Հա

Ազգային

23/01/2021 - 09:50

Կարո՞ղ է, վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը յայտարարի, որ Վանն էլ հայկական չէ

«Ինձ անկեղծօրէն զայրացնում է Նիկոլ Փաշինեանի ատելութիւնը Շուշիի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն` անդրադառնալով յունւարի 20-ին խորհրդարանում արած Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ արցախեան հակամարտութիւնից եւ ազատագրումից առաջ Շուշի բնակչութիւնն 90 տոկոսով ադրբեջանցիներ էին:

«alikonline.ir» - «Ինձ անկեղծօրէն զայրացնում է Նիկոլ Փաշինեանի ատելութիւնը Շուշիի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանն` անդրադառնալով յունւարի 20-ին խորհրդարանում արած Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ արցախեան հակամարտութիւնից եւ ազատագրումից առաջ Շուշի բնակչութիւնն 90 տոկոսով ադրբեջանցիներ էին:

«Նախ, Փաշինեանն իր ազգադաւ եւ ապաշնորհ գործունէութեան հետեւանքով հասաւ նրան, որ ադրբեջանցիներն այս խայտառակ պատերազմն աւարտեցին Շուշիում, որը մինչ այժմ մեր յաղթանակների սիմւոլն էր: Յետոյ Փաշինեանը մեր մշակութային քաղաքներից մէկն անւանեց դժգոյն եւ դժբախտ քաղաք: Իսկ երէկ էլ անւանեց ադրբեջանական քաղաք: Սեփական իշխանութիւնը մէկ ժամ աւելի պահելու համար Փաշինեանն ազգադաւ յայտարարութիւններ է անում, որոնք ադրբեջանցիները տասնամեակներ կօգտագործեն մեր դէմ: Փաշինեանից յետոյ նոյնիսկ, երբ մենք խօսենք Շուշիի մասին, իրենք անպայման մէջբերում կանեն, որ ձեր վարչապետը Շուշին անւանել է ոչ հայկական, որովհետեւ այնտեղ 90 տոկոս ադրբեջանցիներ են ապրել»,- ասաց մեր զրուցակիցը` հարց հնչեցնելով`եթէ այս տրամաբանութեամբ առաջնորդւենք, կարո՞ղ է, վաղը վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը յայտարարի, որ Վանն էլ հայկական չի, որովհետեւ հայ չկայ, Կարսն ու Էրզրումը, Բայազետն էլ հայկական չեն:

Արթուր Խաչատրեանը Նիկոլ Փաշինեանի նման դիրքորոշումը որակում է «սեփական ժողովրդի, սեփական երկրի եւ սեփական պատմութեան նկատմամբ ազգադաւ» մօտեցում, որն իր համար ընդհանրապէս ընդունելի չէ: Սա, ըստ Արթուր Խաչատրեանի եւս մէկ անգամ լաւագոյն ապացոյցն է ընդդիմութեան այն թեզի, որ Փաշինեանը վայրկեան առաջ պէտք է հեռանայ, քանի որ յայտնի չէ, թէ Փաշինեանն էլ ի՞նչ կարող է խօսել, որը կօգտագործւի հայ ժողովրդի դէմ:

