Հա

Ազգային

16/01/2021 - 09:50

«Յունւարի 11-ի յայտարարութիւնն անտեսում է հայկական կողմի կարիքները». ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

Յունւարի 11-ին Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկւայում կայացած հանդիպմանը յաջորդած յայտարարութիւնն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգութեան վերաբերեալ անորոշութիւնը:

Յունւարի 11-ին Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկւայում կայացած հանդիպմանը յաջորդած յայտարարութիւնն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգութեան վերաբերեալ անորոշութիւնը:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակն իր խորը մտահոգութիւնն է յայտնում եռակողմ հանդիպման արդիւնքի վերաբերեալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կէտի, այն է՝ հայ ռազմագերիների եւ պահւող անձանց վերադարձի խնդրի ուղղութեամբ որեւէ առաջընթաց չգրանցեց: Չնայած սրան՝ հայկական կողմը համաձայնեց իրականացնել նոյն փաստաթղթի 9-րդ կէտը: Այս ամէնն առաւել մտահոգիչ է՝ հաշւի առնելով այն փաստը, որ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ յայտարարել էր, որ ռազմագերիների հարցը առաջնային է Հայաստանի կառավարութեան համար, եւ որ առանց այդ հարցում էական առաջընթացի չափազանց դժւար կը լինի քննարկել ցանկացած տնտեսական օրակարգ:

Այնուամենայնիւ, Հայաստանի վարչապետը ստորագրեց մի յայտարարութիւն, որով նախատեսւում է Հայաստանի տարածքով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան նոր տրանսպորտային կապ ստեղծել՝ այդպիսով դռներ բացելով Էրդողանի օսմանեան պանթուրքական օրակարգի իրականացման համար: Դրա «դիմաց» Հայաստանը, որն արդէն Վրաստանի տարածքով կապուղի ունի Ռուսաստանի հետ, եւ ուղիղ, բաց սահման՝ Իրանի հետ, Ադրբեջանի տարածքով ստանում է պարտադրւած առեւտրային ճանապարհ դէպի այս երկու երկրներ՝ երկաթուղային կապով:

Հաշւի առնելով Ադրբեջանում պետութեան կողմից հովանաւորւող հայատեացութիւնը, որը թիրախաւորում է նոյնիսկ երեխաների, ադրբեջանական զինւած ուժերի կողմից հայերի նկատմամբ ընդամենը երկու ամիս առաջ կատարած դաժան ռազմական յանցագործութիւնները, այսօր էլ շարունակւող հայ ռազմագերիների խոշտանգումները եւ կտտանքները, ինչպէս նաեւ Ադրբեջանի իշխանութիւնների թշնամական հռետորաբանութիւնը, այս փուլում առեւտրային ուղիների պարտադրումը բազմաթիւ հարցեր է առաջացնում Հայաստանի աւելի լայն անվտանգութեան եւ ինքնիշխանութեան տեսանկիւնից:

Հայաստանը թերեւս հակամարտութեան միակ կողմն է, որը ոչ միայն կատարել, այլեւ գերակատարել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթով ամրագրւած իր պարտաւորութիւնները: Այսպիսով՝ վերոյիշեալ փաստաթղթի առաջին պարբերութիւնում նշւում է, որ կողմերը «պէտք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում»: Սակայն, Արցախի մի քանի հայկական գիւղեր փոխանցւեցին Ադրբեջանին՝ չնայած նրան, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերին չէր յաջողւել դրանց նկատմամբ վերահսկողութիւն հաստատել:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսւեց հապճեպ եւ խիստ վտանգաւոր սահմանազատման գործընթաց՝ վտանգելով առանցքային ենթակառուցւածքները (օրինակ ՝ Կապան քաղաքի օդանաւակայանը): Այն նաեւ յանգեցրեց հայ գիւղացիների անշարժ գոյքի զգալի կորստի եւ անվտանգութեան լուրջ խնդիրներ ստեղծեց ՀՀ սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար:

Փաստօրէն Ադրբեջանը հրաժարւում է կատարել իր միակ պարտաւորութիւնը, այն է՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահւող անձնանց: Փոխարէնը Ադրբեջանի իշխանութիւններն արհամարհում են մարդասիրական այս խնդիրը նորանոր օգուտներ կորզելու նպատակով եւ շարունակում ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին եւ նրանց հարազատներին: Ադրբեջանական աղբիւրների կողմից հրապարակւել են բազմաթիւ տեսանիւթեր, որոնցում նւաստացնում են հայ ռազմագերիներին, այդ թւում անօգնական մեծահասակների: Հրապարակւել են նաեւ հայկական մշակութային կոթողների պղծումը փաստող մի քանի տեսանիւթեր:

Մեկնաբանելով յունւարի 11-ի յայտարարութիւնը՝ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ցաւօք այս յայտարարութիւնը ստորագրելով՝ հայկական կողմը կրկին չկարողացաւ բաւարարել անվտանգութեան իր առանցքային կարիքները եւ հասնել 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան կարեւոր պահանջի իրացման, այն է՝ գերիների վերադարձին: Փաստօրէն հայկական կողմը նոր փաստաթուղթ ստորագրեց՝ չնայած նրան, որ չհասաւ իր միակ հրատապ եւ կարեւորագոյն պահանջի իրագործմանը: Հաշւի առնելով ընթացիկ հանգամանքները, անվտանգային չլուծւած խնդիրները, Ադրբեջանում հայատեացութիւնը եւ էրդողանական Թուրքիայի պանթուրքական հաւակնութիւնները՝ յունւարի 11-ին ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը անվտանգային լուրջ մտահոգութիւններ է առաջացնում Հայաստանի հարաւի, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ պետութեան ինքնիշխանութեան համար»:

Հայ ռազմագերիների վերադարձի առնչութեամբ Կարապետեանը նշեց. «Մենք Ռուսաստանից ակնկալում էինք, որ նա կը կատարէր արդար միջնորդի իր դերը եւ աւելի մեծ ճնշում կը գործադրեր Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս էլ կատարէր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր պարտաւորութիւնը: Ցաւալի է, որ այս հարցում շոշափելի արդիւնքներ չգրանցջեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի միւս երկու համանախագահ երկրները, ինչպէս նաեւ Եւրամիութիւնը եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները նոյնպէս պարտաւոր են միջամտել՝ վերջ դնելու համար ադրբեջանական իշխանութիւնների կողմից հայ պատանդների կտտանքներին եւ խոշտանգումներին եւ երաշխաւորելու նրանց վերադարձը:

 

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

Բրիւսէլ, 15 յունւար 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։