Հա

Ազգային

03/12/2020 - 16:00

«Ապազգային միասնական ճակատը փորձում է արդարացնել Փաշինեանին ու նրա օտարամէտ խմբակցութեանը». «Ալիք»-ի հարցազրոյցը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ

 

ՀՀ վարչապետի գրեթէ միանձնեայ ստորագրած զինադադարի այս պարտւողական համաձայնագիրը համազգային մեծ աղէտ է առաջացրել:

Սա չի վերաբերում հայութեան մի հատւածին, այլ ամբողջ հայ ժողովրդին: Ապազգային ուժերը փորձում են մոլորւած հայրենաբնակ մի զանգւածի եւ Սփիւռքի պարզամիտ ու «բարեսիրտ» որոշ շրջանակի սա ներկայացնել որպէս անցողակի եւ հատւածական իրավիճակ:

Հ.- Պրն. Բաղումեան ինչպէ՞ս էք գնահատում նոյ. 9-ին ստորագրւած Արցախին վերաբերող կապիտուլիացիոն համաձայնագիրը:

Պ.- ՀՀ վարչապետի գրեթէ միանձնեայ ստորագրած զինադադարի այս պարտւողական համաձայնագիրը համազգային մեծ աղէտ է առաջացրել:

Սա չի վերաբերում հայութեան մի հատւածին, այլ ամբողջ հայ ժողովրդին: Ապազգային ուժերը փորձում են մոլորւած հայրենաբնակ մի զանգւածի եւ Սփիւռքի պարզամիտ ու «բարեսիրտ» որոշ շրջանակի սա ներկայացնել որպէս անցողակի եւ հատւածական իրավիճակ:

Իրականութիւնն այն է, որ այս համաձայնագիրը ահաւոր սասանել է Հայկական երկու պետութիւնների հիմքերը, կոտրել յոյսը, հաւատը եւ վերականգնելու հնարաւորութիւնները՝ ապագայի հաշւին: Հոգեբանական բեկումը՝ հողի եւ սերունդների կորստեան պայմաններում շատ խորն է եւ չգիտեմ որքան ժամանակ է պէտք ապաքինւելու համար:

Բայց արի ու տես, որ մեր ապազգային գլոբալիստները - կոմունիստներ եւ ուլտրալիբերալներ - այսօր միասնական ճակատով փորձում են ներողամտաբար արդարացնել պրն. Փաշինեանի ու նրա օտարամէտ խմբակցութեան ամօթալի գործունէութիւնը:

 

Հ.- Ըստ Ձեզ՝ ո՞րն է վարչապետի չհրաժարւելու յամառութեան պատճառը:

Պ.- Երեւի այստեղ կայ թէ՛ անձի նկարագրային իւրայատկութիւններից, եւ թէ՛ քաղաքական հաշիւներից բխող մղումներ:

Ամօթն ու պատկառանքը, պատասխանատւութեան զգացումը, արժանապատւութիւնն ու ինքնասիրութիւնը նորմալ մարդկային առաքինութիւններ են: Ցաւօք, այս յատկութիւնները բացակայում են պրն. վարչապետի մօտ: Փոխարէնը նրա մօտ շեշտւած է ինքնասիրահարւածութեան, անպարկեշտութեան ու ստայօդ ամբոխավարութեան արատաւոր ախտը:

