Հա

Ազգային

16/12/2020 - 14:04

Փոքր մարդու մեծ սուտը

1938 թւականի սեպտեմբերի 30-ին, Միւնխէնից վերադառնալով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբեռլէնը, դիմելով ժողովրդին, թափահարելով Միւնխէնեան համաձայնագիրը, յայտարարեց. «Ես մեր ժամանակների համար խաղաղութիւն եմ բերել»: Չեմբեռլէնն անկեղծ էր իր մոլորութեան մէջ, նա իրօք հաւատում էր, որ խաղաղութիւն է բերել, կարողացել է «փոքրը զիջելով մեծը պահել»: Եկէք անկեղծ լինենք. բրիտանացիների զգալի մասը ցնծաց ստանալով «Չեխոսլովակիայի հարցի լուծման» մասին լուրը: Առաջին Համաշխարհային պատերազմը քսան տարի էլ չկար ինչ վերջացել էր եւ «կոնտինենտում» պոտենցիալ նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու ցանկութիւնը շատ մեծ էր: Սակայն ժողովրդի կողմից ընտրւած առաջնորդը սխալ էր գնահատել թշնամու մտադրութււնները, հաւատացել էր, թէ թշնամին կը բաւարարւի ստացածով ու կը զսպի իր նկրտումները, մինչդեռ Սուդեթները ոչ թէ «կշտացրեցին» Հիտլերի ախորժակն, այլ աւելի այն գրգռեցին: 

1938 թւականի սեպտեմբերի 30-ին, Միւնխէնից վերադառնալով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբեռլէնը, դիմելով ժողովրդին, թափահարելով Միւնխէնեան համաձայնագիրը, յայտարարեց. «Ես մեր ժամանակների համար խաղաղութիւն եմ բերել»: Չեմբեռլէնն անկեղծ էր իր մոլորութեան մէջ, նա իրօք հաւատում էր, որ խաղաղութիւն է բերել, կարողացել է «փոքրը զիջելով մեծը պահել»: Եկէք անկեղծ լինենք. բրիտանացիների զգալի մասը ցնծաց ստանալով «Չեխոսլովակիայի հարցի լուծման» մասին լուրը: Առաջին Համաշխարհային պատերազմը քսան տարի էլ չկար ինչ վերջացել էր եւ «կոնտինենտում» պոտենցիալ նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու ցանկութիւնը շատ մեծ էր: Սակայն ժողովրդի կողմից ընտրւած առաջնորդը սխալ էր գնահատել թշնամու մտադրութււնները, հաւատացել էր, թէ թշնամին կը բաւարարւի ստացածով ու կը զսպի իր նկրտումները, մինչդեռ Սուդեթները ոչ թէ «կշտացրեցին» Հիտլերի ախորժակն, այլ աւելի այն գրգռեցին: Ինչ ժամանակներ թեւակոխեց աշխարհն այդ համաձայնագրի ստորագրումից յետոյ, բոլորին է յայտնի: Միւնխէնեան համաձայնագրով հաստատւած «խաղաղութիւնը» մէկ տարի էլ չտեւեց եւ աւարտւեց մարդկութեան պատմութեան ամենաարիւնալի ու դաժան պատերազմով: Չեմբեռլէնը հասկացաւ իր սխալը, գիտակցեց, որ ինքն է անմիջական պատասխանատուն, չփորձեց մեղաւորներ նշանակել, չյայտարարեց, թէ պատերազմն անխուսափելի էր, քանի որ Գերմանիան քսան տարի զինւում էր, իսկ Անգլիան նոյնիսկ բաւարար թւով հրացան չունէր ու ստիպւած է լինելու Միացեալ Նահանգներից լենդ-լիզով հրացան վարձակալել: Չեմբեռլ՝նն արժանապատջութիւն ունէր. նա հեռացաւ…

