Հա

Ազգային

29/12/2020 - 09:50

«Եթէ Նիկոլ Փաշինեանը չի հեռանում աթոռից, աթոռը պէտք է հեռացնենք իրենից, պետական համակարգը պէտք է դադարի կատարել այդ մարդու հրահանգները». Իշխան Սաղաթելեան

Իշխանութիւնից կառչողը Նիկոլ Փաշինեանն է, ասում է՝ ես կը փոխեմ Սահմանադրութիւնը, նոյնիսկ համաձայն չէ, որ ԱԺ-ն լուծարւի, մեր Սահմանդրութեամբ 2 անգամ պէտք է հրաժարական տայ, նոյնիսկ այդ ճանապարհին համաձայն չէ, ուզում է ապօրինի ճանապարհով Սահմանադրութիւն փոխի, շարունակի մնալ վարչապետ եւ նշանակի ընտրութիւններ: Այս մասին 5-րդ ալիքին տւած հարցազրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Իշխանութիւնից կառչողը Նիկոլ Փաշինեանն է, ասում է՝ ես կը փոխեմ Սահմանադրութիւնը, նոյնիսկ համաձայն չէ, որ ԱԺ-ն լուծարւի, մեր Սահմանդրութեամբ 2 անգամ պէտք է հրաժարական տայ, նոյնիսկ այդ ճանապարհին համաձայն չէ, ուզում է ապօրինի ճանապարհով Սահմանադրութիւն փոխի, շարունակի մնալ վարչապետ եւ նշանակի ընտրութիւններ: Այս մասին 5-րդ ալիքին տւած հարցազրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող Իշխան Սաղաթելեանը:

«Աթոռին կառչածն ինքն է եւ իր թիմը, որոնք մինչեւ պատգամաւոր, նախարար, մարզպետ դառնալը որեւէ բարիք չեն ստեղծել, այսօր յայտնւել են այդ աթոռներին, պինդ բռնել են, որովհետեւ հասկանում են՝ կորցնելը ինչ կը նշանակի: Այս երկիրն իրենք են հասցրել այս օրին եւ րոպէ առաջ պէտք է գիտակցեն սա ու հեռանան: Նրա թիմի անդամները, որ կանգնում են նրա կողքին, ամբողջութեամբ կիսում են պատասխանատւութիւնը, սակայն դեռ շանս ունեն փրկւելու՝ փրկելով հայրենիքը»,- յայտարարեց Սաղաթելեանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը յաւելեց. «Այսօրւայ այդ «Շիշ բռնողը», ծերունի աւազակը, սրանք Նիկոլի հետ դատւելու են հաւասար, առաջին մեղադրանքներից մէկն էլ լինելու է ճնշումը իրենց սեփական պատգամաւորների նկատմամբ: Այս մարդիկ իրենց պատգամաւորներին սպառնում, ճնշում, իսկ որոշներին կաշառում են, որ մնան Նիկոլի ազդեցութեան տակ: Այս մարդիկ լաւ հասկանում են, որ դատւելու են կոռուպցիայի, բանդաներ ստեղծելու, պետական դավաճանութեան համար: Հիմա այս երեք-չորս հոգին պինդ բռնել են Նիկոլին»:

Սաղաթելեանը նշեց, թէ հասկանում է նրանց, նրանք այլ ելք չունեն, բայց այս պրոցեսի մէջ ընդգրկել են իրենց գործընկերներին, որոնք այս ամէնի հետ կապ չունեն, պարզապէս գերի են խելագարի եւ այդ մի խումբ մադկանց ձեռքին, իրենք եւ կառավարութեան որոշ անդամներ պէտք է սա հասկանան, գիտակցեն: Սաղաթելեանը նշեց, որ այս ուղղութեամբ աշխատանքներ են տարւում պատգամաւորների հետ:

