Հա

Ազգային

14/01/2021 - 10:05

«Հասել ենք նրան, որ եթէ Փաշինեանը նոր յանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդէն ձեռքբերում են ներկայացնում». Սաղաթելեան

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի մոսկովեան հանդիպումից հիմնականում երկու ուղղութեամբ ակնկալիքներ կային, սակայն արձանագրւել է զրօ ձեռքբերում։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանի մոսկովեան հանդիպումից հիմնականում երկու ուղղութեամբ ակնկալիքներ կային, սակայն արձանագրւել է զրօ ձեռքբերում։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը։

«Առաջինը, որ պէտք է լուծէր ՀՀ վաչապետը, դա ռազմագերիների հարցն էր, որն ինչպէս գիտէք, չլուծւեց։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար երկրորդ շատ կարեւոր խնդիրը Արցախի կարգավիճակի հարցի բարձրաձայնումն էր, այդ մասով եւս որեւէ առաջընթաց եւ յաջողութիւն չունենք։ Ասուլիսի ժամանակ կմկմալով ինչ-որ կերպ Փաշինեանը խօսեց ստատուսի մասին, ինչը, բնականաբար բաւարար չէր։ Այս հանդիպումից ակնկալւող երկու հիմնական արդիւնքների մասով մենք ունենք զրօ ձեռքբերում»,- ասաց Սաղաթելեանը։

Դաշնակցական գործչի տեղեկութիւններով՝ ստորագրւած յայտարարութեան 4 կէտերից բացի նախատեսւում էր նաեւ 5-րդը, որը վերաբերում էր ռազմագերիներին, բայց այն դուրս է մնացել փաստաթղթից․ «Որովհետեւ մենք բազմիցս ասել ենք՝ ծնկի եկած, պարտւած, անկարող ղեկավարն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետութեան եւ ժողովրդի շահերը, սա է խնդիրը։ Եթէ մենք Ադրբեջանում ռազմագերիներ ունենք, եւ այդ հարցում որեւէ առաջընթաց տեղի չի ունենում, դրանից յետոյ ինքն ինչո՞ւ էր որեւէ փաստաթուղթ ստորագրում Ալիեւի հետ, պէտք է դուռը շրխկացներ եւ դուրս գար, բայց քանի որ չունենք մենք այդ ղեկավարը, ինքն անկարող է, դաւաճանանական պրոցեսի մէջ է, շարունակելու ենք այսպէս մեր ընթացքը։ Պետութեան շահերը պաշտպանող անձ մենք չունենք»։

Փաշինեանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկութեան շարժման համակարգողի համոզմամբ՝ եթէ Հայաստանը ներկայացներ մէկ այլ անձ, ապա կը աջողւէր ռազմագերիների եւ այլ հարցերում ձեռբքերումներ ունենալ։

«Եթէ լինէր մէկ այլ անձ, ով պրոֆեսիոնալ էր, ով սիրում է մեր երկիրն, ով ունի այդ կարողութիւնները, ով ունի միջազգային գործընկերների կողմից վստահութիւն, մենք բոլորվին այլ ընթացք կունենայինք՝ ոչ միայն ռազմագերիների առումով, այլեւ նոյնիսկ կապիտուլիացիայի խայտառակ յայտարարութիւնից յետոյ անցնող երկու ամիսներին այն կորուստները, որ ունեցել ենք, այսօր դա չէինք ունենայ»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Յունւարի 11-ին Մոսկւայում կայացած Փաշինեան-Պուտին-Ալիեւ հանդիպման աւարտին ստորագրւեց եռակողմ յայտարարութիւն, որի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով եռակողմ աշխատանքային խումբ պէտք է ստեղծւի։ Իշխանութեան ներկայացուցիչներից տեսակէտներ են հնչում, որ ապաշրջափակմանը վերջ է դրւում, եւ դրա թիւ մէկ շահառուն Հայաստանն է եւ այն կը բերերի տնտեսական զարգացման։ Սաղաթելեանը այդ կարծիքները ծիծաղելի է համարում․«Մերձիշխանական շրջանակներն այլեւս ասելու բան չունեն, ասում են՝ տեսաք, օրինակ, Տիգրանաշենը կտար, բայց չտւեց։ Եթէ վարչապետն ինչ-որ հանդիպման ընթացքում նոր յանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդէն ձեռքբերում են ներկայացնում։ Հասել ենք այդ աստիճանին, այդ կարգավիճակին, որեւէ հիմնաւորում չկայ, սա պարզապէս քարոզչական հնարքներ են մեր հասարակութեանը եւս մէկ անգամ մոլորեցնելու համար»։