2020 թւականի նոյեմբերի 9-ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինեանը ստորագրեց մի եռակողմ յայտարարութիւն, որը շատերը կարծիքով Հայաստանի ամբողջական ու անվերապահ կապիտուլեացիա էր Ադրբեջանի առաջ: Փաշինեանը չհանդիպեց ցնծացող ամբոխի հետ, ցոյց չտւեց իր եւ Ալիեւի ստորագրութիւնը կրող փաստաթուղթը: Նա գերադասեց թաքնւել ինչ-որ ծածուկ բունկերում ու ֆէյսբուքեան ուղիղ եթերով դիմել յուսահատւած, պարտւած ու զայրացած ժողովրդին: Փաստաթղթի բնօրինակն էլ երեւի միայն Փաշինեանի մերձակայ շրջանակն է տեսել:

Իր տխրահռչակ «լայւում», որն այնուհետեւ անհետացաւ Փաշինեանի ֆէյսբուքեան էջից, և դրան հետեւած ուղերձներում ու հարցազրոյցներում Փաշինեանն արդարացաւ, որ ստեղծւած պայմաններում այլ հնարաւորութիւն չունէր, այլապէս կը վտանգւէր 20.000 զինւորի կեանքը (այդ թիւը յետոյ սահուն մեծացաւ մինչեւ 35.000), մեղադրեց «նախկիններին», որոնց վարած սխալ քաղաքականութիւնը եւ ձախողած բանակցութիւնները յանգեցրեցին պատերազմի, մեղադրեց ժողովրդին, որ 30 հոգանոց կամաւորական ջոկատներ չկազմեց, մեղադրեց օլիգարխներին, որոնց ջոկատները Շուշի չհասան, Շուշին անւանեց «դժգոյն ու դժբախտ քաղաք» եւ դարձեալ օգտագործեց բանականութեան հետ անհամատեղելի «եօթ շրջան ներառեալ Շուշին» արտայայտութիւնը: Սակայն հիմնական ուղերձը, որ նա յղեց, որը երկրորդեցին նրա կողմնակիցները, որը տիրաժաւորեցին նրա ենթակայութեան կամ ազդեցութեան տակ գտնւող լրատւամիջոցները եւև ֆէյքերը հետեւեալն էր. «Ես խաղաղութիւն եմ բերել»:

Դարձեալ անկեղծ լինենք. ժողովրդի մի հատւած համաձայն էր եւ հիմա էլ համաձայն է «խաղաղութիւն ամէն գնով» մօտեցման հետ, մանաւանդ որ կշեռքի մի նժարի վրայ «դժգոյն ու դժբախտ քաղաքն» էր, որի տեղը քարտէզի վրայ քչերը կը կարողանան գտնել, իսկ միւս նժարի վրայ՝ 35.000 երիտասարդի կեանքը: Եթէ նկատե՞լ էք, զինւորականութիւնը չհաստատեց շրջապատման վտանգի մէջ գտնւող 35.000 զինւորի մասին պնդումը, բայց դա թաւշեայ պրոպագանդիստների մօտ խղճի խայթ չառաջացրեց: Իսկ պատերազմի սարսափի միջով անցած ժողովուրդը դա երեւի չնկատեց էլ. պատերազմի 44 օրերի ընթացքում ճիշտն ու սուտն այնքա՜ն հմտօրէն էին իրար միախառնել…

