Հա

Ազգային

21/12/2020 - 13:40

«Քանի դեռ չենք ուզում ընդունել դառը ճշմարտութիւնը, կապրենք քաղցր ստի մէջ». Սպարտակ Սէյրանեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Քանի դեռ չենք ուզում ընդունել դառը ճշմարտութիւնը, կապրենք քաղցր ստի մէջ։ Ինքնախաբէութեամբ պէտք չէ զբաղւել. այդ տեսակը նոր չի առաջացել, ոչ էլ երկուս ու կէս տարի առաջ։ Միշտ եղել է. հազար տարի առաջ, հարիւր տարի առաջ։ Երեսուն տարի առաջ դրանք ասում էին. «Մեր ինչին է պէտք Արցախը», յետոյ ասում էին. «Արցախը տանք՝ պրծնենք», հիմա ասում են. «Լաւ էր, տւինք՝ պրծանք»։ Ասում էին «Արցախը թող արցախցիները պաշտպանեն», հիմա ասում են «Սիւնիքը թող սիւնիքցիները պաշտպանեն»։

Այո, ասում են ու դեռ ինչեր են ասելու։ Ձևեր մի թափէք, թէ չէք լսում, ձեզ մի մխիթարէք, թէ դրանք եզակի դէպքեր են։ Հոգնակի են։ Պարզապէս նախկինում դրանք կիսաբերան էին ասում, հիմա՝ բարձրաձայն։ Պարզապէս նախկինում դրանք պետութեան վրայ ազդելու հնարաւորութիւն չեն ունեցել, հիմա՝ ունեն։ Հիմա պետութիւնն իրենք են ու դրա համար էլ պետութիւն չունենք։

Պարզապէս նախկինում դրանց ուզեցել են ու կարողացել են օգտագործել, բայց չեն էլ մտածել յենւել դրանց վրայ։ Հիմա համ օգտագործում են, համ էլ յենւում են։ Հիմա դրանք իշխանութեան ամենահաւատարիմ յենարանն են։ Որովհետև իշխանութիւնն ու դրանք նոյն «նիւթից» են, նոյն «որակն» են, նոյն տեսակն են։ Ու այդ տեսակը ներքին ոչ մի տարանջատում չունի՝ ոչ կրթական, ոչ տարիքային, ոչ ունեցւածքի, ոչ էլ՝ որեւէ այլ։ Դրանց դէպքում կապ չունի քանի դասարան կամ քանի բուհ են աւարտել, կապ չունի որտեղ և որպէս ինչ են աշխատել կամ աշխատում։ Դա նոյն անազգ ու անհայրենիք, անաստւած ու անմշակոյթ, անինքնասէր ու անբան, պոռոտախօս ու դատարկամիտ, խարդախ ու «գցող», դասալիք ու վախկոտ, անտարբեր ու անպատասխանատու, չար ու նախանձ, անմիտ ու մեծամիտ, անինքնասէր ու օտարասէր, չտես ու անկուշտ, նենգ ու բամբասող, չմահաւան ու ինքնահաւան զանգւածն է, որը դարերի ընթացքում ոչ մի կապ չի ունեցել ու հիմա էլ չունի ազգի ոչ պատմութեան, ոչ մշակոյթի, ոչ հաւատքի, ոչ ձեռքբերումների, ոչ յաղթանակների հետ։ Դրա համար էլ այդ ամէնի ոչ արժէքը գիտի, ոչ էլ այդ ամէնն իր համար արժէք կարող է դառնալ։

Ու կապ չունի, թէ որտեղ են դրանք ապրում՝ Երևանում, Լոսում, Մոսկւայում, Փարիզում։ Որովհետև ամենուրեք ապրում են նոյն կեանքով, նոյն կենցաղով, նոյն արժէհամակարգով՝ հոգու նույն դատարկութեամբ։ Ու կապ չունի, թէ ինչ լեզւով են խօսում կամ գրում՝ որովհետեւ կապ չունի, թէ ինչ լեզւով են հայհոյում կամ անիծում, ինչ լեզւով են սուտ կամ ատելութիւն տարածում։ Ու վճարն էլ ամենուրեք նոյնն է՝ 30 արծաթին համարժէք դրամ, դոլար, ռուբլի, եւրօ, մանաթ...

Ես չգիտեմ՝ դրանք շատ են, թէ քիչ։ Բայց գիտեմ, որ դրանք ազգի ու պետութեան գոյութեան ու զարգացման ամենավտանգաւոր խոչնդոտն են։ Պարզապէս թշնամին դիմացդ է, իսկ դրանք՝ քո թիկունքում, ու թիկունքիցդ են խփում։ Ու ասեմ նաև, որ դրանք իրենցից տարբերւողներին ատում են, գուցէ աւելի, քան թշնամին է ատում մեզ։

Հիմա Հայաստանում իշխանութեան համար պայքար չէ, այլ տեսակների պայքար։ Որ տեսակը կը յաղթի, այդպիսի պետութիւն էլ կունենանք։ Աւելի ճիշտ, կամ պետութիւն կունենանք կամ չենք ունենայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։