Հա

Ազգային

14/01/2021 - 13:30

Մեր աշխատանքների, սկզբունքների մէջ որեւէ բան չի փոխւել

Տպաւորութիւնն այնպիսին է, որ Հայրենիքի փրկութեան շարժումը պասիւացել է։ Չկան ամենօրեայ ռեժիմով նախկին հանրահաւաքներն ու համակարգւած ակցիաները։ Չնայած ընդդիմադիր ուժերը մինչեւ յունւարի 11-ը կոչ էին անում՝ Փաշինեանին Մոսկւա չթողնել, եւ անգամ օդանաւակայանի ճանապարհն էին փակում, նրա մոսկովեան այցից յետոյ լռութիւն են պահպանում։ Hraparak.am-ը զրուցել է շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ։

«alikonline.ir» - Տպաւորութիւնն այնպիսին է, որ Հայրենիքի փրկութեան շարժումը պասիւացել է։ Չկան ամենօրեայ ռեժիմով նախկին հանրահաւաքներն ու համակարգւած ակցիաները։ Չնայած ընդդիմադիր ուժերը մինչեւ յունւարի 11-ը կոչ էին անում՝ Փաշինեանին Մոսկւա չթողնել, եւ անգամ օդանաւակայանի ճանապարհն էին փակում, նրա մոսկովեան այցից յետոյ լռութիւն են պահպանում։ Hraparak.am-ը զրուցել է շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ։

 

- Այնպիսի տպաւորութիւն է, որ Փաշինեանի յատկապէս Մոսկւա այցից յետոյ ընդդիմութեան շրջանում պասիւութիւն է։ Կա՞յ նման բան, գուցէ քննարկում եք մարտավարութիւն փոխելո՞ւ հարցը։

- Մեր գործողութիւնները, քայլերը պայմանաւորւած չեն վարչապետի աթոռին կառչած անձի այցելութիւններով։ Մենք երկու ամիս առաջ ենք յայտարարել, որ էս մարդու ամէն օր աւել իշխանութեան մնալը կործանարար է մեր երկրի համար, եւ անցնող ժամանակահատւածում էդ ուղղութեամբ ձեռնարկել եւ իրականացրել ենք բազամաթիւ քայլեր ու գործողութիւններ։ Հիմա եւս ամէն ինչ պլանաւորում ենք, եւ մեր աշխատանքների, սկզբունքների մէջ որեւէ բան չի փոխւել։

 

- Այն, որ հանրահաւաքներ եւ ակցիաներ չկան, պայմանաւորւած է եղանակո՞վ, ցրտերի հե՞տ է կապւած։

- Տարբեր ուղղութիւններով շարունակւելու են մեր գործողութիւնները։ Սկսած իրաւական ճանապարհից, վերջացրած բողոքի ցոյցեր, հանրահաւաքներ, երթեր։ Նաեւ ասեմ, որ ծրագրում ներառւած են մարզային այցելութիւններ։ Առաջիկայ օրերին լինելու ենք Գիւմրիում, Վանաձորում, Սիւնիքում ու Հայաստանի տարբեր մարզերում։

 

- Պարզապէս սկզբում ընդդիմութեան հանրահաւաքներն ամենօրեայ էին։

- Այս վերջին տասն օրերի, այսպէս ասած՝ պայմանական դադարը պայմանաւորւած էր աշխատանքները վերակազմակերպելու, երկրում ընդհանուր այս ոչ աշխատանքային վիճակով, եւ գտնում էինք, որ մի շարք միջոցառումներ բարձր արդիւնաւէտութիւն չեն ունենայ։ Դրանով պայմանաւորւած՝ փողոցային ակցիաները համեմատաբար քիչ էին այս օրերի ընթացքում։ Առաջիկայում շատ ակտիւ, վճռական, աննահանջ շարունակւելու են մեր գործողութիւնները։

 

