Հա

Ազգային

05/01/2021 - 12:30

«Դրօշակ»-ի առաջնորդող․ Որպէս սկիզբ ազատւել ապազգային իշխանութիւնից

Ներկայ իրականութիւնը մերժում է այն պատմագիտական տեսակէտը, ըստ որի` անհատների դերը վճռորոշ չէ պատմական գործընթացներում: Եթէ այսօրւայ եւ 100-102 տարի առաջւայ հայաստանեան իրականութիւնը զուգահեռենք, ապա ակնյայտ կը դառնայ, որ մի դէպքում դարերով պետականազուրկ երկրի մի սերունդ, ցեղասպանւած ազգի մէջ ոգի ներարկելով, կարողացել է պետականութիւն կերտել, իսկ միւս դէպքում, հարիւրամեայ պետականութեան ու ինքնազարգացման ճանապարհ անցած նոյն ժողովրդի մի զգալի զանգւածի մէջ բացասական կրքեր գրգռելով, ապազգային եւ օտարասուն տարրը կարողացել է յաղթանակած ու կայուն պետութիւնը տանել կործանման: 

Ներկայ իրականութիւնը մերժում է այն պատմագիտական տեսակէտը, ըստ որի` անհատների դերը վճռորոշ չէ պատմական գործընթացներում: Եթէ այսօրւայ եւ 100-102 տարի առաջւայ հայաստանեան իրականութիւնը զուգահեռենք, ապա ակնյայտ կը դառնայ, որ մի դէպքում դարերով պետականազուրկ երկրի մի սերունդ, ցեղասպանւած ազգի մէջ ոգի ներարկելով, կարողացել է պետականութիւն կերտել, իսկ միւս դէպքում, հարիւրամեայ պետականութեան ու ինքնազարգացման ճանապարհ անցած նոյն ժողովրդի մի զգալի զանգւածի մէջ բացասական կրքեր գրգռելով, ապազգային եւ օտարասուն տարրը կարողացել է յաղթանակած ու կայուն պետութիւնը տանել կործանման: Այս մասին գրում ենք` բոլորովին հեռու լինելով կուսակցական քարոզչութիւնից եւ արձանագրելով ողբերգական իրականութիւնը: Նոյն այս տարրը` ի դէմս իր առաջնորդի, նեղ անձնական շահերով առաջնորդւելով, ամէն օր իր հայրենիքին յաւելեալ կորուստներ է պատճառում, խարխլում է նաեւ ապագայի հիմքերը` շարունակելով կառչած մնալ իշխանութիւնից: Առաջնորդ Նիկոլ Փաշինեանը նման է այն խեղդւողին, որը, հրաշալիօրէն գիտակցելով իր վիճակը, կառչում է ինչ-որ մէկի ոտքերից եւ իր հետ ջրասոյզ անում վերջինիս, միայն թէ տւեալ դէպքում այդ ինչ-որ մէկը անձ չէ, այլ ամբողջ Հայաստանը:

Որքան էլ որ անհեթեթ թւայ, ժողովրդի առջեւ այսօր ծառացած հիմնահարցը երկիրը մասնատած ու ամէն օր նոր բնագծեր խլող ոսոխը չէ, այլ հէնց դաւաճան ղեկավարը, առանց որի հեռացման` անհնար է նախաձեռնել հակաքայլեր, կանգնեցնել նահանջն ու կորուստները եւ կազմակերպել ազգն ու պետութիւնը` քաղաքական եւ այլ ճակատներում դիմակայելու համար:

Քաղաքական ու բարոյական առումներով սպառւած, կառավարելու հնարաւորութիւնները կորցրած, թշնամիների կողմից ծաղրի ենթարկւող, օտարների ու իւրայինների համար անընդունելի իշխանութիւնը ունակ չէ լուծում տալու ո՛չ ներքին եւ ո՛չ էլ արտաքին մարտահրաւէրներին: Ինչպէս նոյն օրը հաղորդել է «Mediaport» տելեգրամային ալիքը, Անվտանգութեան խորհրդի` դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փաշինեանն ասել է, թէ դիրքերի փոփոխութիւն է եղել, այժմ ադրբեջանցիներն աւելի ուժեղ են, հետեւաբար ստիպւած պէտք է համակերպւել այդ վիճակին:

