Հա

Ազգային

02/12/2020 - 13:55

Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի բանաձեւը

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

«alikonline.ir» - lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

 

- Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախութիւնը ճաnաչող բանաձեւը, որին հետեւեց երկրի ԱԳՆ-ի պարզաբանումը այդ բանաձեւի վերաբերեալ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիան իր կարծիքը յայտնում է ԱԳՆ-ի միջոցով, թէ կարող ենք յաջորդ փուլերում բոլորովին այլ արդիւնք ունենալ: Մասնաւորապէս, ԱԺ-ում երբ է հարցը քննարկւելու եւ արդեօք հնարաւոր է այնպէս աշխատել, որ ԱԺ-ում էլ յաջողութիւն գրանցենք:

- Մենք կազմակերպեցինք Սենատի կողմից քւէարկութիւնը, որպէսզի խորհրդարանական իշխանութիւնը կոչ անի գործադիր իշխանութեանը՝ ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պէտք է քւէարկի մի բանաձեւ, որտեղ նշւում է, որ ԱԺ-ն կողմ է, որ Արցախը ճանաչւի որպէս անկախ հանրապետութիւն: Հետեւաբար Ֆրանսիայի երկու հաստատութիւնները, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի ժողովրդին, իրենք կողմ են Արցախի անկախութեան ճանաչմանը: Մենք աշխատանքներ ենք տանում նաեւ կապ հաստատելով Ֆրանսիայի նախագահի հետ, ասելու համար, որ պէտք է անպայման յստակ լինի Ֆրանսիայի դիրքորոշումը դէպի Արցախի ճանաչում, որովհետեւ Ֆրանսիան չի կարող այլ կեցւածք ունենալ: Ֆրանսիան այն պետութիւնն է, որը ուզի-չուզի, պէտք է ճանաչի Արցախի անկախութիւնը, որովհետեւ դա արձանագրւած է ոչ միայն իր պատմութեան մէջ, այլեւ Ֆրանսիայի էութեան մէջ: Ֆրանսիան, լինելով ժողովրդավարութիւն, ազատութիւն ներկայացնող պետութիւն, մարդկանց իրաւունքների պաշտպան պետութիւն, չի կարող այդ պայմաններում իրաւունք տալ ադրբեջանական կողմին, այլ պէտք է բնականօրէն դիրքորոշւել դէպի Արցախի ճանաչում: Այս հարցը դեռեւս յստակ չէ, բայց յստակ է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական կուսակցութիւնները մեզ հետ են եւ կողմ են, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետութիւնը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մէջ Ֆրանսիան պարտաւոր է պաշտպանել Արցախի անկախութեան գաղափարը:

 

- Փասօրէն, կապ չունի՞, որ Մակրոնի կուսակցութիւնը ԱԺ-ում մեծամասնութիւն է եւ կարող է ձեռնպահ լինել այդ բանաձեւին՝ հաշւի առնելով, որ Սենատում նրանք հէնց ձեռնպահ քւէարկեցին:

- Այո, մեր նպատակն այն է, որ բանաձեւը քւէարկւի Ազգային ժողովում: Եթէ քւէարկութիւնը լինի առանց Մակրոնի կուսակցութեան մասնակցութեան, դա պրոբլեմ չէ մեզ համար: Մենք նպատակ ունենք, որ քւէարկւի բանաձեւը, որովհետեւ եթէ քւէարկւի, կը նշանակի, որ այն Ազգային ժողովի բանաձեւ է: Այսինքն Սենատից յետոյ ԱԺ-ն եւս հաստատեց, որ Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչները, պատգամաւորները կողմ են Արցախի անկախութեանը: Հիմա մենք կարող ենք հասկանալ, որ Ֆրանսիան շարունակում է մասնակցել Մինսկի խմբի համանախագահութեանը եւ այս գաղափարը պէտք է տանի այնտեղ: Ես կարող եմ ասել, որ Ֆրանսիան կողմ է Արցախի անկախութեանը, բայց միաժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որ տանում է Թուրքիան, որպէսզի չէզոքացնի Ֆրանսիայի մասնակցութիւնը, յայտարարելով, որ Ֆրանսիան՝ կողմ լինելով Արցախի անկախութեանը, պէտք է դուրս գայ Մինսկի խմբի համանախագահութիւնից: Այս հարցն էլ պէտք է ուշադիր քննել, եւ պէտք է արձանագրել, որ Թուրքիան որեւէ իրաւունք չունի խօսելու, որովհետեւ ինքն անձամբ մասնակցել է պատերազմին, հետեւաբար նաեւ մեղսակից է Ադրբեջանի հետ միասին, հետեւաբար որեւէ իրաւունք չունի որեւէ պահանջ ներկայացնելու Արցախի հարցի լուծման մէջ:

 

- Վերջնարդիւնքում Ֆրանսիայի նախագա՞հը պէտք է Արցախը ճանաչելու որոշումը կայացնի:

- Այո, բայց սա օրէնք չէ, միայն բանաձեւ է, որն ուղղւած է երկրի կառավարութեանն ու նախագահին: Վերջին խօսքը, իբրեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ, անշուշտ նախագահինն է: Նախագահը կարող է հաշւի չառնել Սենատի ու ԱԺ-ի բանաձեւերը, բայց կարող է նաեւ հաշւի առնել, եւ կարծում եմ, որ հաշւի կառնի: Երբ խորհրդարանի երկու թեւերը նոյն ուղղութեամբ տեքստի օգտին քւէարկեն, նախագահը ստիպւած է հաշւի առնել դա, չի կարող հաշւի չառնել: Հաշւի առնել նշանակում է հասկանալ, որ Ֆրանսիան կողմ է Արցախի անկախութեան ճանաչմանը եւ այդ գաղափարը նախագահ Մակրոնը պէտք է միջազգայնացնի:

 

- Իսկ նախագահ Մակրոնի տրամադրւածութիւնն ինչպիսի՞ն է ըստ ձեզ:

- Ես խորապէս համոզւած եմ, որ Մակրոնը կողմ է Արցախի անկախութեան ճանաչմանը: Ես վստահ եմ, որ ինքը աշխատանք կը տանի, որպէսզի ոչ միայն Արցախը ճանաչւի, այլ նաեւ վերաշինւի, որպէսզի վերադառնայ ժողովուրդը, ուժեղ ու ամուր պետութիւն կառուցւի: Մենք գիտենք, որ այս նոր վիճակը, որ ստեղծւեց Արցախում, բաւական դժւար է: Մենք պէտք է մեր շուրջը ունենանք մի շարք պետութիւններ, միջազգային հաստատութիւններ, որոնք կօժանդակեն, որպէսզի Արցախը վերագտնի իր տեղը եւ իր ժողովրդին:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։