Հա

Ազգային

13/01/2021 - 10:20

Որեւէ տեղ չտանող քարտէզը

Համարեա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինեանը հրապարակեց դեկլարատիվ բնոյթի 15 ընդհանրական, որեւէ կոնկրետութիւնից զուրկ ու տրիւիալ ճշմարտութիւններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտէզը»: Երկու ամիսը բաւականին երկար ժամանակ է այդ քարտէզի միջանկեալ գնահատման համար` ի՞նչ է արւել, ի՞նչ չի արւել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որեւէ հաշւետւութիւն ներկայացնել իր յետպատերազմեան ձեռքբերումների վերաբերեալ:

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

 

Համարեա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինեանը հրապարակեց դեկլարատիվ բնոյթի 15 ընդհանրական, որեւէ կոնկրետութիւնից զուրկ ու տրիւիալ ճշմարտութիւններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտէզը»: Երկու ամիսը բաւականին երկար ժամանակ է այդ քարտէզի միջանկեալ գնահատման համար` ի՞նչ է արւել, ի՞նչ չի արւել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որեւէ հաշւետւութիւն ներկայացնել իր յետպատերազմեան ձեռքբերումների վերաբերեալ: Դէ դա հասկանալի է, որեւէ ձեռքբերում չկայ: Պատերազմի աւարտից յետոյ մենք էլի զոհեր ու գերիներ ենք տւել, ինքնիշխանութիւն ու տարածքներ ենք զիջել, իսկ երկրի ներսում հանրային լարւածութիւնը շարունակում է աճել…

Այդ «քարտէզ» կոչւածի առաջին կէտն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահութեան ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակութեան վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթութեան ընգծմամբ (ուղղագրութիւնը՝ Ն.Փ.-ի)»: Բանակցութիւնների հարցն, իրապէս, ամենակարեւորն է: Վերջիվերջոյ, 2020 թ. պատերազմը բռնկւեց, որովհետեւ օրւայ իշխանութիւնները ձախողեցին բանակցութիւնները, այն բանակցութիւնները, որ Փաշինեանն, իր իսկ խօսքերով, սկսել էր «սեփական կէտից»:

Ցաւով արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցութիւններ չկան: Ֆորմալ առումով` Մինսկի խումբը կայ, բայց բանակցութիւններ չկան: ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դեկտեմբերի 13-14-ին այցելեցին Ադրբեջան ու Հայաստան: Ալիեւը նրանց երեսին յայտարարեց, որ անկոչ հիւրերին Բաքու չէր հրաւիրել, բայց դէ եթէ եկել են, լաւութիւն է անում ու հանդիպում է: Ինչի՞ մասին համանախագահները խօսեցին Հայաստանում, յայտնի չէ: Պաշտօնական ինչ-որ բան հրապարակւեց, բայց հրապարակման մէջ որեւէ էական բան չկար: Բայց էական է, որ նոյնիսկ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը ծիծաղելի պատճառով հրաժարւեց հանդիպել համանախագահների հետ: Ի դէպ, չհամաձայնե՞ց, թէ՞ չթողեցին…. Ադրբեջանի դիրքորոշումը, համանախագահների ձախողւած այցը, Մինսկի խմբի նւազագոյն ակտիւութիւնը, որը չի կարելի բացատրել միայն Միացեալ Նահանգներում «անցումային ժամանակահատւածով» կամ ամբողջ աշխարհում մոլեգնող Քովիդ-19-ի համավարակով, ցոյց են տալիս, որ գոնէ կարճատեւ կտրւածքով այդ ձեւաչափով արդիւնաւէտ բանակցութիւններ ակնկալելն իրատեսական չէ: Աւելին` այդ ձեւաչափի պահպանումն է արդէն մեծ հարցականի տակ:

Լաւ, ասենք` Մինսկի խմբի ձեւաչափով բանակցութիւններ չկան, բայց բանակցութիւններ ընդհանրապէս կա՞ն: Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց ՌԴ կառավարութեան բաւականին ազդեցիկ պատւիրակութիւն՝ ՌԴ փոխվարչապետեր, արտաքին գործերի նախարար, պաշտպանութեան նախարար: Ի՞նչ խօսեցին կողմերը, ինչի՞ մասին պայմանավորւեցին, որեւէ տեղեկութիւն չկայ: Հաշւի առնելով կողմերի տարբեր քաշային կատեգորիաները, Հայաստանի վիճակը եւ ամբողջական կախւածութիւնը Ռուսաստանից, ինչպէս նաեւ բանակցողի` ով լինելը, հազիւ թէ այդ բանակցութիւնները կարելի է բանակցութիւններ անւանել: Ամենայն հաւանականութեամբ, Հայաստանին առաջարկներ են արւել, որոնցից «ժողովրդական վարչապետը» չէր կարող հրաժարւել:

Իրական բանակցային փորձութիւնը հայ ժողովրդին ու «ժողովրդական վարչապետին» սպասում էր Մոսկւայում, որտեղ յունւարի 11-ին հանդիպելու էին Պուտինը, Փաշինեանն ու Ալիեւը: Փաշինեանն ու Ալիեւը պատերազմից յետոյ հանդիպելու էին առաջին անգամ… Փաշինեանի համար այս բանակցութիւնները սկզբունքային նշանակութիւն ունէին: Նա պէտք է ոչ միայն կարողանար երկրի համար զիջումներ կորզել, այլեւ հայ ժողովրդին ապացուցել, որ ընդդիմութեան պնդումները, թէ «թուրքի առաջ չոքած մարդը չի կարող թուրքի հետ արդիւնաւէտ բանակցել», ճիշտ չեն, որ ինքը դեռեւս հպարտ ժողովրդի քաջ առաջնորդն է, որը կարող է երկիրը հանել այս ճգնաժամից (առանց, ի դէպ, նշելու, թէ ով երկիրը հասցրեց ճգնաժամի) ու իրականութիւն դարձնել Հայաստան-2050-ի բաղձալի տեսլականը:

Բանակցութիւններից առաջ ամենազգայուն թեման գերիների ու անհետ կորածների հարցն էր: Փաշինեանականներն իրենց հպարտ հետեւորդների ու ֆէյքերի միջոցով արդէն մի քանի շաբաթ լուրեր են տարածում, որ գերիներին կարող է վերադարձնել միայն Նիկոլը, իսկ ընդդիմադիրներն իրենց բողոքի գործողութիւններով «ժողովրդական վարչապետին» խանգարում են լուծել այդ հարցը: Տեխնոլոգիան պարզ է` եթէ յանկարծ Նիկոլը հիմա հրաժարական տայ, ընդդիմադիրները չեն լուծի գերիների խնդիրը, կասեն` գնացէ՛ք, Նիկոլից ձեր գերիներին ուզէք: Ուրեմն… Ուրեմն ոչ մի կերպ չի կարելի թողնել, որ Նիկոլը գնայ, միայն նա է կարող գերիներին վերադարձնել: Փաշինեանի հակառակորդները (խօսքս չի վերաբերում միայն Հայրենիքի փրկութեան շարժման կոչով հրապարակ դուրս եկած հազարաւոր քաղաքացիներին) պնդում են, որ Նիկոլն ի վիճակի չէ գերիներին վերադարձնել, նա կորցրել է այդ հնարաւորութիւնը, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն յայտարարութեան բոլոր կէտերի իրականացումը պէտք էր պայմանաւորել գերիների ու նահատակների աճիւնների վերադարձով:

Եթէ Փաշինեանը բանակցութիւնների ժամանակ գերիների հարցը չբարձրացներ, նրան չէին հասկանայ: Իր մեկնելուն ուղեկցող` ընդդիմութեան բողոքի գործողութիւնների դէմ հանրային դժգոհութիւն յարուցելու նպատակով Փաշինեանն իր էջում գրեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան հետագայ իրագործման մեր առաջնահերթութիւնը հետեւեալն է. 1. Յայտարարութեան 8-րդ կէտի լիարժէք իրագործում. ըստ այդմ պէտք է տեղի ունենայ գերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց, ինչպէս նաեւ մարմինների լիարժէք փոխանակում»: Փաշինեանի մամուլի խօսնակը յունւարի 10-ին տեղեկութիւն տարածեց, թէ. «Հայկական կողմի համար, սակայն, անկիւնաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինւորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհւածների մարմինների յայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժւար կը լինի տնտեսական օրակարգի արդիւնաւէտ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովեան հանդիպման առանցքային թեմաներից մէկը»: Եւ փոյթ չէ, որ Մանէ Գէորգեանի ֆէյսբուքեան գրառման հետ նոյն ժամանակահատւածում Կրեմլի պաշտօնական կայքում տեղեկութիւն տարածւեց, որ օրակարգում միայն տնտեսական/կոմունիկացիոն հարցերն են: Անյարմար բան ստացւեց, բայց դէ մեր իշխանութեան համար նման արգելակներ գոյութիւն չունեն, իսկ ֆէյքերն ու իշխանական մանկլաւիկները շարունակում էին խաղալ հարազատներին սպասող մարդկանց զգացմունքների հետ:

Հայաստանը պարտւեց, բանակցութիւնները ձախողւեցին: Ոչ գերիների հարցը լուծւեց, ոչ՝ Արցախի կարգավիճակի: Փաշինեանը եւս մի անգամ նւաստացւեց. առաջնահերթութիւն համարւող հարցն ընդհանրապէս չքննարկւեց: Նոյնիսկ մեղմ ակնարկը, թէ առանց գերիների հարցի լուծման տնտեսական համագործակցութեան հարցերի քննարկումն արդիւնաւէտ չի լինի, անտեսւեց: Անտեսւեց հրապարակայնօրէն: Աւելին` Ալիեւը, յղում կատարելով Պուտինի ինչ-որ արտայայտութեան, յայտարարեց. «Ղարաբաղի հարցի լուծումը մնաց անցեալում»: Բայց Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ չփորձէր կատարեալ ձախողումը ներկայացնել որպէս «գոնէ ինչ-որ յաջողութիւն»: Որպէս ձեռքբերում է ներկայացւում «Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացւող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցւածքների օբիեկտների վերականգնումը եւ կառուցումը»: Ապազգային լիւմպենների համար սա կարեւոր է. Ղարաբաղի հարցը լուծւեց, Սերգոն ու պօղոսներն արդէն լաւ են ապրելու: Սակայն «գոնէ ինչ-որ յաջողութիւնն» իրականում եւս մի ապտակ էր Հայաստանի Հանրապետութեանը: Ակնյայտ է, որ, նոր ենթակառուցւածք ասելով, Ադրբեջանը պատկերացնում է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտեան շրջաններին կապող միջանցքների կառուցումը: Թէ ինչ վտանգ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը, որեւէ մէկին պէտք չէ բացատրել: Բայց Ալիեւին դա քիչ է: 2020 թ. դեկտեմբերի 2-ին նա խօսել է միջանցքների, այլ ոչ թէ մէկ միջանցքի մասին: Միւս հարւածը, որը մենք ստացանք Արցախը Հայաստանի Հանրապետութեան հետ կապող նոր միջանցքն է, որը շրջանցելու է Բերձորը: Սրանով մենք կը կորցնենք ոչ միայն քաղաքը, որն ադրբեջանցիները չկարողացան զէնքով գրաւել, այլեւ ստիպւած կը լինենք երթեւեկել աւելի երկար ու բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհով, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհն է: Իսկ ի՞նչ է այս զիջումների դիմաց ստանում Հայաստանը, որը պէտք է պօղոսների կեանքը դրախտի վերածի: Տեսականօրէն` Ադրբեջանի տարածքով ցամաքային կապ Ռուսաստանի Դաշնութեան հետ: Չէ, սա կատակ չէ, սրա տակ Փաշինեանը ստորագրել է: Նոյնիսկ եթէ ճանապարհը կառուցւի, նոյնիսկ եթէ գտնւեն մարդիկ, որոնք խիզախեն անցնել այդ ճանապարհով, հասկանում էք, չէ՞, որ այդ ճանապարհը փակելը ադրբեջանցիների համար հինգ րոպէի հարց է: Չմոռանանք, որ նրանք 30 տարի յաջողութեամբ կարողացել են փակել իրենց տարածքով անցնող բոլոր ճանապարհները, իսկ առաջին պատերազմի ժամանակ տասնեակ անգամներ պայթեցրել են Հայաստան մտնող գազամուղն ու երկաթուղային կամուրջները: Կասէք՝ պատերազմը վերջացել է: Լո՞ւրջ…

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։