Նիկոլ Փաշինեանի միւս յայտարարութիւնը, որը ոչ պակաս աղմկահարոյց էր, վերաբերում էր գերիների վերադարձին: «Վերջին չգիտեմ, բաւականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապէս պարզ է, որ գերիների թիւը մեծ է: Եթէ այդ տրամաբանութեամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք աւելի մեծ թւով գերիներ չեն վերադարձվել, քան վերադարձւել են նոյեմբերի 9-ից յետոյ: Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիներ չի հնչել: Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել է հայ-ադրբեջանական բանակցութիւններ: Ինչո՞ւ ե՛ւ մեր կառավարութեան օրօք, ե՛ւ նախկին, այդ հարցը չի եղել՝ ինչու դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետեւաբար դուք ինչու հրաժարական չէք տալիս»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանի կարծիքով, Նիկոլ Փաշինեանի վրդովմունքը շատ պարզ եւ հասարակ բացատրութիւն ունի: Այն է. «Նախ, իմքայլականները ընդդիմութեանը մեղադրում էին`ինչո՞ւ էք ամէն ինչի մասին խօսում, իսկ գերիների հարցը ձեզ յանկարծ չհետաքրքրեց: Յետոյ, երբ ընդդիմութիւնը, որը գիտակցում էր այդ հարցի նրբութիւնը, փորձում էր չխօսել դրա մասին պայքարի առաջին օրերին, երբ գերիների հարց բարձրացրեց`ԻՔ-ականները սկսեցին լուրեր տարածել, որ երբ ընդդիմութիւնը խօսում է գերիների մասին, դրանով խանգարում է իշխանութիւններին որ գերիներին վերադարձնեն Հայաստան: Լուրեր էին տարածում, որ եթէ Փաշինեանն իշխանութիւնը յանձնի այլոց, եթէ այդ ժամանակ գերի պահանջէք`կասեն`մենք չենք գերի տւել, Փաշինեանն է տւել`գնացէք նրանից ուզէք: Իսկ հիմա, երբ տեսնում է, որ այս հեքիաթն այլեւս աջակցութիւն չի գտնում, միացնում է իր հին, փորձւած պատեֆոնը`բա ինչի, նախկինում, բա ինչի նախկինները… Որովհետեւ նախկինների ժամանակ այդքան գերի չի եղել, որովհետեւ երբեք ՀՀ իշխանութիւններին չեն մեղադրել, որ գերիների հարցը չի լուծւում, որովհետեւ ՀՀ իշխանութիւնները գերիների ցանկը չեն տւել ռուսներին: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինեանն ինքը չի կարող գերիների վերադարձն ապահովի եւ դա պէտք է արւի ռուսների միջոցով: Միակ բանը, որ պէտք է անէին, պէտք է գերիների ամբողջական ցանկը տային. դա էլ են զլացել անել»:

Եթէ նոյեմբերի 11-ին Փաշինեանը հրաժարական տւած լինէր եւ Հայաստանում նորմալ իշխանութիւն ձեւաւորւած լինէր, Արթուր Խաչատրեանը վստահեցնում է, որ գերիների ամբողջական ցանկը ժամանակին կտրամադրւէր ռուսական կողմին: «Այսինքն, ուղղակի մեղադրանքը Փաշինեանին սարսափելի զայրացրել է»,- կարծում է մեր զրուցակիցը`յաւելելով, որ յունւարի 11-ին Մոսկւայում կայացած խայտառակ եռակողմ բանակցութիւններից յետոյ, սա ՌԴ իշխանութիւնների երկրորդ ապտակն է Հայաստանի իշխանութիւններին: Առաջին ապտակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեղադրանքն էր`հասցէագրւած Նիկոլ Փաշինեանին, որ կեղծում է իրականութիւնը, ապա`ՌԴ ԱԳ նախարարի յայտարարութիւնը, որ ՀՀ իշխանութիւնները ժամանակին եւ պատշաճ կարգով գերիների ցանկ չեն ներկայացրել:

«Ես շատ կուզենայի տեսնել, թէ Նիկոլ Փաշինեանն ի՞նչ է պատասխանելու գերիներին եւ գերիների հարազատներին, երբ նրանք վերադառնան, թէ ինչո՞ւ իրենք ժամանակին չեն տւել այդ ցանկը: Փոխվարչապետն էլ, այս ամէնը թաքցնելու համար, ասում է`գերիների ցանկը խորհրդապահական բնոյթ ունի: Պաշտպանութեան նորանշանակ նախարարն էլ, չգիտես ինչու, որոշեց, որ զոհերի թիւը ռազմական գաղտնիք է հանդիսանում: Ամէն ինչ անում են, որպէսզի կոծկեն այն աւերածութիւնները, որոնց պատճառն իրենք են հանդիսացել»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։