Հարցին՝ Նիկոլ Փաշինեանը երէկ ասաց սահմանների դեմարկացիա տեղի չի ունենում, իսկ ԱԽ քարտուղարը օրեր առաջ ասում էր՝ դեմարկցիա է տեղի ունենում, դրա համար ենք Սիւնիքիում ադրբեջանցիներ տեսնում, հասկացե՞լ է՝ ի՞նչ է կատարւում Սիւնիքում, Սաղաթելեանը նախ նշեց, որ պետութիւնն անտէր է: «Խօսում էք անվտանգութեան խորհրդից, այդ կառոյցը հեռու է իր գործառոյթներից: Հայ գիւղացին ադրբեջանցու հետ ինքն է բանակցում սահմանների համար, հասկանո՞ւմ էք՝ ուր ենք հասել: Անվտանգութեան խորհուրդ չկայ, այդ կառոյցը հեռու է իր պարտականութիւնները կատարելուց: Ո՞ւր է բանակը, ինչի չի ասում խօսք, ո՞ւր է ԱԳՆ-ն, պետութիւն չկայ, քայքայւած են բոլոր ինստիտուտները: Տարրական հարցերով զբաղւող չկայ, էս մարդը մտածում է՝ ինչ խառնի, ում բռնի՝ իր իշխանութիւնը պահելու համար: Պետական ինստիտուտները ամբողջութեամբ մատնւած են անգործութեան, կազմալուծման ու քայքայման եզրին են»,- յայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմութեան անելիքներին՝ Սաղթելեանն ասաց, որ իրենք շատ յստակ ձեւակերպում են տւել: «Մենք շատ յստակ ձեւակերպում ենք տւել, եթէ Նիկոլ Փաշինեանը չի հեռանում աթոռից, աթոռը պէտք է հեռացնենք իրենից: Պետական համակարգն ինչ-որ մի փուլի չպէտք է կատարի այս մարդու հրահանգները, ուրիշ ճանապարհ չկայ»,- շեշտեց նա:

Ճշտող հարցին՝ դա յեղաշրջման փո՞րձ է, նա արձագանքեց. «Ինչպէս ուզում են թող բնութագրեն, դա ինձ ընդհանրապէս չի հետաքրքրում: Օրը մէջ կանչում են հարցաքննութեան, թէ սա ես յայտարարել, նա ես յայտարարել, ինձ ընդհանրապէս չի հետաքրքում ինձ, ընկերներիս կը ձերբալկալե՞ն, կամ ում կը ձերբակալեն, պետութիւն ենք կորցրել, պէտք է մտածենք ինչ-որ քրէական գործերի մասի՞ն: Այստեղ շատ յստակ ասել ենք՝ յարուցւած ու յարուցւելիք քրէական գործերը որեւէ կերպ մեզ յետ չեն պահելու երկիրը փրկելու ծրագրից: Էս սկզբունքով ենք առաջնորդւելու, եթէ ինքը չի հեռանալու, պետական ինստիտուտը կը հեռացնենք իրենից»:

Իշխան Սաղաթելեանն ընդգծեց, որ դրա համար պէտք է արւեն բազմաթիւ քայլեր եւ գործողութիւններ: «Սա մէկ գործողութեամբ ակցիա չէ, մենք մեր քայլերով, համառ պայքարով պէտք է հասնենք յաջողութեան: Այո՛, մենք քիչ ժամանակ ունենք, իր իւրաքանչիւր օր աւելի մնալը կորուստ է մեր երկրից, հայրենիքից, բայց սա է ճանապարհը: Լայն թափով շարունակւելու են անհնազանդութեան բողոքի ակցիաները, շարունակւելու են պետական կառոյցների շրջափակումները, շարունակւելու են ԱԺ պատգամաւորների հետ բացատրական աշխատանքները: ՀՀ քաղաքացիները իրաւունք ունեն իրենց պատգամաւորների հետ իրականցնել բացատրական աշխատանք»,- ասաց նա:

Ըստ Սաղաթելեանի՝ այն բոլոր տեսակէտները, թէ պայքարը, շարժումը մարեց, ճիշտ չէ: «Պայքարը մարելը կը նշանակի հայ ժողովուրդը վերջացաւ, մենք այդ ճանապարհով չենք գնալու, ընդհակառակը՝ համախմբելու ենք մեր ժողովրդին, կազմակերպելու ենք, հեռացնելու ենք սրանց, միասին կառուցելու ենք հզօր, ուժեղ, առաջադէմ, մեր բոլորի երազած երկիրը»,- յայտարարեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։