Քաղաքական հաշւարկի առումով, նա ամբողջ 20 տարի - ընդդիմութիւն եղած օրերից մինչեւ երկու, երեք ամիս առաջ - իր գրաւը դրել էր հակառուսականութեան վրայ՝ սին յոյսեր կապելով Արեւմուտքի հետ: Կարեւոր պետական պաշտօններում նշանակել էր կասկածելի կապեր ունեցող մարդկանց: Մարդիկ, որոնց ամբողջ նպատակը, Արեւմուտքին Կովկաս հրաւիրելն ու Ռուսաստանի Դաշնութեանն տկարացնելն է եղել: Վճարւել են դրա համար երկար տարիներ: Սա նշանակում էր եւ է՝ ապահովել Թուրքիա մուտքը Կովկաս՝ որպէս Արեւմուտքի առաջամարտիկը: Հէնց սրա համար էլ վարչապետի շրջանակը 2-3 տարի քարոզել է Թուրքիայի հետ միակողմանիօրէն բարեկամանալու մասին՝ մոռանալ Հայոց Ցեղասպանութեան հարցը, պահանջատիրութիւնը, որի համար էլ հիմքից այդտեղ են փոխել մեր պատմութեան դասագրքերը, կրթական հաստատութիւններում տկարացրել հայագիտութեան առարկան, հարւածել հայրենասիրական տրամադրութիւններ սնուցանող առարկան ու նսեմացնել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, վարկաբեկել բանակն ու հրամանատարական կազմը՝ Արցախի հերոսներին եւ այլն: Մի խօսքով՝ չէզոքացնել ազգային նկարագիրն ու հայոց դիմադրողական ուժը՝ որպէս խանգարիչ տարրերը վերոնշեալ քաղաքական ծրագրերին:

Հիմա, վարչապետը իբր թռնելով քաղաքական բեւեռի միւս կողմը, փորձում է իշխանութեանը կառչած մնալ եւ իրագործել իր քանդիչ ու ազգակործան հայեացքները:

 

Հ.- Պրն. Բաղումեան, Հայաստանի Ազգ. Ժողովում վարչապետի մեծամասնական դաշինք՝ «իմքայլականների» տարօրինակ պահւածքը Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանաւորւած:

Պ.- Իմքայլականները - չնչին բացառութեամբ - փողոցից եկած պատեհապաշտներ են, որոնք տարիներով սնւել են Արեւմտեան դրամաշնորհներով: Նրանք գիտեն, որ շուտով դուրս են մղւելու հայոց հաւաքական կեանքից ու յիշւելու են որպէս կամակատարներ՝ կարեւոր չէ գիտակցաբար, թէ թիւրիմացաբար, որպէս այս սարսափելի հարւածի հեղինակներ կամ հովանաւորներ:

Այսօր նրանց մի բան կարող է փրկել. պահպանելով սահմանադրական կարգը, ամենակարճ ժամանակահատւածում պաշտօնից հեռացնել վարչապետին եւ նրա գլխաւորած կառավարութեանը, եւ ընտրել ազգային միասնականութիւնը երաշխաւորող, ազգային-հայրենասիրական գաղափարներ դաւանող, փորձառու, ժամանակաւոր վարչապետ: Այս գործընթացի յետաձգումը նոր կորուստների դուռ է բացելու եւ խորացնելու է «իմքայլականների» պատասխանատւութիւնը:

 

Հ.- Այսօր ռազմագերիների եւ զինծառայողների վերադարձի հարցը անփութութեան է մատնւած իշխանաւորների կողմից: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանաւորւած ՀՀ վարչապետի եւ իր պաշտպանութեան նախարարի նման կերպ անտարբերութիւնը:

Պ.- Ծիծաղելի է ու միեւնոյն ժամանակ ցաւալի, որ իշխանութիւնները փոխարէն լրջօրէն զբաղւեն ռազմագերիների ու կորածների հարցով եւ զոհւածների դիերի որոնման գործով, այսօր խօսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տնտեսական գործարքների մասին՝ միակողմանիօրէն չոքելով թուրքի առաջ: Ամօթ չեն զգում, որ փոխարէն հասկանան ու գործեն այս շատ ողբերգական ու յուզական իրավիճակի մեղմացման ուղղութեամբ, խօսում են անկապ հարցերից: Նրանք այս բոլորին՝ գերիներին, կորածներին, զոհւածների դիակներին, վիրաւորներին ու յարակից այլ դժբախտ եղելութիւններին նայում են մատների արանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։