Փաշինեանի որոշ համախոհներ, ոգեւորութեան պահին, խաղաղութիւնից բացի նաեւ տնտեսական զարգացման հնարաւորութիւններ տեսան այդ փաստաթղթում եւ դրանից յետոյ հաստատւելիք հայ-ադրբեջանական յարաբերութիւններում: Սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին կանգնած մեր պետութեան հպարտ քաղաքացիներին, ովքեր իրենց մաշկի վրայ են զգացել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները եւ ովքեր դեռ զգալու են պատերազմի տնտեսական հետեւանքները պէտք էր ոչ միայն խաղաղութիւն հրամցնել, այլեւ բարեկեցութիւն. Ղարաբաղի հարցը լուծւեց, հիմա մարդիկ լաւ կապրեն: Այժմ չքննարկենք այդ «հնարաւորութիւնների» հարցը: Ուղղակի ասեմ, որ լուրջ չէ ակնկալել, որ Թուրքիան, ում առաջ թէկուզ վեց ամսով փակում ես քո շուկան, պատրաստ է քո համար բացել իր նաւահանգիստները: Ազնիւ չէ գործարարներ կոչ անել ներդրում կատարել, օգտւել թուրքական ապրանքների նկատմամբ վեց ամսեայ էմբարգոյով պայմանաւորւած «հնարաւորութիւնների պատուհանից», իսկ յետոյ էլի հայկական շուկան բացել թուրքերի առաջ եւ կառավարութեանը հաւատացած բիզնեսներին կանգնացնել սնանկացման վտանգի առաջ: Բայց հիմա լրջութիւնն ու ազնւութիւնը յարգի չեն:

Արդեօ՞ք մենք թւակոխեցինք կայուն խաղաղութեան ժամանակաշրջան: Խաղաղութիւն կը հաստատւի միայն, եթէ հակամարտող բոլոր կողմերը խաղաղութիւն ուզեն: Միակողմանի միայն կապիտուլեացիան է լինում, միակողմանի խաղաղութիւն չի լինում: Իսկ արդեօ՞ք թուրք-ադրբեջանական հրոսակապետութիւնները պատրաստ են խաղաղութեան: Ադրբեջանցիները երբեք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդէպ: Հիմա, երբ Հայաստանը պարտւած է, միթէ՞ ճիշտ ժամանակը չէ Էրիւանն ու Գեոքչան «հետ բերել» ու վերջապէս լուծել Զանգեզուրի պատկանելիութեան հարցը: Նոյնիսկ, եթէ Ադրբեջանը իրեն կատարեալ երջանիկ զգայ նոյեմբերի 10-ից յետոյ ձեւաւորւած սահմաններում, արդեօ՞ք աւագ եղբայրը՝ Թուրքիան, կը բաւարարւի միայն Արցախի հարաւային շրջանները Հայաստանից պոկելով: Կասկածում եմ: Պատահական չէր, որ Բաքւում Էրդողանը յիշատակեց Էնւէրին. Էնւէրի գործը կիսատ է մնացել:

Նացիստական Գերմանիային Սուդեթները պէտք չէին, նրանց համաշխարհային տիրապետութիւն էր պէտք եւ նրանք միայն Սուդեթներով չբաւարարւեցին: Թուրքերին ու ադրբեջանցիներին միայն Արցախի հարաւը չի պէտք: Նրանց ախորժակը շատ աւելի մեծ է: Ցաւօք, մեր հայրենակիցներից ոմանք, որ համարեայ երեսուն տարի կրկնում էին «ինչու՞ մեր երեխեքը պէտք է ղարաբաղցիների համար կռւեն» չեն հասկանում, որ Արցախը պահում է Հայաստանի թիկունքը, գրաւելով Արցախը, վաղը թուրքերն ու ադրբեջանցիները կը պահանջեն Երեւանը: Իսկ միգուցէ՞ շատ լաւ հասկանում են….

