարձակւել պետական բիւջէի վրայ ու արդէն իսկ իրեն թոյլ է տալիս կատարելու օլիգարխներին վայել անշարժ եւ շարժական գոյքի ձեռքբերումներ: Անբարոյականութիւնն ու անպատժելիութեան համոզումը այնտեղ հասցրին, որ ճակատագրական պատերազմի ծանր օրերին օժանդակութեան գումարները անօրինական ձեւով փոխանցւեցին պետական բիւջէ եւ միաժամանակ, պետական բիւջէի շրջանակում, հաստատւեցին իշխանական նորաթուխ էլիտայի յաջորդ տարւայ պատկառելի պարգեւավճարները:

Ինչ արւեց անցած երկուսուկէս տարում տնտեսութեան բնագաւառում, սոցիալական, առողջապահական, մշակութային մարզերում, եւ առհասարակ որեւէ մի ոլորտում, որ ձեզ այդպէս խանդավառեց նոր վարչապետի գործունէութիւնը: Չխօսենք բանակաշինութեան մասին, որտեղ խաչ է քաշւել կատարելագործման ռազմավարական ընթացքի վրայ, չակերտաւոր բարեփոխումները կրել են կործանարար բնոյթ, կրճատւել են զինւած ուժերի մարտական ստորաբաժանումները: Ի՞նչ տւեալներ ու փաստեր ձեզ ներշնչեցին ստանձնելու այս անձի ու նրա բախտախնդիր, ապազգային թիմի պաշտպանների ու միաժամանակ նրա ընդդիմադիրների գործուն հակառակորդների դերը: Ծիծաղելիութեան չափ անհեթեթ է, երբ մինչ այժմ, ձեր մտածողութեան որոշ տեսաբաններ արդարանում ու արդարացնում են, թէ. «բա որ նախկինները գողանում էին»:

Աշխարհի բոլոր գունաւոր յեղափոխութիւնների մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը ի՞նչ սցենարի շուրջ է սարքւած՝ քննադատել կոռումպացւած նախկիններին, հրապարակ նետել քաղաքացիական իրաւունքների, իրաւակապաշտպանութեան, բնապաշտպանութեան խնդիրներ եւ արտաքին աղբիւրներից սնւող ապազգային երիտասարդութեան ուժերով իրականացնել յեղաշրջումներ: Թէ ինչպիսի հետեւանքների են ամենուր հասցրել գունաւոր յեղափոխութիւնները գաղտնիք չէ, գաղտնիք է միայն, թէ ուր անհետացան բոլոր ազնիւները, ժողովրդավարները, իրաւապաշտպանները, քաղհասարակութեան դրօշակակիրները, երբ մեզանում ակնառու դարձաւ իշխանութեան սանձարձակ, անօրինական, գործունէութիւնը, յարուցելով ընդհանուրի դժգոհութիւնը:

Իշխանութեան պաշտպանները չտեսնելով շօշափելի փաստեր, որոնց հիման վրայ կարելի էր բարձրացնել իշխանութեանը, որոշեցիք յատկապէս անպարկեշտ քարոզչութեամբ հարւածել ու ցածրացնել այդ իշխանութեան ընդդիմադիրներին, ժողովրդի մօտ անվստահութիւն սերմանել վերջիններիս նկատմամբ: Ու հիմա մէկ խելագարի կողմից երկիրը մեծ ողբերգութիւնների մէջ գլորելու իրականութեան յանդիման ասում էք, թէ. «Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղղորդել»: Իսկ ես համոզւած եմ, որ դուք էք ժողովրդին մոլորեցրել երկուսուկէս տարի Նիկոլ դաւաճանին փրկիչ ներկայացնելով եւ ձեր ու ձեր նմանների կերակրած սուտն ու կեղծիքն է, որ ցայսօր շատ պարզ մարդկանց միտքը պահում է շփոթի մէջ այն աստիճան, որ մարդիկ չեն կարողանում հաւատալ իրենց աչքերի առջեւ տեղի ունեցածին:

Այսպիսով կարելի էր այս խօսակցութիւնը փակել եթէ խնդրոյ առարկայ յօդւածի մէջ չառկայծէր մէկ կիսաթաքնւած միտք եւս:

Ինչպէս անդրադարձանք յօդւածը սկսւում է ընդդիմութեան քննադատութեամբ, այն բանի համար, որ իբր ընդդիմութիւնը վարկաբեկւած է եւ չի կարող ժողովրդային մեծ ալեկոծութիւն առաջ բերել:

Աւարտւում է երկրորդական թւացող ասելիքը վերոյիշեալից բխող տրամաբանական եզրակացութեամբ. «Յոյս պէտք չէ կորսնցնել: Փրկարար ուժը կրնայ ծնիլ որեւէ պահու, տարերայնօրէն, հաւաքելով, համախմբելով, կազմակերպելով ազգի զաւակները մեր վերելքի ծրագիրներու շուրջ»: Աւելի պարզ ասած այսօր հրապարակ դուրս եկած ընդդիմութեանը պէտք է հաշւից դուրս համարել եւ մտածել, այլեւս քաղաքական դիակի վերածւած գործող իշխանութեանը փոխարինող, բոլորովին այլ ուժի մասին: Իսկ գուցէ ամբողջ շարադրւածը հէնց ա՞յս մեխին զարկելու համար էր: Սա արդէն մի հարց է, որ անկասկած յուզում է Հայաստանի ներքաղաքական ապագայ պատկերով շահագրգիռ շատերին՝ ներսում, թէ դրսում: Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւնների իրաւունքը թողնում եմ ընթերցողին:

Յարակից լուրեր

  • Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում
    Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում

    Յայտնի իրադարձութիւնների պատճառով, որպէս երկրի ղեկավար, Փաշինեանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմութիւնը, իսկ իրավական լեգիտիմութեան հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորութեամբ ու ծաւալով կը բացայայտւի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կը կանգնի արդարադատութեան առջեւ:

  • Բախտախնդիրը պէտք է հեռանայ
    Բախտախնդիրը պէտք է հեռանայ

    1920 թւականի ծանր յիշողութիւնները վերակենդանանում են, կարծես պատմութիւնը կրկնւում է: Ճիշտ ինչպէս 100 տարի առաջ, նոյն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդէն դերակատարները երկու թուրքական պետութիւններ են առջեւներից որպէս թնդանոթի մսացու քշելով միջազգային թիւ մէկ ահաբեկչական շարժման զինեալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձութեան ահագնութիւնը տեղի ունեցողը անւանում է հայրենական պատերազմ:

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

  • Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը
    Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը

    Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բարոյապէս սպառւած է: Եթէ Փաշինեանը պիտի նստի ու ամէն անգամ հաշւի, թէ քանի հոգի է իր դէմ ցոյցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկեց լինելու համար այդ թիւը սպառնալիք է, թէ՝ ոչ, ապա նա չարաչար սխալւում է: 

  • Սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանութիւնը այլընտրանք չունի
    Սեփական շահերի մինչեւ վերջ պաշտպանութիւնը այլընտրանք չունի

    Ինչո՞ւ է երկրի ղեկը փաստացի տնօրինող անձը ցանկացել այս մութ գործարքն իրականացրել միանձնեայ, գաղտագողի եւ հապճեպ ձեւով: Պատասխանը բխում է պարզ տրամաբանութիւնից. Նա շատ լաւ հասկացել է ինչ հայակործան փաստաթուղթ է ստորագրում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։