 Հարցին, թէ այս յայտարարութեան հետ որեւէ յոյս չե՞ն կապում, որ, օրինակ, այն տնտեսութեանը կը խթանի եւ դրական արդյունքներ կը լինեն, Սաղաթելեանն արձագանքեց․«Բացարձակ։ Տեսէք, թուրքերն իրենց լաւագոյն երազում չէին կարող մտածել, որ կարող են ունենալ այն՝ ինչ ունեն։ Այս չարիքի կառավարութեան եւ Նիկոլ Փաշինեանի անմիջական գործունէութեան արդիւնքում նրանք այսօր ունեն 5+2 շրջանները, ինչը նրանց առաւելագոյն երազանքն էր, հիմա դրան գումարած Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, խայտառակ յայտարարութիւնը կնքելուց յետոյ՝ Խծաբերդ, Նոր թաղեր, Սոթքում զիջումներ, Շուռնուխի կէսը, Որոտանից 30 հա, զիջեց շատ կարեւոր նշանակութեան Զանգելանի, Կուբաթլուիի դիրքերը։ Այսօր Կապանի օդանաւակայանը, ըստ էութեան ադրբեջանցիների հսկողութեան տակ է, Գորիս- Կապան ճանապարհը նրանց հսկողութեան տակ է, այդ մարդու գործունէութեան արդիւնքում էդքան տալուց յետոյ կանգնել ինչ-որ բան հիմնաւորել, տնտեսական զարգացումներից խօսել՝ ծիծաղելի է։ Այս մարդը ադրբեջանցիներին, թուրքերին այնքան զիջում է արել, որ կրտսեր Ալիեւը իր հօր արձանի փոխարէն, կամ դրա կողքը կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը։ Ու եթէ այսպէս շարունակւի, աւելին ասեմ, սա պատահական չեմ ասում՝ Թուրքիայում Աթաթուրքի արձանի կողքը կարող են կանգնեցնել Նիկոլի արձանը, որովհետեւ այս մարդն իրականացրել է թուրքերի եւ ադրբեջանցիների տարիների երազանքը։ Ու ես զարմանում եմ, որ այս ֆոնի վրայ, գտնւում են մարդիկ, ովքեր մտնում են այս պատասխանատւութեան տակ, եւ արդարացնում են այս մարդու գործունէութիւնը։ Նա րոպէ առաջ պէտք է հեռանայ»։

Իշխան Սաղաթելեանը զգուշացնում է՝ երկիրը յայտնւելու է սոցիալ-տնտեսաական կոլապսում, ինչը բերելու է հումանիտար աղէտի։

«Մեր տնտեսութիւնն այսօր րոպէ-րոպէ փլոււզւում է։ Այն մարդկանց, ովքեր տնտեսական առաջընթացի, նոր հեռանկարների մասին են խօսում, ասում եմ՝ ընդամենը երկու-երեք ամիս յետոյ մենք խայտառակ իրավիճակի առջեւ ենք կանգնելու։ Քանի դեռ այս Կառավարութիւնը այդ մարդու գլխաւորութեամբ կայ, ամէն օր մենք աւելի վատ ենք ապրելու, սա պէտք է բոլորը հասկանան։ Իսկ այն պատգամաւորները, քարոզիչները, որոնք դեռ փորձում են հիմնաւորել այս դաւաճանութիւնը, իրենք պատասխանատւութիւն են կրում այլեւս այս ամէնի համար»,- նշեց նա։

Սաղաթելեանն անդրադառնալով հարցին, թէ արդեօք նպատակայարմա՞ր է բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը, երբ Շուշին, Հադրութը գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ասաց․ «Առաջին խնդիրն այն, որ է պէտք է բացառել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Խնդիրը պէտք է լուծւի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ձգտի Արցախի կարգավիճակի, Արցախի անկախութեանը, սա բնական գործընթաց է, բայց մինչեւ այդ պէտք է լինի հայեցակարգ, որի հիմքում պէտք է դրւած լինի Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, եւ արցախցիների վերադարձը Արցախ։ Սա հսկայական պրոցես է, որի համար պէտք է ունենանք Կառավարութիւն, որ այս հարցերի լրջութիւնն ամբողջութեամբ հասկանում եւ տիրապետում է, ով ի վիճակի է միջազգային լուրջ բանակցութիւնների, որ գոնէ այս խնդիրները կարողանանք լուծել»։

Հայրենիքի փրկութեան շարժման օրակարգի թիւ մէկ պահանջը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ Վերջին օրերի լռութիւնը, ըստ Սաղաթելեանի, պայմանաւորւած էր անցած գործողութիւնները գնահատելու, նոր ծրագրեր կազմելու եւ նոր թափով պայքարը վերսկսելու համար։

«Մեր ծրագրերում եւ մօտեցումներում ոչինչ չի փոխւել։ Այս մարդը րոպէ առաջ պէտք է հեռանայ, հետեւաբար, մենք առաջիկայում սկսելու ենք այցելել մարզեր։ Լինելու են հանդիպումներ, հաւաքներ, երթեր, բողոքի զանգւածային ցոյցեր։ Հայաստանի ամբողջ տարածքում եւ մասնաւորապէս՝ մայրաքաղաքում մեր բողոքի ակցիաները շարունակւելու են, եւ որով հասնելու ենք նրան, որ այս իշխանութիւնը հեռանայ։ Ուրիշ ճանապարհ չկայ, քանի դեռ այս մարդը գտնւում է վարչապետի աթոռին, մենք ամէն օր ունենալու ենք կորուստներ, հետեւաբար ամէն օրը կարեւոր է, որ ինքը շուտ հեռանայ»,- ասաց նա։

Օր առաջ նպատակին հասնելու համար, Իշխան Սաղաթելեանը քաղաքացիներին կոչ է անում միանալ իրենց պայքարին։ Նա վստահեցնում է՝ երբեք իրենց պահանջներից չեն հրաժարւելու եւ ինչ-որ գործարքի մէջ չեն մտնելու։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։