Հասկանանք, թէ ինչ վիճակում են յայտնւել Հայաստանն ու նրա արցախեան հատւածը կապիտուլեացիոն յայտարարութեամբ աւարտւած պատերազմից յետոյ: Մենք երբեք այսքան խոցւած չենք եղել: Ժողովուրդը ետպատերազմեան անկումային տրամադրութեան մէջ է: Ողբերգութիւնը թակել է հազարաւոր ընտանիքների դուռը: Մարդիկ հարազատներ ու ընկերներ են կորցրել: Հազարաւոր որբեր, այրիներ, որդեկորոյս մայրեր: Որքան էլ կառավարութիւնը ձգձգի զոհերի ընդհանուր թիւը հրապարակելու պահը, 5.000 թիւն արդէն որեւէ մէկը չի վիճարկում: Անյայտ են գերի ընկածների անունները, ընդհանուր թւաքանակը, նրանց ճակատագիրը: Ադրբեջանցիները, որպէս «բարի կամքի» դրսեւորում, վերջերս հայկական կողմին վերադարձրեցին երեք տարեց քաղաքացիական անձի (եւ քաղաքացիական անձի մէկ խոշտանգւած դի): Վերադարձվածները ռազմագերիներ չէին, պարզ պատանդներ էին: Այդպիսի պատանդներ կարող են ապագայում տասնեակներ լինել, հաշւի առնելով հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծւած անհասկանալի իրավիճակը: Անհետ կորած զինւորների հարազատները երանի են տալիս նրանց, ովքեր իրենց զոհերին բաց դագաղով են յուղարկաւորել… Վիրաւորների թիւը միտումնաւոր չի յայտարարւում:

Հասարակութիւնն էլեկտրականացւած է: Երկուս եւ կէս տարի հասարակութեան պառակտումը տւեց իր պտուղները: Հասարակութեան համերաշխութիւնն ապահովելու փոխարէն, Փաշինեանը քաղաքացու վրէժի կոչ է անում ու սպառնում, թէ հեսա տղերքն առաջնագծից կը գան ու վա՜յ վնգստացողներին: Տղերքն «առաջնագծից» եկան ու պարզւեց, որ մէկը Քելբաջարում է կռւել՝ Ջեբրաիլի կողմերը, իսկ միւսի եղբօր որդին դեռ Հադրութում է, չնայած Հադրութում արդէն միայն թշնամին է: Փաշինեանի հրաժարականն են պահանջում երկրի գործող նախագահը, նախկին նախագահները, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիյո կաթողիկոսներն ու եպիսկոպոսաց դասը, մտաւորականները, գիտնականները, ուսուցիչները, բժիշկները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնութիւնը, սփիւռքեան ամենաազդեցիկ կառոյցները: Ի պատասխան, քաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչները յայտարարում են. «էլ ոչ մի թաւիշ» ու ցուցարարների դէմ ոստիկանական ուժեր նետում:

Արցախն իր գոյութեան ամենածանր ժամանակներն է ապրում: Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցն առկախւեց եւ յայտնի չէ ո՞վ, ե՞րբ եւ ինչպէ՞ս է այն դարձեալ դնելու բանակցութիւնների սեղանին: Հանրապետութեան իշխանութիւնը կաթւածահար է: Նոյնիսկ վառելիքի ու դպրոցների շահագործման հարցերը լուծում են խաղաղապահները: Այո, Արցախն իր պատմութեան որոշ ժամանակահատւածում եղել է օտարի տիրապետութեան տակ: Բայց Արցախը եղել է ամբողջական: Այժմ Խամսայի մելիքութիւններից Դիզակի մելիքութիւնը (Հադրութի շրջանը) ամբողջութեամբ, Վարանդայի, Խաչէնի ու Շուշիի մելիքութիւնների (համապատասխանաբար՝ Մարտունու, Ասկերանի ու Շուշիի շրջաններ) մի մասը պոկւել են Արցախից: Որպէս ամբողջական վարչաքաղաքական միաւոր Արցախն, այս պահին, գոյութիւն չունի: Արցախը կանգնած է անկլաւացման իրական վտանգի առաջ: Գորիսից մինչեւ Ստեփանակերտ ընկած հատւածում ընդամենը մի քանի հայկական ընտանիք է մնացել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում եւ Քաշաթաղի շրջանի Արիաւան գիւղում: Վերջիններս դաշնակցական գիւղապետի հրամանատարութեամբ գիւղը պաշտպանում են ադրբեջանցի զինւորներից ու հայ թալանչիներից: Բանակի մարտական ոգին ու մարտունակութիւնն այն չեն, ինչ մի քանի ամիս առաջ էր: Հրամանատարական կազմը լուրջ կորուստներ է կրել, ռազմական տեխնիկայի մի զգալի բաժինը կամ ոչնչացւած է, կամ մնացել է թշնամիներին: Քաղաքական իշխանութիւնները, միտումնաւոր, անհետ կորածների հարազատներին ուղղորդում է դէպի բանակ, փորձելով խուսափել այդ հարցի քաղաքական լուծման պատասխանատւութիւնից: Ռազմաճակատի գիծը երկարեց մի քանի հարիւր կիլոմետրով: Դեռ մինչեւ պատերազմը հայկական կողմը դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմի համալրման հետ կապւած խնդիրներ ուներ: Հիմա այդ խնդիրը բազմապատկւեց: Դեռ երեք ամիս առաջ խորը թիկունք համարւող Գեղարքունիքը (Ճամբարակից հարաւ), Վայոց Ձորի արեւելքը, Սիւնիքի արեւելքն այժմ դարձել են սահմանամերձ գօտի: Իսկ որտեղո՞վ է անցնելու սահմանը, GPS-ով որոշում են ադրբեջանցիները: Ադրբեջանցիք, 1991-ին իրենց անկախութիւնը հռչակելիս հայտարարել էին, որ հանդիսանում են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւայաջորդը: Այն ժամանակ, ի դէպ, GPS չկար: Սովետական Միութեան ժամանակ այդ սահմանները ետ ու առաջ են տրւել, որպէս կանոն, ի վնաս հայերի: Սահմանագիծն անցնում էր բարձունքների գագաթներով (որտեղ, որ բարձունքներ կան): Ինչպէ՞ս են հիմա Հայաստանն ու Ադրբեջանն այդ բարձունքները «կիսելու»: Հայաստանի Հանրապետութիւնը սահմանազատման գործընթացում չկայ, կան GPS-ով զինւած ադրբեջանցիներ: Ի՞նչ է իրենից ներկայացնելու «Մեղրիի միջանցքը», հաւանաբար, գիտեն միայն ադրբեջանցիները: Յիշեցնեմ, որ դեկտեմբերի 2-ին Ալիեւը խօսել է ոչ թէ միջանցքի, այլ միջանցքների մասին: Ակնյայտ է, որ ադրբեջանցիք կը պահանջեն «Լաչինի միջանցքին» համարժէք միջանցք: Միգուէ՞ սա է պատճառը, թէ ինչու կազմակերպւած տարհանւեց Բերձորի ու Բերդաձորի խաղաղ բնակչութիւնը:

Ի տարբերութիւն Հայաստանի ու նրա արցախեան հատւածի, Թուրքիան ու Ադրբեջանը երբեք այսքան ագրեսիւ, ռազմատենչ ու յաղթանակով ոգեւորւած չեն եղել: Ուրեմն ինչը՞ նրանց ետ կը պահի նոր պատերազմից: Միայն սահմանային անխուսափելի վէճերը նոր պատերազմի յրաշալի casus belli (պատերազմի առիթ) են: Մի փոքրիկ սադրանք ու… Թուրքական զօրքն արդէն ռազմական բազա ու մշտական ներկայութիւն ունի Ադրբեջանում, ռուսական զօրքն Արցախում է եւ կարեւոր չէ նրանց կարգավիճակը, իրանցիները զօրք են կուտակել իրենց հիւսիսային սահմանի վրայ: Իրանը ռեւերանս է անում Ադրբեջանին, բայց ԱԳՆ է կանչում Թուրքիայի դեսպանին՝ բացատրութիւն պահանջելու էրդողանի Բաքւում կատարած վերջին յայտարարութեան վերաբերեալ: Ռուսական կողմը նուրբ ակնարկ է անում երբեք բարեվարքութեամբ աչքի չընկած Էրդողանին: «Կովկասեան կաթսան» շարունակում է եռալ:

