Հա

Ազգային

22/12/2020 - 13:50

«Այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագոյն գլխաւոր խրտւիլակին»․ Իշխան Սաղաթելեան

Պայմանաւորւենք՝ երբեք սադրանքների չենք տրւելու եւ մեր պայքարը երբեք կանգ չի առնելու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Պայմանաւորւենք՝ երբեք սադրանքների չենք տրւելու եւ մեր պայքարը երբեք կանգ չի առնելու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանրահաւաքի ժամանակ։

«Մենք՝ բոլորս, այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագոյն գլխաւոր խրտւիլակին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը եւ ցուցարարները համաձայնեցին։

Նա նշեց, որ 20 րոպէ յետոյ կը ներկայացնի հետագայ գործողութիւնների ծրագիրը։

«Միասին, վճռական, աննկուն մինչեւ վերջ»,- յայտարարեց Սաղաթելեանը։

Հանրահաւաքի մասնակիցները ողջունեցին շարժմանը միացածներին։

«Այսօր հայ ժողովուրդը, առանց չափազանցնելու, ապրում է իր պատմութեան ամենաողբերգական օրերից մէկը։ Երկար մաքառումներից ու դեգերումներից յետոյ՝ 30 տարի առաջ, մենք ստեղծեցինք պետականութիւն, ազատագրեցինք մեր հայրենիքը։ Անցնող 30 տարիների ընթացքում մենք հպարտ, հզօր եւ յաղթող ժողովուրդ էինք։ 30 տարի անց մէկ մարդու գործունէութեան արդիւնքում, մէկ խելագար դաւաճանի պատճառով, մենք կորցրինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին այս խելագարի գործունէութեան հետեւանքով օրէցօր կորցնում ենք մեր պետականութիւնը»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա դիմեց Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին ասաց, որ՝ եթէ ուզում ենք ունենալ պետականութիւն, եթէ ուզում ենք մեր երեխաները ապրեն Հայաստանում, եթէ ուզում ենք ունենալ երկիր, հայրենիք, ուրեմն պէտք է գալ հրապարակ։

«Այսօր այստեղ է որոշւում մեր երկրի ճակատագիրը»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը՝ հարցնելով՝ համաձա՞յն էք, պատրա՞ստ էք, վճռակա՞ն էք։ Պատասխանը եղաւ՝ այո՛։

Նա թւարկեց այն յաջողութիւնները, որ շարժումն ունեցել է անցող օրերին․ «Ձեր բոլորի շնորհիւ ամբողջ աշխարհը տեսաւ, հասկացաւ եւ իմացաւ, որ այս պարտութիւնը հայ ժողովրդի համար ընդունելի չէ, դուք արժանապատիւ պահեցիք հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին ցոյց տւեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը չի ընդունում։

Մեր գործունէութեան արդիւնքում այս շէնքում նստած խրտւիլակը հասկացաւ, որ չունի իշխանութիւն․ իր հրաժարականի պահանջով հանդէս է եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիւ պետական բուհեր, մի քանի հարիւրից աւելի համայնքի ղեկավարներ, բոլոր առաջաւոր մարդիկ, հկ-ներ, գիտնականներ՝ այս մարդն այլեւս իշխանութիւն չունի։

Մեր՝ բոլորիս, պայքարի արդիւնքում երէկ այս խելագար դաւաճանը չկարողացաւ մտնել Սիւնիք»։

Իշխան Սաղաթելեանն անդրադարձաւ նաեւ բոլորին հետաքրքրող հարցին՝ ի՞նչ է լինելու, ե՞րբ է հեռանալու սրիկան, որ միասին կարողանանք փրկել մեր հայրենիքը։

«Գիտեմ, որ բոլորդ ասում էք՝ այսօ՛ր, ասում էք՝ հիմա՛ եւ այդ իրաւունքը ունէք։ Եթէ այս մարդն ունենար արժանապատւութիւն, բարոյականութիւն, որը գիտենք՝ չունի, մի գրամ մտածէր մեր երկրի մասին, պիտի հրաժարական տւած լինէր։ Բայց այս մարդը յամառ է, խելագար է եւ դաւաճան, ուզում է մեր պետականութիւնը վերջնականապէս կործանել։ Եկէք նորից փաստենք, որ դա իրեն երբեք թոյլ չենք տալու»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Այս ամենի համար պայքարը ենթադրում է վճռականութիւն ու հետեւողականութիւն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։