Պատերազմում պարտւած ղեկավարը, կաշկանդւած լինելով հոգեբանօրէն եւ գուցէ այլ առումներով, համակերպւել է, որ թշնամին շարունակելու է գրաւել նորանոր գիւղեր, Հայաստանի սահմանների` ռազմավարական նշանակութեան բարձունքներ, դիրքեր, ճանապարհներ` ընդհուպ մխրճւելով հայկական քաղաքների ու գիւղերի տարածքներ եւ ուժով պարտադրելով իր առջեւ մենակ մնացած տեղացիներին զիջել հայկական բնագծերը, եւ ադրբեջանցի զինւորները ազատօրէն շրջելու են հայկական սահմանային բնակավայրերում, երբ հայկական կողմը դժւարութեամբ է կարողանում վերադարձնել իր գերիներին ու նահատակների մարմինները, իսկ հայ ժողովուրդը պէտք է ոտնահարւած արժանապատւութեամբ համակերպւի այս ամենի հետ: Ծնկի բերւած ղեկավարը պարտադրում է ողջ երկրին ծնկի գալ թշնամու առաջ` միաժամանակ ճակատագրական պահին հրաժարւելով կարեւոր պարտականութիւնների կատարումից եւ այդ գործն ամբողջութեամբ թողնելով ռուսական իշխանութիւնների ու զինւորականութեան բարի կամքին: Միւս կողմից` միառժամանակ Հայաստանի իշխանութեան ղեկը ձեռքում պահելը բխում է նոյեմբերի 9-ին կնքւած պայմանագրով շահագրգիռ ուժերից: Վերջիններիս համար լրիւ կանխատեսելի է իրենց ձեռնածուն դարձած անկամ ու յանձնւած առաջնորդը, որի ձգձգւող իշխանութեան պայմաններում հնարաւոր է դարձել ստանալ այն, ինչ նշւած է հապճեպ կազմւած կապիտուլեացիոն ակտում, եւ զիջումներ, որոնք չկան այդ փաստաթղթում ու անհասկանալի են մնում հայ ժողովրդի համար: Այսինքն` հեղհեղուկ փաստաթղթի կամ գուցէ եւ դրա` մեզ համար անյայտ յաւելւածների պայմաններում թուրքական առաջխաղացումը շարունակւում է, եւ, միւս կողմից, թշնամին բացայայտօրէն խօսում է Զանգեզուրի նկատմամբ իր յաւակնութիւնների մասին: Ակնյայտ է, որ չէզոք գօտու եւ սահմանային միջանցքների վերացման, անկատար ու անյստակ հաշտութեան յայտարարութեան պայմաններում խիստ մեծացել է գալիք փոքր եւ մեծ բախումների հաւանականութիւնը:

Կարծես թէ ճիշտ պահն է` յիշելու նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ հայ իրականութեան մէջ զարգացւող այն տեսակէտը, ըստ որի` հայկական կողմն է իր ագրեսիւ քաղաքականութեամբ խաթարել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնը, եւ ազատագրւած տարածքների զիջումը պէտք է հնարաւորութիւն ստեղծի այդ յարաբերութիւնների բարելաւման համար: Ինչպէս տեսնում ենք, ազատագրւած տարածքների յետգրաւումը, Արցախի կէսի ու Շուշիի բարձունքի ձեռքբերումը, ինչպէս եւ Մեղրիի միջանցքը ստանալու դարաւոր երազանքի իրականացումը աւելի են գրգռել ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը` տեսանելի դարձնելով պանթուրքական եւ պանթուրանական ծրագրերի կենսագործման հնարաւորութիւնը: Այս էլ որերորդ անգամ ակնյայտ է դառնում, որ թուրքասէրների թուրքական հաշւարկները քիչ առնչութիւններ ունեն թուրքերի սեփական հաշւարկների հետ, սակայն սա մէկ այլ ծաւալուն խօսակցութեան թեմա է:

Թուրքերն ու ադրբեջանցիները գործում են արագ ու ագրեսիւ` փորձելով առաւելագոյնս նպաստաւոր պայմաններ ստեղծել թէ՛ Հայաստանի հետ հետագայ յարաբերութիւնների եւ թէ՛ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումներով: Թուրքիան իրեն հաւատարիմ ծայրայեղական իսլամիստներով բնակեցնում է Ադրբեջանին անցած մերձարաքսեան եւ Իրանին հարող սահմանագիծը: Կասկած չկայ, որ այս տարրը վաղը անկայունութեան ու սադրանքների մշտական գործօն է դառնալու Հայաստանի ինչպէս եւ Իրանի համար: Շատ հաւանական է, որ այս հարցում ադրբեջանա-թուրքական տանդեմին լաւ գործակից կարող է դառնալ նաեւ Իսրայէլը: Միւս կողմից` ահաբեկչական այս նիզակի հակառակ ծայրն ուղղւելու է դէպի արեւելք` բացելու դէպի Կենտրոնական Ասիա տանող թուրքական մեծ երազանքի ճանապարհը, ինչպէս եւ թափանցելու Ռուսաստանի մուսուլմանաբնակ եւ ոչ միայն մուսուլմանաբնակ հարաւային գօտի: Այս տարածքներում ռուս-թուրքական կոշտ մրցակցութիւնը ոչ հեռաւոր ապագայում սրւելու է ոչ միայն տարածքային ազդեցութիւնն ուժեղացնելու, այլեւ այդ տարածքներով անցնող էներգակիրների գծերի վրայ գերիշխանութիւն հաստատելու համար:

Ռուս խաղաղապահների` տարածաշրջան մուտք գործելու համար անհրաժեշտ եղաւ, որ ադրբեջանական կողմը` բաւարարւած, իսկ հայկական կողմը պարտադրւած լինէր` ընդունելու նրանց ներկայութիւնը: Այդ սահմանագիծը Շուշին էր` Արցախի իրական տէրը լինելու համար անհրաժեշտ ռազմավարական բարձունքը: Աւելին` հայկական շահերի գիտակցումից հեռու եւ ինչ-ինչ գործարքների մէջ խրւած հայաստանեան իշխանութիւնները որպէս վրադիր զիջեցին նաեւ հակամարտութեան հետ առնչութիւն չունեցող Մեղրիի միջանցքն ու չնախատեսւած առաւելագոյնը ԵԱՀԿ փաստաթղթերում տասնամեակներով արձանագրւած նախնական պայմանաւորւածութիւններից:

Ռուսաստանն առայժմ հասել է իր ցանկութիւնների առաջին հանգրւանին, այն է` ոտքատեղ է ձեռք բերել Արցախում եւ այժմ ռազմականօրէն արագ հաստատւում է այնտեղ: Ակնյայտ է, որ ոչ երկար ժամանակ անց հայաբնակ մնացած Արցախում աճելու է նաեւ Ռուսաստանի քաղաքական ազդեցութիւնը: Այսքանը բաւարար կը լինի՞ Ռուսաստանին` դիմակայելու էրդողանական Թուրքիային եւ թուրքապատկան դարձող ու ռուսական ազդեցութիւնը դանդաղօրէն թօթափող Ադրբեջանին:
Թւում է, որ ոչ. ազատ շարժումներ անելու համար արցախեան ներկայիս միջանցքը շատ նեղ է: Միւս կողմից, ինչպէս ասւեց, իշխելու է նա, ով իրական տէրը կը լինի Շուշիի եւ գուցէ դրան յարակից տարածքների: Ռուս խաղաղապահները վաղը կարո՞ղ են յայտնւել Շուշիում, եւ ենթադրենք` Շուշին դառնայ, այսպէս ասած, տարբեր ժողովուրդների համակեցութեան օրինակ: Աշխարհաքաղաքական առումով ի՞նչ է սպասւում Հայաստանն ու Արցախը ներառող այս տարածաշրջանում տեսանելի ապագայում: Անշուշտ, հարցը մեզ հետաքրքրում է մեր շահերի տեսանկիւնից, եւ այս առումով քիչ չեն նաեւ մտահոգութիւնների տեղիք տւող վարկածները. Հայաստանը ապագայի մեծ հաշիւներում հանդէս է գալու որպէս օբիե՞կտ, թէ՞ սուբիեկտ:

Սեփական բախտի ղեկը իր ձեռքով եւ իր ուզած ուղղութեամբ Հայաստանը կը կարողանայ թեքել միայն համարժէք ուժ ունենալու դէպքում: Առայժմ նրա ունեցած նւազ ուժն էլ է ջլատւում: Առայժմ նրան ցանկանում են ներքաշել ոչ պակաս վտանգաւոր արկածախնդրութիւնների մէջ, ինչպիսիք են, օրինակ, ծնկած վիճակում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման եւ համագործակցութեան պայմանագրերի կնքումը, առեւտրային յարաբերութիւնների հաստատումը եւ այլն: Յիշենք, որ երբ անցած դարի 90-ականներին յարաբերութիւնների հաստատման խաղ էր նախաձեռնում Լեւոն Տէր-Պետրոսեանը, նրա առջեւ դրւեցին հայ-թուրքական սահմանը ճանաչելու, ցեղասպանութեան հարցից հրաժարւելու եւ այլ նախապայմաններ: Նոյնը տեղի ունեցաւ նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան օրերին: Այս հարցում յուշող հանգամանք կը դառնան նաեւ Մոսկւայի ու Կարսի պայմանագրերի կնքման 100-րդ տարելիցները: Եւ այս ճակատագրական մարտահրաւէրների պայմաններում հայ ժողովրդին ներկայացնում է նրա շահերի հաշւին առեւտուր անելու պատրաստակամ ապազգային իշխանութիւնը: Որպէս սկզբնական քայլ` առաջնահերթութիւն է այս աղետաբեր իշխանութիւններից ազատւելու

 

«Դրօշակ», թիւ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։