Այս լոյսի ներքոյ դարձեալ հարց տանք մեզ. «Պատերազմն աւարտւե՞ց: Կապիտուլյացիայով աւարտւած մարտական գործողութիւնները մեզ խաղաղութիւն բերեցի՞ն»: Փաշինեանը մեզ աւելի մօտեցրեց աւելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ աւելի անբարենպաստ վիճակում ենք, քան 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հաստատւածը խաղաղութիւն չէ, այլ ժամանակաւոր անդորր մեծ փոթորիկից առաջ: Ամբոխային տրամաբանութեան մեծ մասնագէտը ժողովրդին խաղաղութիւն չբերեց, այլ անպատւութիւն, իսկ ի՞նչ է սպասում անպատւութիւնն ընտրողին, բոլորին է յայտնի….

Յ.Գ. ՅՕդւածը գրւել էր մինչեւ 44 հայ գերիների վերադարձն ու Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի վրայ ադրբեջանական զօրքերի գրոհն ու գիւղերի բռնակցումն Ադրբեջանին, Շուշիի շրջանի Հին Շէն գիւղի շրջափակումը եւ Տեղ համայնքի հատւածում Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի «ճշտումը»: Նախորդ 4 օրերի զարգացումները եւս մէկ անգամ փաստեցին, որ մեր տարածաշրջանում խաղաղութիւն հաստատւելու մասին լուրերը, ինչպէս կասէր Մարկ Տւէնը, «մեծապէս չափազանցւած են»:

 

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ

«Առաւօտ»

 

Յարակից լուրեր

  • «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»
    «Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

    «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

  • Ո՞ւր է սահմանագիծը
    Ո՞ւր է սահմանագիծը

    Այսօր, աւելորդ անգամ մը եւս, հաստատուեցաւ, որ ՀՀ իշխանութեան գերագոյն դիրքը զբաղեցնող անձնաւորութիւնը եւ իր վարչախումբը վերջնականօրէն սնանկացած են թէ՛որպէս կառավարութիւն եւ թէ՛որպէս քաղաքական ուժ եւ պէտք է անյապաղ դուրս գան հայ անկախ պետականութեան քաղաքական բեմէն։

  • «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան
    «Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

    Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

  • «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը
    «Եթէ ՀՀ կառավարութիւնը չուզենար որ ընդունուի…», կամ՝ Հայ Դատի պահանջատիրութեան սպառնալիքը

    Լենա Նազարեանի Թուրքիոյ հետ «չթշնամանք»ի սոփեստութենէն յետոյ, Նիկոլ Փաշինեանը 10 Մայիս 2021-ին, Խորհրդարանի նիստի իր ելոյթին մէջ, ահաւասիկ, հռետորական հարց կու տայ՝ «թուրքը մեր թշնամին ա, թէ մեր թշնամին չի», եւ ինքնիրեն կը պատասխանէ. «այո, դա որեւէ մէկի յայտարարութեամբ չի որոշւում, դա պատմական իրողութիւն ա: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք այդ թշնամանքը պէտք է կա-ռա-վար-ուի:»

  • Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում
    Այս իշխանութիւնը ցինիզմի տիեզերական սահմաններ է գծում

    «Մայիսի 10-ին ուսապարկերի խորհրդարանի ինքնալուծարումը, գոյութեան դադարումը «Հայրենիքի փրկութեան շարժման» պայքարի արդիւնքներից մէկն էր: Եթէ չլինէր «Հայրենիքի փրկութեան շարժումը», քաղաքացիները դուրս չգային փողոց, որեւէ մեղքի զգացում չունեցող այդ ուսապարկերը կը շարունակէին պաշտոնավարել՝ իրենց կուռք Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։