- Շարժման անդամ կուսակցութիւնները միմեանց հետ ինչ-որ տարաձայնութիւննե՞ր ունեն։ Նախքան Փաշինեանի Մոսկւա մեկնելը Հրանտ Բագրատեանը, օրինակ, առաջարկում էր՝ 1000 հոգի գնան ԱԺ, 1000-ը՝ կառավարութեան մօտ, օղակեն եւ այլն։ Չեղաւ։ Կա՞ն զուտ մարտավարական խնդիրների ու քայլերի հետ կապւած տարաձայնութիւններ։

- Տարաձայնութիւններ՝ չեմ կարծում, գոնէ ես ծանօթ չեմ դրանց։ Իւրաքանչիւրն իրաւունք ունի ունենալ իր տեսակէտը, առաջարկը, մօտեցումը, դա շատ բնական ու նորմալ է, եւ շարժման խորհրդի շատ ուժեր կարող են իրարից տարբերւող առաջարկներ ունենալ։ Բայց վերջում արւում է այն, ինչ որոշւում է բոլորի կողմից։

 

- Մինչեւ Փաշինեանի Մոսկւա մեկնելը մտահոգութիւններ կային, որ կը գնայ, կը ստորագրի կամ բանաւոր կը պայմանաւորւի ՀՀ տարածքային ամբողջականութեան հաշւին։ Տեսանք, լսեցինք այդ եռակողմ յայտարարութիւնը․ Ձեզ յայտնի՞ է, որ այլ խոստումներ են տրւել, այլ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել։

- Հասել ենք այն կէտին, որ այդ դաւաճանը եթէ մի տեղ հանդիպման է գնում ու փաստաթղթով մեր հայրենիքից ինչ-որ մի մաս չի զիջում, արդէն պէտք է համարենք ձեռքբերում։ Այսինքն՝ ողջ քարոզչութիւնն ուղղւած է դրան․ տեսա՞ք՝ էս անգամ թուղթ ու գրիչով տարածք չտւեց․․․ Նախ, ես չգիտեմ՝ ինքն ինչ բանաւոր պայմանաւորւածութիւններ է ունեցել, որովհետեւ շատ տարածքներ յանձնւել են նաեւ, կոնկրետ Զանգելանի ու Կուբաթլիի դիրքերը՝ բանաւոր պայմանաւորւածութեամբ։ Եթէ կարճ ձեւակերպեմ՝ էս մարդուց որեւէ դրական արդիւնքի յոյս ունենալը, մեղմ ասած, անհեռատեսութիւն է։

 

- Մոսկւայում կոմունիկացիաների, ճանապարհների հետ կապւած ինչ-որ մեծամասշտաբ ծրագրերի մասին բարձրաձայնւեց․ տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակւում են, սկսւում է տնտեսական մեծ համագործակցութիւն։

- Հայաստանը Մոսկւայում երկու առաջնահերթ խնդիր ուներ՝ գերիների ու Արցախի կարգավիճակի հարցը։ Երկու ուղղութեամբ էլ այս պահին ունենք զրօ արդիւնք։ Մնացածն Ադրբեջանի օրակարգն էր, որը ստորագրել է էդ մարդը։ Իսկ ինչ վերաբերում է, որ սա տնտեսական նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առաջ, ապա հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու, կեղծելու, ստելու քաղաքականութիւն է։ Այսինքն՝ էս մարդու գործունէութեան արդիւնքում մտածել տնտեսական նոր հորիզոնների մասին, լուրջ չէ։ Եթէ ամփոփեմ՝ մեր օրակարգն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ չի բաւարարւել, ու ունենք զրօ արդիւնք։

 

- Ռուսական քաղաքական էլիտայի հետ լաւ յարաբերութիւններ ունէք, բայց չունէ՞ք տպաւորութիւն, որ ՌԴ-ում Նիկոլ Փաշինեանին կարծես թէ էլի մնալու քարտ-բլանշ տրւեց։ Միմեանց հետ ծրագրեր են կազմում։

- Չեմ կարծում, որ այս անվստահելի, անկայուն եւ ժողովրդի կողմից չընդունւող մարդու հետ որեւէ երկրի ղեկավարութիւն կարող է լուրջ յոյսեր կապել կամ երկարատեւ ռազմավարական ծրագրեր իրականացնել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։