Հա

Ազգային

26/11/2020 - 17:30

«Փաշինեանն ինքն է նոր պատերազմի հրձիգը». Արծւիկ Մինասեան

Ես կարծում եմ՝ մեր հասարակութիւնը, յատկապէս դրանց մտածող հատւածը պէտք է դադարեցնի պաշտօնատար անձանց լսել, որովհետեւ այս մարդիկ ունակ չեն ոչ միայն ըմբռնելու, հասկանալու, նաեւ քայլերի յաջորդականութիւն չկայ: 

«alikonline.ir» - Ես կարծում եմ՝ մեր հասարակութիւնը, յատկապէս դրանց մտածող հատւածը պէտք է դադարեցնի պաշտօնատար անձանց լսել, որովհետեւ այս մարդիկ ունակ չեն ոչ միայն ըմբռնելու, հասկանալու, նաեւ քայլերի յաջորդականութիւն չկայ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Արծւիկ Մինասեանը՝ անդրադառնալով նախօրէին Հանրային հեռուստատեսութեան եթերում՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարեանի հնչեցրած մտքերին։

«Երէկւայ հարցազրոյցը այդ շարքից մէկն էր, նախադասութիւնները հակասում էին մէկը միւսին, իրենք էլ չեն հասկանում, չեն գիտակցում, թէ ինչի մասին է խօսքը: Ամենապարզը նաեւ այսօր էլ կառավարութեան նիստի ժամանակ Նիկոլ Փաշինեանը ասում է՝ որպէս վարչապետ ես կրում եմ ամբողջական պատասխանատւութիւն, այդ մարդը չի հասկանում՝ ինչ բան է պատասխանատւութիւնը, եթէ հասկանար, ապա առնւազն պէտք է գիտակցէր, որ ինքն այլեւս անելիք չունի: Եթէ խաղաղ, առանց ցնցման հեռանալը իր համար պատասխանատւութեան գիտակցում չի, այդ մարդը ընդհանրապէս չի գիտակցում՝ ինչ բան է պատասխանատւութիւն:

Արտայայտութիւններ են անում, բառերի կոյտ են շարում իրար հետեւից՝ առանց գիտակցելու դրա իմաստը, միտքը: Ամենապարզ բանը. այսօր հիմնական խնդիրներից մէկը անյայտ կորածների, գերիների, նահատակւած զինւորների դիակների փոխանակման հարցն է: Տեսէք՝ ինչպիսի անպատասխանատու, փնթի պահւածք է այս կառավարութեան պահւածքը։ Նրանք չեն էլ ըմբռնում, թէ ինչ բան է կորուստը, նրանց համար իրենց աթոռից եւ սեփական ընտանեկան բարեկեցութիւնից դուրս աշխարհ չկայ: Մնացածը պէտք է ծառայեն այդ երկու նպատակին: Այդպիսի մարդը օր առաջ պէտք է հեռացւի իշխանութիւնից, քաղաքացիները պէտք է գիտակցեն, որ քանի սրանք են իշխանութեան, ոչ մի խնդիր, առաւել եւս հայրենիքի փրկութեան խնդիրը լուծել հնարաւոր չէ: Հետեւաբար օր առաջ մեր հայրենակիցները, յատկապէս նրանք, ովքեր 2.5 տարի առաջ հաւատացել են այս ստախօսներին, վստահել են այս ստախօսներին, հիմա պէտք է ուժ գտնեն իրենց մեջ հրաժարւելու այս ազգադաւներից, պէտք է ուժ գտնեն իրենց մէջ հասկանալու, որ հայրենիքի փրկութիւնը պահանջում է ժամ առաջ ազատւել այս մարդկանցից»,- ասաց նա։

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ մեզ անհրաժեշտ է նոր, ազգային մտածողութեամբ օժտւած իշխանութեան ձեւաւորում, որը նաեւ կը կարողանայ իսկապէս մեր սփիւռքին ներգրաւել իրավիճակում որեւէ բեկում մտցնելու մէջ:

«Սա այլեւս ազգային փրկութեան հարց է, սա մեր կենսագոյութեան հարցն է, եւ ես յոյս ունեմ, որ ամէն օր մեծանում է մարդկանց թիւը, ովքեր իսկապէս հասկանում են, որ սա ոչ թէ պարզ իշխանական աթոռների կռւի հարց է, այլ ազգի փրկութեան, եւ, բնականաբար, ցանկացած իշխանութիւն, ցանկացած պաշտօն, որ ապագայում լինելու է, միեւնոյնն է, ինքն է որոշելու արտահերթ ընտրութիւնների միջոցով, ոչ թէ 17 կուսակցութիւնները կամ մի քանի անձինք: Ինչքան շուտ սրանց հեռացնենք, այնքան շուտ ժողովուրդը իր որոշումը կը կայացնի»,- ասաց նա:

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ իշխանութիւնը բոլոր առումներով դաւաճանութիւն է գործել։

«Այսօր իսկ դատախազութիւն են ներկայացւում արդէն Քրէական օրէնսգրքով դաւաճանութեան, վնասարարութեան յանցակազմով կոնկրետ մեղադրանքներ, յանցագործութեան մասին հաղորդում, եւ Դատախազութիւնը պարտաւոր է ընթացք տալ այս գործին: Արդէն մի քանի նաեւ հաղորդումներ ներկայացւած են կոնկրետ քրէական պատասխանատւութեան տեսակէտից, իսկ «դաւաճանութիւն» բառը, որ օգտագործւում է, ոչ միայն քրէաիրաւական, նաեւ քաղաքական բարոյական, հոգեբանական գնահատական է այսօրւայ իշխանութիւններին: Փաստերը բաւարար են, որպէսզի քրէական գործը յարուցւի, քաղաքական առումով ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը դաւաճանել է բոլոր այն քաղաքական նպատակադրումներին, որոնցով եկել է իշխանութեան, բարոյական առումով ակնյայտօրէն դաւաճան է նա, որովհետեւ ազգային իղձերն ու նպատակները իր մի քանի գործողութիւննեով ոչնչացրեց եւ այսօր ըստ էութեան ազգը կորցրել է իր իդէալը, նպատակը, ապրելու ձգտումը: Սա ամենամեծ բարոյական դաւաճանութիւնն էր, որ Նիկոլ Փաշինեանը կատարեց իր արարքներով: Հոգեբանական առումով նա դաւաճանել է ինքն իրեն առնւազն այն մասով, թէ հոգեկան ինչ վիճակի մէջ էր, որ այո, մենք պէտք է յաղթենք, ու հիմա փաստօրէն նոյն ձեւով յայտարարում է, որ ցաւօք սրտի մենք պարտւեցինք: Սա նաեւ հոգեկան անհաւասարակշիռ մարդու վարքագիծ է:

Ես շատ կուզեմ, որ Նիկոլ Փաշինեանի աջակիցները, յատկապէս նրանք, ովքեր այսօր պաշտօններ են զբաղեցնում պետական համակարգում, համայնքային ծառայութեան մէջ, վայրկեան առաջ գիտակցեն, որ այս դաւաճանական գործողութեան կողքին մնալով իրենք էլ են գնահատւելու որպէս դաւաճաններ: Եւ եթէ ուզում են փրկւել, փրկել երկիրը, ուզում են վաղւայ Հայաստանի համար, իրենց սերունդների համար այս պիտակից ազատւեն, նրանք պէտք է վայրկեան առաջ իրենց անվստահութիւնը յայտնեն այս կառավարութեանը, այս վարչապետին:

Ու մի կարեւոր ուղերձ էլ ուզում եմ յղել բոլոր նրանց ովքեր կա՛մ չէզոք դիրք են գրաւել, կա՛մ պետական համակարգում են աշխատում եւ հասկանում են, թէ ինչ դաւաճանական արարք է թոյլ տրւել: Նրանք վայրկեան առաջ պէտք է իրենց անվստահութիւնը յայտնեն, ու, եթէ անհրաժեշտ է, պաշտօններից հեռանալ, պէտք է կատարեն այդ քայլը: Միեւնոյնն է, դրանից կարճ ժամանակ անց արժանապատիվ պաշտօնեան էլի վերականգնւելու է աշխատանքի, բայց այս պահին անհրաժեշտ է, որպէսզի իրենց քայլը կատարեն այս դաւաճան իշխանութիւնների նկատմամբ»:

Անդրադառնալով խօսակցութիւններին, թէ վարչապետի հրաժարականից յետոյ նոր պատերազմ է լինելու, Մինասեանն անւանեց մանիպուլեացիա։

«Չկայ այդպիսի բան: Հակառակը, Նիկոլ Փաշինեանի՝ այս պաշտօնին մնալը ինքն է պատերազմ հրահրում, ինքն է պատերազմի հրձիգը, որովհետեւ այս մարդը ոչ միայն զիջել է, պարտւել է դաշտում, թէ՛ ռազմի, թէ՛ քաղաքական, թէ՛ դիւանագիտական ճակատում, շարունակելու է պարտութիւնները եւ անընդհատ յանձնելու գործընթացի վրայ է:

Եւ երբ նա գիտակցի, որ այլեւս հնարաւոր չի յանձնել, պատերազմը վերսկսւելու է: Մեր ասած մօտեցումը հետեւեալն է, որ պէտք է գայ թիմ, որն ի վիճակի է Ռուսաստանի հետ կայուն, վստահելի յարաբերութիւններ ձեւաւորել, ներգրաւել Մինսկի համանախագահ երկրներին, բանակցային, դիւանագիտական ճանապարհով հասնել նրան, որ հնարաւոր լինի ինչ-որ բան փրկել մեր լաւ հայրենիքից, որը այս օրերին յանձնւում է թուրքերին:

Կարող եմ 1-2 պարզ օրինակ բերել: Կէտերից մէկի համաձայն ասւում է, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցւածքները բացւում են: Այդ դէպքում հարց է առաջանում, թէ Քարվաճառի ճանապարհը ո՞նց է փակւում: Սա նշանակում է, որ այս մարդիկ պատրաստ են ամէն ինչ դատարկել, հանել, հայկականութիւնը հիմքից կտրել, բաւարարել թուրքերի պահանջը, մենակ, թէ մնան այդ աթոռին: Առանց գիտակցելու, որ դրա արդիւնքում կորցնում ենք որեւէ հնարաւորութիւն Արցախի մեր հայկական բնակավայրերում հայ ապրելու: Կամ նոյն Հադրութի առումով: Հադրութը հայկական բնակավայր է: Երբ ասւում է՝ պէտք է վերադառնան բոլոր տեղահանւածներն ու փախստականները, եթէ չէք ապահովել անվտանգութիւնը, ինչպէ՞ս պէտք է վերադառնան այդ քաղաքացիները: Իսկ ո՞վ պէտք է ապահովի: Այսօր առնւազն բանակցային գործընթացում հնարաւոր է այն թիմը, այն անձը, որն ի վիճակի է, ունի վստահութիւն ռուսական կողմում, ԵԱՀԿ Մինսկի խմբում, առնւազն այստեղ այդ խաղաղապահ ուժերը պէտք է երաշխաւորեն անվտանգութիւնը: Դա նշանակում է՝ Հադրութը առնւազն ադրբեջանական անմիջական զինւորական վերահսկողութիւնից պէտք է դուրս գայ: Եւ սրան հնարաւոր է հասնել դիւանագիտական, քաղաքական ճանապարհով, այլ ոչ թէ պարտւած անձի կողմից որեւէ առաջարկ փորձել իրականացնել, որովհետեւ, եթէ դու պարտւել ես, արդէն համաձայնել ես, որ դա այնտեղ է, չես կարող հետագայ գործողութիւններն ապահովել»։

Մինասեանի խօսքով՝ իրականում Նիկոլ Փաշինեանի դաւաճանութեան ամենացցուն դրսեւորումն այն է, որ փաստօրէն նա իր այս քայլով ոչնչացրեց 90-ականներից մինչեւ այսօր նահատակւած բոլոր անձնանց յիշատակը. «Բոլոր մեր յաջողութիւններն ու յաղթանակները ոչնչացւեցին, եւ այսքանից յետոյ, եթէ մարդը չի գիտակցում, որ ինքը պէտք է հեռանայ, նշանակում է՝ նա հոգեկան առողջութեան հետ կապւած լուրջ խնդիր ունի, իր աթոռը գերադասում է ամէն ինչից, եւ սա մեր քաղաքացիները պէտք է հասկանան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։