Հա

Ազգային

03/12/2020 - 11:40

Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջում են Արցախի հանրութիւնը, քաղաքական դաշտն ու երկրի քաղաքական ղեկավարութիւնը

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը նախօրէին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրայեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցութիւններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկայ մարտահրաւէրներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարաւորութիւն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկեալ արդիւնքներով կը կարողանան ձեւաւորել ազգային համաձայնութեան իշխանութիւն, որը կը համատեղի բոլորի ջանքերը՝ յանուն Հայրենիքի անվտանգութեան ու զարգացման եւ ժողովրդի բարօրութեան:

«alikonline.ir» - Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը նախօրէին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրայեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցութիւններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկայ մարտահրաւէրներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարաւորութիւն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկեալ արդիւնքներով կը կարողանան ձեւաւորել ազգային համաձայնութեան իշխանութիւն, որը կը համատեղի բոլորի ջանքերը՝ յանուն Հայրենիքի անվտանգութեան ու զարգացման եւ ժողովրդի բարօրութեան:

Արայիկ Յարութիւնեանի՝ մինչ համերաշխութեան եւ համագործակցութեան ձեռք մեկնելու վերաբերեալ գրառումը, ակտիւօրէն լուրեր էին շրջանառւում, որ միասնականութիւն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտօնների կը նշանակի հանրութեան կողմից ընկալելի դէմքերի: Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանեանին նշանակելու է իր նախորդ պաշտօնին՝ Անվտանգութեան խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցութեան, Պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Դաւիթ Իշխանեանին էլ ԱԺ նախագահի պաշտօնում: Քիչ առաջ յայտնի դարձաւ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանեանը նշանակւել է ԱԽ քարտուղար:

News.am-ը Դաւիթ Իշխանեանից հետաքրքրւեց, թէ Արցախի ԱԺ նախագահի պաշտօնում առաջադրւելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամաւորն ասաց.

«Ինքս էլ երէկ մամուլում տեսայ եւ կարծում եմ, որ այն տարաբնոյթ ձեւաչափը, որ կը նշանակւեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է: Ընդհանուր քաղաքական խորհրդակցութիւններ է սկսել նախագահ Արայիկ Յարութիւնեանը, այդ թւում հանդիպում է ունեցել դաշնակցութեան մեր կառոյցի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցութիւնները կաւարտւի, մնացածը պարզ կը դառնայ: Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտօնում տեսնելուն, ապա պէտք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշւի առնելով, որ մենք մեծամասնութիւն չենք եւ դրանից յետոյ հետեւութիւններ անել: Առայժմ այսքանը կարող եմ ասել»:

Յստակեցնող հարցին, թէ այդ խորհրդակցութիւնների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դաւիթ Իշխանեանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հէնց այդ լուրերը տարածողներին:

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա:

 Եթէ նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրւեցինք դաշնակցական պատգամաւորից:

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ աւելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացութիւնից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թէ ով որտեղ կը լինի, ինչ պաշտօնում եւ ինչ առաջարկ կը լինի»,- ընդգծեց նա:

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կը լինի, Դաւիթ Իշխանեանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի քաղաքական մեծամասնութեանը:

Արցախի խորհրդարանական չորս կուսակցութիւնները, այդ թւում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Դաւիթ Իշխանեանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարւել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել:

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականութիւն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թէժ պայքարի եւ այդ պահանջը իրականացնելուն: Այստեղ ի յայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրաւական եւ ապագայ քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը աւելի չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդեօք հրաժարականի դէպքում նոր ընտրութիւններ կարող են լինել, թէ ոչ»,- ասաց դաշնակցական պատգամաւորը:

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆէյսբուքեան գրառմանը, Դաւիթ Իշխանեանն ասաց, որ Արայիկ Յարութիւնեանը փակագծերը ամբողջութեամբ չի բացել: Իրենք նկատել են, որ Արցախի իշխանութիւնները՝ նախագահի գլխաւորութեամբ դժգոհութիւններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խօսւում:

«Նախագահը «ֆէյսբուք»-եան գրառում արեց, որի մէջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր: Կարծում եմ նախագահ Արայիկ Յարութիւնեանը պէտք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդիւնքում որոշ փոփոխութիւններ տեղի են ունենալու՝ կառուցւածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասաւորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պէտք է հրապարակավ խօսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնաւորապէս վարչապետի հրաժարականի պահանջը նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն Արցախի հանրութիւնը, այլեւ երկրի հէնց քաղաքական ղեկավարութիւնը, այդ մասին պէտք է բարձրաձայնել: Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆէյսբուքեան գրառմամբ ինքը ներկայացրեց, աւելի խորն են»,- ասաց նա:

Հարցին, թէ ՀՅԴ-ն համաձայն կը լինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Յարութիւնեանի՝ ազգային համաձայնութեան իշխանութեանը, պատգամաւորն արձագանգեց․

«Կարծում եմ բոլորը պէտք է համաձայն լինեն եւ բոլորը պէտք է ազնւօրէն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատւութեան առումով, որովհետեւ մենք պէտք է հաշւի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պէտք է ի մի բերել, թէ որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է: Կարծում եմ այնպիսի կացութեան մէջ ենք, որ չպէտք է քաղաքական դիւիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցութիւն՝ խորհրդարանական, թէ արտախորհրդարանական: Հաշւի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պէտք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտւելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից: Տեսէք, արդէն շրջանառւեց Մանէ Թանդիլեանի անունը, իհարկէ, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կը լինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել: Եթէ ինքը տեղափոխւում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակւելու մասին լուրը կարող է իրականութիւն դառնալ»,- նկատեց պատգամաւորը:

Դաւիթ Իշխանեանը յաւելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պէտք է հանրութեան հետ աշխատել:

«Պէտք է ունենալ յստակ քաղաքական գիծ, գաղափարախօսութիւն, մարդկանց ոչ միայն պէտք է տնտեսական, սոցիալական, նիւթական պայմանները բաւարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած: Կառավարման համակարգը պէտք է շատ արդիւնաւէտ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնաւորւած գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ յաջողութիւն կարող ենք ունենալ: Վստահութեան պակասը պէտք է լրացւի նոր վստահութեան դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխութիւններ»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։